>>>
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ---սկսում է ահա: Բաց չթողնեք ատրակցիոնն այս արտառոց: ՇՏԱՊԵՔ: Գրավելով ձեր որոշակի տեղերը, տեղադրվեք գտած-բերած աթոռներին: Լռություն: ՍԿՍՎԵՑ-------
«Մենակ կինը»
Ըստ Շ. Կուրղինյանի պիեսի
Գործող անձինք
Հեղինե -- (Արաքս)
Ծերունի նավավար -- (Լուսինե)
Զավեն -- (Շմավոն)
Ծովափ: Վերջալույսը հրդեհել է հորիզոնը: Ծովը խաղաղ է, եզերքին, քարի վրա նստած է ծերունի նավավարը խիստ հաճելի դեմքով, սպիտակահեր, և ծխում է: Հեղինեն, աջ ձեռքով հենված նավակի քթին, մտածկոտ դիտում է հեռուն` լայն շղարշը ուսերին գցած:
Ա. ԱՐԱՐ
Ա. ՏԵՍԱՐԱՆ
ՆԱՎԱՎԱՐ -- (Մի պահ լռությունից հետո): Ծովը հանդարտվեց, իզուր ես վախենում: Ուզո՞ւմ ես ափով կթիավարեմ, գնանք մինչև գյուղ:
ՀԵՂԻՆԵ -- Իսկ եթե հանկարծ . . . Առաջին անգամ եմ մտնում ծով ու երկչոտում եմ: Մի գուցե մրրիկ, հողմ կամ հորդ անձրև երկինքը թափի: Արևն էլ ծածկե թուխպերը տձև, մռայլից շշմած չհասնենք ափի . . .
ՆԱՎԱՎԱՐ -- Բայց չէ որ այստեղ ես . . . դեհ, թող, անհոգ կաց:
ՀԵՂԻՆԵ -- (Տատանվում է): Եվ վախենում եմ, և հույժ փափագում ջրերի վրա լողալ: Ինչ-որ անհաղթ ուժ, ինչ-որ խենթ հակում գերել է հոգիս . . . էլ չեմ դողալ: (Ոտքը դնում է նավակի մեջ): Դեհ սիրով ու ժիր թիերդ շարժիր . . .
(Նավավարը գոհ և հապճեպ պատրաստվում է: Ինչ-որ տեղից քայլելով ափին է հայտնվում Զավենը` հիացմունքով ծովը դիտելով: Հանկարծ նկատում է Հեղինեին, հանում է գլխարկը և շտապ մոտենում:)
Բ. ՏԵՍԱՐԱՆ
ԶԱՎԵՆ -- Ներեցեք, խնդրեմ, պատրասվում եք գնա՞լ:
ՀԵՂԻՆԵ -- (Մի փոքր անտարբերությամբ): Այո:
ԶԱՎԵՆ -- (Ոգևորված հորիզոնն է դիտում): Օրս զոհեցի արևի հետքերով. կուզեի թերևս մի նավակ վարձել, լողալ ու խորհել այսօրվա իրադարձություններից . . . Ուշ ափ դուրս եկա, ազատ նավ չկար:
ՀԵՂԻՆԵ -- (Ուշադիր քննում է Զավենի դեմքը): Թե չունեք ոչինչ, ուղեկցելու ինձ . . . (Ձեռքով հրավիրում է):
ԶԱՎԵՆ -- (Օգնում է Հեղինեին նստելու): Ուրախ կլինեմ. ո՞վ եք դուք, տիկին. եկվո՞ր, տեղացի՞ . . .
ՀԵՂԻՆԵ -- (Անհոգ): Լոկ մենակ մի կին:
ՆԱՎԱՎԱՐ -- (Որ դժկամ հետևում էր Զավենին, նավակը հրում է ջուրը. Հեղինեին): Խոսքդ է խելացի . . .
ԶԱՎԵՆ -- Լոկ մենակ մի կի՞ն, ոչ ա՞զգ, ոչ անո՞ւն . . .
ՀԵՂԻՆԵ -- (Հեգնանքով): Միշտ միևնույնը . . . մնում է խղճալ, ակամա ներել հզոր ձեր սեռին, որ սիրում է փնտրել մտքի տեղ մարմին, մարդու տեղ անուն . . .
ԶԱՎԵՆ -- Գուցե իրավունք ունեք դատելու, ո՞վ չունի սխալ իր կարճ կյանքի մեջ:
ՆԱՎԱՎԱՐ -- (Նստում է և սկսում շարժել թիերը): Ո՞ր ուղղությամբ:
>>>
No comments:
Post a Comment