August 8, 2012

Դրամապանակ

Թմբուկակերպ մի չաղ թիթեռ կուլ տվեց իր իսկ նրբությունը այն ծաղկի քաղցր ու արքայական նեկտարի հետ, որ վաղուց սպասում էր՝ հրամցներ մեկին իր, թերևս, ամենաթանկարժեքը: Իսկ վայրագ քամին իր պարապությունն իր իսկ վզին փաթաթած դուրս էր եկել ձկնորսության և, կարծես, մեծ ավար պիտի հավաքեր ի վերջո, որովհետև օրն ինչպես յուրաքանչյուր ամսվա յուրաքնչյուր հիանալի օր՝ փառահեղ էր: Թռչուններն իրենց ամենօրյա բամբասանքը զարդարում էին, ասենք, թևի ինչ-որ շարժմամբ կամ ճախրանքի թեթև ուրվապատկերով կամ էլ ասենք՝ կտուցի յուրահատուկ ստվերով:

Ագռավ. Սա հիանում էր իր այսօրվա նախանձելի փետրածածկի շլացուցիչ փայլով՝ մոռանալով, սակայն, ողջ այդ աստառի փաղաքշանքի մեջ կորած իր աչքի մասին, որ երբեմն փորձում էր ավելի հաճախ թարթել՝ հուսալով, որ գուցե տարբերվի: Անցավ ... ու նա մոռացավ, որ իր փայլուն ֆոնի վրա աչքն աննկատորեն հոսեց դեպի ներս՝ իր տեղում ինչ-որ անհարթություն թողնելով: Ագռավն այլևս ոչինչ ո՛չ հիշեց, ո՛չ մոռացավ. Էսպես և՛ կարճ, և՛ արագ, և՛ որակով էր:

Փետրվարի 23, 1998

No comments:

Post a Comment