March 2, 2017

ՌՈԶԱ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 1871-1919

Հաննա Արենդթ


Գիտական՝ անգլիական ոճի կենսագրությունը պատմագրության ամենահամակրելի ժանրերից է։ Երկար, հիմնովին փաստագրված, մանրամասնորեն ծանոթագրված և մեջբերումներով առատորեն ցողված, այն սովորաբար լինում է երկու մեծ հատորով և տվյալ ժամանակաշրջանի մասին պատմում է ավելի շատ և ավելի ցայտուն կերպով, քան ցանկացած պատմական գիրք (բացառությամբ մի քանիսի)։ Ի տարբերություն այլ կենսագրությունների, պատմությունն այստեղ չի տրվում որպես նշանավոր անձի կյանքի ֆոն, այլ կարծես թե պատմական ժամանակի չեզոք լույսն ուղղորդվում ու բեկվում է մեծ անձնավորության պրիզմայով, այնպես որ ձևավորված սպեկտրում ստեղծվում է կյանքի ու աշխարհի լիակատար միություն։ Գուցե սա է պատճառը, որ այն դարձել է մեծանուն քաղաքական գործիչների կյանքի համար դասական ժանրը, սակայն անհարմար այն կյանքերի համար, որոնց հետաքրքրությունը զուտ կյանքի պատմության մեջ է, կամ արվեստագետների, գրողների և ընդհանրապես այն մարդկանց կյանքի համար, ում հանճարը ստիպել է հեռու մնալ աշխարհից և ում նշանակությունը հիմնականում իրենց աշխատանքների մեջ է՝այն գործերում, որ նրանք տվել են աշխարհին, այլ ոչ աշխարհում նրանց խաղացած դերում։

Ջոն Փ. Նեթթլի կողմից ամենաանհավանական թեկնածուի` Ռոզա Լյուքսեմբուրգի կյանքի ընտրությունը որպես թեմա մի ժանրի համար, որը պատշաճ է թվում միայն աշխարհի մեծ գործիչների համար, հանճարեղ քայլ էր։ Լյուքսեմբուրգն անշուշտ այդպիսինը չէր։ Անգամ իր՝ եվրոպական սոցիալիստական շարժման աշխարհում նա բավականին լուսանցային ֆիգուր էր՝ հոյակապության ու պայծառության կարճ դրվագներով, ում գործունեական և գրավոր խոսքի ազդեցությունը հազիվ թե կարող է համեմատվել նրա ժամանակակիցների՝ Պլեխանովի, Տրոցկու և Լենինի, կամ Բեբելի և Կաուցկու, կամ էլ Ժորեսի և Միլերանի հետ։ Եթե աշխարհում հաջողելը անհրաժեշտ պայման է այս ժանրում հաջողելու համար, ապա ինչպե՞ս կարող էր պարոն Նեթթլը հաջողել այս կնոջ հետ, ով երիտասարդ տարիքում իր հայրենի Լեհաստանից հափշտակվել էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից, ով շարունակում էր վճռական դեր խաղալ լեհական սոցիալիզմի քիչ ծանոթ ու անտեսված պատմության մեջ, և ով հետագայում գրեթե երկու տասնամյակ, թեև պաշտոնապես երբևէ չճանաչված, դարձավ Գերմանիայի ձախերի շարժման ամենավիճելի և քիչ հասկացված անձնավորությունը։ Քանզի հենց հաջողությունն էր՝ հաջողություն իր իսկ հեղափոխականների աշխարհում, որ ետ էր պահվել Ռոզա Լյուքսեմբուրգից թե՛ կյանքում, թե՛մահվան մեջ, և թե՛մահվանից հետո։ Հնարավո՞ր է արդյոք, որ նրա բոլոր ջանքերի ձախողումը՝ պաշտոնական ճանաչման առումով, ինչ-որ կերպ կապված է մեր դարի հեղափոխության աղետալի ձախողման հետ։ Արդյո՞ք պատմությունն այլ կերպ կընկալվի, եթե դիտարկվի նրա կյանքի և աշխատանքի պրիզմայով։


II ինտերնացիոնալի ժամանակ, Ամստերդամում, օգոստոսի 14 1904թ., Ավգուստ Բեբելը մատ թափ տալով «սպառնում է» Ռոզա Լյուքսեմբուրգին:


Ինչևիցե, ես չգիտեմ որևէ այլ գիրք, որ ավելի լավ լուսաբաներ եվրոպական սոցիալիզմի կարևորագույն շրջանը՝ տասնիններորդ դարի վերջին տասնամյակից մինչև 1919թ. հունվարի այն ճակատագրական օրը, երբ Գերմանիայի կոմունիստական կուսակցության նախընթաց՝ Սպարտակուսբունդ շարժման առաջնորդներ Ռոզա Լյուքսեմբուրգը և Կարլ Լիբկնեխտը սպանվեցին Բեռլինում այդ ժամանակ իշխանության գլուխ անցած սոցիալիստական ռեժիմի հայացքի ներքո և հավանաբար դավադրությամբ։ Սպանողները ծայրահեղ ազգայնական և պաշտոնապես անօրինական Ֆրայկորպս կամավոր ջոկատների անդամներ էին, մի ռազմականացված կազմակերպություն, որից Հիտլերի գրոհայինները շուտով զինվորագրելու էին իրենց ամենախոստումնալից մարդասպաններին։ Այն, որ կառավարությունն այդ ժամանակ ամբողջովին Ֆրայկորպսի ձեռքերում էր, քանի որ նրանք վայելում էին «Նոսկեի լիակատար աջակցությունը», ով սոցիալիստների ազգային պաշտպանության փորձագետն էր և ռազմական գործերի պատասխանատուն, վերջերս հաստատեց կապիտան Փաբստը՝ սպանության վերջին կենդանի մնացած մասնակիցը։ Այս և այլ առումներով Վայմարյան Հանրապետության ավելի չարաշուք հատկանիշները վերակենդանացնել ցանկացող Բոնի կառավարությունը հայտարարեց, որ Ֆրայկորպսի շնորհիվ էր, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մոսկվան չէր կարողացել ողջ Գերմանիային մտցնել կարմիր կայսրության մեջ և որ Լիբկնեխտի և Լյուքսեմբուրգի սպանությունն ամբողջովին օրինական «մահապատիժ էր՝ ռազմական դրության պայմաններում»։


(ընթացքի մեջ) 


Աղբյուրը՝ "Rosa Luxemburg: 1871-1919," a review of J. P. Nettle, Rosa Luxemburg,
in The New York Review of Books, 1966.

No comments:

Post a Comment