March 7, 2015

boon.am: Շուշանիկ Կուրղինյանի արվեստի ակտուալությունը

Շուշան Ավագյան, Արփի Ադամյան

Մարտի 7 2015 | Բուն TV | Երկար զրույց

Հետաքրքիր է, որ Կուրղինյանը թեև շատ է խոսում ճնշվածությունից ու աղքատությունից, այնուամենայնիվ նրա լեզուն անչափ ուժ տվող է: Օր.՝ նրա «Ապրել եմ ուզում» բանաստեղծության մեջ նշելով, թե ինչ է ուզում՝ ցույց է տալիս, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած, միաժամանակ անընդհատ կա հաղթահարելու և ապրել ցանկանալու ուժը՝ ապրել եմ ուզում, սիրել եմ ուզում, գործել եմ ուզում, խոսում է նաև աշխատանքից, որ ցանկանում է վաստակել հենց իր աշխատանքով և ապրել: Սա կնոջ համար շատ կարևոր է, շատ ազատագրող, որպեսզի իր սոցիալական կախվածությունից դուրս գա, ինչը նաև այսօր ենք տեսնում. շատ կանայք այսօր էլ կախվածության այս պատկերացումը որդեգրում են և չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է տնտեսապես անկախ ապրել:

Երբ տալիս ենք Կուրղինյանի անունը, միշտ հիշում ենք պրոլետարական գրականությունը, «Բանվորները» բանաստեղծությունը, որով էլ նա մտել է պատմության էջերը, մինչդեռ անտեսվել է «Ապրել եմ ուզում» բանաստեղծությունը, որ կարծես հիմն է, մանիֆեստ: Ի՞նչ է նշանակում ապրել: Նշանակում է ունենալ հնարավորությունը կռվելու, ազատ սիրելու, ոչ թե վաճառվելու ամուսնությանը, հնարավորություն է աշխատելու, որպես անձ, անհատ դու ինքդ պետք է քո սեփական հացը վաստակես, չպետք է շահագործես ուրիշներին, չպետք է ապրես ուրիշների ստեղծածով, այլ պիտի մասնակցես ապրուստի ընդհանուր ստեղծմանը: Բանաստեղծության վերջում դիմելով, տղամարդկանց, ասում է՝ եղբայրներ, ես նախևառաջ ֆեմինիստ եմ, պետք է կռվեմ իմ սեռի համար, որ մենք հավասար այս կյանքը ապրենք, և երկրորդը՝ ես ուզում եմ ձեզ հետ ձեռք ձեռքի տված պայքարել հանուն ողջ մարդկության համար, վառ գաղափարների համար:

No comments:

Post a Comment