August 5, 2015

ՄԱՅԻՍԻ ՄԵԿՆ Է

Իսկ ես թքած ունեմ ձեր օրենքների վրա,
որ սարդոստայնի պես ծուղակում են ծանրացած մարմինս.
մտքերը—դրանք փոշու մասնիկների պես փակվում են
(«Անկախության հրապարակ») մետրոյի հաջորդ վագոնից
և—անհետանում—կփորձեմ գրի առնել—«անմահացնել պահը»,
բայց նույն վայրկյանին, Բրիթանիում նրա մայրիկը՝
առանց որևէ դեմքի արտահայտության, ծաղկի (վարդ կամ հիրիկ,
կամ էլ օգտագործեք ձեր երևակայությունը) չորացած ցողունը
կոտրում է երկու մասի ու գցում աղբամանը—արդյոք ի՞նչ է մտածում
նստած աթոռին—դիտելով քառակուսի տուփի էկրանին
(ձայնը մարած) ելույթ ունեցող մարդուկներին

մթության մեջ—նրա դեմքին շողշողում է լույսի ցոլքը։
Տասներեք տարեկանում աղջիկները ամենանուրբ
ու փխրուն «պահն» են ապրում—ամենադյուրին ժամանակը,

երբ քեզ կոտրում են, «հեզաճկուն» կոնքից բռնած,
իսկ հետո սկսում ես ինքդ հավատալ բոլոր ստերին.
հարմարվել, առաջադիմել մյուս աշակերտուհիների պես,
համառությամբ գործածելով այն լեզուն, որ հերքում է
քո իսկ գոյությունը, սատարում քո ոտնահարմանը—այո—
այս ամենը անտեսանելի է, ինչպես (վերը նշված) փոշու հատիկները
նստած մետրոյի վագոնի անկյունային պատին փակցված Գրանդ
Տաբակոյի ազդագրի եզրին։ Այսօր մայիսի մեկն է, և ուզում եմ
ստեղծել այս պահը (ոչ թե «օգտվել պահից»)
երախտագիտությամբ համբուրելու
հիվանդանոցի բուժքույրերի հոգնած դեմքերը,
մեր հարևան ժամացույցի գործարանի պահակին,
անճոռնի ու քաղցկեղանման սրճարաններում վազվզող
սպասուհիներին՝ նրանք մոռացել են քնքշությունը—
դատարկ տեղը նրանց մի՛ ժպտացեք. նրանց հայացքը սառել է

ձեր ձեռքին,
որ դանդաղ ու համոզմունքով գնում է դեպի ետևի գրպանը,
հանում դրամապանակը և—
այո, ես թքած ունեմ ձեր օրենքների վրա,
որոնք գրվում են արյան վրա, արնոտ գրիչներով
(Նաղդալյանի ու նրա նմանների
հաշվին), իսկ կապիտալիզմի տանկը դղրդյունով ուղղվում է
Կրեմլինից դեպի Կովկաս—

ԳԱՎԱՐԻՏ ՄԱՍԿՎԱ—կարծես երազ էր,

միայն թե հիմա իրական տեսք է ստացել
դիմակահանդեսի, ու դիմակներն արագ փոխվում են,
նոր անուններ ի հայտ գալիս. զինվորները կուրորեն ծառայում են
իրենց «երկրի պաշտպանության» համար—կամ թե
իրենց իսկ հայրենակիցներին (ում որ «պաշտպանում են»)
ոտնակոխ անելու, նսեմացնելու, Բաղրամյանի վրա
ծուղակելու ու թունավորելու գազով՝ իրենց ավտոմատացած
դեբիլացած նեղ հայացքներով—բայց նրանք ևս տասներեք տարեկանում

շատ փխրուն էին, շատ հավատացյալ ու ընդօրինակող—
եթե չեք կարող գնալ ընդդեմ տանկին—ապա (բնականաբար)
(Վասակի օրինակով) պիտի հեծեք տանկը—և թող երկաթյա
ձեր զենքը, որ ցցված է ձեր ոտքերի արանքից—

թող այն լինի շատերի ահն ու ահազանգը (վախը) (կամ «հարգանքը»)
չէ՞ որ այդ եք ուզում—որ տիրե՛ք, տիրե՛ք, տիրե՛ք—


Շուշան Ավագյան
Առաջին անգամ հրատարակվել է ԲՆԱԳՐՈՒՄ (#9 / 2004)

No comments:

Post a Comment