August 2, 2010

Անեսթեզված տեքստ / The Anesthetized Text



Լիլիա Խաչատրյան, Անեսթեզված տեքստ. թարգմանությունը որպես սնանկ հավակնություն, էսսե։
Տատիա Սխիրթլաձե (in absentia), Իսկական երազ ա, գիտես, լուսանկար։

Lilia Khachatryan, The Anesthetized Text: Translation as a Bankrupt Claim, an essay.
Tatia Skhirtladze (in absentia), It’s a Real Dream, You Know, photograph.

Թարգմանության պարադիգմի և թարգմանական մուլտիստրատեգիաների դիսցիպլինային մատրիցայի բախման արդյունքում տեքստն առանց խտրության ենթարկվում է ցավազրկման ու բժշկվում: Թարգմանության մեջ, ինչպես վիրահատության ժամանակ, մարմնի մի մասը չի վերականգնվում ու նետվում է մի կողմ, կամ ենթարկվում իրեն ոչ հատուկ ձևափոխությունների, կամ տեղադրվում, ներկրվում է նյութ` տրանսպլանտատ, որը մարմնի համար օտար է սկզբանե…

Ցանկացած թարգմանություն սնանկ հավակնություն է միտված լուծելու նախօրինակի և թիրախային տեքստի լեզուների տարածության մեջ կողպված տեսքստի առանց կորուստների դուրս բերելու անիրագործելի խնդիրը: Ընդունելով լեզվի բազմիմաստության ու իմաստի հարաբերական սուվերենության դրույթները հանգում ենք նրան, որ թարգմանությունը մի լեզվով գրված տեքստի վերագրում չէ մեկ այլ լեզվի լեզվական նշանների միջոցով, այլ նախօրինակի հնարավոր ընթերցումներից մեկը: Ընտելացում և վերագրում բառերը կիրառելի են նույնիսկ թարգմանական նվազագույն միավորի` բառի թարգմանման դեպքում, քանզի նույնիսկ այն բառերը, որ ընկալվում են որպես համարժեքներ, տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների, ուր մնաց առանձին անհատների ու օրինակների դեպքում արթնացնում են տարբեր պատկերացումներ: Ուստի թարգմանության մեջ առկա ընտելացումը չի կարող օտարվել որևէ կերպ: Օտար տեքստի լեզվաբանական և մշակութային տարբերությունները կարող են միայն ազդանշվել անուղղակիորեն`թիրախային լեզվի կառուցվածքային ու իմաստային խախտումների/խզումների միջոցով, որը տեղական աջակցված, հաստատված, ուստի և բնականացված թարգմանական չափանիշների և դիսկուրսիվ ստրատեգիաների հարցադրման ու տեղական մշակույթում արժեքներ դասակարգող ստորակարգությունների կազմալուծման միջոցով սկզբնավորում է ապածանոթացման կամ տարօրինակման գործընթացը, գրական-կանոնական չափանիշների վերափոխումը, գաղափարախոսական քննադատությունն ու ինստիտուցիոնալ փոփոխությունը, որը կարևորում է ընդունող/հյուրընկալող մշակույթի և գրականության ձևավորված համակարգերում բնօրինակի կարևորության ենթակայման կասեցումը`անհավասար իշխանական հարաբերությունների դիմակազերծում հետապնդելով:

Եթե թարգմանությունն ընկալվում է որպես Լ տեքստի փոխարինում սեմանտիկորեն և պրագմատիկորեն համարժեք Բ տեքստով, ապա այդ համարժեքության առաջին պահանջն է, որ թարգմանված տեքստի ֆունկցիան համարժեք լինի օրիգինալի ֆունկցիային: «Ֆունկցիա» տերմինն ինքնին ենթադրում է օբյեկտի դեր, գործողություն որոշակի համակարգի շրջանակներում, հետևաբար տեքստի ֆունկցիան էլ իր մտահայեցողական ու միջանձնային բաղադրիչներով հանդերձ տեքստի ենթարկումն է գործողության որոշակի, սպեցիֆիկ, մասնավոր, առանձնահատուկ կոնտեքստում: Թարգմանված տեքստի ֆունկցիան այլ մշակույթի կոնտեքստում չի կարող լինել իդենտիկ նրան, որով օժտված էր թարգմանվող տեքստը: Ուստի թարգմանության իրագործելիությունը հերքվում է իր իսկ նախապայմաններով:

No comments:

Post a Comment