>>>
Արդեն տասնմեկ օր է ինչ այս բառերը չեմ արտասանել ու միայն գրելն էլ հերիք է, որ զգամ ներկայությունդ: Երեկ Ջոնին ուղարկեցի տասներկու գլուխներից ինը, վերջին երեքի վրա եմ աշխատում հիմա: Նոր քիչ առաջ, առավոտյան գրեց (լավ տրամադրությամբ), հարցնելով թե սկսի արդեն խմբագրել, թե սպասի որ էլի ինչ-որ փոփոխելիք ունեմ: Ասացի որ սկսի խմբագրել մինչև որ մնացածը պատրաստ կլինի, որից հետո միասին կնստենք իրա տանը ու վրայով կանցնենք: Հիմա էստեղ է, Ֆանքս Գրոուվում, քաղաքից մոտ կես ժամ հեռու: Օգոստոսին էստեղ չի լինելու, գնում է Փարիզ` Դալքին ներկայացնելու, ու հետևաբար ուզում է որ շուտ վերջացնենք:
Շարունակում եմ գրել, չնայած դանդաղ, բայց ստացվում է:
Բացարձակապես հակադրվում եմ այն տեսանկյունին թե գեղարվեստական արձակը (հայելու նման) պիտի արտացոլի իրականությունը: Ընդհակառակը, այն ստեղծում է մի նոր տարածք, որտեղ փորձարկվում են ու խաչաձևվում նոր հարաբերություններ, ինչ-որ տեղ կործանելով իրականությունը որն իր ընդունված կարգերով ու սահմաններով ամեն նոր երևույթ դարձնում է անհնարին: Այդ նոր տարածքը կարող է ստեղծվել հենց թեկուզև փակուղու վրա. շեղվելով ու փնտրելով նոր ճանապարհ, քայլում ես հին փողոցով, որը գիտես որ հաստատ փակուղային է ու հանկարծ սխալմամբ մի նրբանցք ես մտնում ու հայտնաբերում մի նոր ելք:
Գիշերը մազերս ներկեցի, սև: Երևի ինչ-որ մի բան սգալու համար: Կամ միգուցե փոփոխության կարիք ունեի. Լուսինեի դրած ֆոտոները ինչպես միշտ հույս են ներշնչում:
>>>
No comments:
Post a Comment