>>>
Մասամբ քաղաքից դուրս ու հաջորդ անգամ, երբ հյուրանոցի լուսանցքից թեք ճառագայթներն ու չկարողանալով, չփորձելով հիշել թե ինչպես էր գրվում նախորդը: Անակնկալի գալով հայտնաբերած այդ տարածությունից:
Թողնում է կապակցվածությունն ու ավելի քան ժամանակավորապես, շրջագայող ու անավարտ այդ նախադասությունը, որտեղ չկա համաձայնեցում, բայց որտեղ կան նրանց ներգոյական արվեստի հետքերը: Ձուլման հատվածներն այնքանով սերտ են միացած, որ հետզհետե լրացումներն ատրոֆացվում են, դառնում առավել անծանոթ:
Երբ արվում է սպասվածից հետո ու երբ ամերիկացին պահանջելով թակում է, բայց նա չբացելով ու չբացված դռան մյուս կողմում փռում է գետնին դեռ չհասցրած դեղնած թղթերը:
Տեսնելով մարդկային ամբոխը, որին ընտրել էր որպես իրենը, հեռվից տեսնելով նրանց, որոնց համար խզել էր բոլոր կապերը անցյալի հետ, փնտրելով ու փնտրելիս իր վերամարմնավորման իմաստը:
Իրադրությունների և ոչ թե կերպարների մեջ: Արդյոք կարո՞ղ է նորիցի համար:
Ժամկետն այլևս չեմ կարող երկարացնել, ասում է ամերիկացին, ամեն ինչ հոյակապ է, միայն թե ավարտիր:
Մնացածի մասին չմտածելով այնքան մերձավորությամբ որքան որ կուզենար: Կամ գիտակցելով, որ այն, ինչը սկսվել էր մեկ տարի առաջ ու սկսված լինելով հանդերձ, կարող էր շարունակելիությունից թերանալ:
Այդ անտեղի համոզմունքիդ պատճառը, թե որպիսի սպասելիքներս չես արդարացնում: Գիրքը լինելով այնքան բաց ու հստակորեն բացահայտող, ու չնայած որ ազատ ես, սիրելիս, պիտի ընտրես ու շատ ժամանակ չունենք:
Ճանապարհին իսկույն դեպի առաջին մյուս քաղաքը, որտեղ երբևէ չէր եղել ու երեկոյան արդեն իսկ կարելի էր առանց ուղեցույցի գտնել ջազի հնչյուններին հետևելով ու գտան հաղորդակցման այդ թաղամասը` եզրավորված Beale Street-ով: Կինն իր արտառոց ձևաբանությամբ այնուամենայնիվ մուրացիկ մարդուն առաջարկելով իր սիգարետներից երկուսը: Նկատի ունենալով հետաքրքրվածությունն ու նախկին քաղաքավարությունից ելնելով. ո՞ր պատերազմի վետերան ես, հարցրեց:
Այսօր կեսօրին (եկա քեզ բարի լույս ասելու, չնայած կնախընտրեի այլ ձևով գալ, այլ ձևով ասել սիրելիս): Մեկ ժամում հասան Օքսֆորդ ու սելավի տակ կորելով, երևի սխալ աջ մտնելիս, շրջանցեցին, մինչև որ համարյան փոխարինվեց անտարակուսելիով:
Ընդունելով որ այդպես էր միշտ պատկերացրել, իհարկե ոչ այդ չափանիշներով ու ոչ այդքան իրական, ուստի կանգնեց նշված տեղում, որ վերհիշի իրարից հավասար հեռավորությամբ տնկված կաղնիների ծառուղին ու փակ դարպասի մոտ:
Որքան հազվադեպ է ակնարկվում, որ երբեմն բացահայտորեն չարտահայտվելը բնավ էլ չի նշանակում խուսափելով, այլ միայն ընդգծելու համար երևույթների որպիսությունն ու թե որքանով նման չեն:
Հարկադրված լինելով ու ավելին քան չկանխամտածված:
Ապաստանեցին Ֆոլկների տանը: Ըստ երևույթին խորհրդավոր էր, քանի որ շրջելով սենյակից սենյակ ու այցելուների գրքում թողնելով իր այցի մանրամասներն ու տան տիրոջ բացակայությունից:
Բնականաբար մեկը չի կարող հարցնել թե ինչ տեղի ունեցավ, մինչդեռ այն լինելով սկսված ու արդեն քանդվելով: Ինչպե՞ս հասնեն Նյու Օրլինզ:
«Ես» ասելու անկարելիությունից ու հետագայում, երբ նրանց գործերը կսկզբնավորեին ու թարգմանելով նրանց էսթետիկան, կընկղմվեր հետխորհրդային լռության մեջ դիմավորելով նոր ժամանակաշրջանն ու ոչ միայն:
Նախքան վտարման պահը, ճեղքվածքն ու դրանից հետոն:
Անցումային շրջան էր, ասում է ամերիկացուն, ու գիրքը, որ գրվում էր հետին պլանում ու որ դադարեց, փնտրելիս ոչ թե նոր վերնագիր, որին ակնկալում ես, որը կգա ու որը ինչ-որ տեղ ծանոթ է, գուշակելի, անշուշտ հուսալի իր որոշակիությամբ հանդերձ, քանի որ գալիս է գալով ու գալու է, այլ նորի անկատար ապառնին, այդ ոչ մի տեղի ունենալիքը, որն աներևակայելի է ու առնվազն չխոստացված, բայց որից լցվում եմ սպասման մի այլ պատրաստակամությամբ:
Միայն գիշերով հասան երկրորդ մյուս քաղաքի գետաքարով սալարկված նեղ փողոցներին ու Դոֆինից դուրս են գալիս ու քայլելով գնացին դեպի Rue Bourbon:
>>>
No comments:
Post a Comment