June 22, 2011

Մեռած արվեստի-ա-գետ Արման Գրիգորյանին

ԱՐԱՔՍ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ

(Ի պատասխան Արման Գրիգորյանի Ինքնագիր #3-ում տպված «3-րդ հարկ» հոդվածի)

Նարգիզը վարդի թփի տակ աճելով՝ նրան դատեց փշերի համար. Ծաղիկները չտեսավ, բարձր էին։

Բարոյական չէ սեփական ենթադրությունները չակերտավորել ուրիշի անունից. սպրդելով վարկաբեկել մերձավորներին, սույնով խոստովանելով սեփական պարտությունն ու նախանձը։

Պատմություն աղավաղելը հավասար է դավաճանության և շատ նման է մի հայտնի մարդու արտահայտությանը. «Պատմությունը կեղծ կատեգորիա է»։

Եվ ընդհանրապես արվեստը սպորտի հետ շփոթել, կամ վերաբերվել որպես այդպիսին, այն էլ անառողջ մրցակցության մեջ մտնելով՝ անհեթեթություն է, նույնն է թե տաքսու վարորդին տիեզերագնաց անվանել։ Արվեստագետի հառաջացումը անհատական առաջընթաց է, և եթե հաղթանակ էլ կա, ապա սեփական անձի նկատմամբ։

Կրկին ապացուցվում է այն տեսակետը, թե՝ ով ինչ ասում է, իրեն է ներկայացնում։

Կարծում եմ, որ ճիշտ չէր այսպես հապշտապ, կիսատ-պռատ և միակողմանի պատմություն գրել մի այնպիսի նշանակալից երևույթի մասին, ինչպիսին էր «3-րդ հարկը» (շտապողականությունդ քեզ միշտ խանգարել է «արվեստի օլիմպիական չեմպիոն» դառնալ. որքան շտապեցիր, այնքան հետ ընկար)։

Որքան էլ փորձել ես մի քանի ճշմարտանման դրվագներով խճողել պատմությունդ, միևնույն է այն շինծու ու կեղծ է, ինչպես քո կազմակերպած բոլոր «հարկերը»։ Մասնակից արվեստագետները իրական ու նվիրյալ էին, միայն այդ ու նրանց անկեղծությունն էր գրավականը այդ ցուցահանդեսների հաջողության, և քո բոլոր ճիգերը՝ դրանք դարձնել քո կիլոմետրանոց գործերի ֆոն, չհաջողվեցին։ Ամեն անգամ փայլողը՝ (ոչ թե հաղթողը) ավաղ, դու չէիր։ Այդ էր պատճառը, որ «հարկ» ներմուծեցիր նախկին հակառակորդ «ասսերին» ավելի գեղատեսիլ ֆոն ստեղծելու համար (երբեք առանց շահի ոչինչ չես արել) և . . . քանդեցիր «հարկը»։

Եթե երբևէ ինքդ քեզ հարց ես տվել, թե ինչու քանդվեց «հարկը», ապա հիշիր առաջին դավաճանությունդ «պալատական» նկարիչների հետ՝ նոնկոնֆորմիստ սկանդալիստներին ընդԴԵՄ. ԴԵՄոն, ԴԵՄոնտաժ, ԴԵՄոնստրացիա, ԴԵՄոկրատ, ԴԵՄակիաժ։

Ավելին չեմ ուզում գրել, ովքեր պետք է՝ ամեն ինչ գիտեն, ովքեր չգիտեն՝ պետք չէ ամեն ինչ իմանան։ Ուղղակի՝ եթե ուզում ես մի բան ջատագովել, արա այդ առանց մաղձի, իսկ եթե ուզում ես օբյեկտիվ լինել, եղիր ազնիվ մինչև վերջ. Մի մոռացիր, որ մարդուն դատում են իր իսկ բերանից դուրս եկած խոսքերը։

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։

--
Անտիպ, 2008թ.։Ա. Ներկարարյանի անձնական արխիվից։

No comments:

Post a Comment