(բնագիրը տես այստեղ)
Առանց կուսակցական համակարգի, փորձագետների իշխանության կամ խարիզմատիկ առաջնորդների քաղաքականություն հնարավո՞ր է: Իրականում այո. հենց այդ էլ անում են վերջին շրջանում սկիզբ առած տարբեր շարժումները՝ Պոդեմոսը Իսպանիայում, Ծովահեն կուսակցությունը Իսլանդիայում կամ Գերմանիայում, և այնպիսի փորձառություններ, ինչպիսիք են Nuit Debout, MaVoix, LaTransition կամ laprimaire.org Ֆրանսիայում: Հենվելով համագործակցության մեթոդների վրա այդ շարժումները ձգտում են խոտորել ընտրական ներկայացուցչությունը: Վերլուծություն փիլիսոփա Սանդրա Լոժիեի հետ:
Ինչպե՞ս ներառել հավելյալ ժողովրդավարության սկզբունքները ընտրական խաղում:
Սանդրա Լոժիե. Ընդունված է կարծել, թե բողոքի շարժումները՝ սկսած Արաբական գարունից մինչև Occupy Wall Street, անհայտ ավարտ են ունեցել: Ընդհակառակը՝ այս ընթացքում արված ուսումնասիրություններն ի ցույց են դնում քաղաքական նոր համակարգեր, որոնք քաղաքացուն հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու քվեաթերթիկի սահմաններից դուրս սեփական ձայնը լսելի դարձնելու իր կարողությունները: Հրաժարվել է պետք դասական կուսակցական մոդելներից, որոնք հենվում են ուժեղ անձանց, հիերարխիկ համակարգերի, առաջնորդների վրա և երաշխավորում են օրինակելիության մի սկզբունք, որով հասարակության համար խոստացված ժողովրդավարական համակարգը առաջին հերթին ծառայում է լոկ իրենց՝ այդ խմբերին:
Արդյո՞ք այդ շարժումները չեն վկայում ներկայացուցչականության ճգնաժամի մասին:
Սանդրա Լոժիե. Դրանք առաջ են քաշում այն թեզը, որ պետական կամ կուսակցական մարմինների ղեկին հարազատ ընկալվող, արդարացի, կարևորի հետ հաշվի նստող ձայների պակաս կա: Այդպիսով ի ցույց է դրվում կարևոր այն բնազդը, ըստ որի հնարավոր չէ բարվոք համայնք ստեղծել առանց անհատի առանձին կամարտահայտության: Այստեղ հանդիպում ենք ամերիկյան փիլիսոփա Էմերսոնի մտքին. այն է՝ ամենաինտիմ համոզումս նաև ամենաունիվերսալն է: Եսն իսկապես անհանգստացնողի վրա հավելում ենք այն, ինչը անհանգստացնում է բոլորին: Այս ֆենոմենը հանպատրաստիորեն կառուցվածք պարգևեց այնպիսի շարժումների, ինչպիսիք են Նոթր Դամ դե Լանդի ZAD-ը, Nuit Debout-ը կամ Էլ Խոմրի օրենքի դեմ ուղղված #onvautmieuxqueça-ը, որի ընթացքում իրենց աշխատանքային փորձառությունը հավաստող հարյուրավոր երիտասարդներ տեսաձայնագրություններ հեռարձակեցին YouTube-ով: Կարճ ասած՝ առանց «եսի» հստակ արտահայտման «մենք» քաղաքականություն չի կարող լինել: Այս ընկալումը թույլ է տալիս թոթափել եսասեր անհատականության և հավաքական անանունի միջև եղած հակադրությունը:
Պատկերացրու, որ նախագահական ընտրությունները «խափանվում» են բոլորի համար բաց նախընտրական փուլում, կամ քաղաքացիների հավաքական որոշումներին ենթարկվող պատգամավորների ընտրմամբ «հաքերական հարձակման» է ենթարկվում Ազգային ժողովը: Հնարավո՞ր է նման բան:
Սանդրա Լոժիե. Երևի թե ոչ՝ եթե ինստիտուցիաների իրական ժողովրդավարացման խնդիր չի դրված: Բայց այն, որ շարժման մեջ գտնվող յուրաքանչյուր ոք կարող է փորձարարություն անել, արդեն դա իրենից մեծ արժեք է ներկայացնում, քանի որ ինքնաարտահայտումը կարող է, ըստ Էմերսոնի, մեծ ինքնավստահություն պահանջել, ինչին պարտադիր չէ, որ մեզ սովորեցրած լինեն: Այս փորձառություններն, այդպիսով, կարողականապես ազատագրող են: Դրանք թույլ են տալիս ետներգրավվել հասարակ կյանքում ընդհանուր տարածքի մեջ: Սա այն միջավայրն է, որտեղ հյուսվում են «անզոր» կոչվող հասարակական կապերը,– ընտանեկան, աշխատանքային կամ կրոնական համոզմունքներից անկախ,– այդ իսկ պատճառով էլ զորեղ են դառնում: Սրանք «Համա-կեցություն» կառույցը պահպանողներն են:
Ավելի լավ տեղեկացված լինելու հնարավորություն կարո՞ղ են ընձեռել այդ շարժումները:
Սանդրա Լոժիե. «Հավաքական միտք» կոչված մեթոդների իրականացումը պնդում է այն տեսակետը, որ իրականության առավել ճշմարիտ ճանաչողության կարող ենք գալ ընդհանուրի հետ միասին ավելի արագ, քան մենակ: Գործում է այն սկզբունքը, որ ամեն ոք ավելի լավ կարող է դատել, թե ինչ է պետք իրեն՝ դուրս գալով սեփական աշխատանքային փորձառությունից, առօրյայից, կամ էլ իր կրքերից, որ կարող են տարատեսակ խնդիրների լուծումներ ներառել՝ բնապահպանական, տեխնոլոգիական, կրթական և այլն: Սուբյեկտիվի բազմապատկումով ստեղծվում է օբյեկտիվի աճ: Հավելյալ խոսքով ժողովրդավարությունն ամրապնդվում է, ոչ թե այն փլուզվում: (Phillosophie magazine n° 99)
Ֆրանսերենից թարգմանեց Մելիքսեթ Փանոսյանը
No comments:
Post a Comment