October 8, 2018

Քոմբահի գետ կոլեկտիվի հայտարարությունը (ապրիլ 1977թ.)

Մենք սև ֆեմինիստների կոլեկտիվ ենք, որն իր գործունեությունը սկսել է 1974 թվականից։ Այս [երեք տարիների] ընթացքում մենք զբաղված ենք եղել մեր քաղաքականությունը սահմանելու և հստակեցնելու գործընթացով։ Միևնույն ժամանակ քաղաքական գործունեություն ենք ծավալել խմբի շրջանակներում և համագործակցել այլ առաջադեմ կազմակերպությունների ու շարժումների հետ։ Ներկայումս ակտիվորեն պայքարում ենք ռասայական, սեռական, հետերոսեռական և դասակարգային ճնշումների դեմ։ Հաշվի առնելով այն փաստը, որ ճնշման գլխավոր համակարգերը փոխկապակցված են՝ մեր առջև խնդիր ենք դրել զարգացնել միահավաք վերլուծություն և պրակտիկա։ Այս ճնշումների համադրությունը պայմանավորում է մեր կյանքը։ Սև կին լինելով՝ սև ֆեմինիզմը տեսնում ենք որպես քաղաքական տրամաբանական շարժում՝ պայքարելու ընդդեմ այն բազում և միաժամանակյա ճնշումների, որոնց հետ բախվում են բոլոր գունամաշկ կանայք։

Ստորև քննարկելու ենք հետևյալ չորս կետերը․ 1) ժամանակակից սև ֆեմինիզմի ծնունդը, 2) այն, ինչին հավատում ենք, այսինքն` մեր քաղաքականության կոնկրետ տիրույթը, 3) սև ֆեմինիստներին համախմբելու առկա խնդիրները և մեր կոլեկտիվի կարճ պատմությունը, 4) սև ֆեմինիստական խնդիրները և պրակտիկան։

1. Ժամանակակից սև Ֆեմինիզմի ծնունդը

Նախքան սև ֆեմինիզմի վերջին զարգացումներին անդրադառնալը, ցանկանում ենք հաստատել, որ մեր սկիզբը տեսնում ենք աֆրոամերիկացի կանանց՝ գոյատևման ու ազատագրման համար մղած կենաց-մահու շարունակական պայքարի պատմական իրականության մեջ։ Ամերիկյան քաղաքական համակարգի (որը սպիտակ արական իշխանության համակարգ է) նկատմամբ սև կանանց ծայրահեղ բացասական վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել նրանով, որ մենք անդամակցել ենք երկու ճնշված ռասայական ու սեռական կաստաների։ Ինչպես Անջելա Դեյվիսն է մատնանշում իր «Մտորումներ ստրուկների համայնքում սև կնոջ դերի շուրջ» հոդվածում, սև կանայք միշտ էլ մարմնավորել են (նույնիսկ եթե միայն ֆիզիկական դրսևորմամբ) սպիտակ արական իշխանության հակառակորդի դիրքորոշումը, և թե՛ կտրուկ, թե՛ աննկատ եղանակներով ակտիվորեն դիմադրել են, որպեսզի այն չներխուժի իրենց և իրենց համայնքների մեջ։ Միշտ էլ եղել են սև կին ակտվիստներ, ոմանք՝ հայտնի, ինչպես, օրինակ՝ Սոջըրնըր Թրութը, Հարիեթ Թաբմընը, Ֆրանսիս Է․ Ու․ Հարփըրը, Այդա Բ․ Ուելս Բարնեթը և Մերի Չըրչ Թըրելը, իսկ շատ շատերն էլ՝ անհայտ, որոնք կիսել են այն գիտակցությունը, որ իրենց սեռական ինքնությունը միակցված է ռասայական ինքնությանը, և որ այս բարդ ինքնությունն իրենց ամբողջ կյանքի իրավիճակն ու քաղաքական պայքարի կիզակետը դարձնում է յուրահատուկ։ Ժամանակակից սև ֆեմինիզմն անթիվ սերունդների կրած անձնական զոհողությունների, պայքարատենչության և մեր մայրերի ու քույրերի կողմից արված աշխատանքի արդյունքն է։

Սև ֆեմինիզմն առավել ակնհայտորեն թափ հավաքեց 1960-ականների վերջին, երբ սկսվեց ամերիկացի կանանց շարժման երկրորդ ալիքը։ Սև, Երրորդ աշխարհի և աշխատող կանայք ամենասկզբից մասնակցել են ֆեմինիստական շարժմանը, սակայն արտաքին հետադիմական ուժերը, ինչպես նաև հենց շարժման մեջ առկա էլիտիզմն ու ռասիզմը քողարկել են մեր մասնակցությունը։ 1973 թվականին սև ֆեմինիստները, որոնք գլխավորապես բնակվում էին Նյու Յորքում, առանձին սև ֆեմինիստական խումբ ձևավորելու անհրաժեշտություն զգացին։ Այդ խումբը Ազգային սև ֆեմինիստական կազմակերպությունն էր։

Սև ֆեմինիստական քաղաքականությունները նաև ակնհայտորեն կապված են սև ազատագրական՝ մասնավորապես 1960-ականների և 1970-ականների շարժումների հետ։ Մեզնից շատերն ակտիվորեն մասնակցել են այդ շարժումներին (Քաղաքացիական իրավունքներ, Սև ազգայնականություն, Սև հովազներ) և մեր ողջ կյանքը մեծապես ազդվել և փոխվել է դրանց գաղափարախոսություններից, նպատակներից և մարտավարություններից։ Այս ազատագրական շարժումներում մեր ունեցած փորձառությունն ու հուսախաբությունը, ինչպես նաև սպիտակ տղամարդկանց ձախական շարժման ծայրամասում (periphery) մեր փորձառությունը հանգեցրեց հակառասիստական (ի տարբերություն սպիտակ կանանց) և հակասեքսիստական (ի տարբերություն սև և սպիտակ տղամարդկանց) քաղաքականության ստեղծման անհրաժեշտությանը։

Անհերքելի է, որ սև ֆեմինիզմի ծագումն ուներ նաև անձնական պատճառներ, այն է՝ քաղաքական գիտակցությունը, որ բխում է անհատական սև կանանց կյանքի անձնական փորձառություններից։ Սեռական ճնշումը սև ֆեմինիստների, ինչպես նաև շատ այլ սև կանանց, ովքեր իրենց ֆեմինիստ չեն համարում, առօրյա կյանքի անբաժան մասն է։ Երեխա ժամանակ մենք գիտակցում էինք, որ տարբերվում ենք տղաներից և որ մեզ այլ կերպ են վերաբերվում։ Օրինակ՝ մեզ հրամայում էին լռել՝ «օրիորդին վայել» և միևնույն ժամանակ սպիտակների աչքում ավելի պակաս առարկելի երևալու համար։ Երբ մեծացանք, սկսեցինք գիտակցել տղամարդկանց կողմից ֆիզիկական ու սեռական բռնության վտանգը։ Այնուամենայնիվ, մենք ոչ մի կերպ չէինք կարողանում հղացականացնել այն, ինչը մեզ համար այդքան ակնհայտ էր, այն, ինչ իրոք տեղի էր ունենում։

Սև ֆեմինիստները հաճախ խոսում են խելագարության զգացման մասին, որն ունենում են նախքան գիտակցելը, թե ինչ է սեռական քաղաքականությունը, հայրիշխանությունը և, որ ամենակարևորն է, ֆեմինիզմը, այսինքն, այն քաղաքական վերլուծությունը և պրակտիկան, որը մենք՝ ֆեմինիստներս օգտագործում ենք մեր հանդեպ գործադրվող ճնշման դեմ պայքարելու համար։ Առօրյա կյանքում տեղ գտած ռասայական քաղաքականությունը և հենց ռասիզմը շատ սև կանանց թույլ չեն տվել և չեն տալիս ավելի խորությամբ ուսումնասիրել իրենց սեփական փորձառությունները, և այդ գիտակցության վրա կառուցել քաղաքականություն, որը կփոխի մեր կյանքը և անխուսափելիորեն վերջ կդնի մեր նկատմամբ գործադրվող ճնշմանը։ Մեր զարգացումը անպայման պետք է նաև կապված լինի սևերի քաղաքական և տնտեսական ժամանակակից դիրքորոշումների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եկած սև երիտասարդ սերունդն առաջինն էր, որին հնարավորություն տրվեց նվազագույն մասնակցություն ունենալ այն որոշ կրթական ու աշխատանքային ոլորտներում, որոնք նախկինում ամբողջությամբ անհասանելի էին սևերի համար։ Թեպետ մենք տնտեսապես գտնվում ենք ամերիկյան կապիտալիստական տնտեսության ամենաստորին մասում, կրթության և աշխատաշուկայում տիրող նմուշականության (tokenism) շնորհիվ մեզնից որոշներին հաջողվել է ձեռք բերել որոշ գործիքներ, ինչը մեզ թույլ է տվել ավելի արդյունավետ պայքարել մեր նկատմամբ կիրառվող ճնշման դեմ։

Ի սկզբանե մեզ համախմբողը հակառասիստական և հակասեքսիստական դիրքորոշումն էր։ Քաղաքականապես ավելի աճելուց հետո սկսեցինք նաև անդրադառնալ հետերոսեքսիզմին և կապիտալիզմի ներքո տիրող տնտեսական ճնշմանը։

2. Ինչին ենք մենք հավատում

Մեր քաղաքականությունը ծնվեց այն համոզմունքից, որ սև կանայք էապես արժեքավոր են և մեր ազատագրումը չպետք է հավելում լինի, քանի որ մենք որպես մարդ ևս ունենք ինքնավարության կարիք։ Սա այնքան ակնհայտ է, որ կարող է պարզամիտ հնչել, սակայն փաստ է, որ ոչ մի առերևույթ առաջադիմական շարժում մեր դեմ կիրառվող ճնշումը երբևէ առաջնահերթություն չի համարել կամ լրջորեն չի աշխատել այն վերացնելու համար։ Սև կանանց հասցեին հնչեցված նվաստացուցիչ կարծրատիպերի լոկ թվարկումը (մամի, մայրիշխան, Սապֆիր, պոռնիկ, բուլդագր), մեր նկատմամբ գործադրվող դաժան և հաճախ սպանամետ վերաբերմունքի արձանագրումը ցույց են տալիս, թե արևմտյան կիսագնդում ստրկության չորս դարերի ընթացքում որքան քիչ է արժեվորվել մեր կյանքը։ Մենք գիտակցում ենք, որ միայն մենք կարող ենք հետևողականորեն պայքարել մեր ազատագրման համար։ Մեր քաղաքականությունը բխում է ինքներս մեր, մեր քույրերի և մեր համայնքի նկատմամբ տածած առողջ սիրուց, ինչը թույլ է տալիս շարունակել մեր պայքարն ու աշխատանքը։

Մեր նկատմամբ ճնշման վրա կենտրոնացումը մարմնավորված է ինքնության քաղաքականության հղացքում։ Մենք հավատում ենք, որ ամենախորը և հնարավորինս ամենաարմատական քաղաքականությունն ուղղակիորեն բխում է մեր իսկ ինքնությունից, ի հակադրություն այն քաղաքականության, որն աշխատում է վերջ դնել ուրիշի նկատմամբ ճնշմանը։ Սև կանանց դեպքում սա հատկապես խորշելի, վտանգավոր, սարսափեցնող և հետևաբար հեղափոխական գաղափար է, քանի որ՝ դիտարկելով նախորդ բոլոր քաղաքական շարժումները, ակնհայտ է դառնում, որ ցանկացած ոք շատ ավելի արժանի է ազատագրման, քան մենք։

Մենք մերժում ենք պատվանդանները, թագուհությունը և տաս քայլ հետ մնալը։ Բավական կլինի ընկալվել որպես մարդ, հավասար մարդ։

Մենք հավատում ենք, որ հայրիշխանության ներքո սեռական քաղաքականությունը սև կանանց կյանքում նույնքան համատարած է, որքան դասակարգային և ռասայական քաղաքականությունները։ Հաճախ դժվարանում ենք դասակարգային և ռասայական ճնշումները տարանջատել սեռականից, քանզի շատ անգամ դրանք միաժամանակ են տեղի ունենում։ Գիտենք, նաև, որ գոյություն ունի ռասայա-սեռական ճնշում ասված բանը, որը ոչ ամբողջովին ռասայական է, ոչ էլ սեռական, ինչպես օրինակ՝ սպիտակ տղամարդկանց կողմից սև կանանց բռնաբարության պատմությունը՝ որպես քաղաքական ճնշման զենք։

Թեպետ ֆեմինիստներ և լեսբիներ ենք, մենք կանգնած ենք առաջադեմ սև տղամարդկանց կողքին և կողմնակից չենք այն մասնատմանը, որ պահանջում են անջատողական (separatist) սպիտակ կանայք։ Մեր սև լինելը պահանջում է համախմբված լինել ռասայի խնդրի շուրջ՝ մի բան, որի կարիքը սպիտակ կանայք չունեն, եթե իհարկե չեն համախմբվում սպիտակ տղամարդկանց հետ որպես ռասայական ճնշողներ։ Սև տղամարդկանց հետ մենք պայքարում ենք ռասիզմի դեմ, միևնույն ժամանակ պայքարելով նրանց սեքսիզմի դեմ։

Մենք գիտակցում ենք, որ ճնշվածների ազատագրման համար անհրաժեշտ է ինչպես կապիտալիզմի և իմպերիալիզմի քաղաքատնտեսական համակարգերի, այնպես էլ հայրիշխանության ոչնչացումը։ Մենք սոցիալիստներ ենք, քանի որ հավատում ենք, որ աշխատանքը պետք է կազմակերպվի հօգուտ այն մարդկանց կոլեկտիվ շահի, որոնք անում են այդ աշխատանքը և ստեղծում արտադրանք, այլ ոչ թե հանուն տերերի շահի։ Նյութական ռեսուրսները պետք է հավասարապես բաշխված լինեն ստեղծողների միջև։ Այնուամենայնիվ, մենք վստահ չենք, թե սոցիալիստական հեղափոխությունը կապահովի մեր ազատագրումը, եթե այն նաև ֆեմինիստական և հակառասիստական հեղափոխություն չէ։ Մենք հանգել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել դասակարգային փոխհարաբերությունների այնպիսի մոդել, որը հաշվի է առնում սև կանանց դասի խնդիրը, ովքեր սովորաբար մարգինալ են աշխատուժում, թեպետ այժմ մեզնից որոշները ժամանակավորապես կրկնակի ցանկալի են՝ գրասենյակային և մասնագիտական ոլորտներում։ Մենք պետք է արտահայտենք այն անձանց իրական դասակարգային վիճակը, որոնք պարզապես անռասա, անսեռ աշխատողներ չեն, այլ որոնց համար ռասայական և սեռական ճնշումները որոշիչ գործոններ են իրենց աշխատանքային/տնտեսական կյանքում։ Թեպետ մենք համակարծիք ենք Մարքսի տեսության հետ, որը վերաբերում էր նրա կողմից վերլուծվող շատ կոնկրետ տնտեսական հարաբերություններին, մենք գիտենք, որ այդ վերլուծությունը պետք է ընդլայնվի, որպեսզի մենք՝ որպես սև կանայք, կարողանանք հասկանալ մեր կոնկրետ տնտեսական իրավիճակը։

Քաղաքական ներդրումը, որ կարծես թե արդեն արել ենք, այն ֆեմինիստական սկզբունքի ընդլայնումն է, որ անձնականը քաղաքական է։ Ինքնագիտակցության բարձրացմանն ուղղված հանդիպումներին, օրինակ, մեզ հաջողվել է սպիտակ կանանց բացահայտածից անդին անցնել, քանի որ մենք առնչվում ենք ինչպես ռասայի և դասակարգի, այնպես էլ սեռի խնդիրների հետ։ Մեր փորձառության մասին սև կանանց ոճով խոսելու/վկայություն տալու մեջ նույնիսկ գոյություն ունի հնչերանգ, որը թե՛ մշակութային է, և թե՛ քաղաքական։ Անհրաժեշտությունից դրդված մենք հսկայական ջանք ենք գործադրել՝ մեր նկատմամբ կիրառված բռնության մշակութային և փորձառական բնույթը հասկանալու համար, քանի որ մինչ օրս այն չի ուսումնասիրվել։ Առ այսօր ոչ ոք չի ուսումնասիրել սև կանանց կյանքի բազմաշերտ հյուսվածքը։ Այդպիսի մի բացահայտում/հղացականացում տեղի ունեցավ մեր հանդիպումներից մեկի ժամանակ, երբ քննարկում էինք, թե ինչպես են մեր ավելի վաղ մտավորական հետաքրքրությունները քննադատվել մեր հավասարակիցների՝ հատկապես սև տղամարդկանց կողմից։ Մենք հայտնաբերեցինք, որ բոլորս, քանի որ «խելացի» էինք, նաև համարվում էինք «տգեղ»՝ «խելացի-տգեղ»։ «Խելացի-տգեղ»-ը բյուրեղացնում էր այն ձևը,  որով մեզնից շատերը ստիպված են եղել զարգացնել մեր միտքը՝ մեր «հասարակական» կյանքի հաշվին։ Սև և սպիտակ համայնքներում սև կին մտավորականներին ուղղված պատժամիջոցները համեմատաբար շատ ավելի շատ են, քան սպիտակ կանանց ուղղվածները, հատկապես այն սպիտակ կանանց, որոնք պատկանում են միջին կամ վերին կրթված խավին։

Ինչպես արդեն նշեցինք, մենք մերժում ենք լեսբիական անջատողականության դիրքը, քանի որ այն մեզ համար արդյունավետ քաղաքական վերլուծություն կամ մարտավարություն չէ։ Այն դուրս է թողնում չափից շատ մարդկանց՝ սև տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Մենք խորապես քննադատում ենք այն, թե տղամարդկանց ինչ են վարժեցնում անել այս հասարակության մեջ. թե նրանք ինչին են աջակցում, ինչպես են գործում և ինչպես են ճնշում։ Սակայն մենք չունենք այն թյուր կարծիքը, թե նրանց արականությամբ՝ նրանց կենսաբանական սեռով է պայմանավորված նրանց ինչպիսին լինելը։ Որպես սև կանայք մենք համարում ենք, որ յուրաքանչյուր կենսաբանական դետերմինիզմ շատ վտանգավոր և հետադիմական հիմք է քաղաքականություն կառուցելու համար։ Մենք նաև պետք է հարցնենք, թե արդյոք լեսբիական անջատողականությունը բավարար և առաջադեմ քաղաքական մոտեցում և մարտավարություն է հենց նրանց համար, ովքեր կիրառում են այն, քանզի այն միայն ճանաչում է կանանց սեռական ճնշումը՝ ժխտելով դասի և ռասայի խնդիրները։

[ընթացքի մեջ]

[Անգլերենից թարգմանեց Մարգո Գևորգյանը]
[բնագիրը տե՛ս այստեղ]

No comments:

Post a Comment