October 13, 2008

զարուբյանի կանայք: հատված առաջին մասից

.


Նա ուզում էր: Փորձելով, փորձարկելով, ու փորձվելով: Ուզում էր սկսել, բայց ինչպես են ընդհանրապես սկսում, սկսելով ու ստեղծելով, ստեղծելով, ջնջելով ու սկսելով: Սա իհարկե այն չէ ինչ նախորդը: Սա նոր գիրք է: Նորույթ: Նորովի ընկալվող, նորից ու նորից ընկալվելու ու վերընկալվելու համար: Մասնավորապես գրված ու գրավիչ, հայտարարված ու հայտարարելով, որ այն ինչ նոր է ու արտակարգ իրենից ներկայացնում է նորույթ: Ծածկագիր: Կամ ծածկագրված պատմություն մեկ օրվա մասին:

Գրասենյակի անկյուններից մեկում շարված էին Արաքսի կտավները: Թող սա լինի սկիզբը: Վեպի սկիզբը, որը սկսվում է այսպես:

Ես ինձ կրկին չեմ կարողանում զսպել, ասում է: Լուսինեն: Չգիտեմ ինչպես դադարեցնեմ այն ինչ համարյա արդեն սկսվել է: Սկզբում ուզում էի անակնկալի բերել, բայց փորձում էի ամեն ինչ անել մեղմորեն, ոչ շատ հանկարծակի:

Որն է տարբերությունը: Հարցնում եմ ես: Որն ես նախընտրում` Դավթյան, թե Թալալյան: Նա պատասխանում է, արտոնությամբ, ասում է որ տարբերությունը նախընտրելու մեջ է, այն որ գտել է նախընտրելին, որ գիտի թե որն է իր նախընտրելի բնութագիրը:

Հետո ավելացնում է. հեշտ չէ սկսելը:

Նա ուզում է որ սկսեմ նկարագրել Արաքսին: Ցանկություն է հայտնում: Նկարագրի: Նրա նրբագեղ կազմվածքը, նրա սև, կոնքերն ամուր գրկող շորը, նկարագրի նրա մազերը:

Հիմա, այս պահին:

Անհրաժեշտ է սկզբում ամեն ինչ տնտղել սկզբից:

Ընկեր Մարտիրոսյանի դասարանում, որը գտնվում էր երրորդ հարկի ձախ ծայրամասում, ուսուցչարանից մի քանի դուռ այն կողմ, չկային գրասեղաններ: Պատի երկարությամբ շարված էին տարբեր գույների երկաթե պատվանդանների վրա պտտվող բազկաթոռներ: Դասամիջոցին բոլորիս հարկադրում էր դուրս գալ միջանցք:

Այդ տարիներին ունեինք երկընտրանք. նստել ընկեր Մարտիրոսյանի անգլերենի գրականության դասընթացներին կամ սովորել մեքենագրություն ընկեր Կուպալյանի աշխատանոցում, վարժված քարտուղարներ դառնալու ակնկալիքով:

Զանգից հետո, երբ վերադառնում էինք դասարան:

Դասամիջոցին ընկեր Մուրադյանը: Նրա կարճ կտրած մազերը: Երկուսով կողպվում էին պտտվող բազկաթոռների սենյակում: Զանգից հետո, երբ վերադառնում էինք դասարան, վարագույրների արանքներից թափանցող արևի շողերին դեռ կախված էին ծխի քուլաները: Ամեն օր ու համարյա ամեն օր:

Կարդում էինք Մոէմի «Լուսինն ու վեց պենսը»: Հետո մի գիրք, որը գիրք չէր այլ մի ամբողջ աշխարհ: Կարդում էինք ու կարդալով զգում թե ինչպես են մեր աչքերի տակ հայտնվում մուգ կիսաշրջաններ: Փոքր պատյանով այդ գիրքը, որի կազմը փոփոխվում էր ամեն օր, ձեռքից ձեռք անցնելով, մաշվելով ու մաշելով մեր օրագրերը:

Մի օր զանգից հետո:

Նա ուներ մի սովորույթ: Սկսում էր ու հետո ամեն ինչ ջնջում, նորից սկսում: Ես նույնպես:

Մի ուրբաթ օր, մի օր զանգից հետո, ընկեր Մարտիրոսյանը որոշակի տրամադրվածությամբ ու որոշակի անհոգությամբ մեզ արտոնում է լսել Էլլա Ֆիցջերալդի երգերից մեկը: Այդ օրը բացականեր շատ կային: Դեռ շարունակվում էին Օպերայի ցույցերը: Լսեք ու լսելով, գրեք ու գրելով, զարթնեք ու զարթոնքով ու զարթնելով: Ասում էր Ելենա Մարտիրոսյանը: Նստած ճոճվող բազկաթոռներին, ներծծելով ծխի մնացորդները, լսում էինք առանց բառերը հասկանալու, բայց հասկանալով ռիթմի խախտող ուժի հնարավորություններն ու նրա հոսանքի ուղին շեղելու հատկությունները ու այդ պահին ու այդ պահից հետո:

Ու այդ պահին:

Այդ պահից հետո:

Իհարկե շատերը կուզենային որ գիրքը սկսվեր այսպես: Անկեղծորեն: Այնքանով անկեղծ, որ ինքն իր առաջ բաց լիներ, որ չհանդգներ ինքն իրեն կեղծել, խոսեր կյանքի փորձից ու լիներ ինքնաբուխ: Սա գրականության գոյության միակ ձևն է, նշում է գրականագետը: Գրականությունը ինքնամաքրման պրոցես է ստորակետ թերապիայի մի ձև վերջակետ եթե ինքդ քեզ կեղծես ստորակետ դա ինքնաթունավորման նման մի բան է վերջակետ

Բայց այստեղ, այս գրքում, իհարկե խոսքը գնում է ոչ թե լրագրային սկզբի մասին: Այստեղ, այս էջերում ինձ անհրաժեշտ է գտնել նոր սկիզբ:

Նորը կապ չունի անկեղծության հետ:

Նորը միգուցե թաքնված է հիշողության մեջ: Միգուցե այն ծրագրում է ապագան: Նորի մեջ միգուցե կգտնես հիասթափություն, սիրելիս, ու հիասթափված կփակես այս գիրքը: Միգուցե նորի մեջ ստեղծվում է այն նախադասությունը, որի ֆունկցիան էր անվանել այն ինչն արդեն անվանվել է հազար ու մի անգամ, բայց որն անհրաժեշտ է նկարագրել նորից նոր ձևով: Անհանգիստ է նորը: Թափառական, ու թվում է թե անպիտան: Նորը շռայլ է ու քմահաճ. այն վատնում է քո ժամանակը, հատում բոլորի համբերությունը: Անսովոր է, տարօրինակ ու արտառոց: Ու միգուցե նորի մեջ կա բացառիկը, որը խիստ ոգևորիչ է ու վտանգավոր: Նորը մի շրջագիծ է ու նորից:

Քաղաքավարությունից ելնելով ու արդեն ասվել է ու կասվի եկող էջերում:

Գրականագետը օգտագործում է հին ածականներ, հնացած լեզու, չորացած ու կարծրացած բառեր նորը գտնելու ու հետազոտելու ուղղված ու ձախողվող իր գիտարշավում: Համենայն դեպս նավը նրա չի կարողանում տեղից պոկվել, այն լռված է ծանծաղուտներում, չի կարող ու չի կարողանալու հասնել տեղ, ու քաղաքավարությունից ելնելով արդեն ասվել է: Որքան էլ հին նավերը վերանորոգվեն ու վերակառուցվեն, ու որքան էլ թիավարները ուժ գործադրեն նրանց ժամկետը լրացել է: Ու քաղաքավարությունից ելնելով թող ասվի ու նորից ու նորովի:

Յուրաքանչյուր կերպար կարող է հանկարծակիորեն փոխվել ու փոփոխել իր անունը, վերանվանվել ու բնութափոխվել. նրանք անընդհատ նոր անձնագրեր են պահանջում սահմաններն անցնելու համար: Հետևաբար անհնար է հնարավոր չէ ու չկա հնար անկեղծորեն գրի առնել կամ փոխանցել այն ամենը ինչ որ նա/նրանք մտադրված են ասել կամ մտածել կամ մտածում են կամ մտադրված լինելով մտապահում են ու չեն ասում կամ գիտեն ու մտածում են կամ չեն մտածում:

Քաղաքավարությունից ելնելով, կամ որ քաղաքից: Որ քաղաքի վարվելաձևերից ելնելով կամ վայելուչ ում համար և ինչու պիտի ելնենք ու հիմնվենք հենց մի (այդ) քաղաքի վարք ու բարքերին: Բայց սկիզբը նման է բոլոր մյուս սկզբներին: Այն անհանգիստ է և ստեղծում է մեր մեջ անհանգստություն, քանի որ ստեղծվում է այն զգացմունքից որ անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ բան որ վերջ կդնի հանգիստ կամ բթացնող մեր առօրյային:

3 comments:

  1. Շուշան, ես նոյն հոդվածը չի, են վոր տպված է Ինքնագիրում թիվ 4, բայց վոնց վոր նոյն վերնագիրն է :

    ReplyDelete
  2. այս հատվածը առաջին մասից է. ինքնագրում տպվածը նախաբանից էր: գրքի վերնագիրն է -զարուբյանի կանայք-:

    ReplyDelete