Մեր բոլորի մեջ ռումբ էր պայթել, և մենք պետք է ինչ-որ բան անեինք։
Հասարակությունը դարձել էր թույլ ու հետամնաց, ավելի ճիշտ թուլակամ ու անգործ։ Շատերը կորցրել էին իրենց աշխատանքն ու համբերությունը։ Հինն ասոցացվում էր անիրականի հետ, իսկ նորն անհուսության։
Ռումբը մեր մեջ էր պայթել ու հարկավոր էր ինչ-որ բան անել։
Հանդիսատեսին տրվում է ոչ պատշաճ, «հավելյալ» քանակով անշարժություն և ապա նույն տևողությամբ էլ շարժում, ինչը գերազանցում է պայմանական սպառողի հանդուրժողականության նորմերը։
Գուցե ավելի ճիշտ կլիներ սվեմայով նկարել։
Ինչպե՞ս զուգադրել այդ իներտ բետոնե պատերը, որ մեկուսացնում են մեզանից շատերին, ճնշող մեծամասնությանը, ազատ մարմինների շարժման հետ։
Ինչ-որ բան անել նշանակում է զինվել լավատեսությամբ։
Թող մասերը միավորվեն այդ անցումային ձայնի միջոցով, որը ստատիկ շենքերից կտանի դեպի շարժումը։
Չէ, սվեմայով նկարելն ավելորդ է, քանի որ պատերն արդեն հղում են ամբողջատիրությանն ու խորհրդային ստանդարտին։
Երևի ոչ-պատմողական, ոչ-ռեպորտաժային ոճով։
Մեզանից շատերն այսօր, գուցե լավագույնները, բաց չեն մեր առջև, նրանք թաքնվում են մգացված հետխորհրդային ապակիների հետևում։
Մեր մեջ ռումբ էր պայթել, իսկ մենք պետք է շարունակեինք ապրել։
Բացել մեր բազմաբնակարանային շենքերի պատուհաններն ու պատմել ձանձրույթի մասին։
Ահա։
Չգիտեի որ Գերմանիայում էիր ու որ ընդհանրապես ընտանիք ունես, դե էն պարզ պատճառով որ ընտանիք տանել չեմ կարողանում։ Մի տեղից մի ուրիշ տեղ տեղափոխվելն էլ իր անտեղիությունն ունի, եթե իհարկե ունես գրքերի համար ամուր տուփեր։ Իմոնք դեռ տուփերի մեջ են։ Չէի կարծում որ էսքան երկար կմնամ էստեղ։ Դե Խլեբնիկովն էր ասում դեռ 15ին, որ մարդ պետք է ցանկացած քաղաքում ունենա իր սեփական սենյակը, ունենա մշտապես շարժվելու, տեղը փոխելու իրավունք (տարածական սահմանումից զերծ բնակարանի իրավունք)։ Թռչող մարդկությունը չի սահմանափակում իր սեփականության իրավունքները մասնավոր տեղով։
Երբ մեր մեջ ամեն ինչ փոխվեց։
Ուզում ես ասել մեր միջև՞։
Չէ, չեմ ուզում ոչնչացնել մեր միջև եղած հեռավորությունը. կարևոր պահերի արանքում պետք է լինի ոչինչ. ոչինչը՝ որպես տարածական հնարք։
Ուրեմն փլուզվում է ժամանակը։
Նրանց համար՝ այո, բայց ոչ մեր, սերս։ Զուգահեռները միշտ միայն տեղ-տեղ են համընկնում։
Ինձ հաճախ թվացել է, թե համեմատությունները լրացնում են, ամբողջացնում, բայց իրականում դրանք թերի են. որքան աշխարհներն ավելի են մոտեցնում միմյանց, այնքան կյանքն անճանաչելի է դառնում։
Հիշո՞ւմ ես, թե գլասնոստից ինչպես անցանք «մեկ ազգ-մեկ մարմնին»։ Արի ուրեմն նույնանանք։ Արի տուն, սերս։
Երևանն աննկարագրելի է, երբ ծաղկում է եղրևանին։
Տիտրեր՝
Ֆիլմն ուղղված է 2012թ.-ի մայիսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում Երևանում Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբի պայթեցման հանգամանքներին ու հասարակության արձագանքին։