Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել` կապված DIY ակումբի հրկիզման փաստի հետ, որտեղ դատապարտում են ֆանատիկ, ֆաշիստական եւ այլամերժ անօրինական դրսեւորումները:
Հայտարարությունում ասվում է. «Այս տարվա մայիսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երեւանում, Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը: Ըստ տարածված լուրերի, այս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաեւ Երեւանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենց` բազմազանության եւ բազմամշակութայնության կողմնակիցներ են: Խիստ մտահոգիչ եւ դատապարտելի է այն հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական եւ ֆաշիստական խմբավորում, որը մինչ այդ պարբերաբար ագրեսիվ գործողություններ կատարելով` ահաբեկել է ակումբի տերերին ու հաճախորդներին եւ փորձել վախ սերմանել:
Մենք դատապարտում ենք ֆանատիկ, ֆաշիստական եւ ապօրինի բռնի գործողությունները: Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածի պահանջով «[...]Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Իսկ ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը […] ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով»:
Նշենք, որ դեպքի հետ կապված` ոստիկանությունը ցուցաբերել է ոչ հետեւողական, անտարբեր մոտեցում հանցագործներին գտնելու եւ պատժելու գործում: Միայն շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետեւողական ահազանգերի եւ հորդորների արդյունքում հնարավոր է եղել դրդել ոստիկանությանը միջամտողական գործողությունների:
Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը ձեռբակալել է հանցագործներից երկուսին, այս հարցի առնչությամբ մենք պահանջում ենք ոստիկանությունից ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, հայտնաբերել ու պատժել բոլոր հանցագործներին, ապահովել DIY ակումբի եւ նման հասարակական վայրերի տերերի եւ այցելուների անվտանգությունը, ապահովել վնասների պատշաճ հատուցումը: Հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության մոտ առկա են հանցագործության մասին վկայող փաստեր, որի հիման վրա ոստիկանությունը պարտավոր է իրականացնել անհապաղ գործողություններ եւ պատասխանատվության ենթարկել հանցագործներին:
Մենք խստիվ դատապարտում ենք մեր հասարակության եւ պետության համերաշխության ու անվտանգության դեմ սերմանվող նմանօրինակ ֆանատիկ, ֆաշիստական եւ այլամերժ անօրինական դրսեւորումները, կազմակերպություներին ու գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում պիտի հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` հանուն մեր հանրության եւ ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության եւ բազմամշակութային զարգացման»:
Հայտարարությունը ստորագրել են`
Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Հույս ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Էկոդար ՀԿ
Հասարակություն առանց բռնության ՀԿ
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ
Տարօրինակելով Երեւանը կոլեկտիվ
Լուսինե Վայաչյան – լրագրող
Լեւոն Մարգարյան – լրագրող
Լալա Ասլիկյան – ակտիվիստ
Արթուր Գրիգորյան – իրավաբան
Միկա Արթյան – բլոգեր
Վերատպվում է news.am կայքից։
No comments:
Post a Comment