Հարեմլիկի կանայք մեկ առ մեկ անհետացան, իսկ մենք երեքով մնացինք կանգնած Հաջի Ղաֆուրի ննջասենյակում, սպասելով լուսածագին:
Արշալույս Մարտիկանյանի հիշողություններից, 1917
Ճայերը կանչեցին. «Ո՞ւմն եք դուք, ո՞ւմը»
Մենք պատասխանեցինք. «Ոչ մեկինը» . . .
Նիկոլայ Ասեյեվ, «Հունգարական երգ», 1916
Երևի շատ չես հրճվի, սիրելիս, եթե սկսեմ գրել ինձանից։ Եթե գրի չառնեմ՝ կմոռանամ։ Բայց նախքան այդ անելը, ամփոփեմ թե ինչի մասին կուզենայի գրել ու չեմ գրել: Այսօր կարդում էի Պլատոնովի «Ջան»-ը, անգլերենով։
Ինձ համար շատ դժվար է ինչ-որ բան սկսելը. սկզբում միշտ կաշկանդվում եմ ու սկսում ծամածռել հին ասույթները:
Ասենք, գրաքննությունը փորձում է լռեցնել մի որևէ գրություն, ու հետևաբար ընթերցողն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դրա նկատմամբ։ Բայց երբեմն հետաքրքրություն ցուցաբերելը չի նշանակում ըմբռնել կամ յուրացնել:
Այստեղ պիտի անդրադառնայի թե ինչու յուրաքանչյուր անձ պիտի չկարողանա հասկանալ Շ. Կուրղինյանի արդիության մասին, ու թե ինչու «Մենակ կինը» դեռևս չի գտել իրեն հասկացողներին ու գնահատողներին: Նաև պիտի գրեի հայ կանանց ընդհանուր անհետաքրքրվածության ու տգիտության մասին, ու թե ինչպես են նրանք տարվել ուրիշի պատմություններով ու մոռացության հանձնել իրենց հասցեագրված գրությունները: Բայց այդ մասին, Լարա, արդեն խոսվել է:
Արվեստում ամենակարևորն է ճիշտ տեղադրել առարկաները, որոնք արդեն հազար ու մի անգամ տեղադրվել են այլոց կողմից. սակայն ի՞նչ ենք հասկանում «ճիշտ» ասելով։ Արծվին երեկ (նորից) հարցնում էր, արդյոք ավելի հեշտ է թարգմանել անգլերենից հայերեն. բայց ես արդեն գրքում անդրադարձել էի այդ հարցին, թե ինչու է ավելի դյուրին (ինձ համար) աշխատել հայերենից անգլերեն, Արծվի. փորձում եմ հասկանալ ինքս ինձ օտար միջավայրում. կարծեմ Բախտինն էր գրել, որ ինքնությունն առավել իրական ու հասկանալի է դառնում «օտարի» միջավայրում, օտարացման (անհրաժեշտ) գործընթացի ժամանակ։
Մայա Դերենի 1940-ականների կարճամետրաժ ֆիլմերը։ Սև ու ճերմակ լուսանկար՝ մեծ մայրս իր լայնեզր գլխարկով։
Այն օրը, սիրելիս, ասացի, որ թույլ չեմ տա լաս, չեմ հանդուրժի արտա-սուգդ։ Գրել ամեն օր. ամեն օր գրել։ Հիշո՞ւմ ես, երբ բարձրաձայն կարդում էի Սելանի «Մահվան ֆուգան»։
«Արևածագի սև կաթը խմում ենք երեկոյան, խմում ենք կեսօրին, / խմում ենք առավոտյան, խմում ենք գիշերով, / խմում ենք ու խմում . . . / Քո ոսկե մազերը, Մարգարիտ, / քո մոխրացած մազերը, Շուլամիտ»։
Բայց ո՞վ է ուզում հեշտ ճանապարհով քայլել. ինձ համար «քյասար» հասկացությունը թյուր-իմացություն է։ Իսկական բանագործությունը չի ծածանվում ոչ մի դրոշի ներքո. այն գոյություն ունի ԻՆՔՆԻՐՀԱՄԱՐ։
Մշակութային տրավման առավել անտանելի է, քանի որ իրականությունից զրկված լինելով, հիշողությունը պահպանում է այլոց կյանքի Զարհուրելին ու յուրացնում այն։
Նիկա Շեկի ֆիլմը կին ֆուտբոլիստների մասին, որն ըստ էության ֆուտբոլի մասին չէ։ Մեծ մայրս ասում է, որ ես երբեք չեմ հասկանա իր ցավը. նրա աչքերի տակ՝ մուգ կիսալուսիններ։ Ինչպե՞ս հակա(տեղա)դրել բառերն այնպես, որ ստեղծագործությունը դառնա բանագործություն։
Մայա Դերենը Ժնևից վերադառնում է Նյու Յորք ու սկսում ուսումնասիրել աֆրիկյան «վուդու» պարեր։ Հորից ժառանգած փողերով գնում 16 մմ Bolex լուսանկարչական ապարատ ու 1943-ին նկարահանում իր ամենահայտնի գործը՝ «Կեսօրվա ուռկաններ»։
Ռիթմը հուշում է կյանքի արտառոց գոյությունը։ Մտքումս Երևանն է իր նեղ նրբանցքներով ու կոկիկ չորս-հարկանի շենքերով: «Միջանկյալ անցում»։
Այս գրքով փորձարկում ենք ինքնագրության հնարավորությունները «միջտարածական» ու «ժամանակահատվածային» հասկացությունների հատման կետում։
Կամ էլ այսպես. այս գրքով հակագրում ենք այն ամենը ինչ կարող է պատահականորեն առաջացնել թյուրիմացություններ. եթե մեկիս լեզուն չես հասկանում, գտիր թարգմանչի:
Ամեն օր գրում եմ. ամեն օր դժգոհ եմ գրածիցս։ Վալենթինա Կալցոլարին ասաց, որ Երևանում է ու կուզեր հանդիպեինք. «անչափ շնորհակալ եմ ձեր վեպին համար», և այլն։ Մանհաթընի Սբ. Մարքսի գրախանութում թերթում եմ Ստայնի «Շնորհակալության վեպը». այս անգամ քաղաքն ավելի հանդիսավոր ու նույնիսկ հարազատ է թվում:
Ըստ նախագծի, յուրաքանչյուրս գրելու է այն լեզվով, որով արտահայտվում է առանց որևէ դժվարության: Կամ հակառակը. ամեն մեկս գրելու է մի լեզվով, որի բարդության շնորհիվ կարտահայտի պարզագույն մտքեր, որոնք թերևս պահանջում են նոր գնահատում: Կամ այս ամենը հեշտացնելու համար գիրքը հիմնված է մետոնիմիայի կամ փոխանվան կառույցի վրա. յուրաքանչյուր հատված ներկայանում է որպես մի ամբողջություն:
Հարգելի քաղաքացիներ, խնդում եմ թույլ տվեք վերադառնալ Երևան, ուզում եմ Սարայի հետ թևանցուկ—
Սկսեմ նորից:
Ռիթմը հուշում է կյանքի արտառոց գոյությունը։ Մտքումս Երևանն է իր նեղ նրբանցքներով ու կոկիկ չորս-հարկանի շենքերով: «Միջանկյալ անցում»։
Կլոր սեղանիս դրված են Unclaimed Experience: Trauma, Narrative, and History գիրքը, կանաչ Օրբիտ ծամոններ, բանալիներ, գարեջրի դատարկ շիշ, Ջունա Բարնսի նկարն ու «հազար ու մի մանրուք»։
Այս դասավորությունը, որ թվում է բացարձակապես անկայուն կամ անկանոն կարող ենք համարել բանագործության հիմնական սկզբունքը. եղած բաները հակա(տեղա)դրել այնպես որ ստեղծեն նոր հարաբերակցական կապեր, պատկերացումների զուգորդում ու հանելուկայի տարբերակներ, որոնք ունեն բազում լուծումներ։
Ես նախորդ գրքում մի ցանկություն էի արտահայտել, հուսալով որ այն կկարդան մեր դստրիկներն ու միգուցե հետաքրքրություն կցուցաբերեն իրենց անցյալի նկատմամբ. բայց «միգուցե»-ն հարաբերական բառ է: Միգուցե, ասում է Նէնսին, մեր միջև չկա որևէ կապ. ինչպե՞ս ստեղծենք այդ հարաբերական կապը, ինչպե՞ս յուրացնենք մի լեզու երբ այն պառակտում է մեզ:
Եկեք դուրս գանք լսարանից ու տեսնենք, թե ինչ է կատարվում ակադեմիայից դուրս, ահա թեկուզ այս էջի վրա։ Արդյո՞ք հակասում եմ ինքս ինձ, Արծվի, երբ ասում եմ, որ ավելի դյուրին է զգալ հայերենի ծանրաբարո առոգանությունը, քան անգլերենի միապաղաղ ռիթմը։ Այստեղ նորից պիտի ընդգծեմ թարգմանչական աշխատանքի կարիքն ու անհրաժեշտությունը, բայց ոչ տեխնիկական առումով. մենք բոլորս պիտի դառնանք մեր կյանքի թարգմաններն ու համեմատվելով, քանդվելով ու վերիմաստավորվելով պիտի գտնենք մի նոր հարաբերական հյուսվածք կամ կառույց. միգուցե սա՞ է մեր գրքի նպատակը:
Ես կրկին համբերությամբ փնտրում եմ ճիշտ մոտեցում. ես ճամփորդում եմ առանց քարտեզի. անհրաժեշտ է որոշել որ ուղղությամբ գնալ, որ հասնել տեղ:
Երբ Կապուտիկյանն իր հայտնի բանաստեղծությունում գրում է, որ կարելի է մոռանալ մորը, բայց անհնար է մոռանալ մայրենի լեզուն, նա հակասում է ինքն իրեն, քանի որ «մայրենի» նշանակում է այն, ինչ բխում է մորից։
Նէնսին գրում է (սեպտեմբեր 14, 2006), որ Ուտոպիանայի սեմինարները վերսկսվել են, և որ «հետխորհրդային» Հայաստանի մասին խմբային բանավեճերը շարունակվում են։
Նրա հյուրասենյակի պատերից մեկի վրա կախված էր Վանալճի լուսապատկերը։ Մեծ մայրս իր հեռատեսությամբ։ Այստեղ պիտի գրեի լռության մասին ու թե ինչպես էր մեծ մայրս կշռում իր ամեն խոսքը, ու ծանրությունից կռացած, թե ինչպես էր նա վերածվել կշեռքի: Բայց նախևառաջ գրեմ թե ինչու է գրքի այս հատվածը կոչվում Սևամենք:
Դոնի Ռոստովի հայերից էր նաև Գայանե Չեբոտարյանը, որը ծնվել է 1918-ին և ավարտել Լենինգրադի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը 1943-ին (Կուշնարյանի ղեկավարությամբ)։ Գրել է «Հայաստան» բանաստեղծության կանտատը սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար (1947): 1948 թվականից դասավանդել Երևանի կոնսերվատորիայում։ Երևանի նվագախմբի և երգչախմբի համար գրել է «Տոնակատարություն» սիմֆոնիկ գործը (1945)՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ։
Ինձ հաճախ է հետաքրքրել շեղել այն մտածելակերպը, որ զուրկ է քննադատավերլուծական կարողություններից. մի խոսքով, մտածելակերպ, որ բխում է նեղ ակունքներից։ Այս պահին։
Երազում մեծ մայրս արագ-արագ քայլում է նեղ փողոցով. ես՝ նրա հետևից. փորձում եմ հասնել, կանչում եմ, որ կանգ առնի, բայց նա չի շրջվում ու շարունակում է քայլել։ Երբ վերջապես մեծ մայրս կանգ է առնում ու շրջվում դեպի ինձ, նրա դեմքի փոխարեն հայելի է։
Ի՞նչ ենք հասկանում «հետխորհրդային կենցաղ» ասելով։ Ամեն երեքշաբթի, ժամը 9-ին, ներկած մազերով կինը գալիս է քո բնակարանը մաքրելու, բայց դու նրան երբեք չես տեսնում. նա միշտ քայլում է ոտքի թաթերի վրա։ Ժամանակին նա պարուսուց էր. բայց ի՞նչ է նշանակում «ժամանակին»։
Գրախոսն անկասկած կարծում է, որ մեզ լավություն է անում բացատրելով, պարզաբանելով, բացահայտելով, կամ հավատալով թե բացահայտում է մեր սևագրերը։ Նա թակեց, կիսով բաց արեց դուռն ու հարցրեց. «սուրճ կխմե՞ս» . . ու մտքիս թելը նորից կտրվեց:
Բացում եմ Մարկոմի «Ցնորամոլ տղան», առաջին էջն ու կարդում. «Ադամի պես մերկ ենք և այս պահին լայնեզր կապույտ գոտին դառնում է այն ինչ կա. երկարաձիգ ծովն ուռում է մեր առաջ, ոչ-ձկները նույնպես դառնում են այն ինչ կան, ու վերջապես տեսնում ենք ջուրն ու ճերմակ սանրվածքով ալիքները որ ձգվում են դեպի անսահմանություն, բայց ոչ աղի, ջերմ, թախծոտ»։
«Մենք» նրա գրքում նշանակում է մանկություն չունեցող մարդիկ։
«Մենք» այս գրքում այլ բան է նշանակում։ Սակայն ո՞վ է ասում որ այս սևաբառերն ունեն պարզաբանվելու ցանկություն։ Գրախոսները դեռ չգիտեն թե ինչպես մոտենան Մարկոմի գրքին, որ կողմից բացեն այն, որ էջից սկսեն կարդալ։ Նրանց սեղանին թերևս դեռ չի հայտնվել Ջեյմս Բարտոնի հաստափոր մատյանը, որտեղ 225-րդ էջում պատմվում է մի չորս-հինգ տարեկան աղջկա մասին, որին 1918 թվականին գտել էին Սիրիայի փողոցներից մեկում: Երբ որբանոցում փորձում են պարզել թե ով է, նա պատասխան չունի, հայերեն ընդհանրապես չի հասկանում ու միայն երբ նրան հարցնում են. «Ո՞վ է մայրդ», նա «մայր» բառից ցնցվում է ու նրա աչքերը մի պահ կենդանանում են:
Մարկոմի գրքում այս ֆրագմենտը հայտնվում է 182-րդ էջում, շատ քիչ փոփոխություններով. ամեն ինչ համարյա թե կրկնօրինակված է. բայց նոր կոնտեքստում նկարագրությունները վեր-իմաստավորվում են. ամեն ինչ ընկալվում է նոր ձևով:
Այս գրքով ծագում է մի հարց. ինչպե՞ս կարող ենք վերընկալել «մենք» մեզ այս սևասուգ մարմնում:
Վերջին տարիներին մեծ մայրս ընդամենը վաթսուն-մեկ կիլոգրամ էր՝ վաթսուն-մեկ կիլոգրամ թախիծ։
Հերքման գործընթացում հերքողը ոչնչացնում է բնագրի որոշ հատվածներ և լրացնում դրանք նոր ձևակերպված գրերով։ Այսինքն ձևափոխվում է ոսկրացած մատների շարժումն ու ընթացքը։
Գրել այնպես, որ ամեն ինչ դառնա անճանաչելի, անկենդան, մի խոսքով մեռցնել բառերն ու նախադասությունները։ Կամ էլ այսպես. չկա կիրք, ոչ այսօր և ոչ էլ վաղը։ Տխուր եմ, Լարա, կապիր կոշիկներդ, վերցրու պայուսակդ, արի ինձ մոտ։
Հիպ-հոպ երաժշտություն. քրտնած դեմքեր. ծուխ. ծոցագրպանից հանում եմ գարեջրի շիշն ու (արագ) կում անում։ Նա մոտենում է ինձ, մեկնում ձեռքն ու ասում. Խաղաղություն։
Ու կոկորդումս ինչ-որ բան խլրտում է, ուռում, պայթում քմծիծաղի պես, (խաղաղություն հանուն ինչի՞) ու այդ պահին (Սելինը) ֆրանսիացին է մոտենում ու փրկում ստեղծված անտակտ իրադրությունից։
Հարմարացրու, փոխիր զգեստդ. փոխհագնվիր։
Ես մոնտաժում եմ «մեր» կյանքն իր պառակտված ցանկություններով։ Նէնսի, քո դեմքը, կիսալուսնի պես, երբեմն ինձ համար անհասանելի է, երբեմն մութ ու ահռելի։
Երեկվա երազում երեք անկուրծք կին, երկար հաստ մազերով, ինչ-որ բանի շուրջ նստած ոռնում են ու եղունգներով պատռում աչքերը. կամ էլ չեմ հիշում, միգուցե երեք քուրմեր, փարաջաների մեջ փաթաթված, մրմնջում են աղոթքներ, երկա՜ր, գրեթե կանացի ձայնով մրմնջում, երգում, ողբում։ Այնտեղ սևամեզ հարկադրում են գրավել անհուշ տարածքներ (վարել անբացատրելի գոյություն)։ Այստեղ, իրականությունից արբած, Բեյազիտը կանգնած է, ասես սառած, իմ առջև, ձեռքը կախված օդում։
Թարգմանություններս չեն պարունակում պատահական բառեր։
Քայլ առ քայլ սկսում ենք հասկանալ ոչ միայն մեր ամենօրյա կյանքն ու գործունեությունը, այլև այս գրքի կառուցվածքի իմաստը, նրա միասնությունն ու դրդվածության պատճառները։
Երբ անցյալ տարի աշնանը մեզ վտարեցին պետական համալսարանի շենքից, որտեղ ունեինք մի փոքրիկ պատուհանով սենյակ, լցված գրքերով ու «Կանայք Հայոց» ամսագրերով, Լարան ամեն ինչ տեղափոխեց Թումանյանի վրայի մի-սենյականոց բնակարանը։ Ցուրտ էր, գրքերով արկղերը ծանր էին. նոր կենտրոնը ասես նրա չորրորդ զավակը լիներ, խնամքով արկղերից հանում էր գրքերն ու նույն կարգով տեղադրում պահարաններին։ Այդ պահարանների վրա էր թերևս նրա անավարտ Զաբել Եսայանի և Ժորժ Սանդի գրական համեմատական աշխատանքը։
Նախևառաջ անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ ենք հասկանում «մենք» որոշակի բառով, ապա ինչ ենք այդ «մենք»-ով փորձում անել այս գրքում։ Ինչպես ենք «մենք» հարաբերակցվում միմյանց հետ, որոնք են կապող/միավորող տարրերն ու որոնք են կանխարգելող/անջատող տարրերը։ Անհրաժեշտ է կարդալ երեքիս միաժամանակ, երեք տարբեր լեզուներով, տարբեր ձայներով ու տարբեր սենյակներում, ինչպես որ այս վայրկյանիս մենք աշխատում ենք գրքի կառուցման վրա։ Ես ֆրանսերեն չեմ կարդում. Նէնսին ծանոթ չէ խորհրդային բարքերին. Լարան դեռ չի հիասթափվել այս կյանքից։
Կարևոր է հասկանալ թե ինչն է թույլ տալիս երեք ծայրահեղ հայացքների կողք-կողքի գոյատևման հանգամանքները, թե ինչպես տարբերությունները կարող են կազմել ամբողջական միասնություն։
Վազում եմ մեծ մորս հետևից, ուզում եմ, փորձում եմ, անհամբերությամբ, ահռելի անհրաժեշտություն, ցանկություն, պետք է տեսնեմ նրա դեմքը, բայց նա անհետանում է կամարաձև պատի հետևում։
Մենախոսության ժամանակ խոսում է մեկն ու մյուսները լս/ռում են, արդյունքում չի ստեղծվում որևէ նոր տեսակետ կամ միտք։
Համախոսության դեպքում խոսում են տարբեր անձինք, հակաճառում միմյանց, բացատրում ու բացահայտում, հայտնագործում ու հայտնագործվում։
Նախքան գրքի մասին որոշակի պատկերացում կամ մտահղացում ունենալը Մարկոմը ոչ-պատահաբար բաց է անում Անդրանիկ Ծառուկյանի հիշողությունների 31-րդ էջն ու կարդում Պողոսի մասին այն հատվածը որտեղ մանրամասնորեն նկարագրված է որբանոցում տեղի ունեցող դիսցիպլինար աշխատանքն ու կիրառվող պատժամիջոցները: Ահա մի կարճ հատված.
«Ամէն առաւօտ, գետնէն վերցուելէ առաջ, անկողինները կ’անցնէին մասնաւոր քննութենէ մը: Անկողին «թրջող»ները կը զատուէին ու կ’ենթարկուէին զանազան պատիժներու: Առաջին անգամ թրջողը կը զրկուէր նախաճաշէն: Եթե կրկնէր՝ անօթի կը մնար ամբողջ օրը: Իրիկունը, հրապարակային ծեծ մըն էր որ դժբախտը կը ղրկէր անկողին»։
Մենք գրում ենք, որ հասկանանք թե ինչ է նշանակում «մենք»։
Ջեյմս Բարտոնը իր գրքում դրական է գնահատում որբանոցների դիսցիպլինար աշխատանքը. այն որբերին վերադարձնում էր «նորմալ հասարակական կյանքին». Մարկոմի գրքում Վահեն ոչ մի կերպ չի կարողանում վերադառնալ. այսինքն հարց է ծագում՝ վերադարձ դեպի ո՞ւր:
Օրենքները փորձում են անհետացնել մեզ, լռեցնել ու կաշկանդել, բայց մենք շարունակում ենք սևագրել, պեղել ու փորձարկել։
Դիոն Հարությունյանն էլ-նամակում գրում է, որ իրեն անընդմեջ հետաքրքրել է կորուստի, վերգտման ու ինտեգրման խնդիրները. նրա գործերից մեկը կոչվում է «Ինքնանկար Առաջին Պատերազմում»։
Արտատիպի կենտրոնական մասում մարդն է, պարզ չէ, կին թե տղամարդ, համարյա ուրվագծված, տարօրինակ, անբնական կեցվածքով. ասես մեջքի վրա ընկնելու պահին։
Ձեռքերի դիրքը՝ կաշկանդված ու անօգնական, Էգոն Շիլեի բազում ինքնանկարների պես անտանելի է. երկար ու բարակ մատները ջղաձգության պահին, այնպես որ թվում է երբեք բնական դիրք չեն գտնելու, այլ մնալու են այդպես, երկար տարիներ, կյանքեր շարունակ, ասես կաթվածահար եղած։
Հետին պլանում սև ու մուգ-կարմիր համարյա խորություն չունեցող դաշտն է, կամ ավելի ճիշտ, կոնտեքստային հյուսվածքը կլանում է, կուլ տալիս նրա անհետացող մարմինը։ «Սուրճ կխմե՞ս» . . . ու հենց նոր մտքովս անցնող բաները նորից կորան։
Բեյազիտի քրտնած ձեռքը։ Կախված օդում։
Նաև այն, որ հոգեկան տրավմայի մասին առաջին պատերազմի ժամանակ դեռ ոչինչ չգիտեին ու միայն աղետից հետո, զինվորական հիվանդանոցներում, Ֆրոյդի տետրերում կամաց-կամաց հայտվեցին տերմիններ ու բացատրություններ, վերլուծություններ ու մեթոդներ: Իհարկե Բարտոնն այդ մասին իմանալ չէր կարող, նա ընդամենը միսիոներ էր, բայց նա առաջիններից էր, որ գործ ուներ աղետից փրկվածների տրավմատիկ հիշողության հետ: Սա Մարկոմի գրքի կարևորագույն հայտնագործություններից մեկն է:
Վահեի ոչ-հիշողությունը. նրա ապօրինությունը. նրա պատմությունը հարեմներում ծնվածների մասին է (որքան շատ են նրանք եղել, գիտե՞ս):
Ութ տարեկան եմ և վարժ կարդալ դեռ չգիտեմ, մեծ մորս գրադարանն ինձ համար անահասանելի (բառի բուն իմաստով՝ գրապահարանը հասակիցս շատ ավելի բարձր է. պատի մեջ ներկառուցված, լայն փայտե դռներով պահարանի վրա գրքերի համար առանձնացված է ապակե դարան) ու չափազանց գայթակղիչ։
Շաբաթ օրերը ծնողներս միշտ տանում են նրա տուն, գիշերելու, և երեկոյան, երբ մեծ հայրս ու նա միասին հեռուստացույց են դիտում, ես զգուշորեն աթոռով մոտենում եմ գրապահարանին ու կազմի գույնից ելնելով ընտրում մի գիրք, հետո իջնում ու պահ-մտվում մեջտեղի լայն դռների հետևում, վառում մոմի լույսն ու սրտի տրոփյունով բացում գիրքը։
Մեծ մայրս բժիշկ է ու նրա գրքերից շատերը պարունակում են հիվանդությունների նկարագրություններ, տձև մարմինների, բացիլների մանրադիտական պատկերներ։ Այս անգամ պատահաբար ընտրում եմ կապույտ շապիկով մի բարակ գիրք, որտեղ համարյա թե բացակայում են նկարներ։
Երկար թերթելուց հետո վերջապես գտնում եմ մի սև ու ճերմակ լուսանկար, որտեղ պատկերված են պարզ գիշերանոցներով, կողք-կողքի պառկած մարդիկ։
Առաջին պլանում երկուսը ասես քնած լինեն. հայրը ձախ ձեռքով գրկած իր երեք կամ չորս տարեկան երեխային. բայց չգիտեմ ինչու նրանք պառկած են գետնին, առանց բարձի կամ ծածկոցի։
Նրանց կողքին կանգնած են համազգեստով տղամարդիկ։
Առանց հասկանալու, բայց երկյուղությամբ փակում եմ գիրքն ու վերադարձնում իր տեղը. սա դառնում է իմ գաղտնիքը. ամեն շաբաթ երեկո, ծիսակարգի ճշտապահությամբ, իմ «ընթերցման» ժամին հանում եմ կապույտ շապիկով գիրքն ու քննում գրքի միակ լուսանկարը:
«Կեսօրվա ուռկաններ»-ում խոսքեր չկան, կինն ասես մի երազից անցնում է մեկ այլ երազ, ասես թակարդված ուռկանների ցանցում։
Բայց ահա ևս մի հաստատված փաստ. գրաքննությունը կփորձի ոչնչացնել, բայց անհատներ կշարունակեն հետաքրքրություն ցուցաբերել և հայտնագործել։
Այդ օրվանից հետո, երբ վերջապես (անհամբերությամբ) կարողացա (ցուցամատս սահեցնելով ամեն բառի տակով) կարդալ լուսանկարի տակի բացատրությունը, կապույտ շապիկով գիրքն այլևս չբացեցի:
Մարկոմի գիրքը կարդալուց հետո ուսանողներս հարցնում են, թե Վահեն ինչպե՞ս կարող էր վերականգնել իր կորուստը, երբ որբանոցի մայրիկները փորձում էին շտկել ամեն ինչ ծեծով ու ջրով, իսկ լեզուն, խոսքը, արտահայտությունը, իսկ միտքը որ անընդհատ հարցեր է տալիս, իսկ լեզուն որ բուժող հատկություններ ունի, մայրենի լեզու, ասում են, չէ ո՞ր . . .
Կորուստը սնվում է լռությամբ։
Նույնիսկ քո ձեռքը, Բեյազիտ, կախված օդում, այս պահին, տարիներ ու կյանքեր անց, իմաստ չունի, արդեն կորցրել է իր բուժելու հատկությունը։
Ես գալիս եմ սգավոր մշակույթից, ես չգիտեմ ինչպես սգալ։ Փոխարեն փորձում եմ կցկտուր մանրամասնություններից ելնելով լրացնել մեծ մորս պատմությունը, որն այդպես էլ ամբողջությամբ չիմացա:
Վերադառնանք այս գրքի կառուցվածքին և թե ինչպես ենք մենք փորձում ստեղծել մի տարբերություններով լի միասնություն որ պիտի արտահայտի մեր հարաբերությունների բարդ ներաշխարհը։ Այսօր կրկնությունների օր է։
Կան գրքեր որ կարող ես պատահմամբ, և այն էլ ոչ անփութության պատճառով, կորցնել կամ օգտագործել ծաղկամանների տակ դնելու համար, բայց կան գրքեր որոնց տպագրությունը (նաև բնագրի գոյությունը) զուտ ուրախություն է մեզ պատճառում և դրանց թվում է Մարիամ Թումանյանի համառոտ (414 էջանոց) կենսագրությունը:
Այստեղ կուզենայի գրել, բայց չեմ գրել, Արծվիի կատարած յուրօրինակ աշխատանքի մասին ու թե ինչպես նա հայտնագործեց իշխանուհի Մարիամ Թումանյանին, որն իհարկե ոչ մի կապ չունի Հովհաննես Թումանյանի հետ: Չեմ գրել ոչ այն պատճառով որ կարևոր թեմա չէ կամ որ ինձ չի հետաքրքրում, այլ պարզապես որ այն կշեղի մեզ մեր նպատակաուղղվածությունից: Բացի այդ, թույլ տամ որ ուրիշներն էլ գրելու նյութ ունենան:
Յոթանասուն տարի անց, Մելքոնյան վարժարանը, որ 1926-ին բացել էր յուր դռները Վահեի պես որբ մանուկներին, դեռ շարունակում է վարժեցնել հայորդիներին (գրեթե նույն մեթոդներով) ամեն առավոտ, շարված կենտրոնական շենքի մուտքի առաջ, Առավոտ Լուսո երգելով, միալար, մեր ձայները արձագանքելով նախորդիներին։
Այդ առավոտներից մեկի ժամանակ երբ ցնցուղարանից չէի կարողանում դուրս գալ, երբ բոլորն արդեն շարված էին շենքի առաջ, ամեն դասարան իր շարքով, իսկ ես ջրի սառը շիթի տակ կանգնած, իմ ականջիս այդ երգը վերածվել էր մեկ այլ բանի. ես լսում էի մեծ մորս ձայնը, սև թևերի շառաչն ու «Եկել եմ քեզ տանելու ինձ մոտ»։
Լարան ասում է, որ ապրելու համար կինը պիտի նախևառաջ սպանի իր ծնողներին: Ասում է հենց այստեղ, այս էջերում, ու ես կրկնում եմ. ապրելու համար ես պատռեցի նրա սև թևերն ու ամուր գամեցի դրանք իմ ուսերին:
Ուսանողներից մեկը գրում է, որ գրքի բարդությունը գալիս է նրանից, որ գործողությունը չունի ժամանակային հերթականություն. տեքստն ասես հյուսված լինի կրկնության ու մասնատվածության տարրերի շուրջ. ընթերցանությունն ինքնըստինքյան վեր է ածվում ընկալումի տրավմատիկ փորձառության։
Վեպի սկզբից տրված է ողջ սյուժեն, իսկ մնացած էջերում այդ սյուժեն քանդվում ու կառուցվում է մի քանի տարբերակներով. ընթերցողը հազիվ թե կարողանում է ինչ-որ մի թելիկից բռնվել ու հետևել սյուժեի կառուցմանը, երբ հանկարծ Մարկոմը շեղում է ընթացքն ու սկսում մի նոր տարբերակ. տարբերակները լրացնում են միմյանց. յուրաքանչյուր տարբերակ մի ամբողջություն է:
Ահա ևս մի տարբերակ. մեծ մորս հայրը Վանում աշխատում էր զինագործական արհեստանոցում. նրանք 1915 թվականին ռուս ջոկատների հետ միասին տեղափոխվում են Հայաստան:
Մարկոմը Վահեի անունից ասում է. կուզենայի իմանալ չիմացածս. այն, որ ես չգիտեմ իմ Զարհուրելին, ինձ դարձնում է առավել զարհուրելի:
Մելքոնյան վարժարանի անհյուրընկալ պատերն ու մենք շարված այդ պատերի տակ, հագած մեր կապույտ համազգեստներն ու սև փողկապները: Ամեն երեկո ժամը տասին տիկին Բեքարյանը գալիս է մեր սենյակների մաքրությունն ու կարգուկանոնը ստուգելու, թերևս Վահեի «մայրիկների» պես, և եթե որևէ բան իրեն դուր չի գալիս, զրկում է քաղաք իջնելու իրավունքից։
Մարկոմի գիրքը մանկություն չունեցող մարդկանց թարգմանությունն է, կամ ասեմ այսպես. այն միևնույն պատմության կրկնությունն է մեկ այլ կառուցվածքով, մեկ այլ շարահյուսությամբ:
Վահեն սպասում է մորը, որբանոցից գրում է նամակներ; մանկություն չունեցող մարդը փախչում է մոր մոտից որբանոց; երկու տարբեր տղաներ միևնույն մորից, կամ միևնույն տղան երկու տարբեր մայրերից; միակ բանը որ էական է դա ծովն է ու եղանակը, եղանակի փոփոխությունն ու հավատարիմ ալիքների (հասկացիր՝ թախիծ) կրկնությունը, կայունությունը, վերադարձը:
Ծառուկյանի գիրքն ուզում է ավարտվել ակնկալիքով, ծովի ափին. Որբանոցներու դաժան յատակէն ետք, ուր խամրեցաւ մանկութիւնս, եւ առջեւս բացուող կեանքին դէմ, որուն մէջ կը նետէի առաջին քայլս, այդ պզտիկ տետրակը խաթարեց լաւատեսութեան կապոյտ երկինքը, որուն սէրը եւ հաւատքը եւ հոյսը պահած էի մէջս, որբանոցի ամէնէն մռայլ ու ցուրտ օրերուն իսկ, ինչպէս բանտարկեալը կարօտով կ’երազէ տեղ մը խաղաղօրէն իրեն սպասող ազատ կեանքի քաղցր հեռանկար մը . . . Այստեղ Մարկոմի ալիքների ճողփյունը կլանում է նրա մտորումներն ու սկսվում է Վահեի մղձավանջը:
Մանկություն չունեցող մարդու գիրքն անավարտ է. Մարկոմը փորձում է ավարտել այն մեկ այլ գրքով, և ահա այստեղ է նրա սխալմունքը, նա գիտակցում է, բայց ուշ, քանի որ հայտնաբերում է գրելու ընթացքում. գիրքը վերջանում է բայց այն ավարտ չունի. երկու հարյուրից ավելի էջերում փորձում է վերադառնալ, հասկանալ, գտնել. այսինքն գտնել մի ավարտ, բայց չի կարողանում, ավելի ճիշտ՝ անկարելի է:
Ինչի մասին պիտի գրեի ու չեմ գրել. Մարկ Նշանյանի հակագրախոսականի մասին ու թե ինչպես ես հայտնվեցի գրականության արանքում: Չգրեցի Նէնսիից, Լարայից ու ինձանից: Թե ինչպես ամեն երեքշաբթի հանդիպում ու խոսում էինք այս գրքի կառուցվածքի մասին մի փոքրիկ սենյակում, որտեղ պատերը ներկված են աննկարագրելի գույնով:
Եթե մենք կրկնվում ենք, նշանակում է որ այս գիրքը հասել է իր նպատակին:
Այս լեզվով չխոսելու համար, Մայրիկը գավազանով հարված առ հարված Վահեին սովորեցնում էր հնազանդություն. այս լեզվով խոսելու համար զափթիեն Վահեի մորը բռնի ուժով լռեցնում էր մի մութ նկուղում. բայց այս լեզուն չհնազանդվեց ոչ մեկ դիսցիպլինար աշխատանքներին, և ահա այս է որ Մարկոմը ցույց է տալիս իր գրքում, ոչ-խոսքերով ու ոչ-նախադասություններով, որ Վահեի ամբարիշտությունը գավազանով չպիտի լուծվեր, լեզվական վերքը, լեզվի ընդհատումը, խզումը պիտի չբուժվեր արյունելով, այլ միայն խնամքով, տառ առ տառ, բառ առ բառ, ուսումնաՍԻՐԵԼՈՎ, հասկանալով, թարգմանելով:
Մեր յուրաքանչյուրիս տարբեր հարցադրումները ցույց են տալիս միայն մեկ բան. հայ կնոջը մեկ ձևով պատկերացնելու և ներկայացնելու, այսինքն՝ պարզեցնելու, սխալը:
Ուզում էի գրել Բեյազիտի մասին, թե ինչպես մի օր, գարեջրատանը նա փորձում էր սեղմել ձեռքս, ու թե ինչպես ես չէի կարողանում, հերկուլեսյան ուժերս չէին ներում, սառել էի ու անշարժացել, թե չէ պիտի չարհամարհեի ու սրտանց սեղմեի նրա մեկնած ձեռքը:
Պիտի նաև գրեի մի վարժության պես երկխոսություն որտեղ զրուցակիցները՝ գրախոսներ Հովիկ Չալյանն ու Արա Օշականը, կբանախոսեին Մարկոմի գրքի շուրջ. իհարկե գիտենք որ նման բան արդեն արվել է, այսինքն՝ նման երկխոսություն տեղի է ունեցել, միայն թե իմ ստեղծած հանդիպման ժամանակ նրանք լուրջ քննարկություն կունենային և Հովիկ Չալյանն անընդմեջ չէր կրկնի իրեն սահմանված երեք էջերում. «Գրողը շատ է տարվել գրական փորձարկություններով», իսկ Արա Օշականը չէր ընդմիջի. «Որոշ գրքեր ստեղծվում են ոչ թե ընթերցանության համար, այլ գրվելու»: Բայց արդեն ուշ է. արդեն հասել ենք տպագրատուն, և բացի այդ. խմբագիրները փոփոխություններ չեն սիրում:
Կրկնեմ, ու առանց հեգնանքի, որ Մարկոմի գրքում արծարծվում են ոչ միայն (բազում անգամներ արդեն քննարկված) հոգեբանական կամ պատմական թեմաներ, այստեղ է քանդվում մանկություն չունեցող մարդու լեզուն, քանդվում է մայրենի լեզուն, մարդը գալիս է մի շատ կարևոր եզրահանգման. վերադարձ չկա. այն անիմաստ է:
Բայց կրկին շեղվեցի բուն թեմայից, ու այս անգամ անվերադարձ: Ներողամիտ եղեք:
__
Շ. Ավագյան, «Սևամենք», առաջին անգամ հրատարակվել է՝ Նէնսի Ագաբեան, Լարա Ահարոնեան և Շուշան Ավագյան, «(Ան)Տարածության մեջ», Երևան, 2007, 112 էջ: