Թարգմանության մեջ միշտ առկա է հավատարմության և դավաճանության հարցը և նույնիսկ Վալտեր Բենյամինի համար պարզ էր, որ հավատարմությունը՝ իր ճշգրտությամբ կամ բառացիությամբ, թարգմանության չափերից մեկն էր. չափ, որն, ըստ նրա, փչացնում էր թարգմանությունը։ Նա կարծում էր, որ բացի բառացիությունից անհրաժեշտ էր ունենալ «արտոնություն», այսինքն «հավատարմորեն վերարտադրելու ազատությունը»։ Ընդ որում, արտոնություն նրա համար որոշակիորեն չի նշանակում դավաճանություն, այլ մեկ այլ տեսակի հավատարմություն։ Սակայն ճշգրտության, այսինքն՝ բառացի տեքստին կապված լինելու տեսակետից հնարավոր է, որ այդ մյուս հավատարմության կարգը՝ կապված ազատության և արտոնության հետ, կարող է ընթերցվել միայն որպես դավաճանություն։
Բարբարա Ջոնսոնի թարգմանության մասին անդրադարձը կրում է մի շարք աֆեկտային ձայներանգներ, որոնք բխում են այս անորոշ տեսարանից, որտեղ հավատարմությունը վիճում է ճշգրտության հետ։ Ի դեպ, պարզ չէ, թե արդյոք թարգմանությունները կարող են լինել «վատից» բացի ուրիշ բան, կամ նվազագույնս չպարունակեն որևէ վատ բան, քանի որ թարգմանության ընթացքում պետք է անցնել բնօրինակի վրայով, գուցե նույնիսկ մասնակիորեն հաշմանդամել այն։ Թարգմանությանը վերաբերող նրա հարցադրումը՝ «Մայրենի լեզուներ» գրքում, ինչ-որ ձևով հնարավորություն է տալիս ուսումնասիրելու մարդու զանազան հուզական թելադրանքները որպես լեզվային թելադրանքներ։ Նրա քննարկության մեջ կարելի է տեսնել, թե ինչպես է թարգմանությունը գործում հուզականորեն. այն կարող է կազմված լինել չարախոսությունից, խեղաթյուրումից, ու հետևաբար՝ մեղադրանքից։ Այն կարող է կապված լինել կորցրած ամբողջականության կարոտախտից և բարդացված վշտի խնդրով։ Այն կարող է մերժել անցյալի իդեալականացումը և այդպիսով, իր ապիդեալականացմամբ, ազատ թողնել ներկան իբր խաղադաշտ, այն կարող է գործի դնել լեզվի ինքնակամությունների բերկրանքը, և այդպիսով շրջանցել այն պաթոսը, որ մեկին պարտավորում է խուսափուն բնօրինակի առաջ։ Այն նաև բարձրացնում է ցավի ու վնասի վերաբերյալ հարցեր, թե արդյոք հնարավոր է վնասի հատուցումը և ընդհանրապես արժե այն ակնկալել։ Եվ ի վերջո, այն հիմնում է ինքն իրեն վնասելու հարաբերությունը որպես անհրաժեշտ մի բան, նույնիսկ որպես մի միջոց, ըստ որի ապահովվում է որևէ տեքստի հետմահու կյանքը։
«Մայրենի լեզուներ»-ում Ջոնսոնը բացում է թարգմանության մասին քննարկումը այն հարցով, թե արդյոք թարգմանությունը բնօրինակից հետո է գալիս և արդյոք կախված է նրանից։ Նա հիշատակում է Կաֆկայի «Դատավարություն» վեպը, որը նա պատահաբար վերցրել էր այս հարցի շուրջ մտածելիս։ Վերջինս սկսվում է հետևյալ տողով. «Մեկը հավանաբար զրպարտել էր Ջոզեֆ Կ.-ին, քանզի առանց որևէ վատ բան անելու մի գեղեցիկ առավոտ նրան ձերբակալեցին»։ Ջոնսոնը գրանցում է իր զվարճանքն ու զարմանքը. «Զրպարտե՞լ»,—գրում է նա,—«Սա այն անգլերեն բառն է, որ միայն հանդիպում եմ իտալական «Traduttore, traditore» կամ ֆրանսիական «Traduire, trahir» ասույթները թարգմանելու անհաջող փորձերում։ Այսինքն, թարգմանել նշանակում է զրպարտել. բնօրինակի դավաճանությունը թարգմանության մեջ փոխանցման ընթացքում անկապտելի է։ Այլ կերպ ասած, «զրպարտել»-ը թարգմանությունների անխուսափելիորեն վատ լինելու մասին բառախաղի (պարոնոմասիայի) վատ թարգմանությունն է։ Ջոզեֆ Կ.-ին դավաճանել էին հենց այդպես» (15)։
Ջոնսոնը հիշեցնում է, որ գերմաներենում «զրպարտել» թարգմանվում է որպես «verleumdet», ակնարկելով, որ դա կեղծ մեղադրանք է, խեղաթյուրում, չարախոսություն։ Բայց այստեղ պարզ է, որ Ջոնսոնի համար մեկին «զրպարտել» ամենևին այլ բան է նշանակում, քան մեկի «մասին ստեր պատմելը»։ Եթե տեքստն ընթերցվեր հետևյալ կերպ՝ «Մեկը Ջոզեֆ Կ.-ի մասին ստեր էր պատմել», ապա կարելի էր հետևություն անել, որ կա նրա մասին մի ճշմարտություն, որը կարելի էր և անհրաժեշտ էր պատմել, ճշմարտություն, որը չի ասվում, բայց որը կարող էր նրան արդարացնել։ «Զրպարտելը», սակայն, մեզ չի թույլատրում ստեղծել ճշմարտության և ստի միջև այդ հակադրությունը։ Եթե թարգմանությունը ձևակերպվեր (ինչպես որոշներ)՝ «Մեկը նրա մասին ստեր էր պատմել», ապա թարգմանիչն, ըստ Ջոնսոնի, «ավելի շատ իմաստ կտար ձերբակալմանը, անհետացնելով դրա անիմաստությունը» (16)։ Թվում է, թե ակնհայտ է, որ մեկը Ջոզեֆ Կ.-ի մասին ինչ-որ վնաս հասցնող բան է ասել և այս վնաս հասցնող խոսքը փոխանցվում է ոչ միայն «զրպարտել» բառով, այլև վերջինիս թարգմանության հետ ունեցած իր ռեզոնանսով։ Այսպիսով, Ջոնսոնը գրում է. «Միայն թարգմանությունը կարող է դավաճանել առանց անհրաժեշտաբար հաստատելու այն բևեռականությունը, որից այն շեղվում է» (16)։ Բայց այստեղ էականը ոչ թե դավաճանությունն է (ասելով, թե թարգմանությունը պետք է դավաճանի, որպեսզի լավ հաղորդի), այլ որ «Ջոզեֆ Կ.-ի ձերբակալումը չի կարող հասկացվել ավելի լավ քան թարգմանության միջոցով» (16)։
Այստեղ կա նաև մի ուրիշ պահ. այն, որ նախքան Կաֆկայի գիրքը բացելը, Ջոնսոնը մտորել էր Դերիդայի «ֆարմակոնի» շուրջ, գալով այն հարցին, թե որն է համարվում լեզվի օրիգինալ դաշտը։ Նա նշում է. «Դերիդայի կատարած Պլատոնի տեքստի ընթերցումը, ի հակադրություն վերջինիս մտադրության, տեսանելի է դարձնում այն փաստը, որ փիլիսոփայության հիմնարար հնարքը մեզ հավատացնելու մեջ է, որ այն պարունակում է նախորդող միջոցը, որում թարգմանիչներն ու, նրանցից հետո՝ ընթերցողները, կկերտեն որոշում» (14)։
Ուրեմն հարցականի տակ է դրվում նախորդող միջոցը, իսկ նախորդող թվացյալ բանը հաստատված է նախկինում, ինչ նա անվանում է «նախնական ձևավորում», սակայն վերցված միայն հետոյի, հետագայում եկողի հետ հարաբերության մեջ։
Դերիդայի էսսեն «ֆարմակոն» բառում հայտնաբերում է մի անորոշելիություն, որ բոլոր թարգմանիչները—և հետևաբար բոլոր պլատոնիզմները—ընդունել կամ ենթադրել են որպես որոշելիություն։ «Թույնի» և «դեղի» միջև բաժանումը դիտարկվում է նաև թարգմանության մեջ։ Սակայն այնպես չէ, որ հնարավոր է խուսափել նման անբավարար թարգմանություններից՝ հարազատ մնալով բնօրինակին։ Կա մի ընթացիկ պատմություն՝ ձևավորված որոշմամբ, որ թարգմանիչները չէին կարող չկայացնել, որը բնօրինակը դիմադրությամբ դարձնում է ըմբռնելի։ (34)Բնօրինակը դառնում է ըմբռնելի դիմադրությամբ, սակայն «ըմբռնելի» ամենևին չի նշանակում, որ այն վերականգնվում է։ Հակառակը՝ այն դառնում է ըմբռնելի հպման/կապի պահին։ Սա տարօրինակ հպանք է և տարբեր ձևով է նկարագրվում Մալարմեի կողմից (որպես համարյա անհնարին, անիրագործելի մի հպում), ըստ Բենյամինի՝ որպես թեթևակի շոշափում, որ տեղի է ունենում շփման պահին, բայց Ջոնսոնի մոտ այն կատարվում է ավելի վայրագորեն, երբ Բենյամինից նա եզրակացնում է, որ թարգմանությունը անհրաժեշտաբար պետք է վնասի բնօրինակին, նույնիսկ պղծի կամ ապականի այն, որպեսզի բնօրինակը կարողանա իրագործել իր թարգմանելիությունից որևէ բան։
Այս ազդեցությունը կամ էֆեկտը հակադրվում է բնօրինակների հանդեպ շատ թարգմանիչների որդեգրած կեցվածքին և ակնհայտորեն զգացվում է, եթե ընթերցեք Մայքլ Համբրգերի Սելանի թարգմանության ներածությունը կամ Մերի Բերնարդի արդեն լիովին հաստատված Սապֆոյի թարգմանության վերջաբանը։ Ուսումնասիրությունների ընթացքում Ջոնսոնը հայտնաբերում է Ուիլիս Բարնսթոունի հետևյալ ուշագրավ տողերը, որտեղ վերջինս վիճաբանում է Սապֆոյի թարգմանիչների հետ՝ նրա բանաստեղծությունները ճիշտ թարգմանելու վերաբերյալ. «Եթե անգլերենով վերարտադրվելու է մի չափազանց հատվածական աշխատանք, ապա այն պետք է գործի ոչ միայն որպես բնօրինակը ընթերցելու բառարանային մեկնաբանություն, այլև փոխանցի բուն տեքստի արժանապատվությունն ու հուզարտահայտչական միջոցները։ Սրանից պակաս կնշանակի զրպարտել Սապֆոյին» (16)։
Այստեղ ևս գործածվում է «զրպարտել» բառը, սակայն այժմ այն հստակորեն հակադրված է լավ թարգմանության գաղափարին։ Սապֆոյին թարգմանել միանշանակորեն չի նշանակում չարախոսել, ինչպես Ջոզեֆ Կ.-ի դեպքում։ Բայց պատկերացնում եմ, որ Սապֆոյի համար զրպարտված լինել կնշանակեր ինչ-որ ձևով ոտնահարվել, արգելակվել, փչացվել, և Բարնսթոունի դիտողությունն ընդամենը մի արդարամիտ փորձ էր խոսել վասն Սապֆոյի պատվի, արժանապատվության, և, հարկավ, նրա անձեռնմխելիության։ Ու չնայած, որ դա բարոյապես վսեմ գաղափարախոսություն է, այն ստեղծում է Սապֆոյին անեղծ պահելու անբարենպաստ պայմանը, մարմնավորելով անձեռնմխելիության և անարատության այնպիսի սկզբունքներ, որոնց երբեմն հակադրվում է հենց ինքը թարգմանվող պոեզիան։ Իսկ միգուցե Սապֆոյին զրպարտել նշանակում է նրան դավաճանել, բայց և վնասել այնպես, որ նա կարողանա ապրել՝ Բենյամինի առումով՝ ընդունելով, որ թարգմանությունը նյութականացնում է տեքստի հետմահու կյանքը (շարունակելիությունը)։ Եթե թարգմանությունը անխուսափելիորեն վնաս է հասցնում, և եթե թարգմանությունը բծախնդրորեն պարտական չէ բնօրինակի գրվածքին կամ, իսկապես, դրա նախնական ոգուն, ապա թարգմանությունը հանդիպում է բնօրինակին դիմադրության տարածքում։ Սա նշանակում է հրաժարվել բնօրինակի գաղափարից որպես մի ամբողջություն, նվազեցնելով ու բերելով այն դիմադրության կետին, եթե միայն հետո թարգմանության մեջ փոխանցելու «բացարձակ լեզվի . . . քողարկված և հատվածական» միջուկը։
Բացարձակ կամ մաքուր լեզվի մասին ցանկացած խորհում այստեղ գլխացավանք կառաջացնի, ուրեմն եկեք տեսնենք, թե ինչ է մեզ հարկավոր Բենյամինյան դիսկուրսից, որպեսզի կարողանանք հետևել Ջոնսոնի մտքերի ընթացքին, փորձելով լավագույնս (հավատարմորեն) իմաստավորել դրանք, առանց սխալաբար կարծելու, թե (անհմտորեն) դիպչելու համար դրանք անձեռնմխելիորեն կատարյալ են։
Թարգմանության տեսությունը հաճախ է տարվում կորստի և անբավարարության խնդրով՝ թարգմանության անբավարար լինելու, նախօրինակի (այն ինչ կորսված է) վերակազմման ու վերականգնման փորձերի ձախողման հարցերով։ Այն միշտ չէ, որ տեսնում է, որ այդ կարոտը սնող անցյալի պատկերը հենց թարգմանության ընթացքից է դրդված, այսինքն թարգմանությունը պահանջում է (նոր լեզվով) յուրացում, որի ընթացքում՝ ասենք, երբ մի բանաստեղծություն հայտնվում է մեկ այլ լեզվում, առաջանում է տեքստը գրավելու և վերստեղծելու, փոխանցելու, ոչ բացահայտորեն սեփականացնելու մեղքի զգացում։ Մերի Բերնարդը, օրինակ, իր աշխատանքը տեսնում է ընդօրինակող կամ նմանողական հրամայականի ներքո, ըստ որի նա կարող է միայն ձախողել։ Նա գրում է Սապֆոյի մասին. «Համարյա թե անհնար է փոխանցել մեկ այլ լեզվով այն երկիմաստությունները, որ հարստացնում են նրա ամենապարզ տողերը, հնչերանգները և կիսերանգները, հազվադեպ բառախաղերը (պարոնոմասիաները), որոնք այնքան էլ բառախաղեր չեն և որոնք թվում են ճիշտ ու ամենևին ոչ անհեթեթ։ Բացի այդ, ես պետք է տեխնիկապես նրա պես փորձագետ լինեմ, որպեսզի կարողանամ իմ լեզուն մոտեցնել նրա բանաստեղծության երաժշտությանը» (vii)։ Եվ չնայած, որ այս տողերում չի գործածվում բացականչական նշանը, ես այնուամենայնիվ լսում եմ այն՝ ճշտակատար թարգմանչի ինքնապաշտպանական արտահայտությունը, ով գիտի, որ աշխատանքի վերջում նա անպայմանորեն զգալու է ձախողված։
Ջոնսոնը մատնանշում է, որ կարելի է այլ կերպ մոտենալ գրավելու/բռնացման հեռանկարին, արգելքի մեխանիզմին։ Արգելքը ոչ թե պետք է կանգնեցնի կամ կանգնեցնում է թարգմանության ընթացքը, այլ հենց այդ ընթացքի մասն է կազմում։ Այն, ինչ խափանում է բնօրինակին վերադառնալը, օգնում է թարգմանությանը։ Իրոք որ ինքներս մեզ սգալու և կշտամբելու պատճառներն ավելի քիչ են, քան կարծում էինք։ Նա նշում է, որ երբ վերցնում ենք Մալարմեից մեջբերված տողերի ամբողջական տարբերակը (որը Բենյամինը կիսով է ցիտում «Թարգմանչի խնդրում»), նկատելի է դառնում, որ ինչ-որ բան ակտիվորեն արգել(ակ)ում է վերադարձը օրիգինալ լեզվին՝ հասկացված որպես անմահ խոսք-լեզու։ Այս արգելքը ոչ միայն արգելակում է վերադարձը դեպի բնօրինակ, այլև հաստատում հենց դարձվածքայինի (idiomatic) կանոնն ու ազդեցությունը։ Դարձվածքով գրել նշանակում է ընդունել աստվածային լեզվից ստիպողական վտարման պայմանը, այնպես որ թարգմանությունը՝ հասկացված որպես աստվածային լեզվից մարդկայինի թարգմանություն, դարձվածքի գործող սահմանադրությունն է։
Մալարմեի համար հստակ է, որ միայն անմահ լեզուն՝ ինչ էլ որ ի նկատի ունի դրա տակ, կարող է առաջարկել բառեր, որոնք միանգամից կկազմավորեն հղվածի նյութական իրականությունը։ Այսինքն՝ ճիշտ այն, ինչ դարձվածքային լեզուն չի կարող անել։ Դարձվածքներն, ըստ էության, անմահ լեզվի արգելքներն են և արգելակում են այդ իսկ բառերի հրամցնումը։ Մարդկային լեզուն ոչ միայն հիմնավորապես դարձվածքային է, այլև դարձվածքից այն կողմ անցնելու յուրաքանչյուր փորձ վտանգավոր գործողություն է, որն ակնկալում է եղծել կամ դիմագրավել մարդկայինի սահմանները, և որն, ըստ Մալարմեի, «հանգեցնում է մեկի՝ իրեն աստծո տեղը դնելուն» (մջբծ. Ջոնսոնում 48)։
Ջոնսոնն ընդգծում է, որ աստծո լեզուն ոչ միայն անհնարինություն է, այլև արգելք։ Իսկ եթե այն արգելք է, ապա դրա ինչ-որ ձևով խախտումն անշուշտ հնարավոր է։ Պոեզիան ասոցիացվում է խախտման հետ այնքանով, որքանով «փոխհատուցում է լեզուների թերությունը՝ պայմանավորված դրանց բազմաքանակությամբ» (50) (կամ, ավելի ճիշտ՝ այդ թերությունը լրացնելու փորձ է)։
Ուրեմն ինչպիսի՞ն է պոեզիայի և դարձվածքի հարաբերությունը։ Թվում է, թե պոեզիան դարձվածքում հենց դարձվածքը հաղթահարելու այն փորձն է, որով պոեզիան մոտենում է աստվածային լեզվին, և որպես այդպիսին հակված է ձախողման։ Երբ Սապֆոն գրում է. «Չնայած դրանք / ընդամենը շունչ են, բառերը / որոնց տիրապետում եմ ես / անմահ են» նա չի հաստատում այդ խոսքերի անմահությունը, այլ ընդամենը ցույց է տալիս դրան հասնելու բանաստեղծական ցանկությունը։ Մալարմեի համար աստվածային խոսքին հարող անմահության մասին գերակայող պնդումն այնքան էական չէ, որքան ձայնի և իմաստի կատարյալ միասնության ֆանտազիան։ Ջոնսոնը, սակայն, մատնանշում է, որ նույնիսկ ներդաշնակության հասկացությունը ենթադրում է ձայնի և իմաստի շարունակական տարբերությունը, և որ ի վերջո մենք չենք կարող այստեղ գտնել որևէ օրիգինալ միասնություն։
Պոեզիայի միջոցով աստվածայինին հասնելու այս ձախողումը Մալարմեն նմանեցնում է չբավարարված կամ խափանված (frustrated) հպման, ավելի կոնկրետ՝ բանի և բառի «մերձության», որ նրա խոսքերով մնում է «այլասերորեն» չկայացած։ Կարծես թե մոտիկ գտնվող օբյեկտի կողմից ծաղրանքի նման մի բան կա, հպվելու աստիճանի հասնող մոտիկություն, բայց և արգելք` մի անընդհատ վերահաստատված չբավարարվածություն կամ խափանում, որն արժանի է կոչվելու այլասերում գուցե միայն այն պատճառով, որ հպումը գրեթե միշտ տեղի է ունենում, մերձավոր հեռավորությունը՝ գրեթե միշտ սպառվում։ Այդ մոտիկ հեռավորությունը հենց այն է, ինչ, ըստ Ջոնսոնի, սահմանում է բանի և բառի կամայական կապը։ Նրա կարծիքով, աստվածային խոսքին հասնելու ձախողումը ցույց է տալիս «լեզվի կամայականությունն իր այլասերման մեջ» (53)։[1]
Ջոնսոնը դառնում է Բենյամինի «Թարգմանչի խնդրին», որ մի փոքր ավելի լավ հասկանա թարգմանության ջանքը՝ գրեթե միշտ փորձել իրագործել այն, ինչ չի կարող իրագործել. «Լեզուների միջև բոլոր այն կապերը, որ պատմականից դուրս են, հիմնված են հետևյալ սկզբունքի վրա` դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած միևնույն բանն է նշանակում, սակայն այդ բանին չի կարող հասնել որևէ մեկ լեզու, այլ միայն մեկը մյուսին լրացնելով նրանց մտադրությունների ամբողջությունը՝ կատարյալ ու բացարձակ լեզուն» (մջբծ. Ջոնսոնում 49)։ Ինչպես ժամանակի ինչ-որ հատվածում չէր կորել լեզվի միասնությունը, որից հետո մենք պետք է տարած լինեինք լեզվի բաժանումն ու նյութական իրականությունը, այնպես էլ «թերությունների փոխհատուցման» գործընթացը չի սկսվում որևէ ժամանակահատվածում ու հետևաբար չի կարող իրականացվել ժամանակի սահմաններում։ Այն շարժվում է ժամանակին առընթեր։ Այսինքն չկա մի պահ, որ չգործադրվի այս փոխհատուցման ջանքը։
Մեկը մյուսին լրացնող մտադրությունների բարդ ու շարունակապես ներկայում տեղի ունեցող գործողությունը կոչվում է «բացարձակ լեզու», և ուրեմն թարգմանությունը՝ բացարձակը եղծելու փոխարեն նպաստում է նոր բացարձակի ստեղծմանը, որն առնչվում է խրթին գործողության հետ առանց վերջնական ավարտի ու առանց վերջնական ստասիսի։ Այս խրթին գործողությունը՝ փոխհատուցող, նման է «թերությունների փոխհատուցմանը», որով Մալարմեն սահմանում է, թե ինչ է անում պոեզիան։ Սակայն սրանցից և ոչ մեկը չի կարող փոխհատուցվել։ Դրանք երկուսն էլ, ըստ Ջոնսոնի «մի գործընթաց են, որի շարունակականությունը կախված է իր իսկ ձախողումից» (50)։
Երբ Ջոնսոնը դառնում է Փոլ դե Մանին, նա դիտարկում է մեկ այլ բան, որ տեղի է ունենում թարգմանության մեջ՝ ի նկատի ունենալով այն ձևերը, որոնցում հղումներն ու իմաստավորումները գերազանցում են թարգմանչի գիտակցված վարպետությանը։ Թարգմանիչն ասես վերցնում է մի լեզվից մի բառ և բաց թողնում այն մեկ այլ լեզվի մեջ, ազդելով այդ երկրորդ լեզվի վրա անակնկալելի կամ անվերահսկելի ձևերով։ Գերմաներեն «brot»-ի և ֆրանսերեն «pain»-ի միջև տարբերության մասին խոսելիս, Ջոնսոնը նշում է, որ այս բառերի փոխանցած կամայական և յուրահատուկ ասոցիացիաները մտահոգում են դե Մանին, ով գրում է. «Հիմա «brot» բառում ես լսում եմ «batard» . . . Եվ անհանգստանում եմ եթե պետք է մտածեմ, որ «brot»-ն ու «pain»-ը միևնույն բանն են նշանակում . . . «հաց» բառի ամենօրյա իմաստը քանդվում է ֆրանսերեն «pain»-ով, որն ունի իր ենթիմաստների խումբը, որ տանում են քեզ լրիվ այլ ուղղությամբ» (մջբծ. Ջոնսոնում 58-59)։
Ջոնսոնը կրկնում է, թե այս հղումները կամ ասոցիացիաները ինչ կարող են թվալ դե Մանին՝ խառնածնություն, մայրենի լեզուներ, հանապազօրյա հաց, անհանգստություն։ Մեկը չի կարող չմտածել, թե ֆրանսերեն «pain»-ը կապված չէ՞ արդյոք անգլերեն «pain»-ի հետ, և այն, որ թարգմանության խնդիրը, իր կամայականություններով և ասոցիացիաներով հանդերձ, ցավոտ խնդիր է։ Այս ենթիմաստներից ձերբազատվելը կնշանակի հաղթահարել ոչ միայն այն, ինչ յուրաքանչյուր լեզվում համարվում է դարձվածքային, այլև լեզվի բանաստեղծական հնարավորության կամ հենց հնչականության պայմանների հիմունքը։
Դե Մանի էսսեն ոչ միայն անդրադառնում է դարձվածքային խոսքի փոխանցած ենթիմաստների ցավոտ խնդրին, այլև կենտրոնանում է Բենյամինի էսսեյում գործածված «wehen» (երկունք) բառին, որտեղ Բենյամինը գրում է. «Թարգմանությունը (բոլոր մյուս գրական ձևերից) . . . այն տեսակն է, որ կոչված է բնօրինակ լեզվի զարգացմանը և ինքն իր երկունքին հետևելու հատուկ առաքելությանը»։ Ինչ-որ առումով այս բառը՝ «wehen», կամայական չէ. զուր չէ որ այն հայտնվում է հենց այստեղ, նույնիսկ եթե այն լիներ միևնույն բանը նշանակող մեկ այլ բառ. կամայական չէ, քանի որ բերում է լեզվի կամայականության աֆեկտիվ իմաստից ինչ-որ բան (60)։
Ջոնսոնը գրում է. «Տառապանքի սցենարը՝ նախատեսված հանգեցնելու նոր կյանքի, ակնարկվում է ամենուր Բենյամինի տեքստում, բայց այստեղ նա ընդամենը ասում է «die Wehen des eigenen», որը թարգմանվում է «իր՝ նույնի տառապանքը», բայց, թերևս, ավելի լավ է թարգմանել որպես «այն ինչ պատկանում է մեկին՝ սեփականի տառապանքը» (60)։ Դե Մանը ուղղում է թարգմանությունը հակառակ ուղղությամբ, ասելով, որ «wehen»-ը պետք է ընթերցվի պարզապես որպես «ցավ»։ (Եվ իմ ասոցիացիան իդիշերեն՝ «oy weh ist mir», որ բառացիորեն նշանակում է «օհ այն ցավը որ գալիս է դեպի ինձ» գրեթե համոզում է ինձ, որ համաձայնվեմ)։ Բայց իրոք ի՞նչ ենք անում, երբ ուղղում կամ համաձայնվում ենք թարգմանական հարցերում։ Մասամբ թվում է, թե սառեցնում կամ փակի տակ ենք դնում մի շարք ասոցիացիաներ, որ կարող էին ցանկացած ընտրություն հնարավոր կամ ճիշտ դարձնել։
Ջոնսոնը շարունակում է. «Թարգմանչի խնդիրը հանկարծ ավելի է բարդանում, եթե նա պետք է խմբագրի/հեռացնի չգործող հղումների կամ ասոցիացիաների մի ողջ խուրձ, որպեսզի «պահի նշանակությունը», և նրանց ներկայությունն ուղղակի անտեղի է։ Սակայն թարգմանական գործողության լեզվաբանական «աղմուկը», այսինքն՝ իմաստայնորեն կապ չունեցող կամ չնախատեսված հղումները մոտենում են լեզվի բացարձակ լեզվաբանականությանը» (61)։ Եթե «լեզվաբանականություն» ասելով Ջոնսոնը նկատի ունի լեզվի միջի աղմուկը, որն իր մեջ ներառում է չմտադրված ցանկացած թարգմանության հետ առաջ եկած ենթիմաստները, ապա թվում է, թե լեզվաբանականությունն իր մեջ պարունակում է տարբեր էֆեկտներ, որոնք լեզուն ձգում են տարբեր ուղղություններով, լեզվաբանական անթափանցելիության պահեր, որոնց մեկն անընդհատ վերադառնում է, ասես չանցած-չլուծվածին, տրավմատիկին, որ զավթում է հոգեկանը և պարտադրում իր իսկ կրկնությունը։ Այս առումով, թարգմանությունն առաջ է բերում աֆեկտիվություն, որ հիմնականում կամայականից դուրս է և որ լեզուն արդեն միշտ կրում է իր մեջ։
Այսպիսով, երբ Բենյամինն իր հայտնի հղումով համեմատում է թարգմանությունն անոթի հետ (վերցված Լուրիանական կաբալայի «անոթների կոտրվելու» տեսությունից), որտեղ թարգմանչի խնդիրը նրա համար ոչ թե ընդօրինակություն է, այլ «բնօրինակի նշանակության ձևը սիրով և մանրամասնորեն ներառելու աշխատանք» (61), նա ենթադրում է, որ այդ աշխատանքն ընդգրկում է մեկ այլ բան, քան ճշգրտությունը կամ բառացիությունը։ Իրոք, երբ նա ասում է, թե «բնօրինակը և թարգմանությունը ճանաչելի են որպես մի մեծ լեզվի մասնիկներ, ինչպես փշրված անոթի կտորներ» (61), նա հաստատում է լեզվի և անոթի միջև անալոգիան, որ, եթե պարզաբանենք, դուրս է ընդօրինակող հարաբերությունից։ Լեզուն, ըստ էության, անոթ չէ, բայց լեզվի ու անոթի միջև տարբերությունը նկարագրում է նրա ակնարկած ճեղքումը կամ կոտրումը։ Ամենաշփոթեցնողն այստեղ իհարկե այն է, թե ինչպես երկու տեքստերը կարող են «ճանաչելի դառնալ որպես մասնիկներ», քանի որ մասնատվածությունը թվում է, թե կարող է ճանաչելի լինել միայն ամբողջության կողքին։ Թարգմանության խնդիրը, սակայն, ամբողջությունը վերակառուցելու մեջ չէ, այսինքն՝ բնօրինակը այնպես վերակառուցել կամ բնօրինակն ու թարգմանությունը այնպես հավաքել, որ նրանց միջև հաստատվի կառուցվածքային և ընդօրինակող հարաբերություն։
Բենյամինի թարգմանության տեսությունը բացատրելու համար Ջոնսոնը (Գերշոմ Շոլեմի միջոցով) ի մի է բերում կարևոր կաբալաիստական տվյալներ։ Ի հակառակ Մալարմեի, ում համար դարձվածքային լեզուն կարող էր միայն հպանցիկ ձևով հարաբերվել անմահ լեզվի հետ, բայց ձախողվել հարաբերություն ստեղծելու մեջ, Բենյամինը գրում է «թեթև հպման» մասին հետևյալ կերպ. «Ինչպես շոշափողը հպվում է շրջանագծին թույլորեն, միայն մեկ կետում, . . . թարգմանությունը ճիշտ այդպես հպվում է բնօրինակին իմաստի անսահմանորեն փոքր կետում, հետապնդելով իր ընթացքն ըստ ճշգրտության օրենքների լեզվաբանական հոսքի ազատության սահմաններում» (մջբծ. Ջոնսոնում 64)։
Հետաքրքիրն այստեղ այն է, որ թարգմանությունն ըստ երևույթին չի փորձում վերականգնել այն, ինչ կոտրված է։ Եվ չնայած Բենյամինը պնդում է, որ թարգմանությունը «հպվում է բնօրինակին իմաստի անսահմանորեն փոքր կետում», ակնարկելով մեղմ հպում, որ չի խանգարում կամ ծռում մակերեսը, կարծես կա նաև հակառակ ուղղությամբ մի շարժում, որը սրում է մասնատումը, նրա կոպիտ եզրերը, որը կարելի է ասել շարունակում է անոթի հետագա մասնատումն ու կոտրումը։ Արդյունքում, Ջոնսոնն ասում է. «Անոթը վերականգնելու յուրաքանչյուր ճիգ է՛լ ավելի է այն կոտրատում»։
Եվ ես հիշում եմ, երբ մի քանի տարի առաջ Ջոնսոնին մի թերթում ներկայացրել էին որպես «Ժակ Դերիդայի թարգմանիչ», իմ առաջին արձագանքը վրդովմունքն էր, նրա պաշտպանությանը դուրս գալը, հերքելով այդ նվազեցումն ու պնդելով, ինչպես բոլորդ գիտեք, որ նա անկասկած մեր ժամանակի լավագույն գրականության տեսաբաններից է։ Ենթադրում եմ, որ այդ պահին ես մի քիչ նման էի Ուիլիս Բարնսթոունին, ցանկանալով պաշտպանել Ջոնսոնի կատարյալությունն ու անձեռնմխելիությունը, և արտահայտելով նրա հանդեպ իմ հավատարմությունը։ Բայց երբ գրեցի նրան արտահայտելով իմ վրդովմունքը, նա շատ հանգիստ պատասխանեց. «Ինձ դուր է գալիս թարգմանչի կոչումը։ Դա այն է, ինչով ես զբաղվում եմ»։ Ես պետք է ընտրություն կատարեի, շարունակել պաշտպանել նրա պատիվը, կամ ազատ թողնել այն վայելուչ և անսեթևեթ պահվածքը, որով նա կրում է լեզուն, որ ակամա անվանում է նրա տաղանդը։ Սապֆոն անշուշտ չէր ցանկանա մնալ անարատ՝ փչանալը լինելով այնպիսի հնարավորություն, և Ջոնսոնը ինչպես միշտ արձակում է կյանքը լեզվում եղած կամայականություններից, այլասերորեն, փայլուն կերպով, ճիշտ այն պահին երբ թվում է, թե դա այնքան էլ հնարավոր չէ։
________
[1] Ջոնսոնը հիշեցնում է տարբերությունը՝ թե ինչպես է անվանում Աստվածը (ստեղծագործական հղում) և ինչպես՝ Ադամը (ոչ-ստեղծագործական հղում)։ Աստված անվանման միջոցով գոյացնում է, բերում է նյութական իրականության, իսկ Ադամի համար աշխարհն ու լեզուն տարբեր բաներ են։
[Անգլերենից թարգմանեց Շ. Ավագյանը]
Մեջբերվող աշխատանքներ
Benjamin, Walter. “The Task of the Translator.” Illuminations. Ed. Hannah Arendt. Trans. Harry Zohn. New York: Schocken, 1968. 69-83.
Bernard, Mary, trans. Sappho: A New Translation. Berkeley: U of California P, 1958.
Johnson, Barbara. Mother Tongues: Sexuality, Trials, Motherhood, Translation. Cambridge, MA: Harvard UP 2003.
Kafka, Franz. The Trial. Trans. Willa and Edwin Muir. New York: Modern Library, 1956.
________
* Judith Butler, "Betrayal's Felicity." Diacritics 34.1 (2004), 82-87.
No comments:
Post a Comment