http://www.womenofarmenia.org/blog
for ENGLISH VERSION read here
Մայիսի 9-ը մեր երկրի շատ-շատ բնակիչների համար տոն է, իսկ ինձ համար այդ օրվա հետ կապված հիշողությունները մինչև այսօր սարսուռ են առաջացնում մարմնումս: Այս դեպքի մասին որոշեցի գրել այն բանից հետո, երբ Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոնի PR արշավի շրջանակներում լսեցի բազմաթիվ բացասական արձագանքներ՝ թե «Ի՞նչ եք խառնվել իրար: Հայաստանում կանանց հանդեպ բռնություն չկա»: Մեղավորներից մեկը ես եմ... որ լռել եմ:
Գիշերային հրավառությունը դիտելուց հետո ընկերոջս հետ դեպի տուն էինք քայլում Բաղրամյան փողոցով (երկուսս էլ +/-18 տարեկան): Մեր տան մոտակայքում գտնվող «Պուշկինի» (այժմյան «Սիրահարների») այգին վերջին տարիներին անուշադրության էր մատնվել քաղաքապետարանի կողմից. մինչև իսկ նստարանի փայտերը այրվել էր Երևանի ցուրտ բնակարաններից մեկում: Այգին՝ իր բազմաթիվ մութ ու ամայի ծակուծուկերով, շատ սիրահար զույգերի համար ժամանցի մշտական վայր էր դարձել: Մենք էլ երբեմն առանձնանալու համար գտնում էին այնտեղ մարդկանցից հեռու մեր անկյունը, ինչը և որոշեցինք անել հենց այդ օրը: Բուռն համբույրներն ու սիրախաղերն ընդհատվեցին ինչ որ մեկի ոտնաձայներով: Հանկարծ մթության մեջ ինչ որ մի երրորդ անձի բջջայինի լույսը բախվեց երեսիս: Համազգեստով տղամարդ էր՝ թաքցրած շոկոլադը հայտնաբերած երեխայի գոհ ժպիտը դեմքին: Բջջայինի լույսով ուսումնասիրելով մեր դեմքերն ու գոտկատեղից ցած գտնվող հատվածները՝ նրա ժպիտն էլ ավելի պայծառացավ, երբ նշմարեց իմ արձակված գոտին: «Ք**վում էի՞ք», - հնչեց լկտի քմծիծաղ: Մենք վախից սառել էինք: «Հիմա գազելը ընդեղ կանգնած ա: Լավ կլինի՞ լցնեմ մեջը տանեմ»: Այգու մոտակայքում տեսնելով «Պարեկային Ծառայություն» մեքենաներ՝ միշտ մտածում էի, թե ի՞նչն է նրանց դերը: Հիմա մտքումս արեցի եզրակացություն, որ թմրամոլների և հարբեցողների շարքին էին պատկանում նաև հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունեցող զույգերը: Մեզ սպասվում էր դժվարին խնդիր. համոզել համազգեստով աշխատակցին, որ այդպիսի բան տեղի չի ունեցել: Իհարկե չհավատալով՝ նա որոշեց ինքը համոզվել՝ փորձելով ձեռքի շարժումներով ստուգել իմ «մաքուր» լինելը: Միայն օրենքներն ու իմ իրավունքները թերի իմանալու պատճառով ես թույլ տվեցի նրան ընկերոջս աչքի առաջ նվաստացնել ինձ: Ընկերս շատ էր վախեցած... Միայն շարունակ պնդում էր, որ ոչինչ չի եղել: Իսկ ես, միայն պրոբլեմներից զերծ մնալու համար, ինձ ենթարկում էի նրա քմահաճույքներին: Իր անգրագիտությունից («հեղուկը կուսության բացակայության նշան է») համոզված, որ իր կասկածները տեղին էին, ասաց ընկերոջս, որ ուզում է ինձ հետ առանձին զրուցի: Տարավ ինձ մի քանի մետր հեռու: Ես համոզվեցի, որ ընկերս շատ հեռու չեր:
Եվս մի անգամ դիպչելով իմ մարմնի տարբեր մասերին, նույն լկտի ձայնով ասաց. «Սիրուն ջան, մենք էս հարցը կարանք շատ հեշտ լուծենք: Պռոստը ընգերդ պիտի չիմանա սրա մասին»: Մինչ ես փորձում էի հասկանալ, թե արդյոք ճիշտ եմ հասկանում նրա ասածը, նա շարունակեց. «Քո համար հաստատ լավ կլինի: Դու չես ուզում չէ, որ ծնողներդ իմանան, որ ք**նվել ես»: Ես ինձ վերջապես հավաքեցի այդ ապտակից հետո ու բացատրեցի այդ կենդանուն, որ ես ցիվիլ ընտանիքից եմ, ու ծնողներս ոչ մի կերպ չեն խառնվում իմ ու ընկերոջս հարաբերություններին: Հասկանալով, որ իր մտադրությունը ձախողվում է, նա ուղեկցեց ինձ ընկերոջս մոտ, բարի ապագա մաղթեց: «Ես վերևը տղեքին կասեմ, որ ձեզ բան չասեն: Ձեզ պետք ա՞ տուն ճանապարել»: Ու չքացավ: Արցունքները գետի պես հոսում էին աչքերիցս:
Մի քանի օր շարունակ մեր մեջ տիրում էր լռություն: Հիշելով ընկերոջս անօգնական հայացքը, երբեք չկարողացա պատմել նրան մեր խոսակցության էության մասին: Շուտով այգին փակեցին ու սկսեցին վերանորոգել: Շուրջ երեք տարի չպատմեցի ոչ ոքի: Ամաչում էի: Ամաչում էի, երբ ամոթալի ոչինչ չէի արել: Ամաչում էի, երբ պետք է ամաչեր «օրենքի ու կարգ ու կանոնի պահապանը»:
«Մայիսի 9-ը Գ.Կ.-ի օրագրում»
No comments:
Post a Comment