Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվելով 2001թ-ին նշվում է արդեն իբրև «Կանանց տոն»: Երբ ապրիլի 7-ը ներմուծվեց հայկական տոնացույց որպես մայրության և գեղեցկության տոն, այն ներկայացվեց իբրև «խորհրդային» անցյալից հրաժարվելու փորձ։ Ապրիլի 7-ը հետխորհրդային ազգայնական/կրոնական տրամադրությունների զարթոնքի ազդեցությամբ ներմուծվեց պաշտոնական տոնացույց՝ որպես Մայրության եւ գեղեցկության տոն` առնչվելով քրիստոնեական Ավետման տոնի հետ և փոխարինելով Մարտի 8-ի տոնին: Իհարկե, այս տոնին ևս հաղորդվեց կնոջը օբյեկտացնելու բովանդակություն և, ըստ էության, դրանց տարբերությունը հնարավոր է զգալ այնքանով, որ Մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է։ Հանրային ընկալումներում էլ Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը սկսեց ընկալվել որպես «կանանց միամսյակ»։
Կանանց միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես տոն՝ ի պատիվ կին աշխատավորների և այլ ասպարեզներում պայքարող կանանց: Այս օրը նշանավորվել է՝ շնորհիվ 19-րդ դարի կեսերին տեղի ունեցած ամերիկացի կին աշխատավորների երկու գործադուլների։ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքում դերձակ կանայք կազմակերպել էին երթ և ցույց` պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում, 10-ժամյա աշխատանքային օր և հավասար իրավունքներ կանանց համար: Այդ օրը ոստիկանությունը ցրեց նրանց հավաքը: 51 տարի անց՝ 1908թ., այդ օրվա պատվին, մարտի 8-ին նրանց քույրերը՝ նույնպես դերձակներ, դուրս եկան երթի` պահանջելով ձայնի իրավունք, անմարդկային աշխատանքային պայմաններով արտադրամասերի և երեխաների շահագործման արգելում: Նորից, իհարկե, հայտնվեց ոստիկանությունը: Իսկ Երկրորդ Ինտերնացիոնալի կոնգրեսի ժամանակ՝ 1910թ., հարյուր կին-սոցիալիստներ միաձայն աջակցեցին գերմանացի կին սոցիալիստ Կլարա Ցետկինին, ով առաջարկեց հայտարարել այդ օրը Կանանց միջազգային օր՝ ի հիշատակ ամերիկյան երթերի և ի պատիվ ամբողջ աշխարհի աշխատավոր կանանց:
Տոնի իմաստի խեղաթյուրման գործընթացը նոր չէ. նույնիսկ իրեն սոցիալիստական հռչակած ԽՍՀՄ-ում պարբերաբար փոխվում էր այդ տոնի իմաստը` Կանանց սոլիդարության օրվանից վերջնականապես վերածվելով «գարնան, սիրո և կանացիության» տոնի: Այս վերջին հանգրվանում է նաև Հայաստանը 2015թ.։
Փետրվարյան հեղափոխությունը, որը հանգեցրեց ցարական միապետության կործանմանը և ժողովրդավարական փոփոխություններին, սկսեց հենց կանանց ցույցերից. առաջին ցույցն անցկացվեց Պետրոգրադում մարտի 8-ին «Հաց և խաղաղություն» պահանջով: Չնայած բոլշևիկները ստիպված էին շնորհակալություն հայտնել կանանց՝ հեղափոխական իրադարձություններում ունեցած ներդրման համար, սակայն իրականում նրանք ինքնակազմակերպված և գիտակից կանանց պոտենցիալը դիտարկում էին իբրև գործիք. բոլշևիկներն ուզում էին վերահսկել այդ կանանց և օգտագործել նրանց՝ հասարակության վրա սեփական քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար:
Սովետական իշխանության առաջին իսկ տարիներից սկսվեց Մարտի 8-ի օրվա իմաստի խեղաթյուրումը: Նախ, շեշտադրումը փոխվեց գենդերային հավասարությունից դեպի դասակարգային պայքար. այդ օրը սկսեցին անվանվել կին աշխատավորների՝ պրոլետար կանանց սոլիդարության օր: Միաժամանակ, կանայք, փաստորեն, զրկված են եղել Կանանց միջազգային օրվան նվիրված անկախ զանգվածային միջոցառումներ նախաձեռնելու հնարավորությունից: Այդ լիազորություններն անցել էին կանանց խորհուրդներին` կուսակցական բջիջներին կից հատուկ համակարգերին, որոնք ստեղծվել էին դեռևս 1919թ.՝ բոլշևիկյան քաղաքականությանն ավելի մեծ թվով կանանց ներգրավելու նպատակով: 1920-ականներին Մարտի 8-ը դեռ կապ ուներ կանանց հավասար իրավունքների հետ: Այդ ժամանակների քաղաքակական հռետորաբանությունը լի էր «խոհանոցային ստրկությունից կնոջ ազատագրման» և աշխատողների շահագործման դեմ դասակարգային պայքարի, աշխատավոր և գյուղացի կանանց սոլիդարության մասին լոզունգներով: Իրականում դա համապատասխանում էր սովետական իշխանության առաջին տարիների գենդերային քաղաքականության նախընտրություններին. սովետական էմանսիպացիոն ծրագրի նպատակն էր կանանց զանգվածային ներգրավումը կոմունիզմի կառուցման գործում, որը նրանց կրթության, մասնագիտական պատրաստության և հանրային լայն մասնակցության կարիքն ուներ: Դրա հիմքում էր դրված կնոջը տղամարդուն հավասարեցնելու գաղափարը. կանանց պետք էր ազատագրել, «ձգել» մինչև իդեալական մարդու՝ տղամարդ աշխատավորի մակարդակը: Այդ ժամանակի քարոզչական պաստառները ցույց են տալիս կին պրոլետարի տղամարդանման կերպարը: Ներկայացվում էր, որ կոմունիստական կուսակցությունը և սովետական իշխանությունը կնոջը պարգևել են իրավունքներ, ազատագրել են հայրիշխանական լծից, բարձրացրել ավելի բարձր մակարդակի, տվել ինքնարտահայտման հնարավորություն, և այլն: Ըստ այդմ, կանայք պետք է վարձահատույց լինեին անձնվեր աշխատանքով, արդարացնեին մեծ սպասումները և ապացուցեին, որ արժանի են իրենց նկատմամբ ցուցաբերված բարձր վստահությանը: Այդ ընթացքում հասարակական գիտակցության մեջ ամրապնդվում էր այն կարծիքը, որ հենց սովետական պետությունն ու կոմունիստական կուսակցությունն են կանանց տվել իրավունքներ, այլ ոչ թե կանայք են այդ իրավունքները նվաճել հեղափոխական պայքարի արդյունքում:
Ստալինյան նոր Սահմանադրության (1936թ.) ուժի մեջ մտնելուց և «կանանց հարցը» ԽՍՀՄ-ում պաշտոնապես լուծված հռչակելուց հետո Մարտի 8-ը դառնում է սովետական կանանց ձեռքբերումների ստուգատես, որի քանակական և որակական չափանիշների մասին հայտարարվում է կուսակցության վերնախավին հատուկ զեկույցներով: Մարտի 8-ը սկսում է կրել արտահայտված քարոզչական բնույթ, մինչդեռ խնդիրների և կանանց դեմ խտրականության քննարկման հնարավորությունները վերանում են:
Երկրորդ աշխարհամարտից հետո, հաշվի առնելով պատերազմի արդյունքում առաջացած ժողովրդագրական ճգնաժամը, ԽՍՀՄ-ում ծնելության խրախուսման քաղաքականություն է տարվում: Մարտի 8-ը սկսում են զուգորդել մայրության խրախուսման հետ: Հետպատերազմյան պաշտոնական հռետորաբանությունն արմատապես տարբերվում է նախորդ երկու տասնամյակների հռետորաբանությունից` սեռերի միջև տարբերությունների վերացման անհրաժեշտության վերաբերյալ կարգախոսներին հաջորդում է այդ գենդերային տարբերությունների խրախուսումը, հատուկ շեշտ է դրվում դրանց հանրային կարևորության վրա: Հայրենիքի առնական պաշտպանի կերպարը հակադրվում է հոգատար, սիրող և հավատարիմ կին-մոր կերպարին, իսկ այդ ժամանակների վիզուալ քարոզչության մեջ կնոջ կերպարները դառնում են ավելի կանացի: Գենդերային դերերի բևեռացման այդ միտումը («իսկական տղամարդու» և «իսկական կնոջ» փոխլրացնող բնորոշիչ հասկացություններով) գերիշխող մնաց պետական գենդերային գաղափարախոսության մեջ մինչև ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիները:
Սառը պատերազմի ժամանակահատվածը սովետական քարոզչության մեջ աչքի է ընկնում «ազատ սովետական կնոջ» կերպարի է՛լ ավելի ակտիվ օգտագործմամբ: 1960-ական թվականների սկզբին Մարտի 8-ի առթիվ շնորհավորական բացիկներն ու ցուցապաստառները լի են ժպտացող կանանց (հաճախ երեխաների հետ) պատկերներով, տարբեր ռասաների և սոցիալիստական ճամբարի երկրների ազգությունների ներկայացուցիչ կանանց պատկերներով, ովքեր հայտարարում են համաշխարհային խաղաղության համար պայքարին սոլիդարության մասին և վկայում սոցիալիստական կարգի առավելությունների մասին: Մարտի 8-ի տոնումն ամենուրեք անցնում է՝ «Սովետական կանայք ամենաերջանիկ կանայք են աշխարհում» աշխույժ կարգախոսերի ներքո՝ հակադրվելով կապիտալիստական երկրների՝ շահագործվող և խտրականության ենթարկվող կանանց ցավալի վիճակի հետ: Աշխատանքային կոլեկտիվներում կանանց միջազգային օրվա տոնակատարությունը զուգորդվում է կնոջ նկատմամբ անխոնջ հոգատարության համար կուսակցության և կառավարության փառաբանմամբ, ինչպես նաև արտադրության մեջ առաջատար կանանց և սոցմրցություններում հաղթող կանանց պարգևատրմամբ:
1965թ-ին Մարտի 8-ը պաշտոնապես ոչ-աշխատանքային օրվա կարգավիճակ ստացավ, ինչը շրջադարձային եղավ Կանանց օրը նշելու իմաստի և ոճի դիտանկյունից: Մարտի 8-ը հանրային տարածքից տեղափոխվեց անձնական ոլորտ՝ ընտանիք: Պետք չէ մոռանալ, որ խռուշչովյան «հալոցքի» ժամանակահատվածն իր հետ բերեց հանրային կյանքի որոշակի լիբերալացում, ապրելակերպի բարելավում և մինչ այդ իբրև «բուրժուական հետամնացություններ» պիտակավորված արժեքների ու առօրյա կյանքի ատրիբուտների (մոդա, շպար, տան ինտերիեր, էթիկետի տարրեր և այլն) «վերականգնում»: Հավանաբար հենց այդ ժամանակ է ձևավորվում Մարտի 8-ին կանանց ծաղիկներ, կոնֆետներ և այլ «հաճելի մանրուքներ» նվիրելու ավանդույթը: Անձնական մակարդակի շնորհավորանքներում արդեն «կին աշխատավորներ» հռետորաբանությունը տեղին չէր, այնինչ կին-մոր տոնը նշելը (որն այդ ժամանակ արդեն դարձել էր «սովետական սուպեր-կնոջ» կերպարի մարմնավորում) լիովին համապատասխանում էր ընտանեկան տոնի ոգուն: Այդ իսկ պատճառով կարելի է վստահությամբ ասել, որ 1960-ականների վերջերին Մարտի 8-ը վերափոխվեց մի տոնի, որն իր իմաստով մոտ է այսօրվա Մայրերի օրվան: Եթե մինչ այս տոնական բացիկները միայն ժամանակ առ ժամանակ էին շնորհավորում մայրերին Մարտի 8-ի կապակցությամբ, ապա 1970-ականներին նկատվում է ստույգ և միանշանակ զուգահեռը Մարտի 8-ի օրվա և մայրության միջև: Մանկապարտեզներում ներմուծում են հոգատար մայրիկների պատվին բանաստեղծություններով ու երգերով մանկական տոների կազմակերպման ավանդույթը, իսկ մամուլն այդ օրերին լցվում էր հերոսուհի մայրերի վերաբերյալ հրապարակումներով:
Մասնավոր-ընտանեկան ասպարեզ բերվելով՝ օրվա իմաստը գնալով ավելի է ապաքաղաքականացվում: Հետզհետե Մարտի 8-ը վերածվում է բոլոր կանանց տոնի: 1970-ականներին աշակերտների կողմից իրենց դպրոցական կին ուսուցիչներին շնորհավորելու պրակտիկան լրացվում է նոր մոդայով` տղաները սկսում են շնորհավորել համադասարանցի աղջիկներին: Ձնծաղիկների փունջը և փափուկ խաղալիքը օրվա անքակտելի ատրիբուտներ են դառնում: Տոնական բացիկների վրա, որոնք նախորդ տասնամյակներում խստաշունչ կին աշխատավորների կամ հոգատար հերոսուհի մայրերի կերպարներ էին պատկերում, հայտնվում են անհոգ աղջնակի կերպարներ կամ տղայից տոնական շնորհավորանքներ ստացող աղջկա ուրախ պատկերներ: Տոնի հերոսի «երիտասարդացման» միտումը զուգորդվում է դրա քաղաքական բնույթի որևէ ակնարկի ամբողջական անհետացումով (չէ՞ որ փոքրիկ աղջիկն ընդհանրապես գործ չունի ակտիվ քաղաքական ասպարեզում): Տոնի խորհրդանշանային տարածությունը լցնում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են ծաղիկները, քաղցրավենիքը, նվերները...
Կանանց օրվա վերջնական ապաքաղաքականացումն իրականանում է արդեն ոչ միայն պաշտոնական միջոցառումների մակարդակում (չէ՞ որ աշխատանքային կոլեկտիվներում դեռ տոնակատարություններն անցկացվում՝ դրանց բնորոշ ելույթներով, սովետական քարոզչությանը հատուկ կլիշեներով և դրոշմներով լի), այլև մասնավոր ոլորտում, որտեղ մարտի 8-ը դառնում է լիարժեք ընտանեկան տոն` կնոջը հաճոյանալու ծեսերով:
Տեսողական մակարդակում Կանանց օրվա սկզբնական քաղաքական իմաստի հետ վերջնական խզումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ բացիկների վրայից ամբողջությամբ անհայտացան կանանց մասին բոլոր հիշատակումները՝ թե՛ տեքստում, թե՛ պատկերներում: Սովետական ուշ ժամանակաշրջանի բացիկների վրա հայտնվում են հեքիաթային և մուլտ հերոսներ ու խաղալիք կենդանիներ, իսկ շնորհավորանքների և պատկերների հիմնական թեման դառնում է գարունը: Գարնանային ծաղիկները և պատկերները զուգահեռներ են տանում բնության զարթոնքի հետ և ավելի քիչ են կապվում կանանց հետ՝ թերևս, միայն երիտասարդության և կանացի գեղեցկության ծաղկունքի մակարդակի վրա: Հետաքրքիր է, որ սովետական իշխանության վերջին տարիներին նույնիսկ փորձեր էին արվում կապելու Մարտի 8-ը ժողովրդական ավանդույթներին. այսպես, որոշ բացիկների ձևավորման մեջ օգտագործվել են էթնիկ ֆոլկլորի և ավանդական կերպարվեստի գծեր:
Դժվար է ասել, թե որքանով էին Մարտի 8-ի ապաքաղաքականացման միտումները նպատակաուղղված կամ վերևից ղեկավարվող, բայց, եթե հաշվի առնենք, որ ԽՍՀՄ-ում զանգվածային տպագրության ցանկացած միավոր քաղաքական համապատասխանության որոշակի փորձաքննություն էր անցնում և պետք է արժանանար համապատասխան մարմինների հավանությանը, կարելի է ենթադրել, որ այդ գործընթացն այդքան էլ ինքնաբուխ չէր: Ամեն դեպքում, 1980-ականների վերջերին ԽՍՀՄ-ում ձևավորվեց Կանանց միջազգային օրվա տոնակատարության շատ յուրահատուկ ավանդույթ` լի այնպիսի իմաստներով, ատրիբուտներով ու ծեսերով, որոնք, փաստորեն, հակառակ էին 20֊րդ դարասկզբին ֆեմինիստ կանանց կողմից այս տոնի հիմքում դրված գաղափարներին:
Սովետական իշխանության 70 տարիների ընթացքում Մարտի 8-ը կորցրեց իր քաղաքական դիմադրական ներուժը. այն սեփականաշնորհվեց ոչ միայն պետության, այլև ընտանիքի կողմից և դարձավ «գարնան, հավերժ կանացիության և սիրո» մեծարման տոն: Գողացված այս տոնն ուղղվեց հենց կանանց դեմ. տարվա մեջ 1 օր կնոջ կեղծ բարեպաշտական գովքն ու նվերների հանձնումն իրականանում էր կանանց համատարած շահագործման և խտրականության դրսևորումների, կանանց բազմաթիվ կարիքների և խնդիրների անտեսման պայմաններում, և սա՝ սովետների երկրում, որտեղ «կանանց հարցը» համարվում էր վաղուց լուծված:
Այդ նույն ժամանակ, դեռ 1970-ականներին աշխարհով անցնում էր այսպես կոչված «ֆեմինիզմի երկրորդ ալիքը», և կանանց կազմակերպություններն ակտիվորեն ճնշում էին գործադրում իրենց երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների վրա` պահանջելով գործնականում կանանց համար ապահովել հավասար իրավունքներ ու հնարավորություններ: Այդ զանգվածային և նպատակաուղղված ջանքերի արդյունքներում եվրոպական և հյուսիսամերիկյան երկրների ազգային օրենսդրությունների մեջ փոփոխություններ տեղի ունեցան: Բացի այդ ՄԱԿ-ը 1975թ. հռչակեց Կանանց տարի, որպեսզի ուշադրություն հրավիրի կանանց նկատմամբ խտրականության հարցերի վրա, 1977թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբելան ընդունեց № 32/142 բանաձևը, համաձայն որի անդամ-պետություններից յուրաքանչյուրին առաջարկվում էր նշել Կանանց իրավունքների միջազգային օրը: 1979թ. Գլխավոր Ասամբլեան ընդունեց Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, որը վավերացրեց 150 երկիր (այդ թվում Հայաստանը 1993թ.): Այսպիսով, անդամ-երկրները ոչ միայն ճանաչեցին կանանց նկատմամբ խտրականության փաստերը, այլև դրանք վերացնելու պարտավորություն ստանձնեցին:
Հայաստանում Մարտի 8-ի խեղաթյուրված նարատիվները խորանում և «լեգիտիմանում են» նաև Մարտի 8-ին և ապրիլի 7-ին պետական պաշտոնյաների «մաղթանք-ուղերձների» շնորհիվ, որանք անխտիր հեղեղված են կանացիության դիսկուրսով: Ուղերձներ հրապարակողները, որպես կանոն, հանդես են գալիս «մենք»-ի դիրքերից՝ մի դեպքում որպես մենք՝ տղամարդիկս, մյուս դեպքերում որպես մենք՝ իշխանություն: Ազգային-պատրիարխ նախագահի-իշխանության ներկայացուցչի դերերը և պարտականությունները ենթադրում են «հսկել բարոյական արժեքները, առողջության և տան պահպանումը, և որ ամենակարևորն է՝ լավ մատակարար լինել իր ազգային ընտանիքի համար»: «Մեր մայրերին, տիկնանց, քույրերին և դուստրերին մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ամուր հենարաններ կյանքում և նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր հայրենիքի» (ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Սերժ Սարգսյան, 2014թ. մարտի 8):
Իշխանության ներկայացուցիչների ուղերձներում հատկապես կարևորվում է կանանց՝ որպես ընտանիքի հիմնասյան, երջանկության, ներդաշնակության պահպանի ու երաշխավորի դերակատարումը. «Դուք ձեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանն եք, գեղեցիկի կրողն ու փոխանցողը» (Հ. Աբրահամյան, մարտի 8-ի ուղերձ)։ Կանանց դիտարկելով ընտանեկան միջավայրում՝ քաղաքական դիսկուրսը կնոջը դիրքավորում և սահմանում է ոչ հանրային ընտանեկան միջավայրում՝ վերարտադրող դերերում:
Փաստացի, անկախությունից ի վեր, հանրային ուղերձները թաղեցին Մարտի 8-ի իմաստը պատրիարխալ ազգայնական նարատիվների մեջ։ Անգամ կանանց նվիրված տոների կոնտեքստում որևէ կերպ չեն քննարկվում կանանց իրավունքների և հնարավորությունների հետ կապված մտահոգություններ, չեն բարձրաձայնվում խնդիրներ, հանրային օրակարգ չեն բերվում այս ուղղությամբ անելիքների ծրագրեր:
Մի խումբ ֆեմինիստներ պատրաստեցին այս տեքստը՝ օգտվելով հետևյալ աղբյուրներից.
Украденный праздник: исторические трансформации 8 марта, http://zn.ua
Хлеба и роз: история 8 Марта, http://womenation.org/bread-and-roses/
Ռուզաննա Ծատուրյան, Վերծանելով կնոջը արդի հայաստանյան քաղաքական դիսկուրսում (Հանրային քաղաքականության վերլուծություն), http://www.ysu.am/files/
No comments:
Post a Comment