April 17, 2011

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերտրուդ Ստայնը (1874-1946) ծնվել է Փենսիլվեյնիա նահանգի Ալեգեյնի քաղաքում, հրեա-գերմանական ընտանիքում։ Սովորել է Ռադքլիֆ քոլեջում, որտեղ ուսանել է հոգեբանություն հանրահայտ ակադեմիկոս Ուիլյամ Ջեյմսի մոտ և որտեղ սկսել գիտակցության հոսքի իր առաջին գրական փորձարկությունները։ Կիսատ թողնելով ուսումը 1903ին եղբոր հետ մեկնել է Փարիզ և կյանքի մեծ մասն անցկացրել այնտեղ։ Գրել է ավելի քան քառասուն գիրք, որից կեսը տպագրվել է հետմահու։ Ազդեցություն է ունեցել Վիրջինիա Վուլֆի և Ջեյմս Ջոյսի գրելաոճերի վրա, ինչպես նաև ժամանակակից ամերիկյան ավանգարդ L=A=N=G=U=A=G=E խմբի բանաստեղծներ՝ Չարլզ Բերնստինի, Բրյուս Անդրյուզի և Լին Հեջինյանի վրա։ Ստայնի գրականությունը ներկայանում է որպես մտածելաձև կամ մտածելու ընթացք, որ հազվադեպ է կազմվում նախօրոք ու որ չի արտահայտվում քերականապես ճիշտ ու սահուն կապակցված բառերով («Նախադասությունը ոչ թե պատմում այլ պահում է։ Պահումը մի տեղ է ուր բաներ են դնում։ Ուրեմն ինչ է նախադասությունը։»)։ Բնագրում շատ են կրկնության վրա հիմնված բառախաղերը, որ ցավոք հայերենում դժվար է պահպանել. օրինակ միևնույն նախադասության մեջ Ստայնը համադրում է նույնահունչ բառեր՝ այսինքն կրկնվում է ձևը, սակայն իմաստը հարակից բառերի շնորհիվ փոփոխվում է։ Ստեղծվում է բառերի ոչ թե ստուգաբանական կամ պատմական կապ, այլ բառաձևերի կրկնության հիման վրա հարաբերակցական (և հետևաբար անսահման) կապ, որի շնորհիվ դրանք վերաիմաստավորվում ու նոր ուշադրության են արժանանում։ Եվ այդպիսով յուրօրինակ է Ստայնի նախադասության կառուցվածքը, որին բնորոշ է «շարունակական ներկան» (continuous present) և որի միջոցով նա հիմնում է «անհապաղ գոյության» (immediate existing) գրելաոճը։ Բոլորս գիտենք, ասում է Ստայնը, որ Չոսերից ու Հոմերոսից հետո գրեթե անհնար է գրել, լեզուն կորցնում է հետաքրքրությունը, վերարտադրվում տափակ կլիշեների միջոցով, որոնք ուղղակի ավելորդություններ են։ Անհրաժեշտ է վերաստեղծել լեզվի լարվածությունն ու անսպասելի զգացողության հատկությունը, վերադարձնել գոյականի կենսունակությունը։ Վարը բերված գլուխը Գերտրուդ Ստայնի «Ինչպես գրել» (How To Write, 1931) գրքից է։



ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գերտրուդ Ստայն

Ոչ թե նախադասությունն է հուզիչ այլ պարբերությունը։


Ամսաթվերը թե ինչ էին գնել։

   Նրանք պատրաստ կլինեն նրան ընդունել։ Այդպես ենք կարծում։
   Նա նման է ծերացած երիտասարդի։ Ահա մի նախադասություն որ կարող էին օգտագործել։
   Զղջումի զգացումով էի լցված։ Իմ պատճառով էր որ կինս կով չուներ։ Այս նախադասությունը նրանք չեն կարող օգտագործել։
   Սիրունության կրկնությունն այն դարձնում է կրկնված։ Նրանց հետ նայելով։
   Քաղցրության կրկնությունն այն դարձնում է ոչ թե կրկնելի այլ գրավիչ և ապուր պատրաստելու ու զուգադիպություններ երազելու համար հարմար։ Նախադասությունը կպահվի։ Նա վեր է հանում գլուխն ու բարձրացնում այն։ Նախադասությունն այն չէ թե արդյոք գեղեցիկ է։ Գեղեցիկն առանց հարցնելու չի մտածվում ասես նրանք լավ էլ ունակ են ներողամիտ լինելու։
   Ժորժ Մարաթիեն Ամերիկայում։
   Գենյա Բերմանի սեռական կյանքը։
   Ժորժ Հյունեթի գիրքը։
   Էրիկ Հոլվիլի ընտրությունը։
   Անրի դ’Ուրսեյի հարստությունը։
   Հարի Հորվուդի սփոփանքը։
   Ուոլթեր Ուինթերբերգի հիշատակումը։ Բեռնար Ֆեյի համբավը։ Ռընե Քրևելի մասին գուշակելու հաճույքը։ Առանց ընդհատման նախադասություններից վերնագրեր են ստեղծվում։ Ծծելը վտանգավոր է։ Ծծելու վտանգը։
   Նրանց հետ։
   Ինքնին։
   Ինքն իր մեջ։ Նախադասության մի մասը կարող է լինել մի նախադասություն առանց նրանց իմաստի։ Մտածիր այնուամենայնիվ նրանք հեռացան։
   Նման է պարտեզի բայց պատահաբար էր իրեն վնասել։
   Յուրաքանչյուր նախադասություն ունի իր սկիզբը։ Նա կսկսի՞։
   Յուրաքանչյուր նախադասություն որ ունի սկիզբ անում է այնպես որ նրանց ավելին մնա։
   Ես վերադառնում եմ նախադասություններին որպես թարմություն։
   Հովարդը նրանց ավելի քիչ է հակադրվում։
   Հիանալի է։
   Ժորժն իրեն շատ լավ է զգում։
   Ինչպես է նա հավանում կարողությունը։
   Նախադասությունը պետք է կամայական լինի այն չպետք է խնդրում եմ լինի ավելին։
   Այն չպետք է լինի խանգարված։
   Նախադասությունն ունի գույներ երբ նրանք ասում են ես հավանեցի այն ինչպես ուտելիքում պետք է քիչ գործածել վաճառվող աղ։
   Սա իմ ամենահաջողվածն է։
   Հաճելիորեն կամ շուտով։
   Ինչպես կամ ունենալ։ Նախադասությունը է։
   Ստեղծված կամ ստեղծել իմաստ։
   Հիմա թույլորեն նախադասություն սկսիր։
   Ինչպես է նա շտապել։ Սա արդեն պարբերություն է քանի որ նշանակում է այո։ Ինչպես է նա շտապել։
   Հիմա նախադասության համար։ Շտապելը ողջունելի է։ Սա կամ նախադասություն է կամ նախադասության մաս եթե նախադասության մաս է ապա ամբողջական նախադասությունը կլինի նրա շտապելը ողջունելի է։ Կարողը ինքնին նախադասության մաս է կազմում։ Նա նախընտրում է նրանց։ Նրան ասել եմ թե ուր է մտադրված տեղը։
   Կողջունվեն երբ գան։ Կողջունվե՞ն երբ գան։ Աճի փոխարեն նախադասություն։ Պետք է եթե նրանք։ Կողջունվեն երբ գան։ Սա հեշտորեն պարբերություն է դառնում։ Նորից փորձիր։
   Նրանք ստիպեցին ստիպեցին նրանց երբ նրանց մոտ էին։ Սա նախադասություն է։ Այն պիտանի չէ քանի որ ստիպեցինը կրկնվում է։
   Դարան մտնելն ի հայտ բերեց որպես սերկևիլի թխվածք։ Սա կատարյալ նախադասություն է որովհետև կապված է ափսոսանքի հետ։ Նրանք ափսոսում են այն ինչ տվել են։ Դեռ պարբերության կարիք չկա։ Չեմ կարող նրան տեսնել։ Սա արդեն պարբերություն է։
   Մտածիր թե ինչ կարելի է անել պարբերության հետ։ Նախադասությունը սպառվում է նրանք նրա հե՞տ էին այնտեղով։
   Պիտանի և պիտանի եթե ավելացնես տուն կստացվի պարբերություն։ Նա եղբորն է շատ նման։ Սա ամբողջական նախադասություն է։
   Շները հոգնում և ուզում են քնել։ Այս նախադասությունը պետք չէ չարաշահել։
   Նրա դիմանկարը նկարել են ֆրանսիացին, հոլանդացին, անգլիացին ու ամերիկացին։
   Իմաստով բավարարում է։ Նախադասություններում սա համարվում է նորաձևություն։
   Շունը որ երբևէ չես ունեցել հոգոց է հանել։ Սա նախադասություններում հարմարանք է ասենք նման է գիպսի մեջ ճենապակու։ Այս ամենը միասին հակադարձ չունի։ Ո՞րն է պաշարի ու հակադարձի տարբերությունը։ Նրանք կարող են մոլորվել։
   Մոլորված ու հակասված։ Հայտնի էր որ կինը ով նրա կինն էր։
   Ճշմարիտ հույս։ Շտապիր նախադասությամբ։
   Սա մեր հայտարարություններն են։
   Նախադասություն։ Նա նրան պարտական է նրան տալ։
   Նախադասություն։ Նա պետք է որ հանքեր ունենա։
   Նա լսեց թե ինչպես նա ներս մտավ։ Ծիծաղեցը բառ է։
   Եթե որևէ բառ քեզ հիշեցնում է ուրեմն նախապատրաստություն է որ նրանք ժամանակի ընթացքում անում են այնպես որ լինի բոլորի հետ։
   Շաքարակալածը բառ է որ սխալ էինք հասկացել նա կարող է լիճ ունենալ։
   Նրանց համար ճշգրտության զենքերն անպետք են նախկինում։
   Մտածիր երևակայության մասին ինչպես որ այն քեզ է վերաբերվում։ Դռան բռնակներ որ նա հավանում է։
   Հիմա այլևս իմաստ չունի կանգ առնել երբ նրանք մտան ներս։
   Նա հիշատակեց եզերելը եզերելը գործածում են ինչ-որ բանի շուրջ կար անելիս։ Դժվար է մի բանի շուրջ երկու անգամ մտածել։
   Սա շատ լավ է արված քանի որ կանգ չի առնում։
   Ձուն ձկներից է և թռչուններից։ Սա լիովին ընդունելի է։ Ասա նրանց թե ինչպես պետք է ավարտեն։
   Սա արդեն նոր պարբերություն է։ Վերջը ասա նրանց թե ոնց ավարտեն այն դարձնում է կարևորություն։
   Գերազանց որակը հարաբերվում է անվադողերի հետ։ Ինչպես են նրանք։
   Դա պարբերությունը բավարարելու ձև է։ Մտածիր եթե կարող ես։ Ինձ համար դժվար է իմանալ այո կամ ոչ։ Այոի մեջ դժվարություն չեմ տեսնում ոչ ասացի։ Ասացի կանեմ և արեցի։ Առաջ այդպես չէր։
   Սա սովորական պարբերություն է որ տարբերվում է բովանդակությամբ։
   Ինչպես որ նրանք դա ուզեցին։ Ինչու է ինչպես որ նրանք դա ուզեցին նախադասություն։
   Մտածիր ոնց եսի մասին որպես անհրաժեշտ մի բան։
   Նա այն տվեց նրանց այսօր։ Հիմա ուշադիր մտածիր հրեշավորության մասին։ Նա այն տվեց նրանց որ տան ուրիշին։ Նրանցից ով այն դեն նետեց։
   Անտարակուսելի է որ սերը բոլորի տերն է։
   Այս նախադասությունն իր ծագման մեջ հույս է պարունակում։
   Տեսնված լինելով գոբելենը հեշտացված է։
   Մտածիր բոլոր այս նախադասությունների մասին ու չձանձրանալու համար։
   Ի վերջո որն է դրա ու քո տարբերությունը։ Բոլորն ասել են որ ուրախ են։
   Մի փոքր կտորը նորմալ է եթե երկու նախադասություն կազմում են պարբերություն որովհետև առանձին ավելի լավ են աշխատում։ Նրանք թե հաճույք են պատճառում թե բարձրաձայն։ Հիմա մտածիր։
   Անհեթեթի նման մի պարբերություն։
   Ոչինչ։
   Ուրեմն այնտեղ մենք բոլորի նման ենք նույնը։
   Չէ ոչ բարձրաձայն երբեք մի ավելացրու որքան թույլատրելի է։
   Նա ինչ նկատի ունի ուտելով։
   Ահա թե որտեղ ես։ Կան հետքեր որտեղով նա գնաց։
   Մենակ ինչ է անում։ Ահա թե որտեղ ես։ Ձախ ձախ ձախ աջ ձախ նա ուներ լավ աշխատանք ու գնաց։
   Գնիր մի զույգ և նրանց հետ արա նրանց համար ինչ նրանք նույնպես հավանում են։
   Ուղղակի անհրաժեշտ է որ Ֆաննին գրկի։
   Հիմա այս ամենը դեռ նախադասություններ են։ Պարբերություններն այնուամենայնիվ դարձան քո եսասիրության պատճառը։
   Իսկ խեցեմորթը այն է ինչ ուտում են։ Սա ոչ պարբերություն է և ոչ էլ նախադասություն։
   Երբ այնտեղ է այնտեղ է դրսում։ Սա ոչ թե նախադասություն է այլ զգացմունք։
   Ուրեմն մտածելու համար չէ այլ կապակցելու։ Մի քիչ այնտեղ։ Կորցրեցի մանժետիս կոճակի մի կտորը և հետո գտա այն։ Սա նախադասություն չէ քանի որ նրանք մնում են հետևում։
   Ահա ուրեմն։ Ստացվեց։ Նրանք չեն թողնում որովհետև ուղարկում են։ Այն պահին երբ անում ես ավելին ստեղծում ես խզման ենթակա մի ենթակա։ Մի նախադասություն լսվեց։ Հիմա լսիր։ Ինձ համար պատրաստել տուր։ Դա խնդրանք է։ Նախադասությունը ճիշտ է եթե նրանք ունեն ավելին քան կարող են։ Կարող են։ Առանց այն թողնելու։ Նախադասությունը ոչ թե պատմում է այլ պահում։ Պահումը մի տեղ է ուր բաներ են դնում։ Ուրեմն ինչ է նախադասությունը։ Նախադասությունը հույսով է որ դու շատ լավ ես ու երջանիկ։ Այն չափազանց եսասեր է։ Նրանք սիրում են լինել տարված։ Նախադասությունը կարող է ապահովված լինել։ Նախադասությունը ստացվում է այն պահին երբ ցրում ես ամբոխը։ Նրանք դրա վկաներն էին նույնիսկ եթե չկանգնեցիր։ Այնտեղ չկա պարբերություն։ Կլիներ եթե ուրիշ հայր ունենար։
   Լսեցի թե ինչպես բոլորին հավանեցին ու ես էլ այդպես ասացի։
   Դա նախադասություն չէ և տեսնում ես թե ինչու չէ այն ինչու պետք է լիներ։
   Մի անգամ երբ նրանք համարյա պատրաստ էին նրանք այն պատվիրել էին փակել։
   Սա հիանալի օրինակ է և ոչ այն պատճառով որ ավարտ է այն վերջացած չէ և ոչ էլ շարունակված այն ամրացված չէ և նրանք չեն արհամարհի։ Այդպես ուրեմն նրանք չեն արհամարհի և այնուամենայնիվ նրանք կրկին բեղավոր են։ Մտածում նրանք ավելի՞ են բոյովանում մորուք ունենալուց հետո։ Այո չնայած փորձը հակառակն է ցույց տալիս։
   Մի անգամ երբ նրանք համարյա պատրաստ էին նրանք այն պատվիրել էին փակել։
   Սա նախադասությունը փրկելու շարքից է։
   Դիտողություններ են արվում։
   Սպասարկուները սրամիտ դիտողություններ են անում։
   Վճարում էին ուր որ գնում էին։
   Որոնց սովորույթների տերն են նրանք ունեն դրանք չեն նպաստում որևէ բանի պետք չեն։
   Փետրվար է։
   Ավելացնում են։
   Նրա ձայնն իմին նման չէ։
   Եվ ոչ էլ իմ ձայնն է նման նրա ձայնին։
   Մտածիր որ նախադասություն է ստեղծվել։
   Ես շատ թշվառ եմ նախադասությունների վերաբերյալ։ Կարող եմ սգալ նախադասությունների համար բայց ոչ ասենք գլխաշորի։
   Ուրեմն սա տեղի տալու մի ձև է։
   Ինչ-որ նախադասություն մտածիր։ Լիակազմ նախադասություն։ Ով բարի է։ Մենք ճանաչել ենք մեկին ով բարի է։ Շատ լավ նախադասություն է։
   Առանձին բարձն այնքան էլ հարմար չէ։
   Սա նախադասություն է որ հայտնվում է մեջտեղում ոչ այլ բաների մեջտեղում այլ հենց նույն բանի մեջտեղում։
   Նրանք ունեն դա որպես բարգավաճումներ։
   Նախադասությունը ստացվում է ընդհատմանը ենթարկվելով։

   Գիլբերթի սիրած արտահայտությունը դա լսածներիցս ամենադաժանն էր։
   Նախադասությունը փրկելիս հատոր առաջին։
                                   Կամ երեք
   Կարճ պատմվածքի և պարբերության տարբերությունը։ Չկա։
   Նրանք գալիս են ու գնում։ Գիլբերթի սիրած արտահայտությունը դա լսածներիցս ամենադաժանն էր։ Եվ իրոք այդպես է։ Նա շատ դաժան բաներ է լսել և դա նրա լսածներից ամենադաժանն էր։
   Շատ դժվար է նախադասություն փրկելը։
   Մի մասը բացատրված է։
   Ինձ դուր է գալիս դրա վկայությունը։
   Նա ինչպես միշտ կխուսափի։
   Երաժշտությունը միօրինակ է։
   Սա նախադասություն է։ Նրանք այս հայտարարությունը դիտարկում են որպես բացառություն քանի որ լինելու են բացառություններ երբ բառերը միջոցների սուրհանդակներն են, որոնցով նրանք ստեղծեցին անուններ։ Նա բառերը նվագների պես էր հնչեցնում։
   Տներն ինչպես են ամբոխված։ Տեղափոխվելու մասին խորհող ամբոխ։ Սա սովորական նախադասություն է կանգնած նրանք առարկելու ենի առաջ։
   Շան հետ խաղալն ուղղակի հաճույք է։
   Տաղավարը մեկուսացված տեղ է որտեղ նրան ունեին անուններ։ Գտիր նրանց անունները։ Այս ամենը բախվում է առարկությանը։
   Ճանապարհի մի փոքր հատված ու նա գալիս է ասելու որ չնայած դրան մյուսն ամենալավ ձևով խնամված է։
   Սա խնդությամբ լի թեթև նախադասություն է և այսպիսով նրանք դա ունեն։ Հասկացիր և հասկանալ։ Այնքան թեթև է որ լի է հույզով ու հետևաբար պարբերություն է։ Այո հետևաբար մի պարբերություն։
   Մարդ։ Մի մարդ։ Մի մարդու համար հետաքրքրական։ Ասում են իրենց համար հետաքրքիր կլինի։
   Ինչպես են մերոնք ընդունվում։ Այս հարցը նրանք են տալիս։ Հիմա մի որևէ նախադասություն մտածիր։ Սրանք բոլորը մասեր են։ Մի մարդ չորս երեխա է ստեղծում։ Նրան առանց ուշադրության չեն սովորեցնում։
   Այս նախադասությունը հայտնվում է միևնույն տեղում ինչ ամենը որ նրանք ասացին։
   Ուրեմն որն է նախադասության և մտքումս ունեմի տարբերությունը։
   Տարբերությունը նախադասությունն է այն է որ նրանք կցանկանան կանանց։
   Հիմա բոլորիդ համար պա՞րզ է։
   Ահա մի նախադասություն։
   Նրանք վերադառնո՞ւմ են։ Սա նախադասություն չէ։
   Նախադասությունը այս պահից ես կորոշեմն է։
   Հետո նրանք շտապել են։
   Նախադասությունը կարող է լինել երեք բան որ կարող են օգտագործել։ Նախադասությունը կարող է լինել երեք շտապ արված բան։
   Արի ինձ տեսակցության։
   Արի հինգշաբթի ու կտեսնես նրանց։
   Սպասիր ինչին որ սպասում ես։
   Մինչև որ գա հասնի տեղ այլևս ձանձրացան և այն է ինչ ընտրել էին։
   Ինձ դուր է գալիս ինչ տալիս են ինձ։ Բոլոր այս նախադասությունները կազմվել են նրանց օգնությամբ։
   Հիմա մենակդ ստեղծիր մի նախադասություն։
   Նրանք հիշում են զբոսանքը։ Հիշում են դրա մի մասը։ Որն իրենց հետ վերցերցին։
   Հիմա ով է թեթևացնում հաճույքը։
   Պետք է որ շատ երջանիկ կին լինեմ։
   Կանխամտածված մտածմունքը վերաբերում է վերլուծությանը։ Ահա սա նախադասություն է բայց կարող է և չլինել։
   Կանխամտածված։ Նշանակում է մտածելուց առաջ մտածված։
   Մտածմունք։ Նշանակում է վերապահել մտածելու իրավունքը։
   Վերաբերում է։ Այս բառը նախադասության մեջ չի կարող լինել։ Որովհետև ինքնին անգործածելի է։
   Վերլուծությունը կանացի բառ է։ Նշանակում է որ նրանք հայտնաբերում են որ կան օրենքներ։
   Նշանակում է որ նա այսքան երկար չի կարող աշխատել։
   Դժվար է ժամանակը չսպանել։
   Դժվար է չհիշել թե ինչ է։
   Նրանց հետ համաձայնվում են հանգամանքներում։
   Նախադասություններից կարելի է հոգոց հանել։
   Կային երեք տեսակի նախադասություն կա՞։ Նախադասությունները հետևու՞մ են երեքին։ Կա երեք տեսակի նախադասություն։ Կա՞ երեք տեսակի նախադասություն որ հետևում են երեքին։
   Եթե նրա ականջը ետևում է չորանո՞ւմ է։ Մեկն ասում է որ կա երեք տեսակի նախադասություն և մնացած բոլորը նույնն է։ Կարագը բարակ է քսվում։
   Նրանք այն դարձրեցին բացակա երբ գնացին կամ ուղարկվեցին։ Սա հիշողության ու վերարտադրության խառնուրդ է։ Երբեք աղմկոտ չէ։
   Ոչինչն է աղմկոտ։
   Ինչպես են նախադասությունը նույնն է։
   Եթե շատ լավ է եփված կարագով են պատրաստում։ Ես նախընտրում եմ առանց կարագի։
   Ինչ է արցունքներով նախադասությունը։ Նա իր գոբելենում օգտագործում է կարմիրնե՞ր կարմիրնե՞ր գոբելենում։ Բոլոր այս նախադասություններն այնքան լի են ապակով, ապակին պահվում է այդպես կարող է նաև սուրճ պատրաստել։ Հիմա ինչ է պատահել։
   Նախադասություն Հումբերտը նրա հե՞տ է։
   Այնքան քիչ թագավորներ կան։ Նա շատ խնդալու էր։
   Նա շատ խնդալու էր։ Սա նախադասություն է։
   Նա նման էր նրան։ Հիմա որ տեսնում ես դրա պատճառով է որ այդպես չէ, նա ճիշտ նրան էր նման։ Ճիշտ նույնությամբ։ Եթե մի պարբերություն մոռանաս։
   Ներս ցատկիր հույսով։
   Արհամարհելով։
   Կգրեմ Քրիստիան Բեռարին։
   Ոչինչ։
   Մեկ կամ երկու անգամը տարբերություն չի անում։
   Տարբերություն չի անում։
   Արի մտածենք։
   Ոչ մի տարբերություն չկա։
   Նրանք ամրացնում են որ նրանք չեն նկատելով։
   Նա չի տուժի նույնիսկ եթե դա անհանգստացնի նրա ատամներին դրանով։ Հիմա լավ մտածիր արդյոք դա ասում են։
   Եթե կարողանայի նախադասություն կօգտագործեի։
   Ինչու այստեղ նստած լինելն ինձ չի ոգևորում։
   Ով է սիրում լսել նրան նրանց մասին լսելուց։ Տես թե ինչ վատ ստացվեց։
   Նախադասությունը փրկված է ոչ ցանկացած նախադասություն ոչ բնավ ոչ ցանկացած նախադասություն դեռ հիմա չէ։
   Նախադասություն փրկելը հեշտ բան չէ։ Նախադասությունը հենց այս մեկն է որ փորձում են փրկել եթե հաջողեն որի մասին կանխագուշակել են։
   Երբեք որևէ մեկին մի հարցրու թե ինչ է նախադասությունը կամ թե ինչ է եղել։
   Կարևոր չէ որ իմանաս թե դա ինչ կապ ունի դրա հետ։
   Վերադարձիր գոհունակությանը։
   Ինչ է նախադասությունը։
   Եթե նա ցանկացել է։ Վայրի և մինչ։
   Նախադասությունն ասում է որ ավարտվում է նրանով որ նրանք ուղարկեն որ իրենք իրենց կատարելագործեն նախադասության համար։ Նախադասությունն այն է որ նրանք կունենան նրանք նո՞ւյնպես լավ կլինեն։ Ինչ է նախադասությունը։ Նախադասությունը մի հայացքից նրանց հետ ուշացումով է վերաբերվում որպես առաջընթաց։ Հապա մի լսիր։ Իհարկե որևէ տարբերություն կա եթե նրա ձայնը լցված է նրանք լավ կլինեն եթե նրանց ողջունեն այնքանով առանց ինչպես նաև դրա հետ։
   Այս ամենը թեթևացնում է։
   Ամեն ինչ համեղ է պուդինգով պուդինգից պատրաստված հրեշտակ։
   Հիմա հասկանու՞մ ես թե ինչու եմ երջանիկ։
   Երջանիկ նշանակում է հայտնաբերել թե ինչ է անում։ Ինչ է որ անում է։
   Որն է հարցի ու պատասխանի տարբերությունը։ Չկա հարց ու չկա պատասխան։ Կա միայն հայտարարություն։ Կա սկզբում։
   Երբեք չեն ունեցել սկիզբ։
   Մեզ թվում է որ եթե ասենք մենք մենք կգնանք։
   Պարզ իմաստ ունի։ Նախադասություն որ պարզ է իմաստի հետ խաչման մեջ։
   Նախադասությունն ասում է գիտես ինչ ի նկատի ունեմ։ Սիրելիս գիտե՞մ ուրեմն երևի թե գիտեմ։
   Հեռու մնա այդ դռնից ու հետ գնա այնտեղ, այստեղ իմաստ չկա կա միայն զուգորդում այդպե՞ս է անում այո այդպես է անում բայց ոչ կռահելով կամ տարբերությամբ տարբերություն չկա։
   Մտածում եմ այնտեղ որ կցանկանայի այստեղ։
   Ոչ մի շարժման համար։
   Որևէ տարբերություն կա եթե նախադասությունը կիսված չէ։
   Շաբաթից փոխում ենք այսօրվա։
   Նա մտածում է որ կարող է ցանկանալ որ կարող է անել այնպես որ լինի այնտեղ։
   Ինչ է նախադասությունը։ Այն տոնավաճառ չէ։ Տոնավաճառին հաջորդում է մասնակցելը։ Սա իրավամբ կազմում է նախադասություն։
   Մտածիր թե ինչպես են բոլորը հետևում ինձ։
   Նախադասությունը նրանց դարձնում է դժվարությունից ոչ խուսափելի։ Նախադասությունը հետևյալն է։ Նրանք երբեք նախօրոք չեն մտածում եթե այդպես է ուրեմն գորգեր են փռում։ Գորգեր փռելը հրաման չէ երբեք։ Ինչպես տեսնում ես նախադասությունն իր մեջ գաղտնիք չի պարունակում։ Գաղտնիք կլինի ընդունելությունը։ Նրանք ոչինչ չեն ընդունում։ Այսպիսով եթե այն ավարտի։ Նրանք ակնհայտորեն կանեն հետևյալը։ Այն ինչ նրանք ակնհայտորեն կանեն սխալ չէ որովհետև մենք դա չգիտեինք։ Մենք դա չգիտեինքն էլ սխալ չէ։ Հանգիստ թողնելը որպես սխալ նրանց չի պատկանում։ Անվանում են արհեստականորեն երբ հայտարարում են։ Ով գիտի թե նրանցից քանիսն են զգույշ եղել։ Նախադասությունները լավ են կազմվում մեկ առ մեկ։ Ով է կազմում։ Ոչ ոք չի կարող նրանց ստիպել քանի որ ոչ ոք չի կարող ինչ էլ որ տեսնեն։
   Այս բոլորը նախադասությունները դարձնում է այնքան պարզ որ ես արդեն գիտեմ թե ինչպես եմ հավանում։
   Ինչ է նախադասությունը հիմնականում ինչ է նախադասությունը։ Նրանց հետ նախադասությունը մեզ հետ է մեր մասին ամբողջությամբ մեր մասին որ մենք կհամաձայնվենք թե ինչ է նախադասությունը։ Նախադասությունն այն է որ նրանք չեն կարող լինել զգուշորեն որի մասին կասկածներ կան։
   Մեծագույն հարցն այն է կարո՞ղ ես նախադասություն մտածել։ Ինչ է նախադասությունը։ Նա նախադասություն մտածեց։ Ով է նրան կանչում որ գա նա եկավ։
   Ըրլզի ընդունարանը ընդունարան էր մի տան մեջ որ գտնվում էր Լիննում։ Արդյոք կա որևէ տարբերություն եթե նախադասությունը համաչափ է կա և չկա։
   Նախադասության համաչափությունը բլուր և կլոր է։ Նրանք քեզ ցանկացած վայրում շնորհակալություն կհայտնեն։ Ինչ է նախադասությունը։ Նախադասությունը պատճեն է։ Ճշգրիտ պատճենն արժեզրկված է։ Ինչու պատճենված նախադասությունը չի արժեզրկվում։ Որովհետև այն վկա է։ Առանց արժեքի վկաներ չկան։ Նույնիսկ այն որ կարող է նրանք չգիտեն որ նրանց աջ ձեռքը նրանց աջ ձեռքն է և ոչ էլ նրանց ձախ ձեռքը որ նրանց ձախ ձեռքն է։
   Ուրեմն նախադասությունը հեշտորեն կարող է սխալվել։ Նախադասությունը պետք է գործածվի։ Ում համար են նախադասություն կարդացել։ Նա կզմայլվի այն ամենով ինչ ունի և լսել է։ Սա չափից ավելի սիրուն նախադասություն է որը փոխվել է։
   Ես չէի ակնկալում որ կհետաքրքրվեմ բայց այդպես է։ Հիմա հարցերից ամբողջ հարցն է շատ հետաքրքրական ոչ թե պատասխանը։ Ամբողջ բանը լրիվ օրվա մասին ոչ էլ այդպես է երբ նրանք պատկանում էին։ Ինչ բան է հարցը։ Հարցի համար շնորհակալություն հայտնելը սխալ չէ։
   Շաբաթից փոխում ենք այսօրվա։

[Անգլերենից թարգմանեց և ծանոթագրեց Շուշան Ավագյանը]

No comments:

Post a Comment