Շատ տարիներ առաջ, երբ Անգլիայում ստեղծվեց խորհրդարանը, այն հիմնականում ձևավորվեց որպեսզի սահմանափակի թագավորի ազատ ծախսելու հնարավորությունը։
Հիմա բոլոր պետություններն ունեն խորհրդարաններ, բայց ով է կարողանալու զրկել խորհրդարաններին շատ ծախսելու հնարավորությունից։ Երբ մեկը սկսում է ծախսել, երբեք չի ուզելու զրկվել այդ հաճույքից։ Կդադարի միայն այն ժամանակ, երբ մեկ ուրիշը կստիպի նրան դա անել։ Իսկ ով է սահմանափակելու կոնգրեսի ազատ ծախսելու հնարավորությունը։ Բոլորը պետք է մտածեն այս մասին։
Ֆրանսիայում պալատը նույն բանն էր անում՝ անկանոն ձևով ծախսում, և բոլորը իրենց ձայնը տվեցին կոմունիստներին, հուսալով, որ կոմունիստները գոնե նրանց կսահմանափակեն։ Հիմա էլ շատերը կարծում են, որ կոմունիստների ղեկավարած պալատը կշարունակի նույն ձևով ծախսել և շատ ֆրանսիացիներ մտածում են վերադարձնել թագավորին, որն էլ գուցե կարողանա սահմանափակել խորհրդարանի ազատ ծախսելու հնարավորությունը։
Սա իհարկե խնդալիք է։ Խորհրդարանը ստեղծվեց թագավորի ծախսերը պակասեցնելու համար և հիմա ֆրանսիացիները մտածում են վերադարձնել թագավորին, որ նա թույլ չտա խորհրդարանին ծախսել բոլոր իրենց փողերը։
Միացյալ Նահանգներում, որտեղ Վաշինգտոնից հետո ոչ ոք չի կարող պատկերացնել թագավորի ի հայտ գալը, ով է սահմանափակելու կոնգրեսի ազատ ծախսելու հնարավորությունը։ Որ նրանք չեն դադարելու ծախսել, դա հաստատ է։ Սրա մասին պետք է բոլորը մտածեն։ Ով է նրանց սահմանափակելու։
—
"More About Money" by Gertrude Stein.
Ստայնի փողի մասին ակնարկների շարքից, տպագրվել է 1936ի հունիսից հոկտեմբեր ամիսներին, Saturday Evening Post թերթում։ Անգլերենից թարգմանեց Շ. Ավագյանը։
No comments:
Post a Comment