July 28, 2021

Մոշել - Սիլվիա Պլաթ


Ոչ ոք չկա նրբուղում, ու ոչինչ, ոչինչ բացի մոշերից,
Երկու կողմից մոշեր` թեպետ հիմնականում աջ կողմից,
կեռ-կեռ վայր իջնող մոշենու կածան, ու դրա վերջում
ինչ որ մի տեղ՝ ծփացող ծով։ ։ Մոշեր
այնքան մեծ որքան բթամատիս կլոր մասը, որքան բթամիտ են աչքերը
Ցանկատնկերում սևացած, գիրացած
կապույտ-կարմիր հյութերով։ Սրանով են նրանք շռայլում իմ մատները։
Ես չէի խնդրել այսպիսի արյունակից քույրություն; նրանք պետք է, որ սիրեն ինձ։
Նրանք համակերպվում են իմ կաթի շշին, տափակեցնելով իրենց եզրերը։


Վերևում գնում են ագռավները սևի մեջ, աններդաշնակ երամ -
Վառված թղթի պատառներ պտտվելով պայթած երկնքում։
Նրանցն է միակ ձայնը, որ առարկում է ու առարկում։
Ես չեմ կարծում, որ ծովը երբևե կհայտնվի։
Բարձր, կանաչ մարգագետինները շողում են, կարծես լուսավորված լինեն ներսից։
Մոտենում եմ մի այնքան հասած հատապտղի թփի, որ այն ճանչերի թուփ է,
կանաչակապույտ նրանց փորերն ու թևերի թերթիկները կախված են Չինական էկրանից։
Նրանց ապշեցրել է հատապտղերի մեղրախնջույքը; նրանք հավատում են դրախտին։
Եվս մի կեռ ու հատապտուղներն ու թփերն էլ չկան։


Հիմա միակ գալիքը ծովն է։
Երկու բլուրների մեջտեղից հանկարծակի քամի է հեղում ինձ վրա,
ապտակելով իր ցնորք լվացքը իմ դեմքին։
Այս բլուրները չափից շատ կանաչ ու քաղցր են աղի համ առած լինելու համար։
Հետևում եմ բլուրների միջև գնացող ոչխարների արահետին։ Վերջին կեռը ինձ հասցնում է բլուրների հյուսիսային փեշին, իսկ փեշը նարնջագույն քար է,
որը նայում է դեպի ոչինչ, ոչինչ բացի մի ահռելի տարածքից՝
կազմված անագեղեն ու սպիտակ լույսերից, ու ժխորից, կարծես արծաթագործերն են
ծեծկում ու ծեծկում կամակոր մետաղին։

July 19, 2021

ասեղնագործված

փաստաթուղթ

July 13, 2021

Բաց Թողնելով - Գլորիա Անզալդուա

 

Բավարար չէ

որոշել բացվել։ 

 

Պետք է մատերդ խրես

պորտիդ մեջ, քո սեփական երկու ձեռքով

ճեղքելով բացես,

դուրս թափես մողեսներին ու պոզավոր դոդոշներին

խոլորձներին ու արևածաղիկներին,

բավիղը շուռ տաս ներսից դուրս։

Թափ տաս։

 

Միևնույն է, մինչև վերջ չես դատարկվում։

Գուցե թաքնված կանաչ խորխ կա

հազիդ մեջ։

Կարող է նույնիսկ չիմանաս,

որ այնտեղ է

մինչև կոկորդիդ մեջ մի հանգույց չաճի`

վերածվելով գորտի։


Գաղտնի ժպիտ է այն հրահրում

քիմքիդ վրա

փոքրիկ օրգազմներով լի։

 

Բայց վաղ թե ուշ

այն դրսեվորվում է.

Կանաչ գորտը անամոթաբար կռռում է։

Բոլորը վեր են նայում։

 

Մի անգամ բացվելը

բավարար չէ։

Կրկին պետք է խրես ձեռքերդ

պորտիդ մեջ, երկու ձեռքերով

պատռես,

դուրս գցես մեռած առնետներ ու  խավարասերներ

գարնանային անձրև, դեռաբողբոջ եգիպտացորեններ։

Շուռ տուր բավիղը ներսից դուրս։

Թափ տուր։

 

Այս անգամ պիտի բաց թողնես։

Նայիր վիշապի բաց դեմքին

ու թույլ տուր սարսափը կուլ տա քեզ։

- Տարրալուծվում ես իր թքի մեջ

- ոչ մեկը քեզ չի ճանաչում որպես ջրափոս

- ոչ մեկը քեզ չի կարոտում

- դու նույնիսկ հիշված չես

և բավիղը նույնիսկ

քո ստեղծածը չէ։

 

Դու հատել ես սահմանը։

Եվ քո շուրջն ամբողջությամբ տարածություն։

Միայնակ։ Ոչնչի հետ։

 

Ոչ ոք քեզ չի փրկելու։

Ոչ ոք քեզ չի քաղելու,

չի կտրելու հաստ փշերը քո շուրջ։

Ոչ մեկը չի գրոհելու

ամրոցի պատերը, ոչ էլ

համբուրելով արթնացնելու քո ծնվելը,

վարսերիցդ կառչելով ցած իջնելու,

ոչ էլ քեզ բարձրացնելու

սպիտակ ձիու վրա։

 

Չկա մեկը, ով

կսնի քո իղձերը։

Առերեսվիր դրա հետ։ Պետք է դու

անես, ինքդ արա։

Եվ քո շուրջն ամբողջությամբ

մի ընդհարձակ տարածք։

Միայնակ։ Գիշերվա հետ։

Մթություն, որի հետ պետք է ընկերենաս

եթե ուզում ես գիշերները քնել։

 

Բավարար չէ

բաց թողնել երկու անգամ, երեք անգամ,

հարյուր։ Շուտով ամեն ինչ

ձանձրալի է, անգոհացուցիչ։

Գիշերվա բաց դեմքը

քեզ այլևս չի հետաքրքրում։

Եվ ահա, նորից, կվերադառնաս

քո տարերքին ու

ինչպես ձուկն է մոտենում օդին դու գալիս ես բացվելուն

միայն շունչերի արանքում։

Բայց խռիկներն արդեն 

աճում են կրծքերիդ վրա։


July 4, 2021

Լռության փոխակերպումը լեզվի և գործողության

ՕԴՐԻ ԼՈՐԴ

(1977թ.-ի դեկտեմբերի 28-ին Արդի լեզվի ասոցիացիայի «Լեսբի և գրականություն» պանելին ներկայացված հոդված, Չիկագո)

Ես բազմիցս հասկացել եմ, որ այն, ինչ ինձ համար կարևոր է` պետք է բարձրաձայնել, վերածել խոսքի, կիսվել դրանով, նույնիսկ եթե կա վտանգ, որ դրանից այն կվնասվի կամ սխալ կհասկացվի։ Հասկացել եմ, որ խոսելն է ինձ համար օգտակար է՝ առավել ամեն ինչից։ Ես կանգնած եմ այստեղ որպես Սև լեսբի բանաստեղծ, և այս ամենի իմաստը հիմնված է այն փաստի վրա, որ դեռ կենդանի եմ, բայց կարող էի և չլինել։ Ընդամենը երկու ամիս առաջ երկու բժիշկ՝ մեկը կին, մյուսը տղամարդ, ինձ ասացին, որ պետք է կրծքի վիրահատություն տանեմ, և որ 60-ից 80 տոկոս հավանականությամբ ուռուցքը չարորակ է։ Այս լուրի և վիրահատության օրվա միջև ընկած տառապալից երեք շաբաթվա ընթացքում ստիպված եղա վերադասավորել ամբողջ կյանքս։ Վիրահատությունն արեցին, և ուռուցքը բարորակ էր։

Այդ երեք շաբաթվա ընթացքում ստիպված եղա զննել ինձ և իմ կյանքը՝ խիստ ու հրատապ հստակությամբ, որից թեպետ մինչ օրս ցնցված եմ,  բայց ինձ շատ ավելի ուժեղ եմ զգում։ Այս փորձառությունը շատ կանայք են ունենում, այսօր այստեղ եղածներիցդ ոմանք։ Այդ օրերին ապրած որոշ բաներ ինձ  օգնեցին հասկանալ, թե ինչ եմ մտածում լռության՝ լեզվի և գործողության փոխակերպման մասին։

Ստիպողաբար և էապես գիտակցելով մահկանացու լինելս, և թե ինչ էի ուզում կյանքից՝ անկախ դրա տևողությունից, առաջնահերթություններն ու բացթողումները խստորեն պատկերվեցին անխնա լույսի ներքո, և այն, ինչի համար ամենից շատ ափսոսացի՝ իմ լռություններն էին: Ինչի՞ց եմ երբևէ վախեցել։ Հարցադրել կամ ասել մտքինս կարող էր ցավ կամ մահ բերել։ Բայց մենք առանց այդ էլ անվերջանալի ցավեր ունենք, և ցավը կամ կփոխվի, կամ կանհետանա։ Իսկ մահը վերջնական լռությունն է։ Այն կարող է արագ վրա հասնել, առանց հաշվի առնելու թե արդյոք ասել եմ այն, ինչ պետք է ասեի, թե ուղղակի դավաճանել եմ ինքս ինձ՝ փոքրիկ լռություններով, մինչ պատրաստվում էի մի օր խոսել, կամ՝ սպասում ուրիշի խոսելուն։ Գիտակցումը, որ թեև շատ ավելի լավ կլիներ չվախենալ, սովորել վախը հեռանկարի մեջ դնելը ինձ համար դարձավ ուժի աղբյուր։

Վաղ, թե ուշ մեռնելու էի, անկախ նրանից` կխոսեի, թե ոչ։ Իմ լռություններն ինձ չէին պաշտպանել։ Ձեր լռությունը ձեզ չի պաշտպանելու։ Բայց ասածս ամեն իրական խոսքով, ճշմարտությունը (որին դեռ ձգտում եմ) ասելու ամեն փորձով կապվել եմ այլ կանանց հետ, որոնց հետ փնտրել ենք բառեր, որ կպատկանեին այն աշխարհին, որին բոլորս էինք հավատում՝ կամրջելով մեր տարբերությունները։ Այս կանանց մտահոգությունն ու հոգատարությունն էր, որ ինձ ուժ տվեց հանգամանորեն քննել կյանքս։

Կանայք, ովքեր ինձ օգնեցին դիմակայել, Սև էին և սպիտակ, տարեց և երիտասարդ, լեսբի, երկսեռական, հետերոսեռական. մենք բոլորս նույն պատերազմում էինք կռվում՝ լռության բռնակալության դեմ։ Նրանք ինձ տվեցին ուժ, առանց որի չէի կարողանա դիմանալ։ Մի քանի շաբաթ տևած սուր վախից հետո եկավ գիտակցությունը, որ մահվան դեմ մղած պատերազմում, (ակնայտ կամ ոչ, գիտակցաբար կամ ոչ), ես ոչ միայն զոհ եմ, այլ նաև ռազմիկ։

Ո՞ր բառերն են, որ չունեք դեռ։ Ի՞նչ եք ուզում ասել։ Որո՞նք են բռնակալությունները, որ ամեն օր հանդուրժում եք և փորձում ձերը դարձնել, մինչև որ հիվանդանաք և մեռնեք դրանցից՝ լռության մեջ։ Գուցե ձեզնից ոմանց համար ես ձեր վախերից մեկի դեմքն եմ։ Որովհետև ես կին եմ, Սև եմ, լեսբի եմ, որովհետև ես՝ ես եմ. Սև կին ռազմիկ բանաստեղծ, ով անում է իր գործն ու եկել է հարցնելու՝ իսկ դուք անո՞ւմ եք ձերը։ 

Իհարկե՛ վախենում եմ, որովհետև լռության վերածումը լեզվի և գործողության ինքնաբացահայտման արարք է, իսկ դա միշտ լի է վտանգներով։ Երբ աղջկաս պատմեցի մեր թեմայի և դրա հետ կապված իմ դժվարության մասին, ասաց. «Պատմիր այն մասին, թե ինչպես երբեք ամբողջական չես կարող զգալ, քանի դեռ շարունակում ես անտեսել ներսումդ եղած այն ձայնը, որ ուզում է խոսել, և եթե շարունակում ես անտեսել այն, ավելի ու ավելի է խստանում ու թեժանում, և եթե չխոսես մի օր, այն պարզապես կբարձրանա և բռունցքով կխփի բերանիդ՝ ներսի կողմից»։

Լռության պարագայում մեզնից յուրաքանչյուրը պատկերում է իր իսկ վախի դեմքը՝ վախ արհամարհանքի, դատապարտման, ճանաչման, մարտահրավերի, ջնջման․ բայց ամենից շատ վախենում ենք տեսանելիությունից, առանց որի չենք կարող ապրել։ Այս երկրում, որտեղ ռասայական տարբերությունը ստեղծել է հաստատուն, թեև անխոսելի տեսողության խեղաթյուրում, Սև կանայք մի կողմից միշտ շատ տեսանելի են եղել, մյուս կողմից անտեսանելի են դարձվել՝ ռասիզմի ապանձնավորման միջոցով: Նույնիսկ կանանց շարժման ներսում ենք ստիպված եղել պայքարել և դեռ պայքարում ենք հենց այդ տեսանելիության համար, որը նաև մեզ առավել խոցելի է դարձնում՝ մեր Սևությունը: Որպեսզի կարողանանք գոյատևել ամերիկա կոչված այս վիշապի բերանում, մենք ստիպված ենք եղել սերտել առաջին ու ամենակարևոր դասը՝ մենք երբեք կոչված չենք եղել գոյատևելու։ Ոչ որպես մարդ արարածներ։ Նույնը վերաբերում է այստեղ գտնվող ձեզնից շատերին՝ Սև կամ ոչ։ Այդ տեսանելիությունը, որն առավել խոցելի է դարձնում մեզ, նաև մեր ուժի ամենամեծ աղբյուրն է: Որովհետև, միևնույն է, մեքենան կփորձի ձեզ փոշիացնել, անկախ նրանից կխոսեք, թե ոչ: Մենք կարող ենք նստել մեր անկյուններում՝ մեկընդմիշտ համր, մինչ մեր քույրերն ու մենք սպառվում ենք, մեր երեխաները խեղաթյուրվում և ոչնչացվում են, մինչ մեր հողը թունավորվում է։ Մենք կարող ենք նստել մեր անվտանգ անկյուններում՝ համր ինչպես շիշը, սակայն դրանից մեր վախը չի պակասի։

Այս տարի իմ տանը նշում ենք Քուանզայի տոնը՝ աֆրոամերիկյան բերքահավաքի փառատոնը: Այն սկսվում է Սուրբ ծննդյան հաջորդ օրը և տևում յոթ օր: Քուանզայի յոթ սկզբունք կա՝ յուրաքանչյուրը օրվա համար մեկ սկզբունք: Առաջինը Ումոջան է՝ միասնությունը, սեփական անձի և համայնքի ներսում միասնության ձգտելու և այն պահպանելու որոշումը: Երեկվա՝ երկրորդ օրվա սկզբունքը Կուժիչագուլիան էր՝ ինքնորոշումը, ինքներս մեզ սահմանելու, մեզ անուն տալու և մեր անունից խոսելու որոշումը, ուրիշների կողմից սահմանվելու և խոսվելու փոխարեն: Այսօր Քուանզայի երրորդ օրն է, և այսօրվա սկզբունքը Ուջիման է՝ հավաքական աշխատանք և պատասխանատվություն՝ ինքներս մեզ և մեր համայնքը միասին կառուցելու, պահպանելու և մեր խնդիրները միասին լուծելու որոշումը:

Այստեղ գտնվող մեզնից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ պատասխանատու է լեզվի և դրա ուժի համար, վերագրավելու համար այն լեզուն, որը մեր դեմ է կիրառվել: Լռության՝ լեզվի և գործողության փոխակերպման համար չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուրս ուսումնասիրի ու հաստատի իր գործառույթը այդ փոխակերպման մեջ, ինչպես նաև գիտակցի իր դերի կարևորությունը։ 

Մեզնից նրանք, ովքեր գրում են, պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն խոսքի, այլ նաև լեզվի ճշմարտացիությանը։ Մյուսները կարող են տարածել այն խոսքերը որ նշանակալից են իրենց համար։ Անհրաժեշտ է սովորեցնել ՝ ապրելով և խոսելով այն ճշմարտությունները, որոնց հավատում ենք և գիտենք՝ տրամաբանությունից անդին: Քանզի միայն այս ճանապարհով ենք կարող գոյատևել՝ մասնակցելով կյանքին, որը ստեղծագործ և շարունակական է, որը աճ է։

Վախը միշտ ներկա է՝ տեսանելիությունից, քննվելուց և գուցե դատապարտվելուց, ցավից, մահվանից։ Բայց այս ամենի միջով (բացի մահվանից) մենք արդեն լուռ անցնում ենք: Ինքս ինձ միշտ հիշեցնում եմ, որ եթե նույնիսկ համր ծնված լինեի կամ ամբողջ կյանքս լռության երդում տված լինեի հանուն ապահովության, միևնույն է տառապելու էի, մեռնելու էի։ Սա շատ օգնում է իրերն այլ լույսի ներքո տեսնել։ 

Եվ երբ կանայք գոռում են լսելի լինելու համար, մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի այդ բառերը լսելու, կարդալու, կիսելու և մեր կյանքի համատեքստում դիտարկելու պատասխանատվությունը։ Որ մենք չթաքնվենք բաժանումների ծաղրանքների հետևում, ինչը մեզ պարտադրել են և ինչը հաճախ ընդունում ենք որպես մեր սեփականը (մեզնից բխող)։ Օրինակ՝ «Ես չեմ կարող դասավանդել Սև կանանց գործերը, քանի որ նրանց փորձառությունը շատ տարբեր է իմից»։ Իսկ քանի՞ տարի եք Պլատոն, Շեքսպիր կամ Պրուստ դասավանդել։ Կամ՝ «Նա սպիտակ կին է, ի՞նչ կարող է ինձ ասել»։ Կամ՝ «Նա լեսբի է, ամուսինս կամ ամբիոնի վարիչն ի՞նչ կասեն»։ Կամ՝ «Այս կինը իր որդիների մասին է գրում, իսկ ես երեխաներ չունեմ»։ Եվ բոլոր մնացած անվերջանալի ձևերը, որոնցով մենք գողանում ենք մեզնից և իրարից։  

Մենք կարող ենք սովորել աշխատել և խոսել, երբ վախենում ենք նույն կերպ, ինչպես սովորել ենք աշխատել և խոսել, երբ հոգնած ենք։ Մեզ սովորեցրել են ավելի շատ հարգել վախը, քան լեզու ունենալու և սահմանել կարողանալու մեր կարիքը։

Եվ մինչ լռության մեջ սպասում ենք վերջնական անվախության ճոխությանը, լռության ծանրությունը մեզ ոչնչացնում է։ Մեր այստեղ լինելը և իմ խոսելը փորձ է խախտելու այդ լռությունը և կամրջելու մեր միջև եղած տարբերությունները, քանի որ տարբերությունը չէ, որ մեզ կաթվածահար է անում, այլ լռությունը։ Խախտելու այնքա՛ն լռություններ կան։


[Անգլերենից թարգմանեց Մարգո Գևորգյանը]

[Բնագիրը տե՛ս այստեղ]