(Source: hetq online; English version: "armenian in brooklyn" blog)
Միշտ այսպես չի եղել. հիմա է, որ ես մտորում եմ, թե որտեղից եմ` հասնելով խորքը` մինչեւ իմ հայկական արմատները: Երբ 1997 թ. ընտանիքս եւ ես արտագաղթեցինք Միացյալ Նահանգներ, ես ընդամենը 10 տարեկան էի եւ ինձ համար դեռեւս բավականին մութ էր այն հարցը, թե ինչ է նշանակում արմատներից կտրված լինել: Ես արագորեն մերվեցի Բրուկլինում, քանի որ դրան նախորդող մի քանի տարում Նյու Յորքում ձեռք բերած իմ ողջ կենսափորձը ընդամենը կապված էր ընտանիքի, դպրոցի եւ այն փողոցի հետ, որտեղ ապրում էինք: Իմ հարեւանությամբ ապրող մարդիկ աշխատավոր դասակարգի ռուս եւ չինացի էմիգրանտներ էին ու 1950-ականներին այստեղ հաստատված իտալացիներ, եւ մինչեւ հիմա էլ այդպես է:
Մենք բնակություն հաստատեցինք հենց այդ «կաթսայում» եւ տարօրինակ կերպով ձուլվեցինք: Դա դանդաղորեն տեղի ունեցավ, եւ ժամանակի ընթացքում քույրերս եւ ես կորցրինք հայոց լեզուն եւ սկսեցինք իրար հետ խոսել միայն անգլերեն: Իմ ծնողներն ամենեւին էլ այն արտագաղթած ծնողներից չէին, ովքեր իրենց երեխաներին ստիպում էին տանը միայն մայրենի լեզվով խոսել: Նրանք մտածելու այնքան շատ բան ունեին, որ ժամանակ չէին վատնում` հետեւելու, թե ինչ լեզվով բառեր էին դուրս թռչում մեր բերանից: Մենք որեւէ հայ ընկեր չունեինք` բացի մեր ընտանիքի որոշ ընկերներից, ովքեր տարիների ընթացքում դադարեցին մեր կյանքի մի մասը լինելուց: Իր ժողովրդից հորս հիասթափվածությունը խանգարեց, երբ եկավ ժամանակը` մաս կազմելու ավելի մեծ հայկական համայնքի: Մենք ուրիշ հայերի տեսնում էինք միայն Զատկի տոնին` եկեղեցում, ընդ որում` միայն այն ժամանակ, երբ Զատկին մեր ծնողների հետ իսկապես եկեղեցի էինք գնում:
Հաստատ չգիտեմ, թե կոնկրետ ինչից էի տագնապում, երբ դեռահաս էի (գուցե միայն տարիքն է, որ կարող է մարդուն տագնապ պատճառել), բայց հիմա, երբ հետ եմ նայում այդ տարիներին, տեսնում եմ, որ իմ պահվածքով չեմ տարբերվել տիպիկ «ամերիկացի» դեռահասից: Կամ էլ ինչ-որ զուտ «ամերիկյան» բան կար դեռահասի տագնապների մեջ: Մինչ օրս քույրերս ասում են, որ ես այնքան «ամերիկանացած» եմ. նրանք դա ասում են ամեն անգամ, երբ իրենց ձեռնտու է այդպես ասել: Օրինակ` ծնողներիս վրա բարկանալը եւ այդ բարկությունը արտահայտելը կարող է դիտվել որպես «ամերիկյան» երեւույթ: Դեռահասությանս տարիներին ես ավելի էի մտահոգվում, քանի որ ծնողներս ինձ շատ քիչ ազատություն էին տալիս` համեմատած այն ազատությունների հետ, որ ունեին իմ ընկերները: Ես չէի կարող կինոթատրոն գնալ, ինքնուրույն քաղաքի մեջ շատ հեռու տեղ գնալ կամ անգամ մասնակցել դպրոցի երեկույթներին, որոնց ժամանակ տանը չեն գիշերում: Ես կարծում էի, որ այսպիսի բաներից զրկված լինելն անտանելի է, եւ ատում էի, երբ ամեն անգամ հայրս հիշեցնում էր ինձ. «Դու հայ ես ծնվել եւ հայ էլ կմահանաս»:
Ուստի, ես փորձում եմ պարզել, թե ինչ է նշանակում այս «հայկականությունը»: Դրա իմաստը միայն հայի համար է կարեւոր: Իսկ ի՞նչ կասեք այլ մշակույթների, էթնոսների, ավանդույթների մասին, որոնք նման են հայկականին: Արդյոք անհրաժե՞շտ է, Հայաստան, որ ես հայ լինեմ: Ինչպե՞ս եմ ես պահպանելու իմ հայկականությունը Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանում հայ լինելը միանգամայն տարբերվում է Սփյուռքում հայ լինելուց: Արդյո՞ք ինքնությանը վերաբերող այս խնդիրը Հայաստանում ապրող հայերին եւս հուզում է: Մի՞թե առավելությունը, որ նրանք գտնվում են իրենց ծագման երկիրը գծանշող սահմանների ներսում, նրանց արդեն իսկ հնարավորություն չի տալիս հավակնել այդ ինքնությանը:
Որքան մեծանում եմ, այնքան ավելի մեծ ժամանակ է անցնում իմ եւ Հայաստանի միջեւ: Այնքա~ն բան էր փոխվել, երբ ես անցյալ տարի` 11 տարվա մեջ առաջին անգամ, Երեւան այցելեցի: Եվ շատ բան շարունակում է փոխվել: Ես ավելի ու ավելի եմ տարբերվում այնտեղի մարդկանցից, սա էլ ավելի մեծ անջրպետ է ստեղծում հայրենիքիս եւ իմ միջեւ: Ինձ դեռեւս չի հաջողվել տուն գտնել մյուս սփյուռքահայերի մեջ, եւ նույնիսկ տարօրինակ է ինձ սփյուռքահայ անվանելը: Սկզբում ես դեռեւս շատ կապված էի այն վայրին, որտեղից վերջերս էի եկել, եւ կարիք չկար ջանքեր գործադրելու` հավատարիմ մնալու այն բանին, ինչը ես չէի զգում, թե կորցրել եմ: Որքան մեծանում եմ եւ տարբեր անկյուններից մտնում աշխարհ, այնքան ավելի եմ զգում այս քաոսում կորչելու սպառնալիքը. այն ամենը, ինչից ես ծագում եմ եւ ինչի հետ նույնացնում եմ ինձ, վերածվել է մի շիլայի, որի բաղադրիչները հնարավոր չէ զանազանել իրարից:
Երբ ես ազատվում եմ ինչ-որ բան կորցնելու այս վախից` տան կորուստ, ինքնության կորուստ, որեւէ բանի պատկանելության կորուստ, հենց այդ ժամանակ ամենից մեծ հնարավորությունն ունեմ ստեղծել ինձ տարբեր տարրերից` տարրեր, որոնք գալիս են այնտեղից, որտեղից ես ծագում եմ, եւ տարրեր, որոնց հանդիպել եմ իմ ճանապարհին: Ես ոչ միայն հայ եմ կամ նյույորքցի, կամ դուստր կամ քույր, այլեւ ընդունված կանոններից շեղվող մարդ եմ, ես ֆեմինիստ եմ, բանաստեղծ եմ եւ արտիստ: Եվ այս բոլոր բաները ես միաժամանակ եմ, ու չի կարելի որեւէ մեկը առանձնացնել մյուսից: Կան ինքնություններ, որոնք երբեմն այլ ինքնությունների հետ բախման մեջ են մտնում, ինչպես, օրինակ, հայ եւ միաժամանակ ընդունված կանոններից շեղվող մարդ լինելը: Իմ մշակույթը այնքան էլ հեշտ «կուլ չի տալիս» սա: Կամ էլ` ֆեմինիստ լինել հայրիշխանական կենցաղում, երբ հայրս ինձ հարցնում է, թե արդյոք ես ոստիկանություն կկանչե՞մ, եթե ինքը երբեւէ հարվածի ինձ: Երբ նրան ասում եմ, որ չեմ կանչի, նա պատասխանում է, որ դա լավ է, քանի որ նշանակում է, որ ես վերջնականապես չեմ դարձել «նրանց»` «ամերիկացիների» նման: Կարծես թե հայ կին լինելը հոմանիշ է քեզ շրջապատող տղամարդկանց գործադրած բռնությունը որպես նորմալ կյանքի մի մաս ընդունելուն:
Երբեմն պահեր են լինում, երբ ուղղակի ուզում եմ վերջ տալ այդ ամենին` ինքնության, իմ պատմության, Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանին գտնվող այս փոքրիկ երկրի հետ պայքարին: Վախենում եմ, որ երբեմն չափազանց ազգայնամոլ եմ դառնում, եւ դա ինձ ստիպում է սահմանափակվածություն եւ վտանգ զգալ: Ես ուզում եմ վերցնել աքսորի, մեկ այլ տեղում հաստատվելու եւ արմատներից կտրված լինելու այս անհավանական փորձառությունը եւ դրանից ինչ-որ գեղեցիկ բան ստեղծել, ստեղծել մի նոր հնարավորություն, կեցության մի ձեւ, որի մասին մինչ այժմ ոչ ոք ոչինչ չի լսել: Այս բլոգը այդ «փազըլի» մի հատվածը կամ, ավելի ճիշտ, լուծումը կլինի:
Մարալ Բավական
___
Անգլերենից թարգմանեց` Սոնա Ավագյանը
«Հայը Բրուկլինում» բլոգ, www.hetq.am
Մարալի հետ կարող եք մտքեր փոխանակել բլոգում` www.maralbavakan.blogspot.com
No comments:
Post a Comment