Հաննա Արենդթ
I
Համապարփակ՝ անգլիական ոճի կենսագրությունը պատմագրության ամենահիացարժան ժանրերից է։ Երկար, հիմնովին փաստագրված, մանրամասնորեն ծանոթագրված և առատորեն ցողված մեջբերումներով, այն սովորաբար լինում է երկու մեծ հատորով և տվյալ ժամանակաշրջանի մասին պատմում է ավելի շատ և ավելի ցայտուն կերպով, քան բոլոր պատմության գրքերը միասին վերցրած (բացառությամբ մի քանի լավագույնների)։ Ի տարբերություն այլ կենսագրությունների, պատմությունն այստեղ չի տրվում որպես նշանավոր անձի կյանքի ֆոն, այլ կարծես թե պատմական ժամանակի չեզոք լույսն ուղղորդվում ու բեկվում է անվանի անձնավորության պրիզմայով, այնպես որ ձևավորված սպեկտրում ստեղծվում է կյանքի ու աշխարհի լիակատար միաձուլում։ Գուցե սա է պատճառը, որ այն դարձել է մեծանուն քաղաքական գործիչների կյանքի համար դասական ժանրը, սակայն անհարմար այն անձանց կյանքի համար, որոնց հետաքրքրությունը զուտ կյանքի պատմության մեջ է, կամ արվեստագետների, գրողների և ընդհանրապես այն մարդկանց կյանքի համար, որոնց հանճարը ստիպել է հեռու մնալ աշխարհից և որոնց նշանակությունը հիմնականում իրենց աշխատանքների՝ աշխարհին տված իրենց գործերի, և ոչ աշխարհում խաղացած դերի մեջ է։
Ջոն Փ. Նեթլի կողմից ամենաանհավանական թեկնածուի` Ռոզա Լյուքսեմբուրգի կյանքի ընտրությունը որպես թեմա մի ժանրի համար, որը պատշաճ է թվում միայն աշխարհի մեծ գործիչների համար, հանճարեղ քայլ էր։ Լյուքսեմբուրգն անշուշտ այդպիսինը չէր։ Անգամ իր՝ եվրոպական սոցիալիստական շարժման միջավայրում նա բավականին լուսանցքային ֆիգուր էր՝ հոյակապության ու պայծառության կարճ դրվագներով, ում գործունեության և գրավոր խոսքի ազդեցությունը հազիվ թե կարող է համեմատվել նրա ժամանակակիցների՝ Պլեխանովի, Տրոցկու և Լենինի, կամ Բեբելի և Կաուցկու, կամ էլ Ժորեսի և Միլերանի հետ։ Եթե աշխարհում հաջողելը անհրաժեշտ պայման է այս ժանրում հաջողելու համար, ապա ինչպե՞ս կարող էր պարոն Նեթլը հաջողել այս կնոջ հետ, ով երիտասարդ տարիքում իր հայրենի Լեհաստանից հափշտակվել էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից, ով շարունակում էր վճռական դեր խաղալ լեհական սոցիալիզմի քիչ ծանոթ ու անտեսված պատմության մեջ, և ով հետագայում գրեթե երկու տասնամյակ, թեև պաշտոնապես երբևէ չճանաչված, դարձավ Գերմանիայի ձախերի շարժման ամենավիճելի ու ամենաքիչ հասկացված անձնավորությունը։ Քանզի հենց հաջողությունն էր՝ հաջողություն իր իսկ հեղափոխականների միջավայրում, որ ետ էր պահվել Ռոզա Լյուքսեմբուրգից թե՛ կյանքում, թե՛ մահվան մեջ, և թե՛ մահվանից հետո։ Հնարավո՞ր է արդյոք, որ նրա բոլոր ջանքերի ձախողումը՝ պաշտոնապես ճանաչված լինելու առումով, ինչ-որ չափով կապված է մեր դարում հեղափոխության ձախողման հետ։ Գուցե պատմությունն ա՞յլ կերպ ներկայանա, եթե դիտարկվի նրա կյանքի և աշխատանքի պրիզմայով։
|
II Ինտերնացիոնալի ժամանակ, Ամստերդամում, օգոստոսի 14 1904թ., Ավգուստ Բեբելը մատ թափ տալով «սպառնում է» Ռոզա Լյուքսեմբուրգին: |
Ինչ էլ որ լինի, ես չգիտեմ որևէ այլ գիրք, որն ավելի լավ կլուսաբաներ եվրոպական սոցիալիզմի կարևորագույն շրջանը՝ տասնիններորդ դարի վերջին տասնամյակից մինչև 1919թ.-ի հունվարի այն ճակատագրական օրը, երբ Գերմանիայի կոմունիստական կուսակցության նախընթաց՝ Սպարտակուսբունդ շարժման առաջնորդներ Ռոզա Լյուքսեմբուրգը և Կարլ Լիբկնեխտը սպանվեցին Բեռլինում այդ ժամանակ իշխանության գլուխ անցած սոցիալիստական ռեժիմի հայացքի ներքո և հավանաբար դավադրությամբ։ Սպանողները ծայրահեղ ազգայնական և պաշտոնապես անօրինական Ֆրայկորպս կամավոր ջոկատների անդամներ էին, մի հարազինուժային կազմակերպություն, որից Հիտլերի գրոհայինները շուտով զինվորագրելու էին իրենց ամենախոստումնալից մարդասպաններին։ Այն, որ կառավարությունն այդ ժամանակ ամբողջովին Ֆրայկորպսի ձեռքի տակ էր, քանի որ նրանք վայելում էին «Նոսկեի լիակատար աջակցությունը», ով սոցիալիստների ազգային պաշտպանության փորձագետն էր և ռազմական գործերի պատասխանատուն, վերջերս հաստատեց կապիտան Փաբստը՝ սպանության վերջին կենդանի մնացած մասնակիցը։ Այս և այլ առումներով Վայմարյան Հանրապետության ավելի չարաշուք հատկանիշները վերակենդանացնել ցանկացող Բոնի կառավարությունը տարածել էր, որ Ֆրայկորպսի
շնորհիվ էր, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մոսկվան չէր կարողացել ողջ Գերմանիան մտցնել կարմիր կայսրության մեջ, և որ Լիբկնեխտի և Լյուքսեմբուրգի սպանությունն ամբողջովին օրինական «մահապատիժ էր՝ ռազմական դրության պայմաններում»։ Սա շատ ավելին էր, քան Վայմարյան Հանրապետությունը երբևէ ձևացրել էր, քանզի այն երբեք հանրայնորեն չէր ընդունել, որ Ֆրայկորպսը իրոք կառավարության մաս է եղել, և «պատժել էր» մարդասպաններին՝ զինվոր Ռունժին դատապարտելով երկու տարվա և երկու շաբաթվա ազատազրկման «սպանության փորձ կատարելու համար» (վերջինս Էդեն հյուրանոցի միջանցքներից մեկում հարվածել էր Ռոզա Լյուքսեմբուրգի գլխին) և լեյտենանտ Ֆոգելին (ում հրամանատարության ներքո մեքենայում կրակել էին Լյուքսեմբուրգի գլխին և նետել Լանդվեր ջրանցքը)` չորս ամսվա ազատազրկման «դիակի մասին չզեկուցելու և դրանից անօրինականորեն ազատվելու համար»։ Դատավարության ժամանակ որպես փաստ ներկայացվել էր մի լուսանկար, որտեղ Ռունժը և նրա ընկերները հաջորդ օրը նույն հյուրանոցում տոնում էին սպանությունը, ինչը մեղադրյալն ընդունել էր մեծագույն զվարճանքով։ —Ամբաստանյալ Ռունժ, ձեզ պատշաճ պահեք։ Սա ծիծաղի թեմա չէ,— ասել էր նախագահող դատավորը։ Քառասունհինգ տարի անց, Ֆրանկֆուրտում Աուշվիցի դատավարության ժամանակ, այս տեսարանը կրկնվեց՝ արտաբերվեցին նմանատիպ խոսքեր։
Ռոզա Լյուքսեմբուրգի և Կարլ Լիբկնեխտի սպանությամբ Եվրոպայի ձախերի պառակտումը (Սոցիալիստական և Կոմունիստական կուսակցությունների) վերջնական տեսք ու պատկեր ստացավ. «անդունդը, որ կոմունիստները պատկերացրել էին տեսականորեն, դարձավ . . . գերեզմանի անդունդ»։ Եվ քանի որ այս ավելի վաղ ոճրագործությունը օժանդակվել ու քաջալերվել էր կառավարության կողմից, այն սկզբնավորեց հետպատերազմյան Գերմանիայի մահապարը. ծայրահեղ աջերի մարդասպանները սկսեցին ծայրահեղ ձախերի առաջնորդների սպանդից (Հուգո Հասե, Գուստավ Լանդաուեր, Լեո Յոգիխես, Էուջեն Լևինե) և ապա անցան կենտրոնամետներին և աջ-կենտրոնամետներին (Վալտեր Ռատենաու և Մաթիաս Էրցբերգեր՝ սպանության ժամանակ երկուսն էլ կառավարության անդամներ էին)։ Այսպիսով Ռոզա Լյուքսեմբուրգի մահը դարձավ Գերմանիայում երկու ժամանակաշրջանների ջրբաժանը, իսկ Գերմանիայի ձախերի համար՝ մի կետ, որտեղից այլևս ետդարձի ճանապարհ չկար։ Բոլոր նրանք, ովքեր Սոցիալիստական կուսակցությունից հիասթափված միացել էին կոմունիստներին, է՛լ ավելի էին հիասթափված Կոմունիստական կուսակցության կտրուկ բարոյական անկումից և քաղաքական քայքայումից, սակայն վերադառնալ սոցիալիստների շարքեր նշանակում էր Ռոզայի սպանությանը թողություն տալ։ Այս անձնական հակազդեցությունները, որոնք հազվադեպ են հանրայնորեն ընդունվում, խճանկարի այն մասնիկներն են, որոնք պատմության մեծ հանելուկում իրենց տեղն են ընկնում։ Ռոզա Լյուքսեմբուրգի դեպքում դրանք այն առասպելի մասն են, որը շուտով հյուսվեց նրա անվան շուրջ։ Առասպելներն անշուշտ ունեն իրենց ճշմարտությունը, սակայն պարոն Նեթլը ճիշտ է արել, որ գրեթե ուշադրություն չի դարձրել Ռոզայի առասպելին։ Նեթլի առաջադրանքը, արդեն իսկ դժվար գործ՝ պատմական կյանքում նրան վերականգնելն էր։
Նրա մահվանից կարճ ժամանակ անց, երբ բոլոր համոզմունքների ձախերն արդեն որոշել էին, որ նա միշտ «սխալված է» եղել («իրոք անհույս մի դեպք», ինչպես «Encounter» հանդեսում գրել էր այդպես մտածողների երկար շարքից ամենավերջինը՝ Գեորգ Լիխտհայմը), նրա համբավում տեղի ունեցավ հետաքրքիր շրջադարձ։ Երկու հատորյակով լույս տեսան նրա նամակները, որոնք՝ լինելով շատ անձնական և օժտված պարզ, անչափ մարդկային ու երբեմն բանաստեղծական գեղեցկությամբ, բավարար էին, որպեսզի քանդեին արյունախում «կարմիր Ռոզայի» քարոզչական կերպարը գրեթե բոլոր, բացի ամենահակասեմական ու հետադիմական, շրջանակներում։ Սա, իր հերթին, ստեղծեց մեկ այլ՝ թռչուններով զմայլվողի ու ծաղիկների սիրահարի սենտիմենտալ կերպար. մի կին, որից բանտապահները արցունքներով էին բաժանվել, ասես նրանք այլևս չէին կարող ապրել առանց այս տարօրինակ բանտարկյալի, որը նրանց հետ մարդկայնորեն էր վերաբերվել։ Նեթլը չի նշում այս պատմությունը, որն ինձ հավատարմորեն փոխանցվել էր երբ դեռ երեխա էի, և որը հետագայում հաստատել էր նրա ընկեր և իրավաբան Կուրտ Ռոզենֆելդը, ով ականատես էր եղել դեպքին։ Այն գուցեև իրական է, բայց պահպանվել է նաև մեկ այլ անեկդոտ, այս մեկը հիշատակված Նեթլի գրքում, որն ինչ-որ չափով հակակշռում է նախորդի փոքր-ինչ շվարեցնող մանրամասները։ 1907թ.-ին Ռոզա Լյուքսեմբուրգը և նրա ընկերուհի Կլարա Ցետկինը (հետագայում՝ գերմանական կոմունիզմի «մեծ մայրը») դուրս էին եկել զբոսանքի, կորցրել ժամանակի զգացողությունը և ուշացել Ավգուստ Բեբելի հետ հանդիպումից, ով անհանգստացել էր, որ նրանք կորել են։ Ռոզան կատակով առաջարկել էր, որ իրենց մահարձանի վրա գրվի. «Այստեղ են հանգչում գերմանական սոցիալիստական դեմոկրատիայի վերջին երկու տղամարդիկ»։ Յոթ տարի անց, 1914թ.-ի փետրվարին, նրան տրվեց այս դաժան կատակի ճշմարտությունն ապացուցելու հնարավորությունը Քրեական դատարանի դատավորներին ուղղված իր հիասքանչ ուղերձում. նա մեղադրվում էր զանգվածներին պատերազմի դեմ քաղաքացիական անհնազանդություն «հրահրելու» մեջ։ (Վատ չէ, ի միջի այլոց, մի կնոջ համար, ով «միշտ սխալվում էր» և պետք է որ դատարանի առաջ չկանգներ այս մեղադրանքով՝ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հինգ ամիս առաջ, ինչը «լուրջ» մարդկանցից քչերն էին կարծում, որ հնարավոր է։) Պարոն Նեթլը բարեմտորեն վերատպել է ուղերձն ամբողջությամբ. ուղերձի «տղամարդկությունն» անզուգական է գերմանական սոցիալիզմի պատմության մեջ։
(թարգմանությունն ընթացքի մեջ է)
Աղբյուրը՝ "Rosa Luxemburg: 1871-1919," a review of J. P. Nettl, Rosa Luxemburg,
in The New York Review of Books, 1966.