>>>
Որքա՞նն է ավելի շատ քան երեքը: Նա ուներ մի սովորություն. քանդել ու նորից սկսել: Բոլորը գիտեն ու շարունակությունն իմաստազրկվում է, քանի որ բոլորը գիտեն:
Իրավ որ մենք միասին անցկացրեցինք երեկոն: Ասյան ասում է որ մոռացել է: Այդ պահից հետո նրանք նկարվում են ու նկարված լինելով չեն հրաժարվում: Ո՞րն է տարբերությունը:
Մի վեպ որն ուզում է սկսվել ու նախընտրում է չշարունակվել: Չհանդուրժելով շարունակությունը, վեպը դադարում է շարունակական լինելուց: Վեպն ունի այդ իրավունքը, քանի որ այն լրագրային հոդված չէ: Մոտավորապեսը նույնը չէ ինչ լիարժեքը: Չորս առանձնահատուկ անուններ. Ասյա, Արփի, Ծոմակ, Լյուսյա:
Նա խոստացավ որ կմիանա մեզ, բայց ճանապարհի կեսից հետ գնաց (տուն):
Կարո՞ղ է վեպը լինել ավելի պատշաճ քան է, ու առավել պատշաճ լինելով չկանխատեսել:
Հատուկ անունների առաջին տառը միշտ գրվում է մեծատառով (Ասյան ասում է որ չի հիշում): Բայց բոլորը գիտեն ու իմաստ ունի՞ արդյոք շարունակել: Ասենք թե բոլորը գիտեն ու գիտեն որ սա լրագրային հոդված չէ, ու ոչ էլ օրագիր: Բացի մեկից:
Հազիվ զատորոշվող մի նուրբ գիծ:
Եթե վեպը ավելի է քան երեքը, ու եթե այն վստահորեն արդեն սկսված է, բայց հստակորեն հրաժարվում է շարունակվելուց: Քանի որ արդեն ասվել է պոետիկայի մասին:
Մեծ էկրանի վրա` համբուրվող կանայք: Սրանից հետո ու մնացած էջերում:
Ծանոթագրությունների կարիք չկա: Սա նոր վեպ է ու ավելին պետք չէ ակնկալել: Ու քանի որ տպարանները դեռ չեն բացվել:
Որքան անսպասելի էր շալի գույնը:
Ամեն ինչ կախված է նրանից թե օրվա որ ժամին է զանգում հեռախոսը:
Էկրանը ուզում էինք դնել պարտեզում: Թարգմանության կարիք չկար:
(Արփի և Լուսինե)
Սայաթ-Նովայով քայլում ենք դեպի Խանջյան: Մեկ տարվա ընթացքում, բայց արդեն շուտվանից է որ ինքնաքարտեզագրել բայը նախադասության մաս է կազմում: Այս պահին, իսկ սրանից հետոն արդեն նույնը չէ: Հաց ուտելը վերածվում է ծեսի, մի ինքնաբուխ արարողություն:
Չեմ թաքցնելու քեզանից, սիրելի ընթերցող: Որոշվեց ու թող փոխվի եղանակը, որ գնացքով գնանք:
Գրելու դժվարությունից: Բոլորը մոտավորապես գիտեն ու արդյոք արժե՞ կրկնել: Ենթադրենք որ գործողության ու շարունակության միջև կա ինչ-որ տարբերություն: Չզգալով որ պահն այդ համարյա այնքանով էր կատարյալ, որքանով որ կլիներ եթե իրեն հմայված զգար: Ինչպե՞ս հասնենք Հանրապետության փողոց:
Հասցեն գիտեն մոտավորապես ու շրջանցելով Լարայի հին բնակարանը: Գրվում է զարմանահնար ձևերով: Առանց հասցեն ճիշտ իմանալու: Վեպն ունի այդ իրավունքը, քանի որ լրագրային հոդված չէ: Սկսվում է ու չի շարունակվում այնպես որ պարունակի սպասված լուրեր: Քանի որ անսպասելի է ու դու, սիրելի ընթերցող, չես համբերում ու չես սպասում նրա գալուն:
Ահա վերջապես: Այստեղ էլ հենց որոշեցինք գնալ Թիֆլիս: Լինել օժտված ու լինել ավելին քան երեքը: Նրանք մեզ կմիանա՞ն: Առանձնահատուկ անուններ: Իսկ հետո պատմում էր իր եղբոր ընկերուհու մասին:
Ամեն ինչ սպասելի էր սրանից առաջ, իսկ հիմա ու սրանից հետո` ոչ:
Ժամերով կարող էին այդպես նստել: Չշոյելով նրա աղվամազերը բայց ցանկանալով որ պարբերաբար երևան: Միայն Երևանում և ուրիշ ոչ մի տեղ: Մեկ ձվով աջարական:
Քանի որ խոսքը գնաց մազերից ու քանի որ բոլորը գիտեն: Միակ տարբերությունն այն է թե դու ինչ ես տեսնում ու այն ինչ տեսնում ես կախված է թե ուրիշները ինչպես են դրսևորվում աշխարհի հանդեպ:
Դրանից քո տեսածը տարբերվում է մյուսների տեսածից, ու նկարագրությունները հետևաբար շփոթեցնում են ու հենց դրանով էլ ստեղծվում է ոչ լրագրային գրականություն:
Եվ ուրեմն հեշտացնելու համար ասենք որ ոչինչ էլ չի փոխվում, ամեն ինչ նույն ձևով փոխանցվում է սերնդից սերունդ, բացի նրանից թե ինչ ես տեսնում (պահը) ու տեսնելով ինչպես է այն քեզ փոխում (լեզուն):
Ցանկացած պահին նրանք կարող են մեզ միանալ: Բայց ի՞նչ և ինչպե՞ս ես տեսնում ու հետևաբար սուրճ պատվիրեցինք: Այդ պահից հետո նրանք նկարվում են ու նկարված լինելով շարունակում իրենց ծիսակարգը: Սա էլ կարող է հայտնվել մեծ էկրանի վրա: Մենք ոչինչ չենք թաքցնում քեզանից, սիրելիս:
Թույլ կտա՞ս մեջբերում անել քո տեքստից:
Հավանական է որ Ասյան ոչինչ չի հիշում: Լինելով երկուսը ու հիմնավորված, ու քանի որ ուշ է: Գալիս եմ մոտդ որ հետդ չլինեմ: Ո՞րն է ճիշտ. ներեղություն, թե՞ ներողություն: Ու պատճառաբանելով որ չի հիշում ու որ հիշողությունից չի գրվում, այլ միայն ջնջվում ու վերագրվում: Հավանական է որ եղանակը փոփոխվի ու քանի որ սա պատմական վեպ չէ ու պատճառաբանված չլինելով հիշեց պողպատի ամրությունն ու պատուհանի տեսարանը:
Դու գիտես թե ինչպես էր գրվում «Գիրք-անվերնագիր»-ը:
Եթե ուշադիր նայեն, եթե մոտենան և մոտիկից դիտարկեն: Փնտրելով ու գտնելով: Բայց արդեն սկսվել է չշարունակվելու համար ու միայն հանդգնում է չշարունակվել միայն ու միայն: Այնուամենայնիվ շուտով, սիրելիս:
(Արփի)
Թյուրըմբռնումը կապված էր վերադառնալու հետ այնտեղ, որտեղ թվաց այնքանով ցանկալի, որքանով որ դեռ չէինք հայտնաբերել: Այս գիրքը գրվում է առավել դժվարությամբ:
Չեմ թաքցնելու քեզանից, սիրելիս, Երևանն այդպես երբևէ չէր նկարագրվել: Գիտությունը խուսափում է անակնկալ բաներից, փորձում է դրանք վերացնել: Արվեստը` պահպանում է անսպասելին: Միայն թե ոչ առավոտյան, շտապելու կարիք չկա:
Դուն կը ներշնչես զիս, այո: Արդեն պայմանավորված լինելով ու ըստ պայմանավորվածության հանդիպեցինք հինգշաբթի օրը, Կոնտրաստում: Այդ ուղղությամբ քայլելով, բայց համարյա թե ուշացած: 6-ին Մարկն արդեն այնտեղ էր ու ամեն ինչ սպասելի էր սրանից առաջ, իսկ հիմա ու սրանից հետո` ոչ: Ինչպե՞ս ընտրել մի տառատեսակ որ չդառնա սովորական, ենթադրելով որ գիտես թե ինչպես է գրվում վեպը:
Ինչ-որ մեկին մոռանալով: Սա իհարկե լինելով առաջին անգամը, բայց չիմանալով հատկապես որ պահին: Ինչու նա չմտածեց քաղաքի մասին այլ թե որքան դժվար է չհասկացված անցնել նրա միջով: Հետաձգիր: Ու հիման էլ հետաձգիր: Ակնհայտ է, որ վեպը չի կամենում շարունակվել վայելուչ ձևով ու այդպիսով հեռացվում է բավարարից: Այսօրը քեզ հետ շատ կարճ օր էր: Այսօր քեզ հետ շատ կարճ էր օրը: Որքա՞նն է ավելին քան մեկ շաբաթը: Ու հետաձգվող պահն էլ:
Նա մտաբերեց արխիվում պահվող անտիպ նամակների քանակությունը:
Վերջապես հանդիպեցինք ու ենթադրելով որ տարօրինակ էր զգացողությունը: Եվ իրոք որ անվերնագիրն արդեն ունի իր կյանքը առանց քեզ ու առանց թույլտվության առանց որևէ նախազգուշացման թե որ ժամին է զանգելու: Շաբաթներ անց: Սիրելիս, չգիտեմ ինչպես դադարեցնել այն ինչ համարյա արդեն սկսվել է: Ու քանի որ վեպը սկսվեց անակնկալ ձևով, չնայած որ փորձում էի ամեն ինչ անել մեղմորեն, ոչ շատ հանկարծակի:
Շուշիի թանգարանում տեսանք Underwood տեսակի գրամեքենա: Կարող ես ու չպիտի լինի սովորականի նման ու ըստ ոչ սովորականի անհրաժեշտ է ծանոթացնել դանդաղ, զգույշ, անել ավելացում ահա այս դասվածքում ու զգույշ, աստիճանաբար որ չլինի չափազանց անսպասելի: Կարմիր լույսերը այսինչ ջոկատի առաջխաղացումն են ցույց տալիս, իսկ կանաչ լույսերը` այնինչ ջոկատի:
Հիմա մեղմորեն ու չներխուժելով:
Բացի դրանից բոլորը գիտեն ու նշանակում է որ պատերազմը պիտի տարբերություններն ավելի ընդգծեր: Ո՞րն ես նախընտրում Թարումյան տառատեսակը թե Սիլֆաեն: Եթե սա է պատճառը և պատճառը կարող է լինել շատ միօրինակ ու անհետաքրքիր, պարզապես ձանձրացուցիչ, ապա համեմատությունն արդեն ավելորդ է, քանի որ սա է պատճառը: Գրամեքենան կարող էր դրված լինել հրացանների կողքին:
Մոտենալով ու մոտիկից դիտարկելով նա եզրակացրեց որ ի վերջո կարելի է սովորական դարձածը վերընկալել այնպես որ այն դառնա անսովոր ու դադարի սովորական ձևով շարունակվելուց ու լինի ոչ թե շարունակական այլ միշտ կիսատ ու միշտ նոր:
>>>
No comments:
Post a Comment