April 10, 2010

1 comment:

  1. http://www.168.am/am/articles/22004-pr

    ԼՐՏԵՍՈՒՄ ՈՒ ԼՐՏԵՍՎՈՒՄ ԵՆՔ
    Նունե Հախվերդյան, Մարտ 16, 2010

    Ապրիլի 10-ին մեկնարկող «լրտեսումը» առաջին հերթին ներկայացնելու է հանրությանը անծանոթ, երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները, քանի որ, ըստ ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանի` ցանկություն կա տեսնել` թե ի՞նչ նոր ուժեր կան արվեստի դաշտում: «Սովորաբար երիտասարդներն իրենց աշխատանքները ցուցադրում են ավագ սերնդի արվեստագետների հետ միասին, ընդունված է համարել, որ այդպես նրանք «աճելու» հնարավորություն են ստանում: Բայց այս ցուցահանդեսով ես առաջին հերթին ուզում եմ անհայտ անուններ հայտնաբերել»,- ասում է նա: 30-ից ավելի երիտասարդներ (որոնց միջին տարիքը 20-ն է) կներկայացնեն իրենց գեղանկարները, լուսանկարներն ու վիդեոինստալյացիաները: Ժանրային բազմազանությունը ապահովված կլինի, իսկ ցուցահանդեսի կոնցեպցիան որքան հնչեղ, նույնքան էլ երկիմաստ մեկնաբանությունների հիմք է տալիս: «Լրտեսվող Հայաստան» խորագիրը պրովոկացիոն բնույթ ունի եւ թատրոնի տարրեր է կրում: Ընդունված է համարել, որ լրտեսը վատ մարդ է, իսկ լրտեսումը բացասական երանգ ունեցող մասնագիտություն է, քանի որ ենթադրում է, որ մարդը լրտեսելով` ծառայում է որեւէ մարդու կամ կառույցի: Սակայն Սեդա Շեկոյանը, ում պատկանում է այս կոնցեպցիայի մշակումը, վստահ է, որ ցանկացած արվեստագետ, նաեւ` պարզապես անհատականություն որոշ չափով լրտես է: «Մենք լրտեսներ ենք, քանի որ մեր առջեւ ամեն ինչ գաղտնիք է, որը բացվելու ու հանգուցալուծվելու կարիք ունի: Բայց լրտեսի զբաղմունքը մի առանձնահատկություն ունի. լրտեսը պետք է սովորական քաղաքացու նման լինի, նրա գիտակցությունն է լրտեսի: Սովորաբար լրտեսներն աշխատում են ծպտված, օրինակ, որպես ինժեներներ, հաշվապահներ, երբեմն էլ` որպես արվեստագետներ: Լավ լրտեսը պետք է լինի բոլորի նման: Նա պետք է կրի այն հայրենիքի թասակը, որտեղ ապրում է որպես սովորական քաղաքացի»: Ուշագրավ է, որ «բոլորի նման» լինելու հետ ոչ բոլոր արվեստագետներն են համաձայն: Երբ մարդն իրականում ինչ-որ բանով տարբերվում է մյուսներից, նա բոլորի նման լինելուց չի խորշում` ներքուստ ընդունելով, որ դրանում վատ բան չկա: Եվ ընդհակառակը` սեփական անկրկնելիության մասին հայտարարում է նա, ով չի կրում անհատականության դրոշմը: Լավ լրտեսը գիտե, որ տարբեր է, այդ պատճառով էլ հանգիստ կրում է սովորական մարդու դիմակը: Այս դրույթը «Լրտեսվող Հայաստանի» «մեխերից» մեկն է եւ ՆՓԱԿ-ի այցելուներին խոստանում է բազմաթիվ բացահայտումներ: Սեդա Շեկոյանը ցանկանում է, որ այս ցուցադրությունը որքան կարելի է շատ հանդիսատես ունենա: «Միգուցե պրիմիտիվ բան եմ ասում, բայց ուզում եմ, որ ոչ միայն արվեստագետները, այլեւ տարբեր ոլորտների ու մասնագիտությունների տեր մարդիկ գան, ու քննարկումներ տեղի ունենան: Թող այս ցուցահանդեսը խոսակցությունների դաշտ բացի»,- ասում է նա: Այսօր արվեստին վերաբերող հետաքրքիր քննարկումներ ու մտքերի փոխանակումներ են տեղի ունենում հիմնականում վիրտուալ տարածքում, այդ մասին են փաստում սոցիալական ցանցերում ծավալվող բանավեճերը: Ցուցադրությունների համար պիտանի հարթակները այնքան են քչացել, որ արվեստի ֆիզիկական ներկայությունը վտանգվել է: Ս.Շեկոյանը, ում համար «Լրտեսվող Հայաստանը» կուրատորական դեբյուտ է, նկատում է. «Իհարկե, սոցիալական ցանցերն օգնում են մտքերի տարածմանը, սակայն նաեւ հակադրվելու ցանկություն են առաջացնում, քանի որ վիրտուալ եւ ֆիզիկական շփման հակասությունն այսօր բավականին մտահոգիչ է դարձել: Առօրյայում մենք երկատված ենք»:

    Ցանկանալով գտնել ժամանակակից Հայաստանի լավագույն լրտես-արվեստագետներին, Ս.Շեկոյանն առաջարկում է ազատվել պատրանքներից ու հայացքն ուղղել հենց այս պահին` 2010 թվականին, եւ հենց այս վայրում` Հայաստանում ծնվող արվեստին, որը կարող է ձեւանալ բոլորովին այլ բան, սակայն իրականում լինել արվեստ:

    ReplyDelete