December 26, 2008

դաշտի շուշանը

ի պատասխան անժելային --

ահա մի շատ հետաքրքիր գործ, որի վրա երկար մտածել եմ ու դեռ շարունակում եմ մտածել.

դաշտի շուշանը

կռվարար, անհաշտ շուշանը դաշտի`
որ կյանքում երբեք չէր սիրել մեկին,
իր խռովահույզ սրտում միշտ վշտի
մրրիկն էր կրել անձայն անմեկին:

մի օր ջերմագին իր գիրկն առավ
քնքույշ մի ծաղիկ ու այնպես սեղմեց
որ խեղճ ծաղիկը շնչախեղդ մեռավ:

թիթեռը գուժկան լուր տարավ քամուն
վազեց նա դաշտից հուզված, հևիհև,
«ասա, ինչ արիր. ցույց տուր թշնամուն
թե դու . . . ով շուշան, ծաղիկ ես թե դև:

ասա ինձ մի խոսք. իզուր իմ սրտում
գգվել եմ քեզ միշտ, սերդ լռելյայն.
ասա ինձ մի խոսք. ինչու ես տրտում . . .

բոթաբեր լուրից այնպես հուզվեցի,
ասա ինձ ինչու . . .» շուշանը դաշտի
անտարբեր ասաց - այդպես ուզեցի . . .

այս (չ)կայացած սիրո մասին բանաստեղծությունը գրված է 1908-ին. գրողը` շուշանիկ կուրղինյան, որի մոտ հաճախ կրկնվում են հետևյալ (փոխառված հայ ավանդական աշուղների երգերից) փոխաբերությունները` ծաղիկը, ինչպես նաև ալիքները համեմատական են կնոջ կարծրատիպին, կամ ստանում են իգական հատկանիշներ («որպես քնքույշ մայիսյան վարդ / բողբոջել ես հայ աղջիկ», 1908), քամին, ժայռերը նրա բանաստեղծություններում համեմատական են տղամարդու կարծրատիպին կամ պարունակում են առնական հատկանիշներ, օրինակ հետևյալ բանաստեղծությունում.

կասպից ծովի ափին

ծածան-ծածան ծփծփալով
գրկած քամուն մոլեգին -
պար են գալիս օրորվելով
ալիք, կոհակ խնդագին:

ջան, սիրուն է ձեր երգ ու պար
դյութել գիտեք ամենքին.
գոռ փեշերով ազատ, անծայր
պարտկել եք եզերքին:

մեկն ահա վեր բարձրացավ
քամու կրծքին գալարված,
ինչ փսփսաց, ինչ խոստացավ
գիտե միայն ինքն, աստված:

մյուսը - գլխին փրփուր սանրով
աղեկտուր հառաչեց,
թույլ երերաց, փշրվեց շուտով
անգութ քամուն անիծեց:

և եթե սա էլ բավարար չէ, եթե դեռ չենք համոզվել որ ալիքներին տրված է կանացիություն, նույնիսկ կոկետություն ու իգական այլ ֆատալիստական հատկանիշներ, ապա կարդանք վերջին քառյակները, որտեղ ալիքներին տրվում է անուն, որտեղ նրանք նկարագրվում / համեմատվում են առաջին առասպելական կնոջ միջոցով, որի հետ է կապված նաև քրիստոնեական առասպելության առաջին մեղքը.

հեյ ջրային նազ եվաներ
հասկանում եմ ձեր լեզուն.
չեմ զարմանում, որ լողորդներ
ձեր պաղ գրկում մտան քուն . . .

խաղ եք անում կնոջ նման`
հազար ձևեր ստանում -
մերթ սիրում եք, մերթ սև մահվան
անդարձ անդունդ պատրաստում . . .

ծածան-ծածան ծփծփալով
գրկած քամուն մոլեգին.
ալիք-կոհակ հռհռալով
ինձ ծաղրեցին խնդագին . . .

բանաստեղծությունը գրված է 1905 թվին: նախ անդրադառնանք թե ինչպես կարող է բանաստեղծության կերպարը` խոսողը, այդքան լավ ճանաչել ու հասկանալ այն մահվան սև անդունդը, որտեղ անդարձ կորում են լողորդները. եթե ընդունենք որ գիտելիքը ձեռք է բերվում փորձառությամբ, ու եթե ենթադրենք որ խոսողը խոսում է իր անձնական փորձից, ապա հեշտորեն կարող ենք նաև գտնել այդ նույն խոսողին «դաշտի շուշանը» բանաստեղծությունում, որն իհարկե բացի նրանից որ ստեղծում է երկու ծաղիկների միջև ինչ-որ քմահաճ ու անբացատրելի, իրոք որ շատ տարօրինակ ու անսապսելի հարաբերություն, որտեղ ծաղիկներից մեկն անշնչանում է շնչախեղդ հպումից - կրկնեմ` երկու ծաղիկների հպումից, որն իր հերթին այնպես է հուզում ու անհանգստացնում քամուն (հասկացիր, միգուցե, օրինական ամուսնուն), որ նա հուզմունքից չգիտի ինչպես արձագանքի կամ վերաբերվի շուշանի (այստեղ իհարկե չենք կարող անտեսել ծաղկի տեսակի ընտրության ու բանաստեղծի անվան ոչ պատահական զուգադիպությունը) դիվային վարմունքին: կուրղինյանը որոշ բանաստեղծություններում ներկայանում է որպես դև (կամ հրեշտակ), որպես մի անօրենք ու կործանարար ուժ, որպես հակահերոս կամ հակաստված: ինքնակենսագրական է արդյոք այս բանաստեղծությունը: ի միջի այլոց, կուրղինյանը ծանոթ էր նիցշեի գործերին, հատկապես գերմարդու (Übermensch) ուսմունքներին, և համաձայն չէր նրա կանանց վերաբերյալ խղճուկ ու հետամնաց պատկերացումներին:

բայց իհարկե եթե ընդունենք որ գիտելիքը ոչ միշտ է ձեռք բերվում փորձառությամբ, ու եթե ենթադրենք որ խոսողը խոսում է ուրիշների (տղամարդկանց) փորձից, ապա միևնույն է ծագում է հարց. ինչու է խոսողը դրդված արտահայտել, ծածկագրի միջոցով, ներկայացնել մի շնչախեղդ հպում. ինչն է դրդում բանաստեղծին գրել այդ մասին:

ահա այս անբացատրելի (հակասական ու առաջադեմ) տարօրինակություններն են որ սիրում եմ կուրղինյանի գործերում:

--

No comments:

Post a Comment