December 3, 2008

մաս երկու մաս առաջինից

. . .

Նա նստում է գրասեղանի առաջ, նայում ձեռքերին ու սկսում տպել—մի գիրք, որ դուրս է մնալու բոլոր կարգերից ու կանոններից ու պարզապես իր պարզությամբ ու անկարգությամբ լինելու է արտակարգ:

Բայց բոլորս էլ հետաքրքրվում ենք հանճարների կյանքով ու գրում նրանց կենսագրությունները, գրում ենք այնպես ինչպես որ ուզում ենք տեսնել նրանց, ինչպես որ պատկերացնում ենք, ու ինքներս ստեղծում նրանց` մեր հանճարներին, ինչպես օրինակ Մուրն էր հետաքրքրվում Բայրոնի կյանքով ու գրում նրա կենսագրությունը, այրելով նրա նամակներից շատերը, կամ ինչպես ծանոթ խմբագիրն էր մկրատով կտրատում Չարենցի բնագրերը, ու տպում ենք գրքեր, կառուցում գրադարաններ, հղկում արձաններ ու պաշտում ենք նրանց պաշտելով նաև մեզ ու մեր առավելությունը, որ գիտենք թե ինչ է հանճարը, որ հասկանում ենք տարբերությունը, ու կարողանում ենք այդ տարբերությունն իմաստավորել: Այնուամենայնիվ գիրքն այս չի կամենում, ու չկամենալով չի դառնալու կենսագրություն. այլ նպատակներ ունի: Լավագույն դեպքում կձևավորվի որպես թարգմանություն: Կամ միգուցե արդեն ձևավորվում է: Ինքնըստինքյան:

Զանգից հետո, երբ վերադառնում էինք դասարան:

Սակայն 1991-ի նոյեմբերին շատ ընտրություններ չունեինք. շատերիս բնակարաններում այրվում էին գրքեր ու հնարավոր է, պատահականորեն, առանց իմանալու, որ այրվող գրքերից մեկը լիներ հենց այն ոսկե պատյանով գիրքը, որի կազմը փոփոխվում էր ամեն օր, ու որը կարդալով մեր աչքերի տակ հայտնվում էին մուգ (սև) կիսաշրջաններ, բայց ընկեր Մարտիրոսյանի դասարանում, որտեղ եթե ոչ ծխի քուլաներն էին պարուրում մեր սառած մարմինները, ապա մեր իսկ շունչը, որն արտաշնչելով տեսնում էինք, պարզ, ու գիտակցում որ կենդանի ենք, և եթե նույնիսկ ընտրություններ չկային այդ ժամանակաշրջանում, ապա գոնե կարող էինք մաշել մեր օրագրերը այդ ոսկե պատյանով գիրքը ձեռքից ձեռք փոխանցելով ու փրկելով այն վառարանի ջերմությունից, ինչպես որ այդ օրվանից հարյուր տարի առաջ իռլանդացի հեղինակն էր պաշտպանել իր գիրքը, ընդունելով հասարակության դատավճիռն ու հեռանալով, ինչպես որ հեռանում են անվերադարձ, առանց հետ նայելու, որպես տարագիր:

Շեղվում ես նորից, ասում է: Գրի Արաքսից, գրի նրա մասին ու գրի այնպես որ ես էլ հիշեմ ու հիշելով պատկերացնեմ նորից նրա անհոգ կեցվածքը, կիսահեգնական, ասես, երբ իր ցուցահանդեսներին հայտնվում էր ուշացած, երբ բոլորն արդեն այնտեղ էին, խումբ-խումբ հավաքված, բոշա-բանաստեղծները, նիհար դասախոսները, Պապլավոկում հանդիպող երաժիշտները, սպասելով նրա երևան գալուն, իր հերթական (նոր) երկրպագուի հետ թևանցուկ, ասես ձեռքի նոր հովհար գտած, ու թե ինչպես էր հովհարելով բորբոքում կրակը, որն իր հայտնությամբ, իր ներկայությամբ բռնկում էր ողջ սրահը (նախկին երկրպագուներին):

. . .

1 comment:

  1. Հիշում եմ, 1990-ականների սկզբին պապիկս Մարքիզմ–Լենինիզմի հատորներ էր այրում, որ տաքացնեինք տունը։ Մինչ այդ պապս կյանքում ֆիզիկական աշխատանք արած չկար։ Իսկ այդ ժամանակ ստիպված էր և՝ հացի հերթ կանգնել, կամ վառելիք հայհայթել։ Բայց ամենակարևորն այն է, որ պապս, լինելով նախկին կոմունիստ,հատուկ այրում էր կոմունիստական գրականությունը՝ գիտակցաբար ընտրելով իր մոռացությունն ու հիշողությունը։ Բայց այն, ինչ թվում է, թե հատուկ արվում է մոռանալու համար, հատուկ դաջվում է հիշողության մեջ։
    Անժելա

    ReplyDelete