>>>
Բ. ԱՐԱՐ
Ա. ՏԵՍԱՐԱՆ
(Գիշեր է. աղոտ փայլում է լուսնկան և իր լույսով ակոսել է ծովի շարժուն մակերեսը: Ափից բավականին հեռացած, Զավենն ու Հեղինեն զրուցում են նավակում:)
ԶԱՎԵՆ -- Ուրեմն վաղը չէ մյուս օրը մեկնում եք . . .
ՀԵՂԻՆԵ -- Այո, չորեքշաբթի գնացքով վերադառնում եմ Երևան: Իսկ Դո՞ւք:
ԶԱՎԵՆ -- (Մի փոքր մռայլված): Դեռ չգիտեմ . . . (Հույսով): Կուղեկցե՞ք ինձ, կլինե՞ք ինձ հետ մինչև Ձեր մեկնումը:
ՀԵՂԻՆԵ -- Այո: Միայն թե պիտի պատմեք ամեն ինչ, առանց թաքցնելու . . .
ՆԱՎԱՎԱՐ -- (Դանդաղելով նավակի ընթացքը): Արդեն համարյա կեսգիշեր է, չդառնա՞նք ափ:
ՀԵՂԻՆԵ -- Ո՞վ կմտածեր . . . որ վախն այսպես արագ կարելի է հաղթահարել: Դեռ մի քանի ժամ առաջ սոսկում էի ծովից:
ՆԱՎԱՎԱՐ -- (Գոհ ժպիտով): Ասում էի, չէ՞, իզուր ես վախում: (Թիավարում է դեպի ափ:)
ՀԵՂԻՆԵ -- (Երկար լռությունից հետո): Վաղը, նույն ժամին, կհանդիպենք այստեղ: Կպատմեք ինձ Ձեր Փարիզյան կյանքից . . .
ԶԱՎԵՆ -- Բարեհոգի եք անչափ, տիկին . . . Միայնությունն ինձ վհատեցնում է, չեք պատկերացնում թե որքան եմ գնահատում Ձեր ներկայությունը . . .
ՀԵՂԻՆԵ -- Մեկ բան ևս . . . (Խորամանկ ժպիտով): Պիտի թույլ տաք որ Ձեր խոսալու ընացքում նկարեմ:
ԶԱՎԵՆ -- (Նոր հետաքրքրվածությամբ): Նկարո՞ւմ եք . . .
ՀԵՂԻՆԵ -- Այո: Այստեղ գալուս նպատակներից էր նաև գտնել յուղանկարներիս համար բնորդներ, քանզի Երևանում կնոջ համար գրեթե անհնար է աշխատել, նույնիսկ վարձու, բնորդների հետ:
ՆԱՎԱՎԱՐ -- (Ցատկում է ծանծաղ ափ ու նավակը հրում ավազների մեջ): Հասանք:
ԶԱՎԵՆ -- (Օգնելով Հեղինեին նավակից իջնելու): Շատ լավ, ուրեմն, կլինեմ Ձեր բնորդը . . . Ձեզ տալ հրաժե՞շտ . . .
ՀԵՂԻՆԵ -- (Փաթաթվում է շղարշով): Այդ անհրաժեշտ է . . . (Վարձատրում է նավավարին և անհայտանում):
ԶԱՎԵՆ -- Լոկ մենակ մի կին . . . (Նավավարին): Գիտե՞ս, ով է նա:
ՆԱՎԱՎԱՐ -- (Չլսելով): Այսօրն էլ այսպես հանգավ իր վերջին:
Բ. ՏԵՍԱՐԱՆ
(Նույն տեսարանը: Քարափից իրար հետևից վազելով հայտնվում են աղջիկները):
ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ -- Ինչպես վախեցա: (Անզգույշ դիպչում է Զավենին): Ներեցեք խնդրեմ:
ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ -- Ես էլ գիշերով չեմ իջնի եզերք:
ԵՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ -- (Դիպչելով Զավենին): Ահ, ներողություն . . . կացեք . . . միասին . . .
ՉՈՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ -- (Զավենին նկատելով): Ինչո՞ւ եք ցցվել մեր ճամփի վրա: Քնա՞ծ եք, պարոն . . .
ԶԱՎԵՆ -- (Սփրտնած ու մի տեսակ ընկճված կեցվածքով): Որտեղի՞ց եկան . . . Պատրա՞նք է սա: Գիշերները չքնելու հետևանք . . .
ՉՈՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ -- (Ճանաչելով Զավենին): Զավե՞ն: Դո՞ւ ես:
ԶԱՎԵՆ -- (Խուսափելով): Ոչ, սխալվել եք, օրիորդ:
ՉՈՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ -- Բայց մենք Պետերբուրգից միասին . . . (Ընկերուհիները կանչում են): Ու չէ՞ որ Արմենի հետ . . .
ԶԱՎԵՆ -- Սխալմունք է:
ՉՈՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ -- (Զննում է Զավենին): Կներես . . . Կներեք . . . (Ընկերուհիներին): Գեթ տուն հասնեինք . . .
(Աղջիկների ձայները կամաց-կամաց մարում են մթության մեջ ու Զավենը մնում է կանգնած մենակ, ծովափին):
>>>
No comments:
Post a Comment