Օդրի Լորդ
Գլխավոր ելույթ Կանանց հետազոտությունների ազգային միության գիտաժողովին (Սթորրս, Քոննեքթիքըթ, հունիս 1981թ.):
Ցեղապաշտություն։ Հավատ մի ցեղի ներհատուկ վերադասության մնացած բոլոր ցեղերի հանդեպ, և հետևաբար տիրապետության իրավունք՝ բացահայտ ու ենթադրյալ։
Կանայք պատասխանում են ցեղապաշտությանը։ Իմ պատասխանը ցեղապաշտությանը բարկությունն է։ Կյանքիս մեծ մասն ապրել եմ այդ բարկության հետ՝ արհամարհելով այն, դարձնելով այն սնունդ, սովորելով օգտագործել այն՝ նախքան հիմնավեր կաներ իմ տեսիլները։ Ժամանակին սա անում էի լուռ՝ վախեցած դրա ծանրությունից։ Բարկությունից իմ վախն ինձ չսովորեցրեց ոչինչ։ Ձեր վախն այդ բարկությունից ձեզ էլ չի սովորեցնի ոչինչ։
Երբ կանայք պատասխանում են ցեղապաշտությանը, նշանակում է կանայք պատասխանում են բարկությանը՝ բացառման, չհարցադրված արտոնության, ցեղային խեղաթյուրումների, լռության, չարաշահման, կարծրատիպերի տարածման, պաշտպանողության, թյուրանվանման, դավաճանության ու յուրացման բարկությանը։
Իմ բարկությունը պատասխան է ցեղապաշտական վերաբերմունքին և գործողություններին ու կանխադրություններին, որոնք ծագում են այդ վերաբերմունքից։ Եթե այլ կանանց հետ ձեր հարաբերություններն արտացոլում են այդ վերաբերմունքը, ապա իմ բարկությունն ու ձեր ուղեկից վախերը լուսարձակներ են, որոնք կարող են օգտագործվել աճի համար այնպես, ինչպես ես եմ օգտագործել բարկությունն արտահայտելու իմացումն իմ աճի համար։ Բայց ուղղիչ վիրահատության համար, ոչ՝ մեղքի զգացման։ Մեղքի զգացումն ու պաշտպանողությունն աղյուսներ են պատի մեջ, որին բախվելիս բոլորս տապալվում ենք․ դրանք չեն ծառայում մեր ապագաներից և ոչ մեկին։
Քանի որ չեմ ուզում, որ սա դառնա տեսական քննարկում, այս կետերը պատկերավորելու համար կանանց միջև փոխանակության մի քանի օրինակ կբերեմ։ Ժամանակ խնայելու նպատակով կարճ կկապեմ։ Ուզում եմ իմանաք, որ օրինակները շատ ավելին են եղել։
- Մի գիտաժողովի ելույթ եմ ունենում անմիջական ու կոնկրետ բարկությամբ, ու մի սպիտակ կին ասում է․ «Պատմիր ինձ՝ ինչ ես զգում, բայց ոչ չափից շատ կոպիտ, այլապես չեմ կարողանում լսել քեզ»։ Բայց իմ խոսելաձև՞ն է նրան խանգարում լսել, թե՞ վտանգն ուղերձից, որ նրա կյանքը կարող է փոխվել։
- Հարավային նահանգի համալսարաններից մեկի Կանանց հետազոտությունների ծրագիրը հրավիրում է մի Սև կնոջ ընթերցելու [իր գործերից] Սև և սպիտակ կանանց մեկշաբաթյա ժողովի ավարտին։ «Ի՞նչ տվեց ձեզ այս շաբաթը»,- հարցնում եմ։ Ամենաձայնեղ սպիտակ կինն ասում է․ «Կարծում եմ՝ շատ բան ստացա։ Զգում եմ, որ Սև կանայք հիմա ինձ իսկապես շատ ավելի լավ են հասկանում․ հիմա նրանք ավելի լավ են պատկերացնում, թե որտեղից եմ գալիս»։ Կարծես թե նրան հասկանալն էր ընկած ցեղապաշտական խնդրի սրտում։
- Տասնհինգ տարի տևած կանանց շարժումից հետո, որը հավակնում է զբաղվել բոլոր կանանց կյանքին վերաբերող խնդիրներով և հնարավոր ապագաներով, դեռ լսում եմ համալսարանից համալսարան․ «Ինչպե՞ս կարող ենք հասցեագրել ցեղապաշտության խնդիրները։ Ոչ մի Գունավոր կին չէր եկել»։ Կամ այդ ձևակերպման մյուս կողմը․ «Մեր բաժնում չկա մեկը, որ պատրաստված լինի դասավանդել նրանց գործերը»։ Այլ կերպ ասած, ցեղապաշտությունը Սև կանանց խնդիրն է, Գունավոր կանանց խնդիրը, և միայն մենք կարող ենք քննարկել դա։
- Երբ կարդացի «Բանաստեղծություններ՝ նվիրված զայրույթով լի կանանց» վերնագրով իմ գործից [1], մի սպիտակ կին հարցրեց ինձ․ «Ինչ-որ բան անելո՞ւ եք, որ կարողանանք ձևեր գտնել անմիջականորեն հարաբերվելու մեր բարկության հետ։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է»։ Հարցնում եմ․ «Ինչպե՞ս եք դուք օգտագործում ձեր զայրույթը»։ Իսկ հետո ստիպված շրջվում եմ նրա աչքերի դատարկ նայվածքից՝ նախքան կկարողանա հրավիրել ինձ մասնակցելու իր սեփական ոչնչացմանը։ Իմ գոյությունն այն բանի համար չէ, որ զգամ նրա բարկությունն իր փոխարեն։
- Սպիտակ կանայք սկսում են քննել իրենց հարաբերությունները Սև կանանց հետ, սակայն հաճախ եմ լսում, որ ուզում են միայն հարաբերվել մանկության ճանապարհներին շարված գունավոր մանուկների հետ, սիրելի դայակի հետ, երկրորդ դասարանից պատահական դասընկերոջ հետ՝ այն քնքուշ հիշողությունների հետ, որ ժամանակին խորհրդավոր էին և խտվտուն կամ չեզոք։ Դու խուսափում ես այն մանկական ենթադրություններից, որոնք ձևավորվել են Ռասթուսի և Ալֆալֆայի վրա լպիրշ ծիծաղով, մամայիդ թաշկինակի սրընթաց ուղերձով՝ փռված այգու նստարանին, քանի որ քիչ առաջ այդտեղ ես էի նստած եղել, Էյմոսի ու Էնդիի անջնջելի ու ապամարդկայնացնող պատկերներով ու քնելուց առաջ պապայիդ պատմած զվարճալի պատմություններով։
- 1967 թվականին Իսթչեսթըրի սուպերմարկետներից մեկում գնումների սայլակով քշում եմ երկու տարեկան աղջկաս, երբ մի փոքրիկ սպիտակ աղջիկ մեր կողքով անցնող իր մոր սայլակից հուզված գոռում է․ «Նայի՛ր, մա՛մ, փոքրիկ աղախին»։ Ու մայրդ լռեցնում է քեզ, սակայն չի ուղղում։ Եվ այսպես տասնհինգ տարի անց՝ ցեղապաշտության մասին գիտաժողովին, դու դեռ կարող ես այդ պատմությունը զվարճալի համարել։ Բայց լսում եմ՝ ծիծաղը քո լի է ահաբեկությամբ ու ան-հանգստությամբ։
- Մի սպիտակ դասախոս ողջունում է ոչ Սև, Գունավոր կանանց ժողովածուի հրատարակումը [2]։ «Սա թույլ է տալիս ինձ առնչվել ցեղապաշտությանը՝ առանց հարաբերվելու Սև կանանց կոպտության հետ»,- ասում է նա ինձ։
- Կանանց միջազգային մշակութային հավաքին մի հայտնի սպիտակ ամերիկացի բանաստեղծուհի ընդհատում է Գունավոր կնոջ գործի ընթերցումը, որ կարդա իր բանաստեղծությունը, իսկ հետո շտապում է դուրս՝ «կարևոր քննարկման»։
Եթե կանայք համալսարանում իրապես ուզում են երկխոսել ցեղապաշտության շուրջ, ապա պետք է ճանաչեն ուրիշ կանանց կարիքներն ու ապրման համատեքստերը։ Երբ համալսարանական կինն ասում է՝ «ես դա ինձ թույլ տալ չեմ կարող», նկատի ունի, որ ընտրում է՝ ինչպես ծախսել իր ունեցած փողը։ Իսկ երբ նպաստառու կինն է ասում «ես դա ինձ թույլ տալ չեմ կարող», նկատի ունի, որ յոլա է գնում այնքան փողով, որ 1972 թվականին հազիվ կհերիքեր գոյատևելու համար, և որ հաճախ բավարար ուտելիք չի ունենում։ Այնինչ Կանանց հետազոտությունների ազգային միությունն այստեղ 1981 թվականին գիտաժողով է անում՝ հանձնառություն ստանձնելով պատասխանել ցեղապաշտությանը, սակայն մերժելով գրանցման վճարից ազատել այն աղքատ և Գունավոր կանանց, որոնք ուզում էին բանախոսել և աշխատանոցներ վարել։ Սա անհնար է դարձնում շատ Գունավոր կանանց, ինչպես, օրինակ՝ «Սև կանայք հանուն տան գործի վարձատրության» կազմակերպությունից Ուիլմեթ Բրաունի մասնակցությունն այս գիտաժողովին։ Արդյոք սա լինելու է հերթական դե՞պքը, երբ համալսարանական աշխարհը կյանքը քննարկում է համալսարանի փակ շրջանակների ներսում։
Ներկա սպիտակ կանանց հետ, որոնց ծանոթ է այս վերաբերմունքը, բայց առավելապես իմ բոլոր Գունավոր քույրերի հետ, որոնք ապրում և վերապրում են հազարավոր այսպիսի միջադեպեր, իմ Գունավոր քույրերի հետ, որոնք ինձ պես դեռ սանձահարում են իրենց զայրույթը, կամ որոնք երբեմն կասկածի տակ են առնում մեր զայրույթի դրսևորումները՝ համարելով անօգուտ և կործանարար (երկու ամենատարածված մեղադրանքները), ես ուզում եմ խոսել բարկության մասին, իմ բարկության մասին, և թե ինչ եմ սովորել դրա տիրապետությամբ ձգվող իմ ճամփորդություններից։
Ամեն բան կարելի է օգտագործել / բացի նրանից, ինչ վատնող է (կարիք կլինի / հիշել սա, երբ կմեղադրեն քեզ կործանման մեջ) [3]։
Յուրաքանչյուր կին ունի լավ պահեստավորված բարկության զինանոց՝ ըստ կարելվույն օգտակար այն կեղեքումների դեմ՝ անձնական և հիմնարկային, որոնք ծնունդ են տվել այդ բարկությանը։ Ճշգրտությամբ սևեռելու պարագայում այն կարող է դառնալ զորավոր էներգիայի աղբյուր՝ ի սպաս առաջընթացի և փոփոխության։ Եվ երբ խոսում եմ փոփոխության մասին, նկատի չունեմ դիրքերի պարզունակ փոփոխություն կամ լարումների ժամանակավոր թուլացում, ոչ էլ ժպտալու կամ լավ զգալու կարողություն։ Ես խոսում եմ մեր կյանքերի հիմքում ընկած այդ ենթադրությունների հիմնարար և արմատական փոխակերպման մասին։
Ես տեսել եմ իրավիճակներ, երբ սպիտակ կանայք ցեղապաշտական ակնարկ լսելիս վրդովվում են ասվածից, լցվում ցասումով, սակայն լռում են, քանի որ վախենում են։ Այդ չարտահայտված բարկությունը ննջում է նրանց մեջ չպայթած ռումբի պես, որ սովորաբար պայթելու է ցեղապաշտությունից խոսող առաջին իսկ Գունավոր կնոջ գլխին։
Բայց բարկությունը, որ արտահայտվում ու թարգմանվում է գործողության՝ ի սպաս մեր տեսիլի և մեր ապագայի պարզեցման, ազատագրող և զորացնող է, քանի որ այս թարգմանության ցավոտ գործընթացում ենք պարզում, թե ովքեր են մեզնից լրջորեն տարբերվող մեր դաշնակիցները, և ովքեր են մեր իրական թշնամիները։
Բարկությունը լիցքավորված է տեղեկությամբ և էներգիայով։ Երբ խոսում եմ Գունավոր կանանց մասին, նկատի չունեմ միայն Սև կանանց։ Գունավոր կինը, որը Սև չէ և որը մեղադրում է ինձ իրեն անտեսանելի դարձնելու մեջ, երբ ենթադրում եմ, թե իր պայքարները ցեղապաշտության հետ նույնական են իմի հետ, ինչ-որ բան ունի ինձ ասելու, որից ավելի լավ կլինի սովորեմ, քան թե երկուսս էլ վատնենք մեզ՝ պարզելով, թե մեզնից ով է ճիշտ։ Եթե ես մասնակցում եմ, գիտակցաբար կամ այլ եղանակով, իմ քրոջ կեղեքմանը, և նա դա ինձ մատնացույց է անում, նրա բարկությանն իմով պատասխանելը ընդամենը սքողում է մեր փոխանակության նյութը հակազդեցությամբ։ Այն էներգիա է վատնում։ Եվ, այո՛, անչափ դժվար է կանգ առնել և լսել մի ուրիշ կնոջ ձայնը՝ ուրվագծող մի հոգեվարք, որ նաև իմը չէ կամ հոգեվարք, որին ինքս եմ նպաստել։
Այստեղ մենք խոսում ենք՝ հեռացած առավել ակնբախ հիշեցումներից, որ որպես կին պատերազմի մեջ ենք։ Թող սա չխանգարի մեզ տեսնել մեր առջև ծառացող ուժերի մեծությունն ու խրթինությունը և այն ամենը, ինչն ամենամարդկայինն է մեր միջավայրում։ Մենք այստեղ նրա համար չենք, որ իբրև կին քննենք ցեղապաշտությունը քաղաքական և սոցիալական վակուումի մեջ։ Մենք գործում ենք մի համակարգի երախում, որի համար ցեղապաշտությունն ու սեռապաշտությունը շահույթի առաջնային, հաստատված և անհրաժեշտ հենարաններն են։ «Կանայք պատասխանում են ցեղապաշտությանը» այնչափ վտանգավոր մի թեմա է, որ երբ տեղական մամուլը փորձում է վարկաբեկել այս գիտաժողովը, ընտրում է կենտրոնանալ լեսբիական կացարանների ապահովման հարցի վրա՝ որպես շեղող մի հնարի․ կարծես եթե «Հարթֆորդ քուրանթ» օրաթերթը չի խիզախում նշել այստեղ ընտրված քննարկման թեման՝ ցեղապաշտությունը, ակնհայտ չի դառնում, որ կանայք, ըստ էության, փորձում են քննել և փոխակերպել մեր կյանքերի բոլոր ճնշող պայմանները։
Զանգվածային հաղորդակցությունը չի ուզում, որ կանայք, մասնավորապես սպիտակ կանայք, պատասխանեն ցեղապաշտությանը։ Այն ուզում է, որ ցեղապաշտությունն ընդունվի ձեր գոյության հյուսվածքում՝ որպես անփոփոխելի տրվածք, երեկոյան ժամի կամ սովորական մրսածության նման։
Այսպիսով, մենք աշխատում ենք հակադրության և վտանգի համատեքստում, որի պատճառը հաստատ մեր միջև ընկած բարկությունները չեն, այլ, ավելի շուտ, այն թունոտ ատելությունը, որի թիրախում են բոլոր կանայք, Գունավոր մարդիկ, լեսբի ու գեյ մարդիկ, աղքատ մարդիկ՝ մենք բոլորս, որ ձգտում ենք քննել մեր կյանքերի մասնավորությունները, երբ դիմադրում ենք մեր կեղեքումներին՝ շարժվելով դեպի դաշինք և արդյունավետ գործողություններ։
Կանանց ցանկացած քննարկում ցեղապաշտության մասին պետք է ներառի բարկության ճանաչումն ու օգտագործումը։ Այս քննարկումը պետք է լինի շիտակ և ստեղծարար, քանի որ այն չափազանց կարևոր է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ բարկությունից մեր վախը շեղի մեզ կամ գայթակղի, որ համաձայնվենք պակաս բանի շուրջ, քան ազնվությունը պեղելու ծանր աշխատանքը․ մենք պետք է շատ լուրջ լինենք այս թեմայի ընտրության և դրան միահյուսված բարկությունների հարցում, քանի որ, վստա՛հ եղեք, մեր հակառակորդները շատ լուրջ են ատում մեզ և այն, թե ինչ ենք փորձում անել այստեղ։
Եվ մինչ մենք զննում ենք միմյանց բարկության, հաճախ՝ ցավոտ, երեսը, խնդրում եմ, հիշեք, որ այդ մեր բարկությունը չի ստիպում ինձ զգուշացնել, որ գիշերը կողպեք ձեր դռները և միայնակ չշրջեք Հարթֆորդի փողոցներում։ Ատելությունն է դարանակալած այդ փողոցներում, մեզ բոլորիս վերացնելու մղումը, երբ իրապես աշխատում ենք փոփոխության համար, ոչ թե պարզապես շփանում մեր գիտական հռետորությամբ։
Այս ատելությունն ու մեր բարկությունը շատ տարբեր են։ Ատելությունը ցասումն է նրանց, որ չունեն մեր նույն նպատակները, և դրա առարկան մահն ու կործանումն է։ Բարկությունը խեղաթյուրումների վիշտն է հավասարների միջև, իսկ առարկան՝ փոփոխությունը։ Բայց մեր ժամանակը սպառվում է։ Մեզ մեծացրել են այնպես, որ սեռից բացի ցանկացած տարբերություն համարենք կործանարար, ուստի Սև կանանց ու սպիտակ կանանց համար մեկմեկու բարկությանն առերեսվելն առանց հերքման կամ անշարժացման կամ լռության կամ մեղքի զգացման ինքնին հերետիկոսական և ծննդարար գաղափար է։ Սա ենթադրում է, որ հավասարները հանդիպում են ընդհանուր հիմքի վրա, որպեսզի քննեն տարբերությունը և փոխակերպեն այն խեղաթյուրումները, որ պատմությունը ստեղծել է մեր տարբերության շուրջ։ Քանի որ այդ խեղաթյուրումներն են, որ բաժանում են մեզ։ Ուրեմն պետք է հարց տանք ինքներս մեզ՝ ո՞վ է շահում այս ամենից։
Գունավոր կանայք ամերիկայում մեծացել են բարկության սիմֆոնիայի մեջ, քանի որ լռեցված են, քանի որ չընտրված են, քանի որ գիտեն՝ եթե գոյատևում են, ապա՝ ի հեճուկս այն աշխարհի, որը կանխատրված է համարում մարդկայնության մեր պակասը և որն ատում է իրեն չծառայող մեր գոյությունն իսկ։ Եվ ես ասում եմ սիմֆոնիա, ոչ թե կակոֆոնիա, քանի որ մենք ստիպված ենք եղել գործիքավորել այդ ցասումներն այնպես, որ դրանք մեզ չպատառոտեն։ Մենք ստիպված ենք եղել մեր ամենօրյա կյանքում սովորել շարժվել դրանց միջով և օգտագործել դրանք ուժի, զորության և ներքնատեսության համար։ Մեր մեջ նրանք, ովքեր չեն անցել այս դժվար դասը, կենդանի չեն մնացել։ Եվ իմ բարկությունն ինչ-որ չափով միշտ ձոն է իմ ընկած քույրերին։
Բարկությունը, ինչպես և ցասումը, պատշաճ հակազդեցություն է ցեղապաշտական վերաբերմունքին, երբ այդ վերաբերմունքից ծագող գործողությունները չեն փոխվում։ Հարց եմ տալիս այստեղ գտնվող կանանց, որ առավել վախենում են Գունավոր կանանց բարկությունից, քան իրենց սեփական չզննված ցեղապաշտական վերաբերմունքից․ Գունավոր կանանց բարկությունն ավելի՞ վտանգավոր է, քան մեր կյանքերի բոլոր ոլորտները երանգավորող ատելությունը կանանց հանդեպ։
Այլ կանանց բարկությունը չէ՛, որ կոչնչացնի մեզ, այլ այն, որ հրաժարվում ենք կանգ առնել, ականջ դնել դրա ռիթմերին, սովորել դրա ներսում, անցնել ներկայացման կերպից նյութին, ուժեր կորզել այդ բարկությունից՝ զորացման կարևոր այդ աղբյուրից։
Ես չեմ կարող թաքցնել իմ բարկությունը ձեզ զերծ պահելու մեղքի զգացումից, ոչ էլ՝ խոցված զգացմունքներից, ոչ էլ՝ բարկությանը պատասխան տալուց, քանի որ նման կերպ վարվելը վիրավորում և պարզունակացնում է մեր բոլոր ջանքերը։ Մեղքի զգացումը պատասխան չէ բարկությանը․ այն պատասխան է մեկի սեփական գործողություններին՝ արված կամ չարված։ Եթե այն հանգեցնում է փոփոխության, ուրեմն կարող է օգտակար լինել, քանզի այլևս մեղքի զգացում չէ, այլ գիտելիքի սկիզբ։ Մինչդեռ չափազանց հաճախ մեղքի զգացումը մեկ այլ անունն է անկարության և հաղորդակցությունը քայքայող պաշտպանողության․ այն դառնում է միջոց՝ պաշտպանելու անգիտությունը և շարունակելու իրերի դրությունն այնպես, ինչպես այն կա՝ անփոփոխության ծայրագույն պաշտպանություն։
Շատ կանայք գործիքներ չեն մշակել բարկությանը կառուցողական կերպով առերեսվելու համար։ Նախկինում ԳԲ [գիտակցությունը բարձրացնող] խմբերը, գլխավորապես սպիտակ, զբաղվել են բարկությունն արտահայտելու խնդրով սովորաբար տղամարդկանց աշխարհում։ Իսկ այս խմբերը կազմված էին կեղեքումների նման պայմաններում գտնվող սպիտակ կանանցից։ Սովորաբար քիչ փորձ կար՝ արտաբերելու կանանց միջև եղած բուն տարբերությունները, օրինակ՝ ցեղային, գունային, տարիքային, դասակարգային և սեռային ինքնության։ Այդ ժամանակ ակնհայտ կարիք չկար քննելու հակասություններն անձի՝ կնոջ, իբրև կեղեքողի։ Աշխատանք էր արված բարկությունն արտահայտելու, բայց շատ քիչ բան՝ մեկմեկու հանդեպ բարկությունն արտահայտելու համար։ Չէին մշակվել այլ կանանց բարկության հետ հարաբերվելու գործիքներ՝ բացի դրանից խուսափելուց, այն շեղելուց կամ մեղքի զգացումով քողարկված փախուստի դիմելուց։
Ես ստեղծագործ օգտագործման ոչ մի եղանակ չունեմ մեղքի զգացման համար՝ ձեր կամ իմ սեփական։ Մեղքի զգացումն ընդամենը մի այլ եղանակ է խուսափելու տեղեկացված գործողությունից, ժամանակ շահելու պարզ ընտրություններ անելու հրատապ կարիքից, փրկվելու վերահաս փոթորկից, որ կարող է սնել մոլորակը, բայց և բեկել ծառերը։ Եթե ես ձեզ հետ բարկացած եմ խոսել, առնվազն խոսել եմ ձեզ հետ, ատրճանակը դեմ չեմ տվել ձեր գլխին ու կրակել ձեզ փողոցի մեջտեղում, չեմ նայել արնաքամ լինող ձեր քրոջ մարմնին ու հարցրել․ «Տեսնես, ի՞նչ էր արել սրան արժանանալու համար»։ Սա էր երկու սպիտակ կնոջ արձագանքը Մերի Չըրչ Թերըլի պատմությանը լինչի դատաստանի ենթարկված մի Սև հղի կնոջ մասին, որի երեխային պատռել-հանել էին նրա մարմնից։ 1921 թիվն էր, և Ալիս Փոլը նոր էր հրաժարվել հրապարակավ աջակցություն հայտնել, որ Սահմանադրության 19-րդ փոփոխությունը վերաբերեր բոլոր կանանց՝ հրաժարվելով աջակցել, որ Գունավոր կանայք ներառվեն այդ փոփոխության մեջ, չնայած գործ էինք արել այն կյանքի կոչելու համար։
Կանանց միջև բարկությունները չեն սպանի մեզ, եթե կարողանանք արտաբերել դրանք ճշգրտությամբ, եթե ականջ դնենք ասվածի բովանդակությանն առնվազն նույնքան բուռն, որքան պաշտպանվում ենք ասվածի կերպից։ Երբ երես ենք դարձնում բարկությունից, երես ենք դարձնում ներքնատեսությունից՝ ասելով, որ կընդունենք արդեն իսկ ճանաչված ձևերը՝ մահացու և ապահով կերպով ծանոթ։ Ես փորձել եմ սովորել իմ բարկության օգտակարությունն ինձ համար, բայց նաև դրա սահմանափակությունները։
Կանանց, որոնց մեծացրել են վախով, շատ հաճախ բարկությունը սպառնում է ոչնչացմամբ։ Բիրտ ուժի այրական կառույցի մեջ մեզ սովորեցրել են, որ մեր կյանքերը կախված են հայրիշխանության բարի կամքից։ Այլոց բարկությունից պետք էր ամեն գնով խուսափել, որովհետև դրանից ոչինչ չկար սովորելու, բացի ցավից, դատավճռից, որ մեզ վատ աղջիկների պես ենք պահել, մեծացել ենք ինչ-որ բանի պակասով, չենք արել այն, ինչ ենթադրաբար պիտի անեինք։ Եվ եթե ընդունենք մեր անզորությունը, ապա, անշո՛ւշտ, ցանկացած բարկություն կարող է ոչնչացնել մեզ։
Բայց կանանց ուժը մեր միջև տարբերությունները ստեղծարար ճանաչելն է, և առանց մեղադրանքի դիմակայելը ժառանգված այն խեղաթյուրումներին, որոնք, սակայն, այժմ ենթակա են մեր փոխակերպմանը։ Կանանց բարկությունները կարող են տարբերությունները ներքնատեսության միջոցով վերածել զորության։ Քանի որ բարկությունը հավասարների միջև ծնունդ է տալիս փոփոխության, ոչ թե կործանման, իսկ անհարմարությունն ու կորստի զգացումը, որ հաճախ պատճառում է, մահացու չեն, այլ՝ աճի նշան։
Իմ պատասխանը ցեղապաշտությանը բարկությունն է։ Այդ բարկությունը կերել է կյանքս միայն այն ժամանակ, երբ մնացել է անխոսելի, անօգուտ որևէ մեկի համար։ Այն նաև ծառայել է ինձ լույսից և իմացումից զուրկ դասասենյակներում, որտեղ Սև կանանց աշխատանքն ու պատմությունը մի ցնդվածքի չափ էլ չկար։ Այն ծառայել է ինձ որպես կրակ սպիտակ կանանց չըմբռնող աչքերի սառույցում, որոնք իմ փորձի և իմ ժողովրդի փորձի մեջ տեսնում են միայն վախի կամ մեղքի զգացման նոր պատճառներ։ Բայց իմ բարկությունն արդարացում չէ ձեր կուրության հետ չառնչվելու համար, ոչ էլ պատճառ ձեր սեփական գործողությունների հետևանքներից խուսափելու համար։
Երբ Գունավոր կանայք արտահայտում են իրենց բարկությունը, որ երիզի պես պարուրում է սպիտակ կանանց հետ մեր բազում շփումները, մեզ հաճախ ասում են, թե «անհուսության տրամադրություն եք ստեղծում», «սպիտակ կանանց խանգարում եք հաղթահարել մեղքի զգացումը» կամ «կանգնում եք վստահելի հաղորդակցության և գործողության ճանապարհին»։ Բոլոր այս մեջբերումներն ուղղակիորեն վերցված են այս կազմակերպության անդամների՝ վերջին երկու տարիներին ինձ ուղղված նամակներից։ Մի կին գրել էր․ «Քանի որ Սև ես և Լեսբի, թվում է՝ խոսում ես տառապանքի բարոյական հեղինակության անունից»։ Այո՛, Սև եմ և Լեսբի, և այն, ինչ լսում եք իմ ձայնի մեջ, ցասում է, ոչ թե տառապանք։ Բարկություն, ոչ թե բարոյական հեղինակություն։ Տարբերությո՛ւն կա։
Սև կանանց բարկությունից մի կողմ քաշվելն ահաբեկության պատաճառաբանությամբ կամ պատրվակով ոչ ոքի զորություն չի պարգևում, այն պարզապես մի այլ եղանակ է՝ պահպանելու ցեղապաշտական կուրությունն ու անհասցեագիր արտոնության իշխանությունը՝ անսասան, անձեռնմխելի։ Մեղքի զգացումն առարկայացման մի այլ եղանակ է։ Կեղեքված մարդկանց միշտ խնդրում են փոքր-ինչ ավելի ձգվել ու կամրջել կուրության և մարդկայնության միջև խզումը։ Սև կանանցից ակնկալում են, որ մեր բարկությունն օգտագործենք միայն ի սպաս այլ մարդկանց փրկության կամ կրթության։ Բայց ժամանակն այդ անցել է։ Ինձ համար իմ բարկությունը նշանակել է ցավ, բայց նաև նշանակել է գոյատևում, և նախքան կհրաժարվեմ դրանից, համոզվելու եմ, որ կա առնվազն նույնքան հզոր մի բան՝ փոխարինելու այն հստակության տանող ճանապարհին։
Այդ ո՞ր կինն է այստեղ այնքան սիրատոչոր իր սեփական կեղեքմամբ, որ չի կարող տեսնել իր կրունկի հետքը մեկ այլ կնոջ դեմքին։ Այդ ո՞ր կնոջ կեղեքման պայմաններն են դարձել թանկարժեք ու անհրաժեշտ անցաթուղթ, որով նա կկարողանա միանալ արդարամիտների հոտին՝ հեռու ինքնազննության սառը քամիներից։
Ես Գունավոր լեսբի կին եմ, ում երեխաները կանոնավոր սնվում են, որովհետև ես աշխատում եմ համալսարանում։ Եթե նրանց կուշտ փորերի պատճառով չեմ կարողանում ճանաչել իմ ընդհանրությունը Գունավոր կնոջ հետ, ում երեխաները չեն սնվում, քանի որ նա գործ չի կարողանում գտնել, կամ նրա հետ, որ երեխա չունի, քանի որ ներքին օրգանները փտել են տնային աբորտներից ու ստերջացումներից, եթե չկարողանամ ճանաչել լեսբի կնոջը, որ ընտրում է երեխաներ չունենալ, կնոջը, որ մնացել է իր թաքստոցում, քանի որ նրա նույնասեռատյաց համայնքն է իր կյանքի միակ ապավենը, կնոջը, որ ընտրում է լռությունը մեկ այլ մահվան փոխարեն, կնոջը, որ զարհուրում է, թե իմ բարկությունը կհրահրի բարկության իր պոռթկումը, եթե չկարողանամ ճանաչել նրանց որպես իմ ուրիշ երեսներ, ապա նպաստում եմ ոչ միայն նրանցից յուրաքանչյուրի կեղեքմանը, այլև իմ սեփական, իսկ բարկությունը, որ կանգնած է մեր միջև, ուրեմն, պետք է օգտագործվի պարզության և փոխադարձ զորացման, այլ ոչ թե մեղքի զգացման պատճառած խուսափանքի կամ հետագա մասնատման համար։ Ես ազատ չեմ, քանի դեռ որևէ կին անազատ է, նույնիսկ երբ նրա կապանքները շատ տարբեր են իմ սեփական կապանքներից։ Եվ ես ազատ չեմ, քանի դեռ որևէ Գունավոր մարդ մնում է շղթայված։ Ո՛չ էլ ձեզնից որևէ մեկը։
Այստեղ ես խոսում եմ որպես Գունավոր կին, որ հետամուտ է ոչ թե կործանման, այլ վերապրման։ Ոչ մի կին պարտավոր չէ փոխակերպել իր կեղեքչի հոգեկան վիճակը, թեկուզ այն մարմնավորված լինի այլ կնոջ մեջ։ Ես ծծել եմ գայլի բարկության շուրթը և օգտագործել այն լուսավառության, ծիծաղի, պաշտպանության ու ջերմության համար այնպիսի տեղերում, որտեղ ոչ լույս կար, ոչ սնունդ, ոչ քույրություն, ոչ գթություն։ Մենք աստվածուհիներ, մայրիշխանուհիներ կամ աստվածային ներողամտության կոթողներ չենք, մենք դատաստանի հրեղեն մատներ կամ խարազանման գործիքներ չենք․ մենք կանայք ենք, որ միշտ հետ ենք հրվում դեպի կնոջ մեր զորությունը։ Մենք սովորել ենք օգտագործել բարկությունը, ինչպես սովորել ենք օգտագործել կենդանու լեշը, և ծեծված, կապտած ու փոփոխուն՝ մենք վերապրել ենք, աճել, ու ինչպես Անջելա Ուիլսոնն է ասում, մենք շարժվում ենք առաջ։ Անգույն կանանց հետ կամ առանց նրանց։ Մենք օգտագործում ենք բոլոր այն ուժերը, որոնց համար պայքարել ենք, այդ թվում՝ բարկությունը, օգնելու սահմանել և նորաձևել մի աշխարհ, որտեղ մեր բոլոր քույրերը կարող են աճել, որտեղ մեր երեխաները կարող են սիրել, և որտեղ այլ կնոջ տարբերությանն ու հրաշքին հպվելու, հանդիպելու ուժն ի վերջո կհաղթահարի կործանման պահանջը։
Սև կանանց բարկությունը չէ՛, որ կաթկթում է մոլորակի վրա ախտածին հեղուկի նման։ Իմ բարկությունը չէ՛, որ հրթիռներին մեկնարկ է տալիս, ռեակտիվ արկերի ու պատերազմի և մահվան այլ միջոցների վրա վայրկյանում ավելի քան վաթսունհազար դոլար ծախսում, մորթում երեխաներին քաղաքներում, կուտակում կաթվածահարույց գազի և քիմիական ռումբերի պաշարներ, սոդոմացնում մեր աղջիկներին ու մեր մոլորակը։ Սև կանանց բարկությունը չէ՛, որ ժանգոտվում-դառնում է կույր, ապամարդկայնացնող իշխանություն՝ հետամուտ բոլորիս ոչնչացմանը, քանի դեռ չենք դիմակայել նրանով, ինչ ունենք, մեր զորությամբ քննելու և վերասահմանելու մեր ապրելու և աշխատելու պայմանները, մեր զորությամբ երևակայելու և վերակառուցելու, բարկություն առ ցավոտ բարկություն, քար առ ծանր քար, տարբերությամբ բազմացող մի ապագա ու մեր ընտրություններին զորավիգ մոլորակը։
Մենք ողջունում ենք բոլոր այն կանանց, որ կարող են հանդիպել մեզ՝ դեմ առ դեմ, առարկայացումից անդին և մեղքի զգացումից անդին։
[1] Այս շարքից մի բանաստեղծություն ներառված է «Հատընտիր բանաստեղծություններ. Հին ու նոր» ժողովածուում (տե՛ս Chosen Poems: Old and New, W.W. Norton and Company, New York, 1978, 105-108):
[2] «Կամուրջն այս, որ կոչվում է մեջքս», խմբ․ Շերի Մորագա և Գլորիա Անզալդուա (տե՛ս This Bridge Called My Back: Writings by Radical Women of Color, Kitchen Table: Women of Color Press, New York, 1984), առաջին անգամ հրատարակվել է 1981թ.։
[3] Հատված «For Each of You» բանաստեղծությունից, առաջին անգամ հրատարակվել է «Երկրից, որտեղ բնակվում են ուրիշ մարդիկ» գրքում (տե՛ս From A Land Where Other People Live, Broadside Press, Detroit, 1973) և «Հատընտիր բանաստեղծություններ. Հին ու նոր» լիակատար ժողովածուում (տե՛ս Chosen Poems: Old and New, W.W. Norton and Company, New York, 1982), էջ 42:
Անգլերենից թարգմանեց Ռուզաննա Գրիգորյանը։ Անգլերենի հետ համեմատությամբ խմբագրեց Շուշան Ավագյանը։ Հայերենը վերանայեց Վիոլետ Գրիգորյանը։ Խորհուրդներով օգնեցին Շոն Նոնենմեյքրը, Տիաննա Քաչոյեան-Շանզը, Լուսինե Եղյանը և Վարդան Ազատյանը։ Տեքստի նախնական թարգմանությունը քննարկվել է Ֆեմգրադարանում, հուլիսի 27, 2019թ.։ Բնագիրը ըստ՝ Аudre Lorde, Sister Outsider: Essays and Speeches (Crossing Press, Berkeley, California, 2007), 124-133: Առցանց տարբերակը՝ այստեղ։