July 13, 2021

Բաց Թողնելով - Գլորիա Անզալդուա

 

Բավարար չէ

որոշել բացվել։ 

 

Պետք է մատերդ խրես

պորտիդ մեջ, քո սեփական երկու ձեռքով

ճեղքելով բացես,

դուրս թափես մողեսներին ու պոզավոր դոդոշներին

խոլորձներին ու արևածաղիկներին,

բավիղը շուռ տաս ներսից դուրս։

Թափ տաս։

 

Միևնույն է, մինչև վերջ չես դատարկվում։

Գուցե թաքնված կանաչ խորխ կա

հազիդ մեջ։

Կարող է նույնիսկ չիմանաս,

որ այնտեղ է

մինչև կոկորդիդ մեջ մի հանգույց չաճի`

վերածվելով գորտի։


Գաղտնի ժպիտ է այն հրահրում

քիմքիդ վրա

փոքրիկ օրգազմներով լի։

 

Բայց վաղ թե ուշ

այն դրսեվորվում է.

Կանաչ գորտը անամոթաբար կռռում է։

Բոլորը վեր են նայում։

 

Մի անգամ բացվելը

բավարար չէ։

Կրկին պետք է խրես ձեռքերդ

պորտիդ մեջ, երկու ձեռքերով

պատռես,

դուրս գցես մեռած առնետներ ու  խավարասերներ

գարնանային անձրև, դեռաբողբոջ եգիպտացորեններ։

Շուռ տուր բավիղը ներսից դուրս։

Թափ տուր։

 

Այս անգամ պիտի բաց թողնես։

Նայիր վիշապի բաց դեմքին

ու թույլ տուր սարսափը կուլ տա քեզ։

- Տարրալուծվում ես իր թքի մեջ

- ոչ մեկը քեզ չի ճանաչում որպես ջրափոս

- ոչ մեկը քեզ չի կարոտում

- դու նույնիսկ հիշված չես

և բավիղը նույնիսկ

քո ստեղծածը չէ։

 

Դու հատել ես սահմանը։

Եվ քո շուրջն ամբողջությամբ տարածություն։

Միայնակ։ Ոչնչի հետ։

 

Ոչ ոք քեզ չի փրկելու։

Ոչ ոք քեզ չի քաղելու,

չի կտրելու հաստ փշերը քո շուրջ։

Ոչ մեկը չի գրոհելու

ամրոցի պատերը, ոչ էլ

համբուրելով արթնացնելու քո ծնվելը,

վարսերիցդ կառչելով ցած իջնելու,

ոչ էլ քեզ բարձրացնելու

սպիտակ ձիու վրա։

 

Չկա մեկը, ով

կսնի քո իղձերը։

Առերեսվիր դրա հետ։ Պետք է դու

անես, ինքդ արա։

Եվ քո շուրջն ամբողջությամբ

մի ընդհարձակ տարածք։

Միայնակ։ Գիշերվա հետ։

Մթություն, որի հետ պետք է ընկերենաս

եթե ուզում ես գիշերները քնել։

 

Բավարար չէ

բաց թողնել երկու անգամ, երեք անգամ,

հարյուր։ Շուտով ամեն ինչ

ձանձրալի է, անգոհացուցիչ։

Գիշերվա բաց դեմքը

քեզ այլևս չի հետաքրքրում։

Եվ ահա, նորից, կվերադառնաս

քո տարերքին ու

ինչպես ձուկն է մոտենում օդին դու գալիս ես բացվելուն

միայն շունչերի արանքում։

Բայց խռիկներն արդեն 

աճում են կրծքերիդ վրա։


No comments:

Post a Comment