Ազատորեն տարածեք կոչը ձեր ծանոթներին։ Հանրային քննարկումները կարող են տեղի ունենալ բաց հրապարակներում, սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում և այլ կերպ՝ զուգորդաբար և առանց իրար փոխարինելու։ Հանրային քննարկումների արդյունքում կարող են ծնվել նոր տեքստեր, կոչեր, գործողություններ և այլն։ Ազատ զգացեք ինքնակազմակերպվել և նախաձեռնել այդ քննարկումները։
###
2015թ․ հունիս ամսին էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի կուլմինացիան Բաղրամյան պողոտան էր, որտեղ կուտակվել էր ոչ միայն զայրույթի, ըմբոստության և պայքարի լիցք, այլ իշխանական բռնությանը երևակայական բռնությամբ հակազդելու լիցք. պայքարող հարթակը լի էր սեռական այլաբանություններով: Սեռական հայհոյանքներով կարգախոսները, տղամարդու սեռական օրգաններին հղող խորհրդանիշները և դրանց անքննադատ տիրաժավորումը թե՛ հանրությունների, թե՛ զանգվածային լրատվամիջոցների կողմից, ոչ միայն դարձնում էին պայքարող հարթակը քաղաքականապես սնանկ, այլ այն նույնացվում էր ֆալոգոցենտրիկ իշխանության բռնակալ հռետորությանն ու գործողություններին, որոնք կիրառվում են կանանց, կանացիին վերաբերող դրսևորման, նույնասեռականների, ինչպես նաև փակ հաստատություններում (բանտեր, բանակ) գտնվող առավել խոցելի տղամարդկանց խմբերի և ինքնության «ուրիշ» տիպերի նսեմացման համար։
Բաղրամյան պողոտայում պայքարող կանանց մի մեծ զանգվածի հանրային ներկայացման ձևերը, կարգախոսները և, մեծ հաշվով, նրանց կողմից յուրացված և արականի կողմից հաստատված սեռադերային մոդելը խեղում էին կնոջ սուբյեկտիվությունը՝ թույլ չտալով հեռանալ արականի կամայականությունից։ Պայքարի հարթակում գտնվող կանանց մի ստվար զանգված կապկում և հաստատում էր ֆալոգոցենտրիզմի բոլոր կանոնները՝ վերածվելով ավանդականի (արականի) ռեկվիզիտի։ Տղամարդկային իդեալներով երևակայված և հաստատված կանացիի կազմավորման ձևը միշտ հղում է ավանդական կոդերին` «հրեշտակային անմեղությանը», կամ ընտանեկան օջախի «հրեշտակին», անձնամոռաց, ինքն իրենից հրաժարվող կնոջը, իսկ այդ իդեալականցման «հակառակ» երեսն այն է, երբ կանացի «մաքրության» ետևում գտնվում է չար «ղզօղլանը», կամ «փառասեր գայթակղիչը», հաճախ էլ՝ «հրեշը»։
Արականի գերակայությամբ և գերիշխանությամբ տոգորված պայքարի հրապարակն ընդհանրապես դրսևորում է խտրական, վերահսկող կամ արհամարական վերաբերմունք այնտեղ գտնվող կանանց նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում դա, ցավոք, ներկա էր, սակայն հարկ է նշել, որ մի պահ առաջացած «ճեղքն» օգնեց ստեղծել հորիզոնական և գենդերային հիերարխիայից դուրս հանրային քննարկումներ, որտեղ արտահայտվելու հնարավորություն տրվեց բոլոր ցանկացողներին, և կար հնարավորություն կիրառել ֆեմինիստական մոտեցմամբ լի ապակենտրոնացնող ներուժը։
Կոչ ենք անում կանանց միացնել իրենց ինքնաիդենտիֆիկացմանը վերաբերող երևակայականը, սեփական ԵՍ-ի ապրումի անհատական մեխանիզմը, այլ դեպքում՝ ստիպված ենք մշտապես լծորդված լինել սահմանափակությունների և ճնշումների համակարգին, սեռի և սեռային բացառման քաղաքականությանը և դրանից բխող բոլոր մշակութային ու սոցիալական հետևանքներին:
Կոչ ենք անում վերը արծարծված հարցերի շուրջ սկսել հանրային քննարկումներ, քանի դեռ պայքարի ցանկացած հարթակ վերարժևորման կարիք ունի ֆեմինիզմի և գենդերի տեսանկյունից:
Սոլիդարությամբ,
Սուսաննա Գյուլամիրյան
Աննա Շահնազարյան
Սիրելի ընկերակիցներ,
ReplyDeleteՔանի որ ձեր բոլորի հասցեներով Աննայի կողմից ուղարկվել էր մեր կոչը սկսել ֆեմինիստական հանրային քննարկումներ, որտեղ՝ Electric Yerevan-ը դրթապատճառ էր, իսկ, իրականում, կարիքը ունենք քննարկել ցանկացած պայքարող հարթակներում, շարժումներում կանաց ներկայայության, գործողությունների և բազմաթիվ այլ խնդիրների մասին՝ հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու առաջին հանդիպմանը: Այս մեկը համարենք/անվանենք 'հանդիպում', քանի որ այն միտված է իրար ներկայանալու, ծանոթանալու և բուն քննարկումների իրականցման մեթոդները, վայրերը և այլ հարցեր միասնաբար որոշելուն:
Հանդիպում ենք գալիք երկուշաբթի օրը (հուլիսի 27), ժամը 19:30 ՛Արտ Կոմունա՛ արվեստագտենրի միջազգային կացարանում, որը գտնվում է Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում` հարավ-արևմտյան թաղամաս (բանգլադեշ), Րաֆֆու 69/1 հասցեով: Հասնում եք ՛բանգլադեշի՛ եկեղեցու մոտ, անցնում եք դիմացի մայթը և կտեսնեք ABB (bank) կարմիր տառերով հապավումը դալանի վերևում, անցնում եք այդ դալանի միջով և ուղիղ գնում մոտավորապես 20-25 մետր, ձախ թևր վրա կտեսնեք կարմիր գույնով ներկած դարպասները և ցուցանակը (Գեղարվեստի ավագ դպրոց): Զանգահարեք ինձ և ես` Սուսաննան, կդիմավորեմ ձեզ (091 944 783):
Ազատորեն կարող եք բերել ձեզ հետ ցանկացած ուտելիքներ, ըմպելիքներ: Կզրուցենք բացօթյա այգում:
Մինչ հանդիպում!
Սուսաննա