Կովկասի լրաբեր
Մարտի 5, 1914
Հինգշաբթի երեկոյեան Հ. Գր. Ըն. կազմած երեկոյթը նւիրւած էր հանգուցեալ Մարիամ Խատիսեանին և «հայ կնոջ դերը գրականութեան մէջ» նիւթին։
Եթէ յիշւեցին բանաստեղծուհիների անունները, որոնց բանաստեղծութիւնները լոյս են տեսել պարբերական թերթերում և հասարակութիւնը ծանօթ է դրանց գրւածքներին, ուրեմն անխտիր պէտք է յիշւէր և այն համեստ բանաստեղծուհու անունը, որի գրւածքները գուցէ թւով քիչ, բայց որակով աւելի բարձր են երեկոյթին յիշւածներից։
Մի՞թէ կարելի է աչքից բաց թողնել այն բանաստեղծուհուն, որ երգել է քաղաքն ու նրա աղմկալի կեանքը, բանւորն ու նրա դասակարգային շահագործումը, որը ըստ մեզ աւելի անկեղծ է քան ուրիշները։ Իհարկէ նա ոչ ամբիօն է բարձրացել իր բանաստեղծութիւններն արտասանելու և ոչ էլ շատերի նման առաջին կարգերում բազմել, որ աչքի ընկնի։
Յոյսով ենք, որ գոնէ այսուհետև քննադատողի դերում հանդէս եկող մեր գրականագէտները քիչ աւելի շրջահայեաց կլինեն և բարեխղճութեամբ կյիշեն նաև այնպիսի համեստ աշխատաւորների մասին, որպիսին է Շ. Կուրղինեանը և նրա բանաստեղծութիւնները։
Մի խումբ օրիորդներ
____
Շնորհակալություն Արծվի Բախչինյանին նյութը արխիվից հանելու համար։
No comments:
Post a Comment