Showing posts with label Անազատությունների (հար)ազատությունը. Show all posts
Showing posts with label Անազատությունների (հար)ազատությունը. Show all posts

July 12, 2023

Օտարություն

 


Յուլյա Կրիստևա

 

    Տիկնա՛յք և պարոնա՛յք, 
    Ձեզ հետ այս պահին խոսողը օտար է: Ի դեպ, ինձ նվիրված իր հոդվածը, որ լույս է տեսել 1970-ին «Քենզեն լիթեղեղ» (Quinzaine Littéraire) ամսագրում, Ռոլան Բարտը վերնագրել է «Օտարը»: Հոդվածը գրել էր 1965 թվին Փարիզ գալուցս ի վեր իմ առաջին ֆրանսերեն գրքի տպագրության առիթով: Ի՞նչ է օտարը: Մեծ ողբերգությու՞ն: Կամավոր ընտրությու՞ն: Թե՞ մերօրյա անսանձելի գլոբալիզացիայի համատեքստում այլևս սովորական դարձած վիճակ: Ինչպե՞ս են օտար լինում: 
    Այսօր ձեզ հետ կկիսվեմ իմ կյանքի մի քանի դրվագներով, ինչպես նաև ավելի ընդհանրական մտորումներով, որ սերում են ֆրանսիացի Լուսավորիչների փիլիսոփայությունից որպես ավանդույթի հետ խզման արդյունք (Տոկվիլ, Հաննա Արենդթ), և որոնց մասին մանրամասնորեն գրել եմ «Օտար՝ ինքներս մեզ» գրքումս (Fayard, 1988): Նախ այդ սրտի ճիչը. ինչպե՞ս եմ զգում և ապրում օտարությունը: 



I. Տոկատա և Ֆուգա օտարի համար 

Օտար. կոկորդումս սեղմված կատաղություն, թափանցիկությունը պղտորող սև հրեշտակ, անթափանց, անմեկնելի հետք: Ատելության և ուրիշի կերպարանք առած օտարը ո՛չ մեր ընտանեկան ծուլության ռոմանտիկ զոհն է, ո՛չ էլ հասարակության բոլոր դժբախտությունների համար պատասխանատու օտարածին տարրը: Ո՛չ ամենօրյա շարունակական բացահայտում է, ո՛չ էլ անմիջական հակառակորդ, որին հեռացնելով խումբը կհանդարտվի: Տարօրինակորեն օտարն ապրում է մեր մեջ. նա մեր ինքնության թաքնված երեսն է, այն տարածքը, որ ավերում է մեր տունը, ժամանակը, որ կործանում է համերաշխությունն ու բարյացակամությունը: Մեր մեջ նրա գոյությունն ընդունելով՝ մենք թոթափում ենք նրա հանդեպ տածած ատելության բեռը: Հայտնանշան, որ «մենքը» առնում է հարցականի տակ և նույնիսկ դարձնում անհնարին, օտարը սկսվում է այն ժամանակ, երբ վրա է հասնում իմ տարբերության գիտակցումը և ավարտվում, երբ մենք բոլորս ընդունում ենք, որ օտար ենք, անհնազանդ առ բոլոր տեսակի կապերն և համայնքները: 

«Օտարը», որ նախնադարում համարվում էր «թշնամի», կարո՞ղ է արդյոք անհետանալ ժամանակակից հասարակարգերում: 

Մի թաքուն վերք, հաճախ չգիտակցված, օտարին նետում է դեգերումների գիրկը: Սակայն բոլորի կողմից մերժված այդ օտարը դա չի ընդունում. իր առջև ծառացած մարտահրավերը խլացնում է բողոքի ձայնը: «Դու՛ք չէ, որ վշտացրել եք ինձ», կատաղությամբ և անվեհերաբար մերժում է նա, «Մեկնելն իմ սեփակա՛ն որոշումն էր», միշտ բացակա, միշտ բոլորին անհասանելի: Մերժումը մի կողմից, անահասանելիույթունը՝ մյուս. եթե բավականին ուժեղ ենք տեղի չտալու համար, միակ բանը, որ մնում է անել, ճանապարհ փնտրելն է: Այդ ուրիշ, վստահաբար գոյություն ունեցող, բայց անհասանելի տեղով տոգորված օտարը պատրաստ է փախուստի: Այդ անտեսանելի, սակայն բաղձալի վայրի փնտրտուքներով տարված՝ նա չի ընկրկում ոչ մի խոչընդոտի առջև և անհաղորդ է մնում բոլոր տառապանքներին, իր հասցեին հնչող հայհոյանքներին և անընդհատ մերժված լինելու զգացումին: Նա փնտրում է այդ երկրամասը, որ գոյություն չունի, բայց կա իր երազներում, և որին թերևս պետք է տալ անդին անունը: 


II. Ո՞վ է օտարը: 

Պարադոքս Դեռ կխոսեմ անընդհատ դեպի անդինը գնալու հակման մասին, որ ապրում է օտարի մեջ և, ի դեպ, ապրում է բոլոր նրանց մեջ, ովքեր չունեն որոշակի ինքնություն, ում միակ հայրենիքը ճանապարհն է (« In via in patria », ասում է Օգոստինոս Երանելին), և յուրաքանչյուրին մտածել է տալիս այն փաստի մասին, որ ինքնությունը հարցական նշան է, ցավոտ, բայց հիացագին: Ինքնության այս բացատրությունը տրվում է մետաֆիզիկայի և փիլիսոփայության տեսանկյուններից. ես այն կդիտարկեմ հոգեվերլուծության շրջանակներում և կավարտեմ խոսքս: Բայց նախ խոսենք մի պարադոքսի մասին, որ օտարի մասին ունեցած մեր իրավա-քաղաքական ընկալման հիմքն է: Բացատրեմ: 

Մենք հայտնվել ենք արատավոր շրջանի մեջ: Մի կողմից քաղաքական կանոնակարգումները կամ, առհասարակ, օրենսդրությունը որոշում են՝ ինչ տեղ հատկացնել օտարներին, փոփոխել և, անհրաժեշտության դեպքում, բարելավել նրանց կարգավիճակը: Մյուս կողմից հենց այդ բոլոր կանոնների և օրենքների արդյունքում է, որ գոյություն ունեն օտարներ: Հիրավի, եթե գոյություն չունենար իշխանությամբ և օրենսդրությամբ ղեկավարվող սոցիալական խումբ, գոյություն չէին ունենա այդ ոչ յուրայինները, որոնք, որպես կանոն, աննպաստավոր են և ավելորդ խնդիրներ են ստեղծում: Հետևաբար կարող ենք հաստատել, որ փիլիսոփայական (հույն ստոիկներն ու լատինացիներն իրենց կոսմոպոլիտիզմով) և կրոնական (քրիստոնեության սկզբնական շրջանը) շարժումներն են, որ, վերանալով մարդու քաղաքական սահմանումից, նրան տալիս են քաղաքացու իրավունքներին հավասար իրավունքներ, սակայն այդ իրավունքներն ուժի մեջ են մտնում միայն անդինի բնակավայրերում, ինչ-որ աննյութեղեն, անմարմին քաղաքներում: Բոլորիս քաջ հայտնի է, որ օտարության ծնած տագնապների այս բացարձակ լուծումը, որ որոշ կրոններ առաջարկում են, բախվում է սեփական սահմաններին և սեփական դոգմատիզմին. ֆանատիկոսները սահմանում են նոր օտարների՝ նրանց, ովքեր չեն պատկանում իրենց հավատքին, և հեռացվում են ամբողջից ու հալածանքների ենթարկվում: Այդ ժամանակ քաղաքական իրավասությունը վերածվում է պատվարի, քանի դեռ այդ մեխանիզմները կուլ չեն գնացել, ինչ-որ պահից սկսած, այս կամ այն սոցիալական խմբի շահերին կամ էլ քաղաքական իշանությանը: Ըստ ամենայնի, այդ ժամանակ կդիմենք բարոյական և կրոնական կոսմոպոլիտության օգնությանը, և մարդու իրավունքները կջանան պահպանել այն սակավաթիվ իրավունքները, որ քաղաքացիները նպատակահարմար են գտել շնորհել ոչ քաղաքացիներին: 

Քաղաքականության, կրոնների և փիլիսոփայության միջև նուրբ հավասարակշռություն պահող այս խաղը ժողովրդավարության լավագույն միջոցն է օտարներին դիմակայելու համար, որոնք պետություններն իրար դեմ հանելու երկյուղալի առավելությունն ունեն, բայց նաև քաղաքական բանականությանն ու բարոյական բանականությանն են դրդում առճակատման: 

Մա՞րդ, թե՞ քաղաքացի 

Մարդու՞ իրավունքներ, թե՞ քաղաքացու՛ իրավունքներ: Այս հակասականությունը, որի ծագումն ու անկումը (անկում, որ ծնունդ է տվել տոտալիտարիզմին) նկարագրել է Հաննա Արենդթը, հստակորեն ի հայտ է գալիս օտարի խնդրի՝ ժամանակակից հասարակությունների ընկալման մեջ: Քաղաքացու և մարդու միջև դրվող տարբերությունը օտարներին վերաբերող առանց այդ էլ դժվարլուծելի խնդիրները փակուղի է մտցնում. հիրավի, տվյալ (թեկուզ ամենաժողովրդավար ու համակարգված) քաղաքակրթությանը կամ ազգին պատկանող մարդու իրավունքները սահմանելու համար ստիպված ենք այդ իրավունքներից զրկել ոչ-քաղաքացիներին, այսինքն՝ այլոց, ոչ յուրայիններին: Այս գործելաոճի՝ ծայրահեղության հասնող հետևանքն այն է, որ կարող ենք քիչ թե շատ մարդ համարվել, եթե քիչ թե շատ քաղաքացի ենք. նա, ով քաղաքացի չէ, չի կարող լիարժեք մարդ լինել: Մարդու և քաղաքացու միջև կա մի սպի՝ օտարը: Արդյոք նա լիարժեք մարդ կարո՞ղ է համարվել, եթե քաղաքացի չէ: 

Օտարի մերօրյա խնդրի այս գիտակցված ծայրահեղ ձևակերպումը չի ենթադրում անարխիստական կամ «ձախական» պահանջներ: Այն պարզապես ընդգծում է, որ իրավական տեսանկյունից օտարներին վերաբերող խնդիրը բացատրվում է դասական տրամաբանությամբ, այն է՝ քաղաքական խումբ և դրա ծայրակետը համարվող Ազգ-պետություն: Տրամաբանություն, որ ենթակա է կատարելագործման (ժողովրդավարություն) կամ վատթարացման (տոտալիտարիզմ), և չի ժխտում, որ հիմնված է որոշակի բացառությունների վրա, որոնցից, որպես հետևանք, ծնունդ են առնում այլ կազմավորումներ (բարոյական և կրոնական, որոնք աչքի են ընկնում իրենց աբսոլյուտիստական անզուսպ նկրտումներով) այդ Ազգ-պետություն տրամաբնության շրջանակներում չտեղավորվող խնդիրները, տվյալ դեպքում օտարների խնդիրը և դրա հավասարարական լուծումն ապահովելու համար: 

Հաշվի առնելով երկրագնդով մեկ սփռված օտարների աննախադեպ քանակը՝ երկու ծայրահեղ լուծումներ են պատկերվում: Կա՛մ մենք գնում ենք դեպի Համաշխարհային միացյալ պետություններ, որոնք կներառեն բոլոր նախկին Ազգ-պետությունները (տևական գործընթաց, որը հնարավոր է թվում ներկայիս տնտեսական, գիտական և մեդիա ոլորտի զարգացումների համատեքստում), կա՛մ էլ ընդունում ենք, որ հումանիստական կոսմոպոլիտությունը ուտոպիա է, և յուրահատուկ լինելու հավակնությունները պարտադրում են այն համոզմունքը, որ քաղաքական փոքրիկ միավորումները ամենաօպտիմալ կառույցներն են մարդկության գոյությունն ապահովելու համար: 

Ինչպես նկատում եք, իրավաքաղաքական պատասխանն անպայմանորեն դիտարկվում է փիլիսոփայական ընկալումների լույսի ներքո, որ ժամանակակաից աշխարհն ունի օտարի մասին: Այսպիսով, առաջարկում եմ՝ վերհիշենք ժամանակակից մտքի պատմության մի քանի վճռորոշ պահեր, երբ ազգային մարդը բախվել է մարդկային զանազանությանը: 


III. Իմ թշնամին, իմ նմանակը, իմ եղբայրը 

 Նախ հասկանանք՝ ինչու է խմբին (կլանին, ընտանիքին, ցեղախմբին, ազգին) չպատկանելը, որն օտարի հիմնական բնորոշումն է, վտանգի ենթարկում իմ ինքնությունը: Որովհետև ինքնությունը ինչ-որ անորոշ բաղադրիչ է՝ փխրուն ու հարաբերական հաստատունության: Բայց խմբին պատկանելու այդ զգացումը տագնապները կարող է մարել, եթե այն վերջնական չէ: Հիշենք Մարսել Պրուստի խոսքերը. Ֆրանսիայում Համլետի հայտնի ասույթը՝ «Լինե՞լ, թե՞ չլինել»-ը, վերածվել է «Լինե՞լ դրանից, թե՞ չլինել»-ի՝ ի պատասխան Վոլտերի սարկազմին, որ «մարդիկ դառնում են աստվածավախ, որովհետև վախենում են ոչ մեկը լինելուց»… Մեզ նման ասուն էակների համար խումբը (ընտանիք կամ ազգ) միայն մեր կենսաբանական (բնական) շարունակությունը չէ, որ ապահովում է: Խումբը կառուցում և պահպանում է իմաստը, ասուն էակի սահմանադրական և տնտեսական (ապրուստի միջոցներից օգտվելը) տարածքները: Խումբը իմ լեզվի, արժեքների և պատմական մշակույթի բնական միջավայրն է (հունարեն «էթոս» բառի նախնական իմաստը «բնական միջավայրն է»): Ասուն էակը, որ մենք բոլորս ենք, իր մեջ կրում է իրեն ծնունդ տվողներին, և նրանց ավանդույթներն ու լեզուն իր էթոսն ու էթիկան են: 

Արդեն հասկացանք, որ դրանից լինելը (խումբ, ընտանիք, ազգ) կարող է հակադեպրեսանտի ազդեցություն ունենալ մարդու վրա: Ընտանիքն ու ազգն իմ հակադեպրեսանտներն են, որոնք, ավա՜ղ, շատ արագ վերածվում են կործանարար և ինքնակործան մոլագարային կրքի: Սակայն (հոմո սապիենսի գոյության ներկայիս փուլում) իմ ինքնությունը կառուցվածքայնորեն դրա կարիքն ունի, և օտարներն իրենց ներակայությամբ այդ ինքնությունը վտանգի տակ են դնում ու սպառնում են կործանել այն: 

Անտիկ Հունաստանից եվրոպական մայրցամաք եկած առաջին մարդիկ օտարներ էին մեզ համար: Վերցնենք Էսքիլես Աթենացու (մ.թ.ա. 5-րդ դար) Դանայուհիների օրինակը իր «Խնդրարկուները» պիեսից: Անհատակ կարասը ջրով լցնելու հավերժ պատիժը կրող Դանայուհիների օտարությունը կրկնակի էր, քանի որ ծագումով Եգիպտոսից էին ու ընդդիմանում էին ամուսնությանը, ընտանիքին, որ համայնքի հիմքն է, և դրամատուրգն այլ բան չի գտնում նրանց քաղաքական կարգավիճակն ապահովելու համար, քան նրանց խորհուրդ տալ, որ աղերսեն. «Սովորե՛ք զիջել, այս կողմերում մարդիկ դյուրաբորբոք են… չափազանց ինքնավստահ խոսքը թույլերի համար չէ»: Այսպիսով, ինտեգրվելու համար այդ առաջին հունական օտարությունը չի առաջարկում այլ լուծում, քան աղերսելը: 

Անտիկ դարաշրջանում, երբ մշակվում է քաղաքացիական աղերսակցության գաղափարը՝ կոյինոնիան (koïnonia), Պերիկլեսը բոլոր քաղաքացիներից պահանջում է ապացուցել, որ աթենացիներ են և՛ հայրական, և՛ մայրական կողմից, հակառակ դեպքում կհամարվեն բարբարոսներ և առանց որևէ քաղաքական իրավունքների օտարներ: Որքան էլ մերժված ու վայրի լինեն, օտարները շարունակում են հմայել մեզ, և Սոկրատեսի համար «հույն» բառը ցույց է տալիս մշակույթը, ոչ թե ազգը. «Հույն են համարվում նրանք, ովքեր իրենց մասնակցությունն են բերում մեր դաստիարակությանը, ոչ թե նրանք, ովքեր նույն ծագումն ունեն, ինչ մենք» (Ներբող): 

Ի վերջո հելլենական կոսմոպոլիտությունը աստիճանաբար սկսում է զարգանալ. դրա վառ ապացույցը Մենանդրոսի ասույթն է Տերենտիուսի լատիներեն թարգմանությամբ. «Ես մարդ եմ, և այն, ինչ մարդկային է, օտար չէ ինձ»: Սակայն ստոիկ փիլիսոփաներ Զենոն Կիտիոնցին (մ.թ.ա. 3-րդ դար) ու Քրիսիպոսն են (մ.թ.ա. 2-րդ դար), որ մշակում են տիեզերական հաշտության գաղափարը (oikéiosis), որ կարող ենք նաև հասկանալ որպես «ներքին կապ» կամ կենսական եռանդ, որ մարդուն հաշտեցնում է ինքն իր հետ: Այստեղից բխում է հռոմեական conciliatio և commendatio (Ցիցերոն) կամ comitto գաղափարը (Սենեկա): Որից էլ ավելի ուշ սերել են amornostri և caritas հասկացությունները՝ ստոիկների գիտակից կյանքի հիմքերը, որ միավորում են մարդկային ցեղը. caritas generis romani (Ցիցերոն): 

Արդեն հասկացանք, որ պատմության այդ պահից սկսած՝ գոյություն չունեցող երկրամասի փնտրտուքներով տարված օտարը դնում է իր ծանր հարցական նշանը ոչ միայն ԽՄԲԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ և դրա քաղաքական կառավարման վրա, այլ նաև անհատի ինքնության և, որ ավելի հիմնավոր է, ԷԱԿԻ վրա, որ մենք ժառանգում ենք մետաֆիզիկայից: Եթե այն մեզ պարտադրում է ընտրություն կատարել ինքնության ջղաձգումների և խմբային, ընտանեկան, ազգային ապակառուցում-վերակառուցումների մեջ, օտարն է՛լ ավելի սրությամբ է դնում անդրանցիկության (տրանսցենդենտության) անշրջանցելի հարցը. այդ ցանկությունն անընդհատ այլուր գնալու, միշտ ավելի բարձր, ավելի արագ, ավելի ուժգին, որ բաժանում է, մաքրագործում ու հաշտեցնում

Հրեական կրոնն այլ տրամաբանություն է առաջարկում. ոչ թե հաշտեցումի, այլ ընտրության տրամաբանությունը (ընտրել: «bahar» (հայացք նետել), որը բյուրեղանում է դաշինքով («bérit» = հանձնառություն, պատասխանատվություն և հավատարմություն): Խոսելով արտագաղթի մեջ գտնվող օտարի դեգերումների տեսանկյունից՝ Թորայի նպատակն է ոչ թե տարբերությունը վերացնելը, այլ, օտարությունը դիտարկելով որպես անվերջանալի երևույթ, այն համարել միաժամանակ և՛ փորձություն, և՛ ընտրություն: Օտարությունն ընտրություն է, որովհետև նախ և առաջ այն փորձություն է (փնտրել մի երկրամաս, որ գոյություն չունի, փնտրել անդինը, անդրանցիկությունը): Դաշինքը չէ՞, որ Օրինաց երկրորդ գրքում արդեն իսկ տարածվում է Եգիպտոսով մեկ մարգարեների ունիվերսալիզմից առաջ, Ամոսից մինչև Երեմիա. «Դու չես գարշի եգիպտացուց, որովհետև դու հյուր ես եղել նրա երկրում» (XXII, 3-9): Այստեղ ուզում եմ նաև հիշել Մովաբացի Հռութին՝ Դավիթ արքայի նախնուն, որ օտարությունը դրեց հրեական թագավորության հիմքում: 

Նախ Պողոս Տարսոնացին, ապա նաև Օգոստինոս Երանելին ամփոփում են օտարությունը. մի կողմից այդ ընտրությունը, որն ինձ մղում է ինձանից և ազգից անդին, մյուս կողմից «ներքին կապը», հունա-հռոմեական հաշտեցումի կենսական եռանդը: Խոսքն Էկլեզիայի մասին է: 

Էկլեզիան հակադվրում է լաոսին (ժողովուրդ) Նոր դաշինքի ծրագրով, որ Պողոսն ուղղում է Հռոմեական կայսրության սահմաններում բնակվող վշտահար օտարներին, ինչպես նաև բոլոր տագնապներին՝ ի տես կորսված իմաստի, խոսող էակների թափառող յուրօրինակությանը, ըստ Օգոստոս Երանելու Civitas Peregrina-ի բոլոր թափառականներին: Այդ նոր դաշինքը կստեղծի մարդկային ունիվերսալիզմ, «ժողովուրդներից» անդին, կստեղծի Էկլեզիայի «միակ ժողովրդին»: 


IV. Պատմական իդեալական տեսակը 

Ֆրանսիացի Լուսավորիչները և այնուհետև Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը փորձում են հենց քաղաքական համաձայնագրի մեջ ներմուծել քաղաքական ինքությունների այդ ապակառուցումը, ունիվերսալությունը ներունակ դարձնել իշխանության համար: Եվ արդեն 18-րդ դարից սկսած՝ դա փորձում էին իրագործել մարդկային ցեղի միավորվածության գաղափարի և իրավական, սոցիալական ու քաղաքական ջանքերի միջոցով, ժամանակակից գլոբալիզացիայի համատեքստում մշակութային զանազանության մեջ միասին ապրելու միջոցով: 

Երբ վերադարձա Ասիզիի Հանուն խաղաղության և արդարության միջկրոնական հանդիպումից (հոկտեմբեր, 2011թ.), որտեղ Բենեդիկտոս XVI պապն արտասանեց ինձ խորապես տպավորած այս նախադասությունը. «Ոչ ոք ճշմարտության սեփականատերը չէ», Բերնարդինական ընկերներիս առաջարկեցի ստեղծել Մոնտեսքյոյի խմբակ կրոնավորների՝ քահանաների, ռաբինների, իմամների, և հումանիստների մասնակցությամբ, որպեսզի մտածենք ու աշխատենք միասին: Ինչո՞ւ Մոնտեսքյո: Մոնտեսքյոն՝ «առաջին մտածողը, որ հղացել է պատմական իդեալական տեսակի գաղափարը» (ըստ Էռնստ Կատիեի), երկրագնդի քաղաքական հյուսվածքի ու «այդ տեսակի» հիմքում տեսնում է «դյուրահաղորդությունն» ու «ընդհանուր ոգին», որ կառավարում է վերջապես իր իրական ունիվերսալությունը վերգտած մարդկային տեսակին: Ազգի կարևորությունը չժխտելով հանդերձ՝ Մոնտեսքյոն այն փոխադրում և տարրալուծում է սահմաններ չունեցող քաղաքական փիլիսոփայության մեջ. մարդկային տեսակի առավելագույն ինտեգրում իրագործելի չափավոր իդեալականությանը: Համարելով, որ ազգային պատկանելության զգացումը պատմության ընթացքին զուգահեռ մոտենում է իր մայրամուտին («Եթե ես ինչ-որ բան իմանայի, որն ինձ օգուտ կբերեր, բայց կվնասեր ընտանիքիս, ես այն կջնջեի մտքիցս: Եթե ես ինչ-որ բան իմանայի, որ օգուտ կբերեր ընտանիքիս, բայց կվնասեր հայրենիքիս, ես կփորձեի մոռանալ այն: Եթե ես ինչ-որ բան իմանայի, որ օգուտ կբերեր հայրենիքիս, բայց կվնասեր Եվրոպային, կամ օգուտ կբերեր Եվրոպային, սակայն կվնասեր մարդկությանը, ես այն ոճիր կորակեի») և հիմնական շեշտը դնելով միջազգային բաց և փոխկապակցված հանրության վրա առևտրի զարգացման շնորհիվ, որ կղեկավարվի Եվրոպայի կողմից և հաշվի կնստի փողի և ապրանքների շրջանառությունը որոշող չափավոր նորմերի հետ, Մոնտեսքյոն մշակում է մի նատուրալիստական ռացիոնալիզմ, որ կարելի է զուգակցել ստոիկների հետ: 

Այսուհանդերձ, ժամանակակից քաղաքական մտքի ծննդյան պահից սկսած, զարգանում է անվտանգության ցանց, որ, ըստ իրեն, պետք է թույլ չտար սոցիալականի ու քաղաքականի կոպիտ ինտեգրումը մեկ ընդհանուր մարմնի մեջ, որն ի չիք կդարձներ ազատության ցանկացած հնարավորություն: Անվտանգության այդ ցանցի մեջ են ներառվում իշխանության բաժանումը, զգոնամիտ իրավասությամբ սահմանափակվող սահմանադրական միապետության պահպանումը, մասնավորի, նույնիսկ գաղտնիի հարգանքը ոչ համասեռ, բայց որպես առանձնահատկությունների միավորում ընկալվող սոցիալական ամբողջի մեջ (հարգելով հպատակների «թուլությունն» ու «վեհերոտությունը»), տարբերակված ենթաբաժանումների (քաղաքական, սոցիալական, մասնավոր և այլն) և համակարգերի խաղի եղանակով անդարմանելի տարբերությունների ներդաշնակեցման փորձի շնորհիվ իշխանությանը վերագրվող չափազանց մեծ կարևորության վերանայումը: Այսպիոսով, Մոնտեսքյոյի պատկերացրած կոսմոպոլիտությունը մերժում է միասնական հասարակությունը՝ ի նպաստ անհատների առանձնահատկությունների փոխհամաձայնեցված զանզանության: 


V. Մարդն ընդդեմ քաղաքացու 

Նվազագույնը, որ կարող ենք ասել, այն է, որ Մոնտեսքյոյի ժամանակաշրջանին հաջորդած դարերի ընթացքում ազգայնականությունը հաստատել է նրա նախազգուշությունների և անվտնգության ցանցերի կարիքը: 

Այսուհանդերձ, Ֆրանսիական հեղափոխությունից հետո և արդեն Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում (16 օգոստոսի 1789թ.) ակնհայտ է դառնում, թե դեռ որքան հեռու է այդ հորիզոնը, և խաղաղ կառավարումը աննկատ կերպով հրաժարվում է ունիվերսալության գաղափարից («մարդիկ» առհասարակ) և իր քաղաքական ասոցիացիաներից, որոնք ենթադրվում է, որ պետք է ապահովեին հավասարարական բնական իրավունքների ի կատար ածումը, պատմականորեն «էական» «քաղաքական ասոցիացիան»՝ ազգը, ստեղծելու համար: Նորից հանգում եմ խոսքիս սկզբում հիշատակած պարադոքսին. 

Հոդված 1. «Մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրավունքներով …»: 

Հոդված 2. «Օրենքը ընդհանուր կամքի արտահայտությունն է. բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու դրա [օրենքի] ստեղծմանը…»: 

Սրանից հետում է, որ «բնական» մարդը զուր է ունիվերսալ համարվում. այն պահից սկսած, երբ նա մտցվում է քաղաքականության դաշտ, անմիջապես դառնում է ազգային մարդ: Տրամաբանության այս սայթաքումը, արևմտյան հասարակարգերի տնտեսական զարգացմանը զուգընթաց, կհանգեցնի Ազգ-պետությունների ստեղծմանը և, որպես հետևանք կամ շեղում, ծնունդ կտա ազգայնականության կտրուկ վերելքին 19-րդ և 20-րդ դարերում: 

Այսուամենայնիվ, հարկ է ընդգծել բազում անգամներ վերացականության մեջ մեղադրված զգուշավորությունը, որ տարբերություն է դնում ազգային քղաքացու և բնական ու ունիվերսալ մարդու մեջ: 

Ֆրանսիական հռչակագրում տեղ գտած այդ իրավունքները բխում են բնությունից և սահմանվում են որպես «ազատություն», «սեփականություն», «ազգային ինքնիշխանություն»: Ամերիկյան հռչակագրում տեղ գտած իրավունքները բխում են Աստծուց և կոչվում են «կյանք», «ազատություն», «երջանկություն»: Ցավալի է, որ այդ մարդ/քաղաքացի երկվությունը տեղ է գտել նույնիսկ առավելագույն հավասարության պարտադրանքի պայմաններում: Կարող ենք իրավամբ քննադատել այդ դրույթի անճշգրտությունը («աստվածայի՞ն», թե՞ «բնական»), որ ընկած է մարդկային հավասարության հիմքում: Այսուհանդերձ, ժամանակակից պատմության սարսափելի անցուդարձերից հետո մեզ մնում է միայն հիանալ գոյություն ունեցող էթիկական և քաղաքական ինտուիցիայով, որ, մարդկանց ազգային քաղաքական էությունը ճանաչելու պատմական անհրաժեշտությունից զատ, իրեն վերապահում է նաև մի անօտարելի հորիզոն, որ երբեք չի զիջի ազգային քաղաքական խղճին և դրա իրավասությանը: 

Կանտը տալիս է այս ժամանակակից ունիվերսալության արմատական ձևակերպումը: Իր «Խորհրդածություններ ունիվերսալ պատմության շուրջ կոսմոպոլիտության տեսանկյունից» աշխատության մեջ (1784) նա «բարոյական հրամայականը» բացատրում է իրավական և գործնական դաշտերում՝ աչքի առաջ ունենալով «արտաքին օրինական հարաբերությունները պետությունների միջև», և ջատագովում է ազգային իրավունքների ֆեդերացիան «Ազգերի մեծ ընկերակցության» շրջանակներում՝ «միասնական կամքի օրինական որոշում և միավորված ուժ»: Սակայն այդ համընդհանուր իրավունքի իրականացումը բախվում է մի մեծ դժվարության. առանց տրանսցենդենտալ համընդհանուր և բարձրագույն ատյանի ի՞նչպես ապահովել այդ «միացյալ կամքի» գոյությունը կամ ստեղծել այդ երկիրը, որ վեր կլինի մյուս բոլոր երկրներից, և որտեղ ժողովուրդներն ու երկրները իրենց շարքերը կընդունեն օտարներին, որոնք այլևս կդադարեն որպես այդպիսին լինելուց: Կանտն ինքն էլ իր այդ գաղափարն արտառոց է համարում: «Խենթ գաղափար» ասում է նա՝ մտաբերելով Շառլ Իռենե Կաստել դը Սեն Պիեռին և Ժան-Ժակ Ռուսոյին, որ իրենից առաջ ադեն խորհրդածել էին այդ հարցի, ինչպես նաև «մարդկանց անհաղորդ դյուրահաղորդության» շուրջ: Այսուհանդերձ, Կանտն իր այդ գաղափարից չի հրաժարվում և շարունակում է այն դիտարկել որպես «ցավը դարմանելու միակ հնարավոր միջոց»: Ինչպե՞ս բացատրել այդ օտարընկալությունը, այդ կամավոր մեծահոգությունը: «Շատ պարզ…. որովհետև Երկիրը կլոր է», շատ գործնական, բայց և միամտաբար ամփոփում է նա: 

Հոլոքոստը և միջհամայնքային կոտորածները, որ 21-րդ դարում էլ դեռ շարունակվում են ամբողջ թափով, ապացուցում են այն փաստը, որ, չնայած նշանակալից առաջընթացին, «բարոյական հրամայականը», երկրագնդի սահմանափակ մակերեսը և միջազգային իրավունքի իրավաքաղաքական բարեփոխումները, միևնույն է, դեռ անզոր են լուծելու օտարների սոցիալ-քաղաքական խնդիրները: Նրանք օր օրի ավելի մեծ դժվարությամբ են դիմակայում անդինի այդ ազուսպ մղումին, որով համակված ենք բոլորս և հատկապես օտարները, որոնք ինտեգրման անհաջող փորձերի պատճառով ոչ միայն չեն որդեգրում աղերսելու սկզբունքը, այլ նաև բաց են թողնում կյանքի ազդակների սանձերն ու հանձնվում են մահվան ազդակների տարուբերումներին: 

«Ինտելեկտուալ և բարոյական համագործակցության», ինչպես նաև «հաշտեցման» բացակայության պայմաններում մենք դեռ շատ հեռու ենք ստոիկներից, religere-ի խաղաղաբեր միտումներից և Կանտի «միացյալ կամքից»: Ռաձինգերն ու Հաբերմասը կոչ էին արել վերադառնալու հավատքին («Դեմոկրատական պետության նախաքաղաքական հիմքերը», 2004): Բայց ո՞ր հավատքին: Կրոնների միջև երկխոսությունը կարծես թե ի զորու չէ վերջ դնելու հավատացյալների միջև կոտորածներին: Խաղաղամիտ բուդդայականությունը նույնիսկ միանգամայն ընդունակ է հալածելու իր օտար հակառակորդներին: 

Ես ուզում եմ ինձ թույլ տալ կարծել, որ հումանիտար գիտություններն օր օրի ավելի շատ են սկսում հասկանալ մարդու հոգեկան կյանքը, և դրանց ու հատկապես հոգեվերլուծության զարգացումը իրենց ունիվերսալիստական և կոսմոպոլիտական մոտցումներով նորովի են նպաստում ժամանակակից հումանիզմի վերստեղծմանը հատկապես ինքնության տագնապների համատեքստում, որ համակում են օտարներին, բայց նաև բնիկներին, որ օտարներին հյուրընկալում են թվայնացված գլոբալիզացիայի պայմաններում: 


 VI. Տագնապահարույց օտարությունն ըստ Ֆրոյդի 

Զիգմունդ Ֆրոյդի (1856-1939) գյուտի երկու հիմնարար կետ անմիջականորեն վերաբերում են մեր նյութին: 

Նրա սահմանած «տագնապահարույց օտարությունը» (Unheimlich) մեզ դրդում է դիմադրելու զգացմունքային ռեակցիաներին, որ ծնվում են օտարին ի տես, որն էլ իր հերթին նույնացվում է արտասովորի և վտանգավորի հետ: Արտասովոր օտարը, ում մենք մեջքով ենք շրջվում, որին չենք ընդունում կամ հալածում ենք, որին որպես սպառնալիք ենք դիտում կամ ում գթասրտորեն ընդունում ենք, տեղ տալիս, մանկամտի տեղ դնում կամ էլ ուժ տալիս, այդ արտասովոր օտարը որպես այդպիսին գոյություն չունի, ասում է Ֆրոյդը: Նա մեր մեջ արթնացնում է այն վախերն ու հոգեկան տրավմաները, որ մենք մոռացել ենք, խեղդել ենք մեր մեջ, և որոնք արթնանում և մեր ներկա են ներխուժում ուրիշին և հատապես օտար մեկին հանդիպելիս: 

Հոգեվերլուծությունն ասում է, որ դուք ի զորու չեք արմատախիլ անելու օտարին, յուրաքանչյուր առանձնահատկություն իր մեջ կրում և ուրիշի մեջ առաջացնում է սիրո և ատելության զգացմունքներ, բայց ինքներդ ձեր մեջ դրանք հստակ գիտակցելու դեպքում ուրիշին ավելի հեշտորեն կընդունեք: Տարօրինակություններին ընտելանալով (վախեր, տագնապներ, բռնություն, բացասում, որ կան, ապրում են մեր մեջ), ինքներդ ձեր օտարությանն իմաստ հաղորդելով՝ դուք կյանքի եք կոչում այդ «ներքին կապը» (oikéiosis), այդ տիեզերական հաշտեցումը, որ «մարդկային ցեղի» ունիվերսալության հիմնաքարն է: Օտարի հարուցած այս տագնապների հոգեկանացումը մեզ հուշում է, որ վերաբնակիչներին և նրանց ընդունող բնիկներին պետք է անհատականապես օգնել միմյանց հանդիպելու փուլում: Այն չի «լուծում» «օտարների խնդիրը»: Ըստ ամենայնի՝ այդ հոգեկանացումը կարող է միայն ավելանալ խնդրի տնտեսական, իրավական և սոցիալական կողմերին: Բայց խնդրի քաղաքական կողմի ավելի խորն ընկալումը մեզ ստիպում է գիտակցել սեփական պատասխանատվությունը և վկայում է այն մասին, որ ունիվերսալիստական հումանիզմը բավականին խրթին և նուրբ փորձառություն է, որը պետք է վերահիմնել՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատականությունը և զինվելով ծով համբերությամբ: 

Վերացական ունիվերսալիզմի թակարդը չընկնելու համար մեզ մնում է միայն մեկ անհաստատ, բայց անշրջանցելի և բոլորիս համար հասանելի միջոց. այն է՝ անհատական օգնություն ցուցաբերել մեր մեջ ապրող օտարին և մեզնից դուրս գտնվող օտարներին: Ինձ համար սա անհրաժեշտություն է, եթե հաշվի առնենք գլոբալիզացիայի արդյունքում տիրող քաղաքակրթական մեծ ճգնաժամը և միգրացիոն անկասելի հոսքերին բախվող ազգերի տագնապները: 

Խոսքս ավելի համոզիչ դարձնելու համար ուզում եմ հիշեցնել (հաճախ) դեռահաս օտարների օրինակը. նրանք պաշտպանված չեն սոցիալական մեկուսացումից, խոր դեպրեսիայից և իրենց էության թաքնված մոլագար կողմից, որ կոչվում են ինտեգրիստական մոլեռանդություն կամ գանգստերային ինտեգրիզմ (կրոնական ավանդապահություն): 


VII. Օտարությունն ու Օտարության արմատական չարիքը 

Հիրավի, նորանոր օտարներ գլխացավանք են դառնում ընդհանուր առմամբ գլոբալիզացիայի և մասնավորապես հանրապետական պակտի համար. հանուն իրավունքների պաշտպանության մղվող պայքարն այլափոխվում է վանդալիզմի, եթե չասենք գանգստերային ինտեգրիզմի, և մահասփյուռ մոլեռանդության: Թերևս սրանք այնքան էլ «նոր» երևույթներ չեն, եթե, ի թիվս այլ ինքնակործան շարժումների, հիշենք 19-րդ դարի նիհիլիստներին: Սակայն սրանք «նոր» են, որովհետև ծավալվում են կրոնների վերազարթոնքի համատեքստում և գործում են հանուն բացարձակի, որ այլևս վերափոխվել է ոչ թե «իդեալականության» (աստվածային կամ աշխարհիկ ունիվերսալիստական) այլ «իդեալականության հիվանդության»: «Նոր» են, որովհետև անդրադառնում են կամ անդրադարձնում են Մերձավոր Արևելքի ընդհարումները: Եվ որովհետև մարտահրավեր են նետում ֆրանսիական ոգով կառուցած ապակրոնացմանն ու աշխարհիկությանը: 

«Անբարենպաստ պայմաններում գտնվող դեռահասների» հանցավորությունը, երիտասարդների կամ ավելի տարեցների մոլեռանդությունը, որ մահապարտներ են դառնում իրեն «Իսլամական պետություն» հոջորջող կազմակերպության համար, հակասեմականության նոր ալիքի մոլեգնումը փաստում են, որ թևակոխել ենք նիհիլիզմի նոր, ավելի արմատական փուլ, որ մեզ է ներկայանում միջկրոնական բախումների տեսքով: Այն հատկապես վերաբերում է ներգաղթյալների ընտանիքներում ծնված երիտասարդ ֆրանսիացիներին, որոնց ընտանեկան ծանր միջավայրը, ուսման, մասնագիտական կյանքի անհաջողությունները դարձրել են շատ խոցելի տարր և պատճառ են հանդիսացել, որ նրանք մեկուսանան հասարակությունից: 

Ինչպես բոլոր դեռահասները, այս խոցելի դեռահասները նույնպես ընդվզում են «համակարգի» դեմ, շարունակ փորձում են իրենց տեղը գտնել հասարակության մեջ, անվերջ փորձում են հասնել իրենց իդեալին, տարված են դրախտայինի փնտրտուքներով: Նրանց համակած անդինի այս տենդը հասնում է բռնության ծայրահեղ աստիճանի և խրվում է թուլակամ «ես»-ի մեջ և ավերածություններ անում: Իդեալներն այդժամ ի չիք են դառնում ազդակներից ամենահզորի՝ մահվան ազդակի ճնշման տակ, որ ավելի հզոր է, քան կյանքի ազդակը: Այս կազմաքանդումն անմիջապես լարում է քաղաքակրթության զսպանակները՝ երևան հանելով հոգկան կյանքի բաղկացուցիչ մասը կազմող մինչկրոնական «հավատալու պահանջի» կործանումը: 

Հոգեվերլուծությունը հարցին մոտենում է անհատի այդ խոր կազմաքանդման տեսանկյունից, դա ներքին կապի վերացումն է (ես գոյություն չունեմ, գոյություն ունի միայն ամեն ինչի պատրաստ և ամենակործան կազմաքանդումը) և ուրիշի հետ կապի վերացումն է, ապաօբյեկտացումը (ուրիշը չունի ո՛չ արժեք, ո՛չ էլ իմաստ), որտեղ իշխում է չարի ոգին, «արմատական չարիքը»: 

Ի՞նչ ենք հասկանում՝ արմատական չարիք ասելով: Այն մարդկային էակների ավելորդությունը հայտարարելն ու ավարտին հասցնելն է. նրանց սպանելն է (Կանտ, Արենդտ): 

Ո՞րն է արմատական չարիքի առաջացման պատճառը: Միստիկան և գրականությունը յուրովի են մոտենում այդ հարցին: Մենք՝ քաղաքական պակտի հարողներս, չենք կարող բավարարվել նրանց տված պատասխանով: Հոգեվերլուծության մեջ ունեցած փորձս ինձ թույլ չի տալիս նաև սահմանափակվել միայն ըմբոստանալով: Ես ուզում եմ հասկանալ արմատական չարիքի տրամաբանությունը, որ կարողանամ հղկել այդ տագնապին, այդ օտարությանը տրվող բացատրությունս տրանսֆեր-կոնտրտրանսֆերի շրջանակներում: Մենք սկսում ենք հասկանալ, որ այդ նոր օտարնրի շրջանում որոշ մարդիկ, հատկապես դեռահասները, անձնատուր են լինում իդեալականության հիվանդությանը. նրանք բառացիորեն պոռթկում են՝ բոլորովին անընդունակ տարբերելու ներսը դրսից, սեփական անձն ուրիշից: Մահվան ազդակը համակում է հոգեկան կյանքը, սեփական անձից և ուրիշից ձեբազատված՝ չկա ո՛չ «ես», ո՛չ «դու», կույր և ինքնակոծրան հակումները քաշում են «մեզ» իրենց հատակը: Հավատալու պահանջը հօդս է ցնդում ներքին կապի վերացման և ապաօբյեկտացման կայսրությունում՝ ուղեկցված ինչ-որ խելացնոր հաճույքով կամ էլ առերևույթ ու խաբուսիկ անտարբերությամբ: 

Օտարների մեջ տարվող պատերազմներում, որ կերտել են պատմությունը, մարդիկ միշտ փորձել են տարբերակել «չարը» «բարուց», որ ձևավորվում են արժեքների բախման արդյունքում, արժեքներ, որոնք իրենց հերթին արտացոլում են իրարից տարբերվող կամ իրար հետ մրցակցող սեռազգայական հետաքրքրություններ: Կրոնական Մարդը և Բարոյական Մարդը այդ արժեքների կրողներն են. քիչ թե շատ մեղավոր և ըմբոստ՝ նրանք ապրում են հանուն այդ արժեքների, հոգում են դրանց պահպանման մասին և լիահույս են, որ ի վերջո կկարողնան պարզաբանել դրանք միմյանց կործանելու փոխարեն իրար ավելի լավ հասկանալու համար: 

Այս խնդրական չարիքի կողքին գոություն ունի մեկ այլ, արմատական չարիքը, որ ի չիք է դրաձնում չարի և բարու տարբերակումը՝ այսպիսով վերացնելով ուրիշի գոյությունը ընդունելու և սեփական գոյության իմաստը բացահայտելու ցանկացած հնարավորություն: Մարդու այս «սահմանային վիճակները» միայն հիվանդանոցներում կամ հոգեվերլուծողի աշխատասենյակներում չէ, որ հանդիպում են: Նրանք սոցիալ-քաղաքական աղետների պատճառ են դառնում, բնաջնջումներ են անում, ինչպես օրինակ՝ Հոլոքոստը՝ այդ սարսափը, որին մինչ օրս մարդկային բանականությունը չի կարողանում որևէ բացատրություն տալ: Այսօր գլոբալիզացված աշխարհում արմատական չարիքի նոր ձևեր են ի հայտ գալիս ու տարածվում՝ իրենց մեջ ներառելով իդեալականության հիվանդությունն ու գանգստերային ինտեգրիզմը: Հոգեվերլուծությունը խիզախում է զբաղվել այդ հարցով՝ հիմք ընդունելով վերը նշված ախտորոշումը: 

Հոգեվերուծողը գտնվում է այդ դժվարին խաչմերուկում, ուր տեղի է ունենում սպառնալից ապաօբյեկտացում-օբյեկտացումը, բայց նաև որտեղ կարող է սկսվել վերաձևավորումը: Իդեալականության հիվանդությունների մեջ դարանած մահվան ազդակների և հոգեկան ապարատի հնարավոր չարության բացահայտումը որոշել են հոգեվերլուծության անելիքը: Իդեալականության հիվանդությունները (այդ տարօրինակությունները) հոգեկան ապարատի անբաժանելի մասն են կազմում, մեզ ստիպում են հետաքրքրվել իրենցով և պատասխաններ գտնել: Հոգու այս հիվանդությունները, որ սպանում են հավատալու պահանջն ու սովորելու ցանկությունը այն աստիճան, որ մարդն այլևս անկարող է լինում կապ հաստատել, կորցնում է իր «եսը», ուրիշին ընկալելու ունակությունը ու սկսում է թափառել անէ «աշխարհում», աննյութեղեն աշխարհում, ուր չկան ո՛չ «բարին», ո՛չ «չարը», ո՛չ էլ որևիցե «արժեք»: 

Արդյոք հնարավո՞ր է վերլուծությունը հասցնել հոմո սապիենսի այս սահամաններին և կիրառել հոգեվերլուծությունն այս պայամաններում: 

Ժողովրդավար երկրները բախվել են պատմական մարտահրավերի. նրանք ի զորո՞ւ են արդյոք առերեսվել հավատալու պահանջի և սովորելու ցանկության այս ճգնաժամի հետ և ընդունել, որ կրոնի հիմքերն այլևս սասանված են, և որ ճգնաժամը հարցականի տակ է դրել օտար մարդկանց միջև եղած հիմնարար կապը: Տնտեսական և սոցիալական ներկայիս ճգնաժամի պայամաններում մեզ համակած տագնապն արտացոլում է մեր տարակուսանքը այդ հսկայական մարտահրավերին ի տես: 

Փորձեցի ձեզ ասել, թե ես ինչպես եմ ապրում օտարությունը: Արդյոք ես լավատե՞ս եմ: Ինքս ինձ ավելի շուտ կբնութագրեի որպես անդրդվելի հոռետես: Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ ենք անում: Չընկրկել չարի դեմ, նույնիսկ արմատական չարիքի դեմ կանգուն մնալ: Համբերատարությամբ շարունակել փնտրել ոչ թե ինչ-որ ուտոպիստական հավասարակշռություն, այլ փնտրել այդ փխրուն կետը, որ Պասկալը բնութագրում է որպես «հավերժական շարժում». «Նա, ով գտել է բարին վայելելու բանալին առանց չարից խրտնելու, գտել է նաև այդ կետը: Դա հավերժական շարժումն է»: 

Իսկ ի՞նչ, եթե այդ նոր օտարներին հասկանալու փորձը, որ մենք դեռ չունենք այսօր, հենց այդ կետն է, այդ հավերժական շարժումը, որ մեզ պետք է մոտեցնի առանց չարից խրտնելու բարին վայելելու գաղտիքի բացահայտմանը… Ինչ-որ ներքին փորձառություն օտարությունը, թեկուզ և վտանգներով հղի օտարությունը հասկանալու համար: 


VIII. Գործնականում… 

Որպես ամփոփում՝ կանեմ երկու դիտարկում: 

- Օտարը, որ սկզբում մեզ հայտնվել էր որպես խմբերի մեջ եղբայրություն սերմանելու հնարավորություն, չկարողացավ      21-րդ դարի կանանց և տղամարդկանց լսելի դարձնել ունիվերսալության իր ուղերձը: Բայց օտարության այդ տագնապահարույց ընտրությունը է՛լ ավելի է վատացնում մարդկության կացությունը, խոչընդոտ է դառնում իմաստի փնտրտուքների ճանապարհին՝ ծնունդ տալով իդեալականության հիվանդություններին. արմատական չարիքը տարածվում է աշխարհով մեկ սուրբ պատերազմների կեղծ պաճուճանքի ներքո: Ես առաջարկում եմ, որ օտարին չզմռսենք միայն մեկ կերպարի մեջ, լինի դա մարգարեի կամ էլ բարբարոսի կերպար. նա հարցերի տեղիք է տալիս և լուսավորում մեզ, բայց նաև մահաբեր ֆանատիկոսության աղբյուր կարող է լինել: Պետք է ընդունենք նրա եզակիությունը, նրան հանդիպած փակուղիները նաև մեզ են վերաբերում, դրանք նաև մե՛ր խնդիրներն են: 

- Ազգային ինքնությունը անմասն չի մնում. այն արագ տեմպերով փոփոխվում է: 20-րդ դարավերջի Ֆրանսիայում յուրաքանչյուրը հիշողության մեջ միշտ պետք է վառ պահի սեփական մշակույթը, բայց միաժամանակ այն պետք է ոչ միայն ապրեցնի այլ մշակույթների կողքին, այլ նաև թույլ տա, որ ենթարկվի վերջիններիս ազդեցությանը: Նոր տեսակի միատարրության հասնելը քիչ հավանական է, թերևս նաև քիչ ցանկալի. Ազգային ճակատ կուսակցության հռետորաբանությունը, չնայած որոշ չափով մխիթարական լինելուն, հետադիմական է և ինքնակործան: Տնտեսությունը, մեդիա ոլորտը և պատմությունը մեզ բոլորիս ստիպում են ապրել մեկ և նույն երկրում՝ Ֆրանսիայում, որ բռնել է եվրաինտեգրման ուղին: Արդյոք մեր բոլորիս վերջնական հանգրվանը ազգ-խճանկա՞րն է՝ կազմված զանազան յուրօրինակ տարրերից, որի գլխավոր հատկանիշը ֆրանսիականությունն է, բայց մինչև ե՞րբ կշարունակվի այս ընթացքը: 

- Համայնքային ներքին նոր կապի բացակայության պայմաններում (ամենափրկիչ կրոնը, որ մի ժամանակ թափառաշրջիկների մեծաթիվ խմբերը և բոլոր ոչ-նմաններին համախմբում էր նույն հոգևոր գաղափարի շուրջը, ինչն այնքան տարբեր էր այսօրվա «ավելի շատ փող և սպառման ավելի շատ ապրանք բոլորի համար» մոտեցումից) մարդկության պատմության մեջ առաջին անգամ մենք ստիպված ենք ընդունել և ապրել մեզ շրջապատող տարբերությունների կողքին՝ ապավինելով միմիայն սեփական բարոյական նորմերին և զրկված լինելով մեր բոլորիս յուրօրինակությունները համախմբող մեկ ընդհանուր ամբողջությունից: Մի նոր, պարադոքսալ համայնք է ի հայտ գալիս մեր օրերում՝ կազմված օտարներից, եթե վերջիններս ընդունում են, որ օտար են: Այսպիսով, բազմազգ հասարակությունը թերևս կլինի ծայրահեղ յուրօրինակության արդյունքը և միաժամանակ քաջ կգիտակցի սեփական խնդիրներն ու սահմանները, կօգնի մարդկանց հաղթահարելու սեփական թուլությունը, որի մյուս անունը մեր արմատական օտարությունն է. սուրբ ցեղատեսակ: Օգոստինոս Երանելին մեզ մտածելու տղիք է տալիս՝ գրելով հետևյալ տողերը. «Տե՛ր Աստված, քո շնորհիվ մենք սովորում ենք, որ այն, ինչ համարում ենք մերը, երբեմն մեզ օտար է, իսկ այն, ինչ համարում ենք օտար, մերն է երբեմն» (Մենախոսություններ):  

Ֆրանսերենց թարգմանեց Նարե Ֆելեքյանը
Խմբագրեց Տիգրան Ամիրյանը

August 30, 2018

Անջելա Դեյվիսի և Թոնի Մորիսոնի զրույցը՝ գրադարանների, գրագիտության և ազատագրման մասին


Անգլերենից թարգմանեց և խմբագրեց Անի Բաղումյանը





























Անջելա Դեյվիս: Բարի երեկո:


Թոնի Մորիսոն: Բարի երեկո:

ԱԴ: Ողջույն, Թոնի:

ԹՄ: Բարև, Անջելա: Կներեք նման մուտքի համար: Դերասանական տաղանդս չէի փորձում ցուցադրել, բայց դե ինչ թաքցնեմ, ամբողջովին նոր, վերջին մոդելի ազդր ունեմ: Ինձ որ շա՜տ է դուր գալիս: Բայց մարմնիս մյուս մասերը ազդրիս հետևից դեռևս չեն կարողանում հասնել, դրա համար էլ դանդաղ ենք շարժվում: Այսպես ուրեմն, մոդերատոր չունենք:

ԱԴ: Չունենք, պարզապես զրուցելու ենք:

ԹՄ: Ահա թե ինչ:

ԱԴ: Խոսելու ենք Ֆրեդրիկ Դուգլասի, գրադարանների…

ԹՄ: Գրագիտության

ԱԴ: Գրագիտության և ազատագրման մասին:

ԹՄ: Այո, անշուշտ: Թույլ տուր սկսել գրագիտությունից, քանի որ ինձ մոտ մի փաստաթուղթ է, որի մասին կցանկանայի մյուսներն էլ իմանան: Կարդալու ենք այն: Ես, ինչ խոսք, հետաքրքրված եմ գրագիտությամբ: Վերջերս միայն ինձ համար մի բացահայտում արեցի, որից շատ տպավորված եմ: Պարզվում է՝ ԱՄՆ-ն աշխարհում եզակի երկիր է գրադարանների տեղաբաշխման առումով: Oրինակ՝ Եվրոպայի, Աֆրիկայի կամ Ասիայի գյուղական շրջաններում դժվար թե գտնես գրադարաններ, այնինչ այստեղ դրանք ամենուր են, ամեն փոքր քաղաքում: Էլ չեմ խոսում հսկա համալսարանական գրադարանների մասին, ինչպես Ինդիանայի համալսարանի գրադարանը, որ անսպասելիորեն դիմացդ է ելնում: Փենսիլվանիայում կտրում անցնում ես հարյուր մղոն և ահա քո առաջ մի հսկայական համալսարան է, որն իրականում ավելի շատ գրքեր ունի, քան Քեմբրիջը կամ Հռոմի գրադարանները: Սա իսկապես բացառիկ բան է:
Գրագիտության հետ կապված մեկ այլ բան, որն ինձ հետաքրքրում է, մի կողմից՝ կարդալու և իհարկե կարդացածի իմաստը հասկանալու զորությունն է, մյուս կողմից՝ այն, ինչ ես անվանում եմ տեսողական գրագիտություն՝ տպվածքով կամ առանց դրա: Ինչպե՞ս են անտառաճանաչ մարդիկ տեղից տեղ շարժվում: Նկատի չունեմ միայն անկիրթ մարդկանց, այլ, օրինակ, ինձ նման մեկը Պեկինում, ով կարդալ չգիտի, լեզուն չի հասկանում: Ինչպե՞ս ես տեղաշարժվում և որո՞նք են այն տեսողական նշանները, որոնք անհրաժեշտ են ճանապարհորդելիս: Այն գույները, ձևերը, ձայները, հոտերը և մնացած զգայությունները, որոնք կարդալու կարողության հետ մեկտեղ քո համար բացում են այս երրորդ չափումը, արվեստագետի իսկական չափումը՝ ինչպես կարդալ քո աշխարhն ու ինչպես կարդալ տեքստերը: Կուզեի խոսենք այն մասին, թե ինչպես է կարդալը երբեմն դիտվում որպես պայթունավտանգ արարք, հատկապես որոշ տեսակի վեպերի ընթերցումը, որ ոչ միայն պայթունավտանգ, այլ նաև մահացու կարող է լինել:

Ասածս ապացուցող փաստաթուղթը, Անջելա, սա է: Փոլն ինձ ստիպեց, որ այն տանից հետս բերեմ, ներքևի հարկում գտնվող հյուրերի լոգարանից: Լվացարանի վերևում մի նամակ կա, որում ինձ հարցնոմ են, թե արդյոք կցանկանայի Գրականության Նոբելյան մրցանակ ստանալ, հետն էլ մի ճառ գրել: Իսկ լվացարանի հանդիպակաց կողմում՝ զուգարանի վերևում սա է:   

ԱԴ: Գիտեմ: Ես էլ ասացի, որ այդ փաստաթուղթը նախկինում բազմիցս տեսել եմ: Ես քո լոգարանում եղել եմ, Թոնի:  

ԹՄ: Ինձ սա ուղարկել է «Alfred A. Knopf»-ի խմբագիրներից մեկը: Վերնագրում գրված է՝ «Գրքի մերժման ծանուցում»: Գրքի վերնագիրն է «Դրախտ» (Paradise, 1997), հեղինակը ես եմ: «Վերոնշյալ հրատարակությունը վերանայվել և մերժվել է ՏՔԱՎ-ի կանոնների և կանոնակարգերի 3.9 կետի համաձայն՝ ելնելով ստորև նշված պատճառներից»: Պատճառները, որոնց հիման վրա գիրքը կարող է արգելվել Տեխասի քրեական արդարադատության վարչությունում հինգն են: Առաջինհրատարակությունը պարունակում է մաքսանենգության փորձ»:  Երկրորդ՝ «հրատարակությունը պարունակում է տեղեկատվություն՝ պայթուցիկների, զենքերի կամ թմրամիջոցների  պատրաստման վերաբերյալ»: Չորրորդ՝ «հրատարակությունը կարող է բացասաբար ազդել բանտարկյալների ռեաբիլիտացիայի վրա՝ խրախուսելով շեղված, հանցավոր սեռական վարք»: Եվ հինգերորդ՝ «հրատարակությունը պարունակում է հանցավոր պլանների մշակման և իրագործման կամ օրինապահ մարմինների կողմից նման անօրինական գործողությունների բացահայտումից խուսափելու վերաբերյալ նյութեր»:
Երրորդը բաց թողեցի, քանի որ «Դրախտը» հենց դրանում է մեղադրվում. «Հրատարակությունը պարունակում է այնպիսի տեղեկություն, որը ցանկացած ողջամիտ անձ կընկալի որպես կաթված առաջացնելու փորձ»: Խոսքը սովորական կաթվածի մասին չէ, այլ բանտերի կաթվածի. կալանավորների ընդվզման, օրինակ՝ գործադուլների կամ խռովությունների միջոցով: Ծանուցումը թվագրված է 20 փետրվար, 1998թ., ծննդյանս տարեդարձից անմիջապես հետո: Նման բան ստանալը շատ զվարճալի էր, բայց միաժամանակ ինքնասիրությունս դրանից շոյվեց: Դա ասես արտասովոր հաճոյախոսություն լիներ, այն, որ «Դրախտն» իսկապես կարող էր բանտում խռովություն առաջացնել:  Մտածում էի, որ գրագիտության մեջ տեսողական գրագիտությունն ու տպվածքն ընգրկելու իմ հարցադրմանը զուգահեռ, ես կցանկանայի նաև առնչակցել բանտերը, դրանց կառուցվածքը, արգելանքները, ու թե ինչն է ըստ նրանց մահացու կամ վտանգավոր (կարդալը, գրագիտությունը, ըմբռնումը): 

ԱԴ: Ճիշտն ասած` ես ցանկանում էի թեման բացել խոսելով գրադարանների անհասանելիությունից: Մտքումս ունեմ իմ մանկությունը, երբ առաջին անգամ տեսա այդ կրաքարից հոյակապ շենքը Բիրմինգհեմ Ալաբամայում: Դա Բիրմինգհեմի հանրային գրադարանն էր, սակայն այն, իհարկե, միայն սպիտակների համար էր: Սևերի համար գործող միակ գրադարանը անմխիթար վիճակում էր ու շատ քիչ գրքեր ուներ: Սա պատմում եմ, քանի որ առաջին անգամ այդ գրադարան ոտք դրեցի 1959թ.-ին, ու հիշում եմ, թե ինչպիսի զգացողություն ունեցա իսկական գրադարան մտնելիս, քանի որ չնայած օգտվում էի Բիրմինգհեմի գրադարանից, այն, սակայն, խարխլված էր ու սուղ ռեսուրսներ ուներ: Ի վերջո նորը կառուցեցին:

ԹՄ: Տարիներ անց:

ԱԴ: Այո, երկար տարիներ անց: Եվ քանի որ խոսում ենք գրադարանների ժողովրդավարական իմպուլսի և դրանց հասանելիության մասին, կարևոր է նաև խոսել այն վայրերի մասին, որտեղ գրքերը դժվարությամբ են ներթափանցում: Տեխասի քրեական ուղղիչ համակարգի քո օրինակը դրանցից մեկն է: Քիչ առաջ հնարավորություն ունեցա աչքի տակ անցկացնել արխիվում եղած որոշ նյութեր և ձեռքս ընկավ մի հրաշալի պարբերական, որը Ռայքերս Այլընդի բանտարկյալներն էին հրատարակել 1939-1940թթ.-ին: Մտածում էի, թե նման գործ գլուխ բերելու համար ինչեր են անհրաժեշտ եղել: Այդ ժամանակ պատճենահանող սարքեր դեռ չկային. ես նայեցի ու ասացի՝ սա միմիոգրաֆով է արված: Եվ մտածում էի այն բանտարկյալների մասին, ովքեր արել են դա ու թե նրանք ինչ գրքեր էին կարդացել նման գրական պարբերական հրատարակելու համար: Այդ ամենն ուղղակի ապշեցուցիչ էր: Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել գրադարանավարներին, ովքեր ինձ թույլ տվեցին այդ նյութերը տեսնել:

Նաև կարճ զրույց ունեցա Նիկոլասի հետ, որն ուղղիչ հիմնարկի ղեկավարն է և կոորդինացնում է Նյու Յորքի հանրային գրադարանի և Ռայքերս Այլընդում գտնվող կանանց և տղամարդկանց կալանավայրերի համագործակցությունը: Նրան պատմում էի Նյու Յորքի կանանց կալանավայրում իմ ունեցած փորձառության մասին: Ես Նյու Յորքում բանտ եմ նստել, ոմանք գուցե չգիտեն: Եվ առաջին վայրերից մեկը, ուր բանտում կարողացա գնալ, գրադարանն էր: Սակայն այնտեղ այնքան էլ շատ հետաքրքիր գրքեր չգտա: Նոր էի ուսումս վերջացրել՝ փիլիսոփայության բնագավառում, և գրադարան էի գնացել ամենևին այլ ակնկալիքով: Ստիպված խնդրեցի, որ ինձ դրսից գրքեր ուղարկեն: Ցանկանում էի այդ գրքերով կիսվել նաև այլ կանանց հետ, մոտ հազար կին կար այնտեղ: Ինձ թույլ չտվեցին: Գրադարանում մի մեծ ստվարաթղթե արկղ կար:

ԹՄ: Կարող էիր գրքեր ստնալ:

ԱԴ: Կարող էի գրքեր ստանալ և դրանք ինքս կարդալ՝ դա թույլատրվում էր, սակայն չէի կարող ուրիշների հետ կիսվել: Այդ գրքերից մեկը Ջորջ Ջեքսոնի «Սոլեդադ եղբայրը» (Soledad Brother, 1994) գիրքն էր, որը հաջողացրել էինք գրադարանիցդ դուրս հանել, չնայած, որ դա չէր թույլատրվում: Բանտում սովորեցի, թե ինչպես որոշ բաներ թաքցնել: Օրինակ, կազմակերպում էինք գրքերի գաղտնի ընթերցումներ, որոնք հաջողացրել էինք գաղտագողի դուրս հանել գրադարանի այդ արկղից: Այդ պատմությունն ինձ ինչ-որ տեղ հիշեցրեց Ֆրեդերիկ Դուգլասին ու թե ինչպես էր նա փորձում կարդալ սովորել ու կրթություն ստանալ, և նրա այն գաղափարը, որ կրթությունն իսկապես ազատագրում է:

ԹՄ: Միանշանակ: Մի տեսարանում Դուգլասի տերը կնոջն ասում է՝ «մի՛ սովորեցրու նրան»: Եվ չնայած կինը ցանկանում էր դա անել, սակայն վախենում էր ամուսնուց: Դուգլասը կնոջը նկարագրելիս հետաքրքիր մի արտահայտություն է օգտագործում՝ «անպատասխանատու իշխանություն»: Մտածում էի, որ խնդիրը միայն իշխանություն ունենալու մեջ չէ, այլև այն անպատասխանատու կերպով կիրառելու: Դուգլասը կրթության անհագ ծարավ ուներ, քանի որ գիտեր, որ դա էր ազատությունը: Դա գիտեին նաև այն մարդիկ, ովքեր չէին ցանկանում, որ սևերը կարդալ սովորեին: Նման կարգավիճակում, երբ դու կարդալ չգիտես, քեզ կարող են կամ ծեծել կամ սովորեցնել. իշխանությունը նրանց ձեռքում է: Անհավանական է, թե ինչերի միջով են այս մարդիկ անցել կարդալ սովորելու համար: Հիշում եմ՝ «Գթություն» (A Mercy, 2008) վերնագրով վեպումս փորձում էի հասկանալ, թե ինչպես էր այդ երեխան սովորելու կարդալ: Նա Մերիլանդում էր՝ նահանգ, որ Չարլզ թագավորն էր գնել ու դարձրել կաթոլիկների ապաստարան, որոնց  հալածում և սպանում էին Անգլիայում Վերականգնման ժամանակ: Սևերի հոգու վերաբերյալ կաթոլիկների պատկերացումները տարբեր էին բողոքականների պատկերացումներից: Հետևանքները շատ տարբեր չէին, սակայն դրանք վերասահմանեցին, թե ով է մարդ արարածը և ով՝ այլը, օտարը: Oրինակ, կային քահանաներ, որոնք հաճախ ընդդիմանում էին վիրջինիացիներին՝ Անգլիայի եկեղեցու հետևորդներին,  և կարդալ էին սովորեցնում հասարակ մարդկանց, ստրուկներին ու երեխաներին, որպեսզի վերջիններս կարողանային հարցուպատասխանք և որոշ հոգևոր տրակտներ կարդալ: Այդ գրքում նաև ցանկանում էի ռասան տարանջատել  ստրկությունից. դա իրականում նույն բանը չէ:

Մենք կարծում ենք, որ բոլոր ստրուկները սև են եղել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Լեգիտիմության նկատառումներից ելնելով՝ սպիտակ ստրուկներին անվանում էին  «պայմանագրային ծառաներ»: Թեպետ նրանք անձնական սեփականություն չէին համարվում, սակայն, նրանց հենց այդպես էին վերաբերվում: Եթե  «պայմանագրային ծառա» ունեիր, պայմանագիրը կարող էիր անվերջ երկարաձգել,  աննշան խախտման դեպքում կարող էիր ևս յոթ տարի ավելացնել: Իսկ եթե ծառան մահանար, կարող էիր պարտքի դիմաց աշխատեցնել նրանց երեխաներին: Պլանտացիաներում սպիտակ պայմանագրայինները հաճախ աշխատում էին սև ստրուկների կողքին: Իմ գրքում նաև անդրադառնում եմ Բեկոնի ապստամբությանը, որի ժամանկ «Ժողովրդի բանակ» կոչվող խումբը, մի քանի կալվածատերեր, պայմանագրային ծառաներ, սև ստրուկներ և տեղաբնիկ հնդկացիներ միավորվում են և պաշտոնանկ անում Վիրջինիայի նահանգապետին: Մեկ ամիս շարունակ իշխանությունը նրանց ձեռքում էր: Այնպես չէ, որ այս մարդիկ բարյացկամ էին. չեմ ուզում, որ մտածեք, թե սա ազնվագույն մարդկանց  խումբ էր, պարզապես հերթական մի խումբ էր: Ինչևէ, երբ նահանգապետը Անգլիայից վերադառնում է, նրանց բոլորին սպանում են: Սակայն, այս խումբն ընդունել էր մի շարք հետաքրքրական օրենքները: Դրանք պարունակում էին, օրինակ, այսպիսի դրույթներ՝ «ոչ մի սև չպետք է երբևէ զենք կրելու թույլտվություն ունենա», «ցանկացած սպիտակ կարող է ծանր վիրավորել կամ սպանել ցանկացած սևի ցանկացած պատճառով՝ առանց պատասխանատվության ենթարկվելու»: Պարզ է, թե սրանով նրանք ինչ արեցին. սպիտակ պայմանագրային ծառաները դարձան սևերից ավելի լավը, ավելի ազատ, ավելի հզոր: Նրանց կարգավիճակը միաժամանակ և փոխվեց, և մնաց նույնը: Նրանք կարող էին զենք կրել և հալածել սևերին՝ առանց պատժվելու: Այսպիսով, նրանց տրվեց կարգավիճակի այս փոքր առավելությունը, դրանից բացի ուրիշ ոչինչ, և այս այդ առավելությունը տասնյոթերորդ դարից մինչև այսօր մեր երկրում առկա է: Բոլորիս քաջ հայտնի է հարավի ռազմավարությունը, որը ռասան և ռասիզմը ներկայացնում է որպես պատճառ և մինչևիսկ որպես նպատակ. ռասիզմը նպատակ չէ, այն միջոց է, իշխանության և փողի հասնելու ճանապարհ: Ահա թե ռասիզմն ինչ է և ինչի է ծառայում: Լինի դա պատերազմի, թե ռասայական խտրականության միջոցով, երկու դեպքում էլ գործ ունենք մանիպուլյացիայի հետ, գործիքի ու դրա այն նպատակի, որ մասին արդեն նշեցի, և որը շարունակվեց Բեկոնի ապստամբությունից հետո:

ԱԴ: Մինչ դու նկարագրում էիր անցյալը, խոսում «Գթություն» վեպիցդ, ես մտածում էի Ֆրեդրիկ Դուգլասի կյանքի պատմության մեկ այլ դրվագի մասին, երբ նա անըդհատ լսում էր աբոլիցիա, աբոլիցիոնիստ բառերը և չէր հասկանում դրանց իմաստն ու նշանակությունը: Ինչ-որ պահի, սակայն, գիտակցում է, որ պարտավոր էր դրանով հետաքրքրվել: Նաև նկարագրում է գրել-կարդալ սովորելու տքնաջան գործընթացը, թե ինչպես է տառերը սովորում նավատախտակներին արված նշաններից: Իսկ հետո գրում է սպիտակ տղաներին կաշառելու մասին, որպեսզի իրեն գրել-կարդալ սովորեցնեն: Մի անգամ սպիտակ տղայի հետ գրազ է գալիս, որը ինքը նրանից շատ ավելի լավ կարող է գրել: Դուգլասն ինքն առանձնապես լավ գրել չգիտեր, այնպես որ սպիտակ տղային հաջողվում է ավելի շատ բառեր գրել, իսկ այդ ընթացքում Դուգլասը սովորում է նրանից: Բայց քիչ առաջ խոսում էի Դուգլասի աբոլիցիա բառը լսելու մասին և զգալու, որ այն անչափ կարևոր էր, թեպետ բառի իմաստը չգիտեր:

ԹՄ: Սակայն բառը ձգում էր նրան: Նա գիտեր, որ այն կարևոր էր:

ԱԴ: Աբոլիցիա: Աբոլիցիոնիստ:

ԹՄ: Ինչ խոսք, կարևոր է հնչում:

ԱԴ:  Իսկ հետո, իհարկե, Դուգլասը դառնում է դարի ամենաազդեցիկ աբոլիցիոնիստը: Այդ տեսակ հետաքրքրասիրությունն առաջանում է միայն կրթվելու ընթացքում: Նկատի չունեմ, որ մարդիկ, ովքեր գրել-կարդալ չգիտեն, այդ հետաքրքրասիրությունը չունեն, այլ պարզապես, որ սովորելը բացում է ամբողջովին նոր աշխարհ, նոր չափում: Ահա թե ինչու Տեխասի քրեակատարողական հիմնարկում չէին ցանկանում, որ կալանավորները կարդան:

ԹՄ: Շատ լավ հասկանում էին, թե ինչ էին անում:

ԱԴ:  Անշուշտ հասկանում էին:

ԹՄ: Բայց ինչո՞ւ հենց «Դրախտ» վեպը: Իսկապես, ինչո՞ւ:

ԱԴ: Երբ մտածում եմ, որ այսօր ճաղերի հետևում 2.5 միլիոն մարդ կա ու այդ իրավիճակում գտնվելով ինչ կարող են անել, որ իսկապես նշանակալից է: Գրելն ու կարդալը հնարավորություն է ընձեռում լիովին ուրիշ աշխարհում ապրել:

ԹՄ: Այս 2.5 միլիոն մարդու վերահսկումը, սակայն, չափազանց շահութաբեր է: Քաղաքներ կան, (օրինակ՝ Վերին Նյու Յորքը), որ գոյատևում են նորակառույց բանտերի հաշվին. նոր բացվող աշխատատատեղերի (բանտապահների, խոհարարների) և բանտային համակարգի հետ եկող շատ այլ բաների: Իմիջիայլոց, վերջերս կարդացի Տեխասի մասնավոր բանտերից մեկի մասին, որտեղ բանտարկյալները բանտից դուրս գալուց հետո պարտք են մնում բանտին:

ԱԴ: Բանտարկյալները դուրս գալուց հետո...

ԹՄ: Պարտք են մնում:

ԱԴ:  Քանի որ պետք է վճարեն իրենց սենյակի և սննդի համար

ԹՄ: Այո, համալսարան են եկել:

ԱԴ: Ճիշտ ինչպես ուսանողները:

ԹՄ: Բանտից դուրս ես գալիս ու բերում են հաշիվդ ՝ սենյակի ու սննդի համար: Էլ չեմ խոսում մանր հանցագործությունների վերաբերյալ այն օրենքների մասին, որոնց թիրախում որոշակի փոքրամասնություններ են:Սակայն քո գիրքն ինձ հետաքրքրեց, քանի որ այնքան էլ համոզված չեմ, որ ամբողջովին հասկանում եմ վրեժխնդրության և արդարադատության միջև այդ տարանջատումը: Իհարկե դրանց միջև տարբերություն կա, սակայն արդարադատությունն ինքնին ունի մի շարք տհաճ հետևանքներ: Ենթադրվում է, որ եթե մենք արդարադատություն ենք պահանջում ինչ-որ մարդու չարագործության դիմաց, ուրեմն ուզում ենք պատիժ, ազատազրկում, այլ ոչ թե ռեհաբիլիտացիա, իսկ դա իր հերթին ենթադրում է, որ կա «այլ» ասվածը, օտարը, այդ հանցագործ կոչվածը, որ մեկ ուրիշն է, «այլն» է: Այս ամենի մասին էի մտածում, երբ փորձում էի ինձ համար մեկ այլ տարածք բացահայտել, որով մշտապես հետաքրքրվել եմ, սակայն երբեք համբերություն կամ գուցե խելք չեմ ունեցել այն հարկ եղած կերպով ուսումնասիրելու համար: Խոսքս այն մասին է, թե խոշտանգումը, ստրկությունն ու բռնությունը ինչ ազդեցություն են թողնում հենց ոճիրը գործողի վրա: Հոգեթերապևտները կարծես այնքան էլ հետաքրքրված չեն սրանով, սակայն ինձ թվում է, որ երբ ինչ-որ մեկին ոչնչացնում ես վրեժխնդրության միջոցով կամ արդարադատության անողոք եղանակներով, ցավի իրական թիրախը հենց դու ես՝ քո ես-ը:  Կարող եք չհամաձայնել ինձ հետ, սակայն հենց այդ պատճառով է, որ չարագործությունն ինչ-որ տեղ միօրինակ է:

Օրինակ, այն, թե ինչպես էին վարվում հղի ստրուկ կանանց հետ. նրանց որովայնների համար փոս էին փորում, իսկ հետո նրանց ծեծում: Եվ նմանատիպ շատ այլ վայրագ գործողություններ: Կամ թե ինչպես է Քովին վարվում Ֆրեդրիկ Դուգլասի հետ, երբ վերջինս ընդդիմանում է նրան: Ու՞մ դեմ է Քովին կռվում: Նա ինչ-որ բան է ոչնչացնում հենց իր մեջ: Այնպես չէ, որ նա վայրենի է, անհոգի կամ ստոր: Գիտեք թուլակամ, դյուրաբեկ, գրեթե ջնջելի անձնավորությունն է ընդունակ նման բանի, այլ ոչ թե ուժեղը. ինքնարհամարհանքն ու ինքնախորշանքն այդտեղ ինքնըստինքյան առկա են: Ռասիզմը շատ հեշտ, ամենահեշտ բանն է, որ կարող ես անել: Այնքան հեշտ է փակի տակ պահել այդ այսպես կոչված հանցագործներին: Եվ էլ պարտավոր չենք հանդուրժող լինել, քանի որ նրանք այլևս հեռու են մեզանից, նրանք մեզ հետ չեն, հեռու՝ այնտեղ բանտում: Սակայն, եթե նրանց մեջ մեզ ենք տեսնում, եթե մենք դա անում ենք ինչ-որ տեսակի վարքագիծ վանդակելու, մեր մեջ ինչ-որ բան ուղղելու համար, դա արդեն բոլորովին այլ գործողություն է:

Ես կարդացել եմ ստրկատերերի մի քանի շատ հետաքրքիր օրագրեր. հետգրությամբ օրագրեր, ոչ թե «ահա թոռներս ինչ պետք է մտածեն իմ մասին» ժանրի, որտեղ իրենց են գովում: Ու հետաքրքիր է տեսնել, որ այս մարդիկ՝ ստրկատերերը դաժան չեն: Ճիշտ է՝ դաժան բաներ են անում, սակայն դաժան մարդիկ չեն: Բայցև ակներև է, որ նրանք ձևավորում են որոշակի հարաբերություն, որն առաջին հերթին խորապես վնասում է հենց իրենց: Դա ինքնաոչնչացման ձև է, շատ հզոր ձև: Անկախ նրանից, թե ինչքան մեծ է ներկայացումը (spectacle), լինի դա Գերմանիան երեսուն-քառասունական թվականներին, թե մեկ ուրիշ բան, այն միևնույն է մնում է ներկայացում, և այդ ներկայացման կարիքը բխում անձի ինքնախորշանքից և թուլությանից:
ԱԴ: Ասածիդ մի քանի բան ունեմ ավելացնելու: Դրանցից մեկը կցանկանայի դնել փակագծերի մեջ, և կցանկանայի, որ դրան վերադառնանք քիչ անց. դա պատժի շահութաբերության հետ է կապված, որի մասին քիչ առաջ խոսեցիր: Բայց հիմա ուզում եմ, որ մի պահ մտածենք գրադարանների սեփականաշնորհման մասին: Վերջին տասնամյակներում մենք ականատես եղանք առողջապահության, կրթության, բանտերի սեփականաշնորհմանը, իսկ հիմա էլ հայտնվել է «Գրադարանային համակարգեր և ծառայություններ» կոչվող ընկերությունը, որը վերահսկում է որոշ համայնքների, օրինակ՝ Կալիֆորնիայի գրադարանները:

ԹՄ: Ո՞վ է վճարում դրա համար: Ինչպե՞ս են նրանք գումար վաստակում: 

ԱԴ: Գումար են վաստակում գործի ընդունելով արհմիության անդամ չհանդիսացող աշխատողներ: Նրանք կամ թույլ չեն տալիս, որ աշխատողները շարունակեն արհմիության անդամ լինել, կամ էլ լրիվ նոր աշխատողներ են գործի ընդունում: Հավանաբար կրճատում են նաև որոշ ծառայություններ, քանի որ նմանատիպ ընկերության գոյության միակ նպատակը շահույթն է:

ԹՄ: Իսկ գրադարանից գիրք վերցնել ցանկացողները պետք է վճարե՞ն գրադարանում գրացնվելու համար, թե՞ դա դեռ նրանց մտքով չի անցել:

ԱԴ: Դեռ ոչ: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Սա շատ վտանգավոր երևույթ է: Մենք այժմ ականատես ենք լինում ամեն ինչի սեփականաշնորհմանը. ահա սա էր, որ ուզում էի փակագծերում դնել: Մյուս դիտարկումս վերաբերվում է հետևյալին: Ես վերջերս նայում էի այս կնոջ՝ Ֆեյ Հանի Նոփի գործերը: Նա Նյու Յորքից է, քվակեր է եղել և օգնել է հրատարակել «Բանտերի փոխարեն. աբոլիցիոնիստների տեղեկագիրքը» (Instead of Prisons: A Handbook for Abolitionists, 1976): Նա 70-ականներին բանտերի աբոլիցիոնիստական շարժման առանցքային գործիչներից էր և ներգրավված էր հակապատերազմական շարժման մեջ: Պարզվում է, որ Ֆեյ Հանի Նոփն աշխատել է Հիրոսիման վերապրողների այն նույն խմբի հետ, որին Յուրի Կուչիյաման ներկայացրել էր Մալքոմ Իքսին: Յուրի Կոչիյաման այս փայլուն ճապոնաամերիկացի ակտիվիստն է, ով եղել է համակենտրոնացման՝ ներկալման ճամբարում և երկար տարիներ ապրել է Հարլեմում, հանդիպել Մալքոմ Իքսին: Այդ մասին պատմող ֆիլմ կա, կոչվում է «Սարերը, որ թև են առնում» (Mountains that take wing, 2010): Նա, ի դեպ, «Օդոբան» թատրոնում էր Մալքոմի սպանության ժամանակ: Մի լուսանկար կա, որում մի կին է պատկերված՝ Մալքոմի մարմնի մոտ ծնկած: Այդ կինը Յուրի Կուչիյաման է:
Վերադառնալով Ֆեյ Հանի Նոփին, ցանկանում էի նշել, որ Ֆեյ Հանի Նոփը բանտերի աբոլիցիայի վերաբերյալ այդ ամբողջ աշխատանքն անելուց հետ եկավ այն եզրահանգման, որ նա և ամբողջ շարժումը կկարողանային առաջընթաց գրանցել միայն մի եղանակով՝ ցույց տալով, որ հնարավոր է անդրադառնալ այն զարհուրելի խնդիրներին, որոնցով բանտերը ենթադրաբար զբաղվում են: Այսպիսով, նա սկսեց աշխատել երեխաներին սեռական շահագործման ենթարկածներ հետ, և իր կյանքի մնացած տարիներն անցկացրեց այս մարդկանց՝ հիմնականում տղամարդկանց հետ աշխատելով: Նա մտածում էր, որ պետք է ամենադժվար հարցերից մեկին պատասխանի, և նաև գիտեր, որ եթե շարունակենք հրաժարվել այս զարհուրելի բռնարարքների հետ առերեսվել, երբեք հնարավոր չի լինի բանտերից ազատվել: Այսօր ինչպե՞ս ենք վարվում այն մարդկանց հետ, ովքեր սարսափելի հանցանքներ են գործում: Մենք նրանց բանտ ենք ուղարկում, ուր այլևս ստիպված չենք նրանց մասին մտածել: Այլևս ստիպված չենք մտածել ոչ հանցանք գործածների, ոչ էլ խնդրի մասին, իսկ այն շարունակում է վերարտադրվել: Խնդրին նման կերպ մոտենալը երաշխավորել ու երաշխավորում է, որ խնդիրը կվերարտադրվի սերնդից սերունդ: Դու խոսում էիր ստրկատերերի օրագրերի մասին, մարդիկ, ովքեր սարսափելի արարքներ են գործել, ովքեր, սակայն, պարտադիր չէ, որ… ինչ-որ մեկի հեռախոսն է զանգում: Ոչինչ, կսպասենք: Ասում էիր, որ այդ մարդկանցից շատերը դաժան չէին, նրանք դաժան բաներ էին անում: Կարծում եմ՝ սա է, որ այսօր դժվարանում ենք հասկանալ:

ԹՄ: Ինչ-որ մեկն այն անվանել է թյուրըմբռնված ինքնության դեպք: Ո՞վ էր ասել, որ ինքնասպանությունը թյուրըմբռնված ինքնության դեպք է:

ԱԴ: Ինքնասպանությունը  թյուրըմբռնված ինքնության դե՞պք է: Պարզ է: Քանի որ իրականում ուրիշին ես սպանում. ինքդ քեզ չես ճանաչում:

ԹՄ: Այո, չգիտես, թե դու ով ես: Եվ հնարավոր է, որ խորքում դա նույն բանն է. մի կողմ ենք դնում խնդիրը, այլևս կարիք չունենք խնդրին անդրադառնալ, այդ գործողությունը, այդ վարքագիծը  բարոյականության սահմաններից դուրս է, դա մեզ հետ ոչ մի կապ չունի  ու մեզ չի վերաբերվում: Մի նախագիծ արեցի Լուվրում, Փարիզում, որ կոչվում էր «Oտարի տունը» (The Foreigner’s Home, 2006). օտարը տանն է, սա իր տունն է, իր սեփականությունը: Օրինակ, Աֆրիկայում տեղաբնիկներին վերաբերվում էին իբրև օտարների: Գաղութացումը հենց դա է: Դու քո սեփական տան մեջ դառնում ես օտար, և անշուշտ դա այդպես է նաև աֆրո-ամերիկացիների դեպքում:

ԱԴ: Եվ բնիկ ամերիկացիների, ում դիվականացրել են:

ԹՄ: Oտարի գաղափարը, սակայն, միայն լեզվաբանական, աշխարհագրական կամ համայնքային չէ: Այն իսկապես անդամահատման (severance) մի ձև է, գիտակից ձև՝ գուցե դիրքի համար արվող կամ էլ այլ խմբի պատճառով, որը չունի քո առավելությունները: Ոչ ոք այս աշխարհ չի գալիս կանխակալ վերաբերմունքով ու նախապաշարմունքներով, ոչ ոք: Այդ ամենը կարող ենք վաղ տարիքից սովորել, եթե մի միջավայրում ենք, որտեղ նման գաղափարների սնուցման համար պարարտ հող կա: Սակայն այդ ամենը մեր գեներում չկա ու բնական չէ, բայց կախված միջավայրից՝ կարող է այդպիսին դառնալ:  

Ու մարդ արարածի այս անմեղությունն է, որ կցանկանայի համեմատել «անմեղ ամերիկացու» այս ռոմանտիկական գաղափարի հետ: Նկատե՞լ եք՝ ամերիկացիները միշտ անմեղ են: Հարյուրավոր գրքեր կան «անմեղ ամերիկացու» մասին: Եվ ես ուզում էի հետ գնալ հաստատութենականացումից առաջ՝ տեսնելու, թե արդյո՞ք այս մարդիկ հարստության և ռեսուրսների համար էին Եվրոպայից այստեղ գալից, թե՞ որովհետև մահու չափ վախեցած էին: Պետք է ինչ-որ սարսափելի բան եղած լիներ, որից փախչելու համար պատրաստ էին իրենց կյանքը վտանգի ենթարկելով երկու-երեք ամիս անցկացնել  հնամաշ ու խարխուլ նավերի մեջ: Այդ նավերից շատերը՝ ծանրաբեռնված կենդանիներով,  խորտակվեցին: Այդ նավերն իրականում հենց կենդանիներ տեղափոխելու համար էին: Մարդիկ կովերի, խոզերի հետ մի տեղում էին: Նրանք այս երկիր էին գալիս գրեթե ձեռնունայն, իսկ երկիրն, անշուշտ, շատ հարուստ էր: Սակայն ինչի՞ց էին այս մարդիկ փախչում: Հիմնականում կրոնից և չքավորությունից: Բայց ասածս այն է, որ, օրինակ, իտալացիները, ովքեր եկել էին այս երկիր, որոշ ժամանակ անց այլևս իտալացի չէին. նրանք սպիտակներ էին:

ԱԴ: Սակայն դրա համար երկար ժամանակ պահանջվեց:

ԹՄ: Ճիշտ ես, շատ երկար ժամանակ:

ԱԴ: Սպիտակ դառնալու երկարատև գործընթաց էր դա:

ԹՄ: Այո, դա գործընթաց է: Չես կարող մատի մի շարժումով այդպիսին դառնալ: Բայց ես ցանկանում էի հետ գնալ ու տեսնել, թե այս երկիրը, հատկապես հաշվի առնելով ներկա քաղաքական երանգավորումն ու մաղձը, ինչպիսի՞ն է եղել առաջ, երբ բոլոր երկրներն այս տարածքից իրենց բաժինն էին ուզում: Հնարավոր է, որ հիմա մենք հոլանդերեն կամ իսպաներեն խոսեինք, կամ էլ նույնիսկ շվեդերեն: Գիտեի՞ք, որ Շվեդական կայսրություն է եղել: Ես չգիտեի: Նրանք բոլորն այստեղով անցել են, արել են նույնը, ինչն Աֆրիկայում՝ փոքր տարածքներ վերցնելուց մինչև իսկ ամբողջը պահանջելը: Քաղաքների անուններն ամեն հինգ տարին մեկ փոխվում էին: Ինչ-որ մեկն ասում էր՝ Նյու Յորք չէ, այլ այսինչ է կամ այնինչ:
Սակայն մարդիկ, ովքեր այստեղ էին հաստատվել, ովքեր իսկապես փախստականներ էին, այստեղ էին եկել այլ նպատակներով: Այս ամենը զարհուրելի է դարձնում այն փաստը, որ ռասիզմը և ստրկությունը նման չափերի հասան, քանի որ փող ու շահույթ ստանալու համար էին ծառայեցվում: Այս երկրում արդյունաբերական հեղափոխությունը տևեց մոտ երեք տասնամյակ: Այլ երկրներում դա տևեց շուրջ մեկ դար: Ինչո՞ւ: Որվհետև այստեղ կար ստրուկների աշխատուժը: Ստիպված չես նրանց վճարել: Պարզապես կերակրիր նրանց, վանդակի մեջ դիր և հետո տար Կուբայում ինչ-որ մի վայր, որտեղ շաքար են պատրաստում: Մարդիկ չէին դիմանում, մահանում էին, իսկ նրանք շարունակ նոր ստրուկների էին բերում: Կուբան փոքր կղզի է: Ի՞նչ կարիք կար հազար կամ երկու հազար ստրուկի: Ինչո՞ւ էին շարունակ նոր ստրուկներ բերում: Հետո իմացա, որ դա արվում էր, քանի որ մարդիկ շատ արագ էին մահանում:
ԱԴ: Մեկը մահանում է, մյուսին ես բերում:
ԹՄ: Այո, ուղղակի բացը լրացնում ես: Մեկ կամ երկու տարի կդիմանան, իսկ հետո մեկ ուրիշին կբերես: Նրանք փորձում էին բերել ավելի երիտասարդներին, ովքեր գոնե չորս տարի կապրեին: Այս մարդկանց պակասը լրացնում էին հնոցում ածուխ ավելացնելու պես: Իմ այս գրքում ես ոչ միայն ցանկանում էի հասկանալ ռասայի հետևանքները (ինչն արեցի առաջին գրքումս`«Ամենակապույտ աչքը» (The Bluest Eye, 1970)), այլև դրա հետ կապված այլ բաները,  քանզի այն կարծես թե ճեղք, բաց ունի. դու պետք է կամ խիստ դեմ լինես դրան, կամ արդարացնես այն, կամ դրա զոհը լինես, կամ էլ այն շահագործողը: Ես ցանկանում էի հրաժարվել այդ ոչ մի տեղ չտանող դիսկուրսից և բացահայտել դրա սկզբնաղբյուրները, դրա նպատակը. ոչ միայն «քավության նոխազ նպատակը», այլև դրա իրական գործառույթը, այն է՝ իշխանություն, վերահսկողություն և փող: Ռասիզմն այդ նպատակին է ծառայում:
Ռասիզմն այն չէ, երբ  «այս խումբը տարբեր է մյուսներից»: Դրա համար կա  «մոտիկ ընկերներցս մեկը... » արտահայտությունը. բոլորս էլ գիտենք մեկին, ով տարբերվում է մյուսներից: Ռասիզմը  «հիմնական սննդային օրակարգի» մեջ է, մտավոր դիետայի և անտեղյակության մեջ այն մարդկանց ու նրանց կատարած աշխատանքի, ովքեր գուցեև վատ մտադրություններ չունեն: Ես լուրջ էի, երբ ասում էի, որ չեմ հասկանում, թե ինչու են հոգեթերապևտները սա անտեսում, կամ անտեսում այդ ձևով: Սա շատ հզոր բան է՝ մտքի ու մտածողության հետ է կապված: Եվ Անջելայի փորձառությունը գրադարանների հետ կապված…ինչ-որ մեկն էլ ասում էր գրադարան գնալու դժվարություն ունենալու մասին:
ԱԴ: Դա էլիս Ուոքերն էր:  Ասում էր, որ այսօր գրադարան գնալն իր համար շատ դժվար է: Ես այնքան ծարավ էի գրադարանի փորձառության, որ երբեք չեմ զգացել այդ դժվարությունը: Երկար ժամանակ գրադարանների որս էի անում աշխարհերի տարբեր անկյուններում:
ԹՄ: Ես գրադարարն իմ տունն էի համարում: Առաջին նորմալ աշխատանքս, տասներկու տարեկանում ուրիշների հատակը մաքրելուց զատ,  գրադարանում փեյջի աշխատանքն էր: Ինձ վերցրեցին, քանի որ քույրս գլխավոր գրադարանավարի քարտուղարն էր: Գործի անցնելուց  անմիջապես հետո ինձ տեղափոխեցին մեկ ուրիշ բաժին, որովհետև շատ դանդաղ էի աշխատում. գրքերը կարդում էի, հետո նոր դասավորում դարակներում:
ԱԴ: Մինչև առաջ անցնելը, Թոնի, մի պատմություն կա, որով կցանկանայի կիսվել: Այս սեպտեմբերին Կոլումբիայում էի: Այցելել էի Կալիից դուրս գտնվող լեռնային գոտում ապրող մի համայնք: Այնտեղ բնակվում էին աֆրիկյան ծագում ունեցող մարդիկ, որոնց նախնիները չորս հարյուր տարի շարունակ ստրկության մեջ են ապրել. նրանց Կոլումբիա էին բերել ոսկու հանքերում աշխատելու համար: Նրանց սերունդները մինչև հիմա ապրում են այդ նույն վայրում, ուր նրանց նախնիներն էին հաստատվել ստրկությունից փախչելուց հետո: Այսպիսով, դա սկզբում փախստական ստրուկների բնակատեղի էի եղել, Մարոնների բնակատեղու պես: Այդ մարդիկ այսօր ապրում են այն նույն հող վրա, որի վրա չորս հարյուր տարի առաջ ապրել են իրենց նախնիները և անում այն նույն աշխատանքը, որ չորս հարյուր տարի առաջ արել են իրենց նախնիները: Նրանք մինչև հիմա ոսկու հանքը մշակում են շատ ինքնատիպ եղանակով: Կանայք հանքափորներ են, երեխաները հանքափորներ են: Պետք է տեսնես, թե կանայք ինչ ոգևորությամբ են խոսում հանքափորության մասին:
ԹՄ: Իսկ տղամարդիկ ի՞նչ են անում:
ԱԴ: Տղամարդիկ էլ են հանքափորությամբ զբաղվում: Նրանք բոլորը հանքափորներ են, բայց հետաքրքիր է, որ կանայք ասում՝ «ես դեռևս մորս արգանդում հանքափոր էի»: Ու թեպետ հողը նրանց է պատկանում, դրա սեփականության իրավունքը,  սակայն, չի տարածվում հողի ընդերքում եղած ենթաշերտերի ու հանքանյութերի վրա: Եվ մի շարք հանքարդյունաբերող ընկերություններ փորձում են այս մարդկանց իրենց տներից դուրս հանել, որպեսզի կարողանան հանքափորության նոր արդյունաբերականացված ձևեր ներդնել: Նման ընկերություններից մեկի՝ «AngloGold Ashanti»-ի գլխավոր գրասենյակը տեղակայված է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Այդ ընկերության գլխավոր գործադիր ղեկավարը սև հարավաֆրիկացի է:
Ու սա խճճում ռասիզի վերաբերյալ մեր պատկերացումը, ինչպես նաև իշխանության ու ռասիզմի միջև կապը: Սա նաև վկայում է այն մասին, որ ռասիզմ ունի իր սեփական դինամիկան և մղումը, անկախ այն բանից, թե այդ մարդիկ ովքեր են կամ թե ինչ են նրանք մտածում: Սև հարավաֆրիկացին, որն ընդամենը մի որոշ ժամանակ առաջ է ազատություն ստացել Հարավային Աֆրիկայի ռասայական խտրականության ռեժիմից (apartheid), հիմա եկել է ու այս մարդկանց իրենց տնից ուզում է դուրս հանել: Պետք է Կոլումբիայի նոր նախագաին նամակ գրել: Ահա, մի բան, որ այս երեկո կարող ենք բոլորս անել:

Հարց: Ներողություն եմ խնդրում հեռախոսազանգի համար: Զանգը Փենսիլվանիայից էր, մահապատժի դատապարտվածների բաժնից: Եթե խոսում ենք բանտերի ու դրանց այդքան անմարդկային լինելու մասին, ու թե ինչպես ենք զրկվում այդքան փայլուն մտածողներից ու առաջնորդներից, կարո՞ղ ենք խոսել նաև Մումիայի և մյուս բոլոր քաղաքական բանտարկյալներին մասին, ովքեր այսօր բանտում են:
ԱԴ: Նախ, եթե խոսում ենք գրագիտության, գրադարանների և ազատագրման մասին, պետք է նշենք, որ Մումի Աբու-Ջամալը անգնահատելի ներդրում ունի այս բոլոր երեքում:  Ու մենք պարտավոր ենք փրկել Մումիայի կյանքը: Սա նաև սովորելու և ազատության փոխկապակցվածության մասին է: Սա այն մասին է, թե ինչպես ենք օգտագործում մեր գրագիտությունը: Ոստիկանական ուժերն ամբողջ երկրով մեկ մոբիլիզացվել են Մումիայի դեմ, ու այդ պատճառով էլ հնարավոր չի եղել այնպիսի արշավ կազմակերպել, ինչպիսին աշխարհի մյուս մասերում: Մումիան, իմիջիայլոց, Փարիզի պատվավոր քաղաքացի է: Եվրոպայում նրա անունով փողոցներ կան անվանակոչված: Գերմանիայում բոլորը գիտեն նրա անունը: Եվ սա լավ հարց է՝ իսկ ի՞նչ կարող ենք մենք անել:
Նաև կարծում եմ, որ մենք պետք է կատարենք շարժումներ ստեղծելու համար անհրաժեշտ աշխատանքը, այսինքն՝ օգտագործենք մեր բոլորը միջոցները մարդկանց խրախուսելու համար, որ այս դեպքի մասին մտածեն, որ պատմեն մյուսներին Մումիայի մասին: Եթե դպրոցական երեխաներ ունեք, խնդրեք ուսուցիչներին, որ նրանց հետ խոսեն այսպես կոչված «ժողովրդավարական» հասարակությունում ապրելու և միաժամանակ մի շարք խնդիրներ մահապատժի պարբերաբար կիրառումով լուծելու մասին: ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում միակ զարգացած ժողովրդավարական երկիրն է, որ մարդկանց այսպես մահվան դուռն է ուղարկում: Ժողովրդավարությունը ընդլայնելու, մահապատիժը վերացնելու արշավի գլխավոր առաջամարտիկներից մեկը Մումիան է եղել:
Հարց: Բարի երեկո: Առաջին բանը, որ ուզում եմ ասել, այն է, որ Տասներորդ փողոցի և Վեցերորդ պողոտայի վրա գտնվող կանանց կալանավայրի տեղում հիմա գրադարն է՝ «Jefferson Market Library»: Կարծում եմ՝ սա հրաշալի նորություն է: Հարցս հետևյալն է. պրոֆեսոր Մորիսոն, դուք խոսեցիք անձի ես-ի մասին, և կցանկանայի իմանալ, թե արդյո՞ք դրանով կարելի է բացատրել ներգաղթյալների դեմ ուղղված այս զայրույթը, գեյ դեռահասների ինքնասպանությունն ու բուլլինգը: Եվ նաև հետաքրքիր է իմանալ, թե ինչ եք մտածում գենդերի արտահայտման, ռասայի և ինքնաատելության կապի մասին:
ԹՄ: Ինձ համար դա շատ պարզ է: Հոմոֆոբիան և դրանից բխող բռնությունն ակնհայտ  ինքնաոչնչացում է: Ուրիշներին պիտակավորելը, նրանց ծեծի ենթարկելն ու ցանկապատից կախելը, սրանք ինքնաոչնչացնող արարքներ են: Շատերը գուցե սա չեն գիտակցում: Որքան ուժեղ է միասեռական անձի դեմ ուղղված այդ դաժանությունն ու չարությունը, այնքան ավելի մեծ է բռնությունը հենց անողի ես-ի նկատմամբ, և այն տարածվում է նաև այլ տեսակի քավության նոխազների, օրինակ՝ մեքսիկացիների վրա:

Վերջերս հիշել էի, որ երբ Բեռլինի պատը փլուզվեց, ես ասացի, որ կոմունիզմի ավարտը նաև կապիտալիզմի կոշտ ձևի ավարտն է. եթե մեկը գնաց՝ նրա հետ կգնա և մյուսը: Եվ ես ճիշտ դուրս եկա:

ԱԴ: Ճի՞շտ դուրս եկար:

ԹՄ: Այո՛: Կապիտալիզմը, ճիշտ է, դեռ շունչը չի փչել, սակայն ակնհայտ է, որ այն խորտակվում է: Այո, այն փլուզվում է: Նրանք դա չգիտեն, իսկ ես գիտեմ:

ԱԴ: Ճիշտ ես, փլուզվում է: Սակայն շատերը դա չգիտեն:

ԹՄ: Առանց կապիտալիզմի ապրելու մտքից սարսափում են:

ԱԴ: Կարծում եմ, որ կապիտալիզմը հիմա կարողանում է մեր հույզերի մեջ ներթափանցել այնպես, ինչպես նախկինում երբեք չի կարողացել:

ԹՄ: Բոլորը զայրացած են: Կապիտալիզմին երկար չի մնացել: Ասում եմ ձեզ՝ այն ճեղքվել, փուլ է գալիս: 

ԱԴ: Ինչպե՞ս կարող ենք արագացնել կապիտալիզմի վախճանը. այ սա եմ ուզում իմանալ:

ԹՄ:  Նախ և առաջ, պետք է այդ հանրապետականներին իշխանության մոտ չթողնել, քանի որ նրանք կառչում են կապիտալիզմի ամենակոշտ, ոչ թե ասենք ինչ-որ քաղաքակիրթ ձևից. ինչքան կոշտ՝ այնքան լավ: Ես հնարավոր է չտեսնեմ կապիտալիզմի վախճանը (մյուս տարի ութսունս է լրանում), սակայն դու, Անջելա, կտեսնես:

ԱԴ: Ես քեզնից շատ հետ չեմ, Թոնի:

ԹՄ: Երբ Բեռլինի պատը փլուզվեց, ուրիշ ամեն տեսակ պատեր կառուցվեցին՝ Իսրայելի և Արևմտյան ափի միջև, Մեքսիկայի հարավային սահմանին: Ամեն տեսակ պատեր կառուցվեցին, ու ոչ միայն ֆիզիկական պատեր, այլև տարաբնույթ բանտարկող պատերը: Մենք անընդհատ բաժան(վ)ում ենք: Բեռլինի պատը նրա համար էր, որ մարդիկ չկարողնան դուրս գնալ, իսկ հիմա մենք պատեր ենք կառուցում, որ նրանք չկարողանան ներս թափանցել:

Հարց: Բարի երեկո: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի վատ՝ ներքուստ բանտարկված լինելը, թե՞ բանտարկված լինելը հասարակության կողմից: Եվ հնարավո՞ր է ներքուստ լինել ազատ ու միաժամանակ հասարակության կողմից բանտարկված, օրինակ՝ստրկության մեջ կամ բանտում:
ԱԴ:  Իրականում հարցը ազատության այլ հարթության մասին է՝ ներքին և արտաքին ազատության, և թե ինչ ենք հասկանում ազատություն ասելով: Մենք խոսում էինք Ֆրեդրիկ Դուգլասի մասին. ազատությունը նրա ժամանակ ուներ պատմական իմաստ՝այն ստրկատիրությունը վերացնելու մասին էր: Ֆրեդրիկ Դուգլասը  փայլուն մտածող էր, սակայն ազատության նրա պատկերացումը պատմականորեն սահմանափակ էր: Շատ առումներով այն տղամարդկության  մասին էր. Դուգլասը Քովիի հետ կռվում է իր տղամարդկությունը ապացուցելու համար և միաժամանակ նաև ազատություն ձեռք բերելու հնարավորություն ստանում: Եվ հարց է ծագում՝ իսկ ու՞ր մնացին կանայք և փոքր աղջիկները, ինչպիսի՞ն էին ազատության նրանց պատկերացումները :
Եվ վերադառնալով հոմոֆոբիայի և գեյ երիտասարդների ինքնասպանության մասին հնչվեցված հարցին, ուզում եմ նշել, որ այդ ամենի հիմքում ազատության մասին մեր պատկերացումն է և դրա խորը պատմական բնույթը: Ի՞նչ է նշանակում ազատ լինել մեր օրերում և ի՞նչ էր դա նշանակում Ֆրեդրիկ Դուգլասի ժամանակներում: Ի՞նչ էր նշանակում ազատության համար պայքարել քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակաշրջանում: Եվ ի՞նչ է նշանակում ընդլայնել ազատության մասին մեր պատկերացումը: Մենք շատ ենք խոսում ներգաղթյալների մասին, Թոնի: Դու քիչ առաջ խոսում էիր Մեքսիկայի պատի, պաղեստինցիների մասին և, ուրեմն, ինչպե՞ս կարող ենք պաղեստինցիների ազատությունը ներառել ազատության մեր պատկերացման շրջանակի մեջ, ինչպե՞ս կարող ենք այդ շրջանակում ընդգրկել ներգաղթյալների ազատությունը: Եվ ի՞նչ ենք մտածում տրանսգենդերների, գեյերի, լեսբիների, բիսեքսուալների մասին ազատության այդ շրջանակում, ու ի՞նչ է դա մեզ ասում ազատության մեր այդ շրջանակի սահմանափակ լինելու աստիճանի մասին:    

Ես ինձ երբեմն հարց եմ տալիս՝ հարյուր տարի անց մարդիկ ինչպե՞ս են խոսելու ազատության պայքարի մասին: Ինձ չի թվում, որ մենք երբևէ կհասնենք այդտեղ: Չեմ կարծում, որ ինչ-որ մի կետի կհասնենք, որտեղ մենք ազատ կլինենք, կկարողանանք շունչ քաշել, կկարողանանք պայքարը դադարեցնել: Կհաղթանակենք: Եվ թվում է, որ հենց ազատության համար մղվող պայքարի, ազատության մասին խորհելու ու գրելու շարժընթացում ենք մենք անընդհատ վիճարկում այն շրջանակի սահմանները, որից ներս ձևավորում ենք ազատության մեր այդ երևակայականը:
ԹՄ: Այդպես էլ կա: Ազատությունը գլխավորապես երևակայվող է: Մի ժամանակաշրջանում մի բան է, մյուսում՝ մեկ այլ:  Ազատության մասին իմ պատկերացման կարևոր մասը կազմում է գիտելիքը, թերևս նաև իմաստությունը, եթե հաջողվում է հասնել դրան, բայց գիտելիքն՝ անպատճառ: Ծննդոց գրքում առաջին ու գլխավոր մեղքը գիտելիքն է, գիտելիքի ձեռք բերումը: Դրա պատճառով նրանց վտարեցին այդ փոքրիկ մանկապարտեզից, այդ օրորոցից: Աստվածաշնչի՝ Ջեյմս արքայի թարգմանությունում բառացիորեն ասվում է՝ «նրանք կարող են իմաստուն դառնալ»,  և ուրեմն պետք է դա թույլ չտալ: Նրանք դա գիտեն, և այդ պատճառով է, որ շատ այլ կրոններ և կրոնների ձևեր այդքան կարևորում են հավատամքն ու հավատը, այլ ոչ թե գիտելիքը: Ինչ-որ զորեղ, հրապուրիչ և ազատագրող բան կան այն բանի մեջ, ինչը սկիենտա, գիտություն, գիտելիք ենք կոչում: Սրա մասին է Անջելան խոսում, երբ խոսում է կարդալու և տարբեր տեսակի գրագիտության անհրաժեշտության մասին, երբ գտնվում ես սահմանափակ (ան)ազատության մեջ: Այն, ինչ արեց Ֆրեքրիկ Դուգլասը, և այն, ինչ Մումիան է անում բանտում, իրականում նույն բանի մասին են: Մեծագույն սարսափը, ինչպես հավատացրել են մեզ, գիտելիքն է, քանի որ այն մեզ իսկապես կազատ(ագր)ի: