Կարդում եմ Լորենս Վենուտիի Թարգմանչի անտեսանելիությունը գիրքը, որտեղ Վենուտին ներկայացնում է օտար լեզուներից անգլերենի թարգմանության պատմությանն ու խնդիրները, և մեկնաբանում է թե ինչպես են սոցիալական, մշակույթային, քաղաքական իդեալոգիաները կերտում թարգմանության ոլորտը (թարգմանությունը որպես մշակույթային կապիտալ), և անհատական թարգմանիչների որոշումները: Առաջին գլխում քննարկում է օտար լեզվի ընտելացման գործընթացը (domestication method), որտեղ թարգմանչից պահանջվում է որ նա օտար դարձվածքներն (idioms) ու լեզվային/մշակույթային յուրահատկություններն այնպես թարգմանի թիրախային (target language) լեզվի, ասենք անգլերենի, որ ընթերցողին օտար չթվան այդ յուրահատկությունները և լինեն ծանոթ ու հասկանալի: Մի խոսքով ընտելացման ընթացքը տեղի է ունենում բռնության միջոցով, օտար կառույցները հպատակեցվում, ընտելացվում են այդ լեզվին ու մշակույթին. որոշ կառույցներ ջնջվում են կամ կերպափոխվում, և միևնույն ժամանակ նոր կառույցներ են գրանցվում թարգմանության տեքստի մարմնում: Օրինակ է բերում մի ոմն Գրեյվզի թարգմանությունը, որտեղ Հուլիոս Կեսարի կյանքի պատմության մի որոշ պարբերությունում, որտեղ նկարագրվում է Կեսարի կենակցությունը ինչ-որ մի կառավարչի հետ (լատիներեն ամեն ինչ նկարագրված է շատ պարզ. Կեսարը քնում է կառավարչի վրանում), Գրեյվզը օգտագործում անախրոնիզմներ (ասենք նրանց հարաբերությունը անվանելով միասեռական ու հետո օգտագործում է տերմիններ (օրինակ` catamite), որոնք նախ մթա 50ականներին գոյություն չունեին և որոնք բացի այդ ստեղծում, ավելացնում են հոմոֆոբիական իմաստներ (որ Կեսարի համբավն ու հռչակը խանգարվում է այս պահից հետո, որ Կեսարի դիկտատորությունը կապված էր նրա միասեռականության հետ, և այլն), որոնք բնագրում իհարկե գոյություն չունեն): Այս ամենը Վենուտին բացատրում է նրանով, որ 1940ականներին, երբ Գրեյվզը թարգմանում էր տվյալ աշխատանքը, Սառը պատերազմի շնորհիվ Ամերիկայում իշխում էին հակա-կոմունիստական սենտիմենտներ (ինչպես նաև Սովետ. միությունում արվում էր հակառակը) ու կոմունիստներին/սոցիալիստներին դիվային ու դեմոնիզացված բնույթ տալու համար, նրանց աննորմալ ու պետության/ազգի թշնամիներ կոչելու նպատակով, պիտակավորում էին կոմունիստ-միասեռական ("communist homosexual treachery was witch-hunted close to the heart of the high-cultural establishment"): Կեսարի դիկտատորական բնույթն ըստ Գրեյվզի թարգմանության բացատրվում էր նրա այլ տղամարդկանց հետ հարաբերությունների հակումով: Թարգմանությունն, ըստ Վենուտիի, ընտելացվում էր երկրում իշխող տարբեր իդեալոգիաների ուժի ներքո, և թարգմանիչն այս դեպքում դառնում էր այդ իդեալոգիաների անտեսանելի գործիքը` ուժի մեխանիզմին անհրաժեշտ է թարգմանչին տալ անտեսանելի բնույթ, նրան գովաբանել ու պարգևատրել եթե կարողանում է լավ ու արագ ձևով ընտելացնել օտար, տարօրինակ ու յուրահատուկ տեքստերը: Հակառակ դեպքում, թարգմանչին, ով փորձում է դուրս գալ իր անտեսանելի դերից, ստեղծել յուրահատուկ ու անկախ թարգմանություն, ով շեղվում է ուժի մեխանիզմի տեսանելի դաշտից, պատժում են:
Եթե մի պահ դուրս գանք գրական թարգմանական աշխարհից և դիտարկենք թե ինչ է տեղի ունենում այսօր մեր մամուլում և ընդհանրապես տարբեր դիսկուրսներում որտեղ միասեռությունը ներկայացվում է որպես "ազգային վտանգ" (Կարինե Դանիելյան, Հարություն Մեսրոպյան) կամ որպես "անառակություն" (Խաչիկ Ստամբուլցյան), ապա պարզորեն կտեսնենք որ նման մեկնաբանությունները գալիս են ոչ թե ազգասեր/ազգանվեր կամ գիտական տեսանկուններից, այլ պարզ ու պարզ իդեալոգիաներից (Louis Pierre Althusser) և ուժի/(հայր)իշխանության նորմալացման դիսցիպլինար կառույցներից (Michel Foucault), որտեղ եթե բոլորը լինեն միանման ու միաձև, հեշտ կլինի բոլորին ղեկավարել մի քանիսի շահերի համար:
Ինչևէ, նման իդեալոգիաները` ստանդարտացնելու, նորմալացնելու, էկոնոմիզացնելու և ընտելացնելու, հենց իրեն թարգմանչին տալիս են շատ քիչ հնարավորություններ ազատ ու էքսպերիմենտալ աշխատանք տանելու, լեզվային խաղեր իրականացնելու ուղղությամբ. նրա աշխատանքը, եթե չի բավարարում ստանդարտացման մեխանիզմին, անտեսվում է (Սովետ միությունում թարգմանիչների անունները համարյա թե երբեք չէին տպվում գրքի էջերում, նշվում էր միայն թե որ տպարանն է տպել գիրքը; բացի այդ թարգմանիչները չէին ընտրում գրքեր, այլ նրանց հանձնարարում էին), չի գնահատվում որպես լիարժեք աշխատանք և միշտ համեմատվում ու կախվածության մեջ է մնում բնագրի տեքստին:
No comments:
Post a Comment