Showing posts with label Hannah Arendt. Show all posts
Showing posts with label Hannah Arendt. Show all posts

March 5, 2017

ՌՈԶԱ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 1871-1919

Հաննա Արենդթ

I 

Համապարփակ՝ անգլիական ոճի կենսագրությունը պատմագրության ամենահիացարժան ժանրերից է։ Երկար, հիմնովին փաստագրված, մանրամասնորեն ծանոթագրված և առատորեն ցողված մեջբերումներով, այն սովորաբար լինում է երկու մեծ հատորով և տվյալ ժամանակաշրջանի մասին պատմում է ավելի շատ և ավելի ցայտուն կերպով, քան բոլոր պատմության գրքերը միասին վերցրած (բացառությամբ մի քանի լավագույնների)։ Ի տարբերություն այլ կենսագրությունների, պատմությունն այստեղ չի տրվում որպես նշանավոր անձի կյանքի ֆոն, այլ կարծես թե պատմական ժամանակի չեզոք լույսն ուղղորդվում ու բեկվում է անվանի անձնավորության պրիզմայով, այնպես որ ձևավորված սպեկտրում ստեղծվում է կյանքի ու աշխարհի լիակատար միաձուլում։ Գուցե սա է պատճառը, որ այն դարձել է մեծանուն քաղաքական գործիչների կյանքի համար դասական ժանրը, սակայն անհարմար այն անձանց կյանքի համար, որոնց հետաքրքրությունը զուտ կյանքի պատմության մեջ է, կամ արվեստագետների, գրողների և ընդհանրապես այն մարդկանց կյանքի համար, որոնց հանճարը ստիպել է հեռու մնալ աշխարհից և որոնց նշանակությունը հիմնականում իրենց աշխատանքների՝ աշխարհին տված իրենց գործերի, և ոչ աշխարհում խաղացած դերի մեջ է։

Ջոն Փ. Նեթլի կողմից ամենաանհավանական թեկնածուի` Ռոզա Լյուքսեմբուրգի կյանքի ընտրությունը որպես թեմա մի ժանրի համար, որը պատշաճ է թվում միայն աշխարհի մեծ գործիչների համար, հանճարեղ քայլ էր։ Լյուքսեմբուրգն անշուշտ այդպիսինը չէր։ Անգամ իր՝ եվրոպական սոցիալիստական շարժման միջավայրում նա բավականին լուսանցքային ֆիգուր էր՝ հոյակապության ու պայծառության կարճ դրվագներով, ում գործունեության և գրավոր խոսքի ազդեցությունը հազիվ թե կարող է համեմատվել նրա ժամանակակիցների՝ Պլեխանովի, Տրոցկու և Լենինի, կամ Բեբելի և Կաուցկու, կամ էլ Ժորեսի և Միլերանի հետ։ Եթե աշխարհում հաջողելը անհրաժեշտ պայման է այս ժանրում հաջողելու համար, ապա ինչպե՞ս կարող էր պարոն Նեթլը հաջողել այս կնոջ հետ, ով երիտասարդ տարիքում իր հայրենի Լեհաստանից հափշտակվել էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից, ով շարունակում էր վճռական դեր խաղալ լեհական սոցիալիզմի քիչ ծանոթ ու անտեսված պատմության մեջ, և ով հետագայում գրեթե երկու տասնամյակ, թեև պաշտոնապես երբևէ չճանաչված, դարձավ Գերմանիայի ձախերի շարժման ամենավիճելի ու ամենաքիչ հասկացված անձնավորությունը։ Քանզի հենց հաջողությունն էր՝ հաջողություն իր իսկ հեղափոխականների միջավայրում, որ ետ էր պահվել Ռոզա Լյուքսեմբուրգից թե՛ կյանքում, թե՛ մահվան մեջ, և թե՛ մահվանից հետո։ Հնարավո՞ր է արդյոք, որ նրա բոլոր ջանքերի ձախողումը՝ պաշտոնապես ճանաչված լինելու առումով, ինչ-որ չափով կապված է մեր դարում հեղափոխության ձախողման հետ։ Գուցե պատմությունն ա՞յլ կերպ ներկայանա, եթե դիտարկվի նրա կյանքի և աշխատանքի պրիզմայով։


II Ինտերնացիոնալի ժամանակ, Ամստերդամում, օգոստոսի 14 1904թ., Ավգուստ Բեբելը մատ թափ տալով «սպառնում է» Ռոզա Լյուքսեմբուրգին:


Ինչ էլ որ լինի, ես չգիտեմ որևէ այլ գիրք, որն ավելի լավ կլուսաբաներ եվրոպական սոցիալիզմի կարևորագույն շրջանը՝ տասնիններորդ դարի վերջին տասնամյակից մինչև 1919թ.-ի հունվարի այն ճակատագրական օրը, երբ Գերմանիայի կոմունիստական կուսակցության նախընթաց՝ Սպարտակուսբունդ շարժման առաջնորդներ Ռոզա Լյուքսեմբուրգը և Կարլ Լիբկնեխտը սպանվեցին Բեռլինում այդ ժամանակ իշխանության գլուխ անցած սոցիալիստական ռեժիմի հայացքի ներքո և հավանաբար դավադրությամբ։ Սպանողները ծայրահեղ ազգայնական և պաշտոնապես անօրինական Ֆրայկորպս կամավոր ջոկատների անդամներ էին, մի հարազինուժային կազմակերպություն, որից Հիտլերի գրոհայինները շուտով զինվորագրելու էին իրենց ամենախոստումնալից մարդասպաններին։ Այն, որ կառավարությունն այդ ժամանակ ամբողջովին Ֆրայկորպսի ձեռքի տակ էր, քանի որ նրանք վայելում էին «Նոսկեի լիակատար աջակցությունը», ով սոցիալիստների ազգային պաշտպանության փորձագետն էր և ռազմական գործերի պատասխանատուն, վերջերս հաստատեց կապիտան Փաբստը՝ սպանության վերջին կենդանի մնացած մասնակիցը։ Այս և այլ առումներով Վայմարյան Հանրապետության ավելի չարաշուք հատկանիշները վերակենդանացնել ցանկացող Բոնի կառավարությունը տարածել էր, որ Ֆրայկորպսի շնորհիվ էր, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մոսկվան չէր կարողացել ողջ Գերմանիան մտցնել կարմիր կայսրության մեջ, և որ Լիբկնեխտի և Լյուքսեմբուրգի սպանությունն ամբողջովին օրինական «մահապատիժ էր՝ ռազմական դրության պայմաններում»։ Սա շատ ավելին էր, քան Վայմարյան Հանրապետությունը երբևէ ձևացրել էր, քանզի այն երբեք հանրայնորեն չէր ընդունել, որ Ֆրայկորպսը իրոք կառավարության մաս է եղել, և «պատժել էր» մարդասպաններին՝ զինվոր Ռունժին դատապարտելով երկու տարվա և երկու շաբաթվա ազատազրկման «սպանության փորձ կատարելու համար» (վերջինս Էդեն հյուրանոցի միջանցքներից մեկում հարվածել էր Ռոզա Լյուքսեմբուրգի գլխին) և լեյտենանտ Ֆոգելին (ում հրամանատարության ներքո մեքենայում կրակել էին Լյուքսեմբուրգի գլխին և նետել Լանդվեր ջրանցքը)` չորս ամսվա ազատազրկման «դիակի մասին չզեկուցելու և դրանից անօրինականորեն ազատվելու համար»։ Դատավարության ժամանակ որպես փաստ ներկայացվել էր մի լուսանկար, որտեղ Ռունժը և նրա ընկերները հաջորդ օրը նույն հյուրանոցում տոնում էին սպանությունը, ինչը մեղադրյալն ընդունել էր մեծագույն զվարճանքով։ —Ամբաստանյալ Ռունժ, ձեզ պատշաճ պահեք։ Սա ծիծաղի թեմա չէ,— ասել էր նախագահող դատավորը։ Քառասունհինգ տարի անց, Ֆրանկֆուրտում Աուշվիցի դատավարության ժամանակ, այս տեսարանը կրկնվեց՝ արտաբերվեցին նմանատիպ խոսքեր։

Ռոզա Լյուքսեմբուրգի և Կարլ Լիբկնեխտի սպանությամբ Եվրոպայի ձախերի պառակտումը (Սոցիալիստական և Կոմունիստական կուսակցությունների) վերջնական տեսք ու պատկեր ստացավ. «անդունդը, որ կոմունիստները պատկերացրել էին տեսականորեն, դարձավ . . . գերեզմանի անդունդ»։ Եվ քանի որ այս ավելի վաղ ոճրագործությունը օժանդակվել ու քաջալերվել էր կառավարության կողմից, այն սկզբնավորեց հետպատերազմյան Գերմանիայի մահապարը. ծայրահեղ աջերի մարդասպանները սկսեցին ծայրահեղ ձախերի առաջնորդների սպանդից (Հուգո Հասե, Գուստավ Լանդաուեր, Լեո Յոգիխես, Էուջեն Լևինե) և ապա անցան կենտրոնամետներին և աջ-կենտրոնամետներին (Վալտեր Ռատենաու և Մաթիաս Էրցբերգեր՝ սպանության ժամանակ երկուսն էլ կառավարության անդամներ էին)։ Այսպիսով Ռոզա Լյուքսեմբուրգի մահը դարձավ Գերմանիայում երկու ժամանակաշրջանների ջրբաժանը, իսկ Գերմանիայի ձախերի համար՝ մի կետ, որտեղից այլևս ետդարձի ճանապարհ չկար։ Բոլոր նրանք, ովքեր Սոցիալիստական կուսակցությունից հիասթափված միացել էին կոմունիստներին, է՛լ ավելի էին հիասթափված Կոմունիստական կուսակցության կտրուկ բարոյական անկումից և քաղաքական քայքայումից, սակայն վերադառնալ սոցիալիստների շարքեր նշանակում էր Ռոզայի սպանությանը թողություն տալ։ Այս անձնական հակազդեցությունները, որոնք հազվադեպ են հանրայնորեն ընդունվում, խճանկարի այն մասնիկներն են, որոնք պատմության մեծ հանելուկում իրենց տեղն են ընկնում։ Ռոզա Լյուքսեմբուրգի դեպքում դրանք այն առասպելի մասն են, որը շուտով հյուսվեց նրա անվան շուրջ։ Առասպելներն անշուշտ ունեն իրենց ճշմարտությունը, սակայն պարոն Նեթլը ճիշտ է արել, որ գրեթե ուշադրություն չի դարձրել Ռոզայի առասպելին։ Նեթլի առաջադրանքը, արդեն իսկ դժվար գործ՝ պատմական կյանքում նրան վերականգնելն էր։

Նրա մահվանից կարճ ժամանակ անց, երբ բոլոր համոզմունքների ձախերն արդեն որոշել էին, որ նա միշտ «սխալված է» եղել («իրոք անհույս մի դեպք», ինչպես «Encounter» հանդեսում գրել էր այդպես մտածողների երկար շարքից ամենավերջինը՝ Գեորգ Լիխտհայմը), նրա համբավում տեղի ունեցավ հետաքրքիր շրջադարձ։ Երկու հատորյակով լույս տեսան նրա նամակները, որոնք՝ լինելով շատ անձնական և օժտված պարզ, անչափ մարդկային ու երբեմն բանաստեղծական գեղեցկությամբ, բավարար էին, որպեսզի քանդեին արյունախում «կարմիր Ռոզայի» քարոզչական կերպարը գրեթե բոլոր, բացի ամենահակասեմական ու հետադիմական, շրջանակներում։ Սա, իր հերթին, ստեղծեց մեկ այլ՝ թռչուններով զմայլվողի ու ծաղիկների սիրահարի սենտիմենտալ կերպար. մի կին, որից բանտապահները արցունքներով էին բաժանվել, ասես նրանք այլևս չէին կարող ապրել առանց այս տարօրինակ բանտարկյալի, որը նրանց հետ մարդկայնորեն էր վերաբերվել։ Նեթլը չի նշում այս պատմությունը, որն ինձ հավատարմորեն փոխանցվել էր երբ դեռ երեխա էի, և որը հետագայում հաստատել էր նրա ընկեր և իրավաբան Կուրտ Ռոզենֆելդը, ով ականատես էր եղել դեպքին։ Այն գուցեև իրական է, բայց պահպանվել է նաև մեկ այլ անեկդոտ, այս մեկը հիշատակված Նեթլի գրքում, որն ինչ-որ չափով հակակշռում է նախորդի փոքր-ինչ շվարեցնող մանրամասները։ 1907թ.-ին Ռոզա Լյուքսեմբուրգը և նրա ընկերուհի Կլարա Ցետկինը (հետագայում՝ գերմանական կոմունիզմի «մեծ մայրը») դուրս էին եկել զբոսանքի, կորցրել ժամանակի զգացողությունը և ուշացել Ավգուստ Բեբելի հետ հանդիպումից, ով անհանգստացել էր, որ նրանք կորել են։ Ռոզան կատակով առաջարկել էր, որ իրենց մահարձանի վրա գրվի. «Այստեղ են հանգչում գերմանական սոցիալիստական դեմոկրատիայի վերջին երկու տղամարդիկ»։ Յոթ տարի անց, 1914թ.-ի փետրվարին, նրան տրվեց այս դաժան կատակի ճշմարտությունն ապացուցելու հնարավորությունը Քրեական դատարանի դատավորներին ուղղված իր հիասքանչ ուղերձում. նա մեղադրվում էր զանգվածներին պատերազմի դեմ քաղաքացիական անհնազանդություն «հրահրելու» մեջ։ (Վատ չէ, ի միջի այլոց, մի կնոջ համար, ով «միշտ սխալվում էր» և պետք է որ դատարանի առաջ չկանգներ այս մեղադրանքով՝ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հինգ ամիս առաջ, ինչը «լուրջ» մարդկանցից քչերն էին կարծում, որ հնարավոր է։) Պարոն Նեթլը բարեմտորեն վերատպել է ուղերձն ամբողջությամբ. ուղերձի «տղամարդկությունն» անզուգական է գերմանական սոցիալիզմի պատմության մեջ։



(թարգմանությունն ընթացքի մեջ է) 


Աղբյուրը՝ "Rosa Luxemburg: 1871-1919," a review of J. P. Nettl, Rosa Luxemburg,
in The New York Review of Books, 1966.

September 15, 2016

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


















Այս ժողովածուում տեղ գտած տեքստերը, որ Հաննա Արենդթին հետևելով կարելի է անվանել քաղաքական մտքի վարժություններ, նաև թարգմանական վարժություններ են, որոնք արվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության պրակտիկայի դասընթացի շրջանակում։ Ի տարբերություն արդի և ժամանակակից թարգմանական փորձին, որտեղ կա միայն մեկ թարգմանիչ, այս տեքստերի վրա աշխատել են երեսունվեց թարգմանիչներ, և նպատակը կարծես թե ավելի շատ եղել է ոչ թե վերջնական արդյունքը, այլ հենց ընթացքը՝ տեքստերը ընտրելու, ընթերցելու, քննարկելու, վերլուծելու, մեկնաբանելու, թարգմանելու ժամանակամիջոցը։ Այլ կերպ ասած՝ նպատակն էր տեքստերը ապրեցնել թարգմանության միջոցով և ստեղծել մի գիտակից համայնք, որը կմտածի Արենդթի հետ միասին նրա բարձրացրած հարցերի շուրջ, և կլայնացնի հարցերի շրջանակը այնքան, որ հարցերը ներառեն նաև մեզ և մեր իրականությունը, կամ այնպես որ մենք ներառենք այդ հարցերը մեր գիտակցության մեջ։ Եթե կարողացել ենք ընթերցողին փոխանցել այս մտածելու ընթացքը (մտածել՝ որպեսզի հասկանալ, ինքդ քեզ համար, այն է՝ մտածել քննադատական ձևով, քաղաքականացնելով ամեն երևույթ, և դրանով իսկ մերժել անտարբերությունը), ուրեմն թարգմանությունը հաջողել է։

Տեքստերը շատ տարբեր են թե՛ ոճային, թե՛ բովանդակային առումով և այս բազմազանության նպատակն է ձայն տալ և լսելի դարձնել Արենդթի յուրահատուկ բազմաձայնությունը, ինչպես նաև բազմալեզվությունը։ Եվ իրոք, թեև Արենդթը գրում էր իր համար նոր լեզվով՝ անգլերենով, այսպես ասած «զանգավածային մշակույթի» լեզվով, որը նրա համար նաև զվարճանքի, մակերեսային, խորությունից զուրկ և սակայն գոյատևման համար անհրաժեշտ լեզու էր, նա մտածում էր գերմաներենով, որը համարում էր իր մայրենի լեզուն, որի կորուստը, ինչպես նկարագրում է «Մենք՝ փախստականներս»-ում, նշանակում էր արձագանքելու բնականության, շարժուձևի պարզության, զգացմունքներն անկեղծորեն արտահայտելու կարողության կորուստ։ Սա նաև այն լեզուն էր, որով արձակվում էին մահվան դատավճիռներ և որով արդարացվում էին այդ դատավճիռներ կայացնողները։ Ինչպես Կարլ Յասպերսին ուղղված 1933 թվականի (այն տարին, երբ նրան ձերբակալեցին և ազատ արձակվելուց անմիջապես հետո նա փախավ Ֆրանսիա) հունվարին ուղարկված նամակում գրում է.
Գերմանիան ինձ համար նշանակում է մայրենի լեզու, փիլիսոփայություն և գրականություն։ Ես կարող եմ և պետք է կանգնեմ այդ ամենի կողքին։ Բայց ես նաև պարտավոր եմ պահել իմ հեռավորությունը. ես չեմ կարող լինել ո՛չ կողմ, ո՛չ էլ դեմ, երբ կարդում եմ Մաքս Վեբերի հրաշալի նախադասությունը, որտեղ նա ասում է, որ Գերմանիան ետ ոտքի կանգնեցնելու համար նա պատրաստ է անգամ դևի հետ դաշինք կնքել։ Ահա այս նախադասությունն է, որն, ըստ իս, բացահայտում է կրիտիկական կետը։[1]
Այն, որ Արենդթը մտածում է գերմաներեն և գրում է (գերմաներենից թարգմանելով) անգլերեն, թարգմանչի համար թե՛ կաշկանդող է և թե՛ ազատագրող, քանի որ նա մակերեսայնորեն առերեսվում է մի լեզվի հետ, որի ետևում գործում է մեկ ուրիշը, [2] այն մեկը, որի համար Արենդթը ևս Ուրիշ էր՝ մի «գիտակից պարիա». կաշկանդող է, քանի որ բուն իմաստը (ոճային և բովանդակային) երբեմն միայն տեղ-տեղ է թափանցում միջնորդ անգլերենի միջով, ազատագրող է, քանի որ միշտ կարելի է խույս տալ միջնորդ լեզվի կաղապարներից և հարաբերվել անտեսանելի լեզվի հետ, այսինքն՝ կուրորեն շոշափելով և զգալով հայտնաբերել այն, ինչ տեսանելի չէ, բայց այնտեղ է՝ բուն իմաստը։ Ընթերցողը ևս սա պետք է մտքում ունենա, քանի որ առնչվելու է տարօրինակ ու հիբրիդային փոխաբերական լեզվի, գուցե անբնական շարահյուսության, անծանոթ համեմատությունների, ոչ-կանոնավոր բառակապակցությունների հետ, և սակայն սա օրինաչափ է, քանի որ սա է մի քանի լեզուներում ապրելու և մտածելու անսահման հնարավորությունը։ Բնագրում գործում են յոթ կոնկրետ տեսանելի լեզուներ՝ անգլերեն, լատիներեն, հունարեն, եբրայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, և մեկ ընդհանուր անտեսանելի լեզու՝ գերմաներեն։ Անգլերեն տեքստերը սկզբնական շրջանում միշտ խմբագրում էին Արենդթի ընկերները՝ ամենից հաճախ ամերիկացի գրողներ Մերի ՄքՔարթին և Րանդլ Ջարելը։

Տեքստերը ընտրելիս՝ թարգմանիչների համար կարևոր է եղել ներառել բացի ընդունված գիտական հոդվածներից նաև այլ ոճերի գրվածքներ, ինչպես օրինակ՝ նամակագրություն, քանի որ հոդվածներ գրելուց բացի, Արենդթը կյանքի ընթացքում անդադար նամակագրվել է այլ մտավորականների հետ, ինչպես օրինակ՝ Էրիք Ֆյոգելինի, Կարլ Յասպերսի, Մերի ՄքՔարթիի, Մարտին Հայդեգերի, և այլոց հետ։ Նամակներում և հրապարակախոսական հոդվածներում Արենդթի ձայնը առավել աշխույժ է, արտահայտիչ, երբեմն հեգնական, և սա շատ բնորոշ է նրա ոճին և ինքնությանը, «որը մարդկանց ստիպում է խոսել մեկ անփոխարինելի անձի միակ ձայնով»։[3] Արենդթը խիստ քննադատվել է իր հենց այս հեգնական ձայնի համար, հատկապես երբ 1961 թվականին «Նյու Յորքեր»-ի համար լուսաբանում էր Ադոլֆ Այխմանի դատավարությունը Երուսաղեմում։ Ըստ Արենդթի՝ «չարիքի բանալությունն» այն է, որ մարդիկ լուրջ են ընդունում Ադոլֆ Այխմանի պես բյուրոկրատների (կամ համազգեստավորների) և այդպիսով՝ նրանց օժտում հեղինակությամբ։ Իսկ «հեղինակության մեծագույն թշնամին արհամարհանքն է, և այն ջախջախելու ամենահաստատ ձևը ծիծաղն է»։[4]

Տեքստերը շարված են ըստ ժամանակագրական կարգի՝ սկսելով Արենդթի «Մենք՝ փախստականներս» հրապարակախոսական հոդվածով, որը նրա անգլերենով գրված առաջին տեքստերից է՝ հրապարակված 1943 թվականին՝ Միացյալ Նահանգներ գաղթելուց երկու տարի անց։ Հոդվածը մեծ արձագանք է ստացել շատ մտավորականների կողմից և ինչ-որ տեղ նաև կողմնորոշել և քաղաքականացրել Ջիորջիո Ագամբենի միտքը, ով 1993 թվականին իր «Մարդու իրավունքներից անդին» էսսեում, հղվելով Արենդթի այս հոդվածին, գրում է.
Այսօր մենք հեշտորեն տարբերակում ենք փախստականներին պետականազուրկ ժողովուրդներից, սակայն այս տարբերակումն անցյալում այդքան պարզ ու դյուրին չի եղել, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, և իրականում այսօր էլ դյուրին չէ։ Սկզբում, շատ փախստականներ, ովքեր տեխնիկապես պետականազուրկ չէին, նախընտրում էին դառնալ այդպիսին, քան վերադառնալ իրենց երկիր։ Մյուս կողմից՝ ռուս, հայ և հունգարացի փախստականներն անհապաղ ապազգայնացվեցին նոր թուրք և սովետական կառավարությունների կողմից։ Կարևոր է նշել, թե ինչպես, Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր, շատ եվրոպական պետություններ սկսեցին ընդունել օրենքներ, որոնք թույլ էին տալիս հպատակազրկել և ապազգայնացնել իրենց քաղաքացիներին։ [. . .] Այն մի քանի կանոններից մեկը, որին նացիստները միշտ հավատարմորեն հնազանդվում էին «հարցի վերջնական լուծման» ընթացքում, այն էր, որ հրեաները և գնչուները կարող էին ոչնչացման ճամբարներ ուղարկվել միայն ամբողջովին ապազգայնացվելուց հետո [. . .]։ Երբ նրանց իրավունքներն այլևս քաղաքացու իրավունքներ չեն, այսինքն՝ երբ մարդ արարածներն իսկապես սակրալ են, ինչպես որ հռոմեական իրավունքն էր կիրառում այս եզրը արխայիկ դարաշրջանում՝ դատապարտված մահվան։[5]
Ագամբենը դեռևս իր ուսանողական տարիներից կարդում էր Արենդթ և անգամ 1970 թվականի փետրվարի 21-ին Արենդթին ուղղված իր առաջին նամակում նշում է. «Երիտասարդ գրող և էսսեիստ եմ, ում համար Ձեր գրքերի հայտնաբերումը անցյալ տարի եղել է շատ բեկումնային»։ Եվ սա գուցե ճիշտ է նաև նրանց համար, ովքեր հայտնաբերում են «Մենք՝ փախստականներս» այսօր, երբ կրկին ականատես ենք լինում, թե ինչպես է «եվրոպական ժողովուրդների միությունը փուլ գալիս», երբ և որովհետև այն թույլ է տալիս վտարել ու հալածանքների ենթարկել իր ամենաթույլ անդամներին, այս անգամ՝ պաղեստինցիներին և սիրիացիներին։ Ագամբենի խոսքերով, փախստականը պետք է դիտարկվի այնպես, ինչպես որ է՝ ոչ պակաս, քան սահման-հղացք, որը միաժամանակ թե՛ արմատական ճգնաժամ է բերում ազգ-պետության սկզբունքներին և թե՛ ճանապարհ հարթում կատեգորիաների վերաձևակերպման (նորոգման) համար, ինչն այլևս չի կարող հետաձգվել։[6]

«Էքսպանսիա և իշխանության փիլիսոփայությունը» (1946թ.) և «Գաղափարախոսություն և ահաբեկում»-ը (գրված Ստալինի մահվանից անմիջապես հետո և տպված 1953 թվականի հուլիսին) հետագայում որոշ փոփոխություններով մտան Արենդթի առավել հայտնի՝ «Ամբողջատիրության ակունքները» գրքի մեջ։ Թեև «Ամբողջատիրության ակունքները. Պատասխան»-ը բովանդակային առումով պատկանում է այս երկուսին, սակայն ոճային առումով շատ տարբեր է, քանի որ գրված է որպես նամակ-պատասխան (իր ընկեր և համախոհ քաղաքական փիլիսոփա Էրիք Ֆյոգելինին), և հետևաբար ձայնը շատ ավելի կենդանի է, դիալեկտիկական, և հեգնական երանգները շատ ավելի ընդգծված են, ինչն այն ավելի մոտ է բերում «Մենք՝ փախստականներս»-ի ոճին։ «Կարլ Յասպերս. Աշխարհի քաղաքացի՞» ակնարկը Արենդթի և Յասպերսի համատեղ աշխատանքի և մտքափոխանակության (քառասուներեք տարվա) մտավոր հարաբերությունից հատված է, որտեղ Արենդթը հարցադրում է Յասպերսի աշխարհաքաղաքացիության հղացքի նշանակությունը։ Ակնարկի առաջին տարբերակում (որը տպվել էր Փոլ Շլիփի «Կարլ Յասպերսի փիլիսոփայությունը» ժողովածուում, 1957թ.) հարցականը վերնագրից հանված է և կան մի քանի տարբերություններ, սակայն նախընտրել ենք որպես աղբյուր օգտագործել Արենդթի վերախմբագրած տարբերակը, որը տպվել է իր «Մարդիկ մութ ժամանակներում» (1968թ.) ժողովածուում։ «Ի՞նչ է հեղինակությունը» առաջին անգամ լույս է տեսել 1958 թվականին Կարլ Ֆրիդրիխի «Հեղինակություն» ժողովածուում «Ի՞նչ էր հեղինակությունը» վերտառությամբ, սակայն որպես թարգմանության աղբյուր ընտրել ենք վերախմբագրված տարբերակը, որը տպվել է Արենդթի «Անցյալի ու ապագայի միջև» ժողովածուում (1961թ.)։ 1960 թվականին հրատարակված «Հասարակություն և մշակույթ»-ն ավելի տեղային տեքստ է այն առումով, որ անմիջականորեն անդրադառնում է Միացյալ Նահանգների ժամանակակից իրականությանը, «զվարճանքի արդյունաբերությանը» և զանգվածային մշակույթին. այն կարելի է պատշաճորեն տեղադրել 20-րդ դարի սկզբին ձևավորված զանգվածային մշակույթի մեկնաբանության (Բորիս Արվատով, Վալտեր Բենյամին) և քննադատության (Թեոդոր Ադոռնո) դիսկուրսում։ Ի վերջո, «Պատերազմ և հեղափոխություն»-ը 1963 թվականին հրատարակված «Հեղափոխության մասին» ժողովածուի ներածական գլուխն է, որտեղ Արենդթը դիպուկ ձևով կանխատեսում է, որ ի տարբերություն 20-րդ դարի, որը կերտվել էր պատերազմներով, 21-րդ դարը (նրա համար՝ «կանխատեսելի ապագան») լինելու է հեղափոխությունների դարաշրջան։


[1] Hannah Arendt and Karl Jaspers: Correspondence, 1926-1969, eds. Lottie Kohler and Hans Saner, trans. Robert and Rita Kimber (New York: Harcourt Brace Jovanovich, 1992), 16.
[2] Եվ Արենդթը այդպես էլ նկարագրում է երկու լեզուների տարբերությունը 1964 թվականին Գյունթեր Գաուսին տված իր հայտնի հարցազրույցում. «Ես գերմաներենով անգիր գիտեմ գերմանական պոեզիայի մեծ մասը [Գյոթե, Հայնե, Ռիլկե]. այդ բանաստեղծությունները միշտ այնտեղ են՝ մտքիս ետևում, սա անհնար է մեկ այլ լեզվի դեպքում։ Հետևաբար ես ազատ եմ գերմաներենում և ինձ թույլ եմ տալիս ազատություններ, որ երբեք թույլ չէի տա ինձ անգլերենում»։
[3] Տե՛ս սույն ժողովածուում «Գաղափարախոսություն և ահաբեկում», էջ 82։
[4] Hannah Arendt, “On Violence” in Crises of the Republic (New York: Harcourt, 1972), 144.
[5] Giorgio Agamben, “Beyond Human Rights,” in Means Without End: Notes on Politics, trans. Vincenzo Binetti and Cesare Casarino (Minneapolis: University of Minnesota Press, 2000), 14-26.
[6] Նույն տեղում։

March 16, 2013

Ամբողջատիրության ակունքները. Պատասխան

Հաննա Արենդթ


Որքան էլ գնահատում եմ «The Review of Politics»-ի խմբագիրների արտասովոր բարեհոգությունը, ովքեր խնդրեցին ինձ պատասխանել պրոֆեսոր Էրիք Ֆյոգելինի՝ իմ գրքի քննադատությանը, այնուամենայնիվ այդքան էլ համոզված չեմ, թե առաջարկն ընդունելը ճիշտ որոշում էր։ Ես իհարկե չէի պատասխանի, եթե նրա գրախոսությունը սովորականի պես ընկերական կամ ոչ ընկերական լիներ։ Այդպիսի պատասխաններն իրենց բնույթով շատ հեշտությամբ գայթակղում են հեղինակին գրախոսել իր իսկ գիրքը կամ գրախոսել գրախոսությունը։ Նման գայթակղություններից խուսափելու համար, ես հնարավորինս փորձել եմ ձեռնպահ մնալ (անգամ անձնական զրույցի մակարդակով) պատասխանելուց՝ անկախ նրանից, թե համաձայնել կամ չեմ համաձայնել գրախոսի հետ։

Պրոֆեսոր Ֆյոգելինի քննադատությունը սակայն այնպիսինն է, որին կարելի է ամենայն պատշաճությամբ պատասխանել։ Նա մի կողմից բարձրացնում է մեթոդի մասին ընդհանրական հարցեր, իսկ մյուս կողմից՝ փիլիսոփայական հարցեր։ Երկուսն էլ իհարկե փոխկապակցված են, բայց եթե պատմական ուսումնասիրության և քաղաքական վերլուծության սահմաններում ես կարողացա բավականաչափ հստակ կերպով բացատրել այն ընդհանուր խճճանքները, որոնք ակնհայտ դարձան ամբողջատիրության լիարժեք զարգացման արդյունքում, ես այդուհանդերձ չբացատրեցի իմ կիրառած մեթոդը և այն յուրօրինակ մոտեցումը, ոչ թե տարբեր պատմական ու քաղաքական խնդիրներին, որոնց գնահատականը կամ արդարացումը կարող էր միայն շեղել, այլ հենց պատմագիտության և քաղաքագիտության դաշտին որպես այդպիսին։ Գրքի դժվարություններից մեկն այն է, որ վերջինս չի պատկանում որևէ դպրոցի կամ ուղղության և չի կիրառում պաշտոնապես ճանաչված կամ վիճահարույց գործիքներից և որևէ մեկը։
Խնդիրը, որն ի սկզբանե դրված էր իմ առաջ, շատ պարզ էր և միևնույն ժամանակ շփոթեցնող. ամբողջ պատմագրությունն անհրաժեշտաբար փրկություն է և հաճախ՝ արդարացում։ Սա պայմանավորված է մարդու մտավախությամբ, որ նա կարող է մոռանալ, և նրա ձգտումով հասնել մի բանի, որն ավելին է, քան հիշատակը։ Այս ներքին մղումներն արդեն իսկ ենթադրված են ժամանակագրական կարգ պահելու մեջ և հազիվ թե հաղթահարվեն արժեքային դատողությունների միջամտությամբ, որոնք սովորաբար ընդհատում են պատումը և այն դարձնում կողմնակալ և «ոչ գիտական»։ Կարծում եմ, որ հակասեմականության պատմությունն այդպիսի պատմագրության վառ օրինակ է։ Գիտական առումով այս ողջ գրականության ակնհայտորեն թույլ լինելու պատճառն այն է, որ պատմաբանները (եթե գիտակից հակասեմականներ չէին, ինչը, իհարկե, բացառվում էր) պետք է գրեին մի բանի պատմությունը, որը նրանք չէին կամենում պահպանել, այսինքն՝ պետք է գրեին կործանարար ձևով, իսկ կործանելու նպատակով պատմություն գրելն ինչ-որ առումով հակասական է։ Միակ ելքը եղել է, այսպես ասած, հրեաներից կառչելը, նրանց պահպանման առարկա դարձնելը։ Բայց դա իհարկե լուծում չէր, քանի որ իրադարձությունները միայն զոհի տեսանկյունից դիտարկելը հանգեցրեց ջատագովության, ինչը, իհարկե, բոլորովին էլ պատմություն չէ։

Այսպիսով, իմ առաջին խնդիրը եղել է պատմության տեսանկյունից գրել մի բանի (ամբողջատիրության) մասին, որը ցանկանում էի ոչ թե պահպանել, այլ, հակառակը, կործանել։ Իմ լուծումը բերեց այն քննադատությանը, որ գրքում բացակայում է միասնությունը։ Այն, ինչ ես արեցի, և այն, ինչ այսպես թե այնպես անելու էի, քանի որ այդպես եմ կրթվել և այդպես եմ մտածում, ամբողջատիրության գլխավոր տարրերը բացահայտելն ու դրանք պատմականորեն վերլուծելն էր՝ այդ տարրերի հետքերը պատմության մեջ փնտրելով այնքան, որքան պատշաճ ու անհրաժեշտ էի համարում։ Այսինքն, ես գրեցի ոչ թե ամբողջատիրության պատմություն, այլ պատմական վերլուծություն. գրեցի ոչ թե հակասեմականության կամ կայսերականության պատմություն, այլ վերլուծեցի հրեատյացության և էքսպանսիայի տարրերն այնքանով, որքանով այդ տարրերը դեռ հստակորեն տեսանելի էին և որոշիչ դեր էին խաղում ամբողջատիրության երևույթում։ Գիրքը, հետևաբար, իրականում չի անդրադառնում ամբողջատիրության «ակունքներին», ինչպես վերնագիրն է ցավոք պնդում, այլ տալիս է տարրերի (որ բյուրեղացան՝ վերածվելով ամբողջատիրության) պատմական շարադրանք, որին հաջորդում է ամբողջատիրական շարժումների տարրային կառուցվածքի և գերիշխանության վերլուծություն։ Գրքի ներքին կառուցվածքը հիմնված է հենց ամբողջատիրության տարրային կառուցվածքի վրա, մինչդեռ դրա ավելի ակնհայտ միասնությունը տրված է հիմնարար հղացքների միջոցով, որոնք կարմիր թելի պես անցնում են ամբողջ գրքով։

Մեթոդի նույն խնդիրը կարելի է դիտարկել մեկ այլ տեսանկյունից և այն կդառնա «ոճի» խնդիր։ Գրքի ոճը գովեստի է արժանացել պաթոսի համար և քննադատվել սենտիմենտալության համար. երկու կարծիքներն էլ անտեղի են։ Ես գիտակցաբար հեռացա sine ira et studio (առանց ցասման և կողմնակալության) ավանդույթից, որի նշանակությանը քաջատեղյակ էի, և դա ինձ համար մեթոդաբանական անհրաժեշտություն էր՝ կապված մասնավորապես իմ նյութի հետ։
Ենթադրենք, թե պատմաբանը բախվում է չափազանց հարուստ հասարակության մեջ առկա ծայրահեղ աղքատության հետ, ինչպիսին էր, օրինակ, բրիտանական բանվոր դասակարգի աղքատությունն արդյունաբերական հեղափոխության վաղ շրջանում։ Մարդու բնական արձագանքն այսպիսի պայմաններին միայն զայրույթն է և վրդովմունքը, քանի որ այդ պայմանները դեմ են մարդու արժանապատվությանը։ Եթե ես նկարագրեմ այդ պայմանները առանց թույլ տալու, որ իմ վրդովմունքը միջամտի, ապա ես կհանեմ այդ մասնավոր երևույթը մարդկային հասարակության իր համատեքստից և դրանով իսկ կզրկեմ այն իրեն բնորոշ կարևորագույն հատկանիշներից մեկից։ Քանզի վրդովմունք հարուցելը ծայրահեղ աղքատության հատկանիշներից է այնքանով, որքանով աղքատությունը կապված է մարդու հետ։ Հետևաբար ես չեմ կարող համաձայնել պրոֆեսոր Ֆյոգելինի հետ, որ «բարոյապես նողկալին և հուզականորեն գոյություն ունեցածը ստվերում կթողնեն էութենականը», քանի որ դրանք էութենականի անբաժանելի մասն են։ Սա կապ չունի սենտիմենտալության կամ բարոյախոսության հետ, չնայած երկուսն էլ իհարկե կարող են ծուղակ դառնալ հեղինակի համար։ Եթե ես բարոյականություն եմ քարոզել կամ սենտիմենտալ եմ եղել, ես պարզապես լավ չեմ կատարել այն, ինչ պետք է անեի, այսինքն՝ նկարագրել ամբողջատիրության երևույթը տեղի ունենալիս ոչ թե լուսնի վրա, այլ մարդկային հասարակության մեջ։ Համակենտրոնացման ճամբարները բնութագրել sine ira (առանց ցասման) նշանակում է լինել ոչ թե «օբյեկտիվ», այլ դրանց թողություն տալ, իսկ նման թողտվությունը չի կարող փոխվել դատապարտումով, որը հեղինակը պարտավորված կզգա հավելել, և սակայն որն անիմաստ կլինի այդ բնութագրի կողքին։ Տալով դժոխքի պատկերը, ես այն գործադրում էի ոչ այլաբանորեն, այլ հենց բառացիորեն. կարծես թե ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր այլևս չեն հավատում դրախտի գոյությանը, չեն կարողանա այն ստեղծել երկրի վրա, սակայն այդքան էլ ակնհայտ չէ, որ նրանք, ովքեր չեն հավատում դժոխքի գոյությանը՝ որպես մի անդենական աշխարհի, պատրաստ և ունակ չեն նմանակելու երկրի վրա այն, ինչ մարդիկ պատկերացնում էին դժոխքի մասին։ Այս առումով, կարծում եմ, ճամբարների նկարագրությունը՝ որպես երկրային դժոխք, ավելի «օբյեկտիվ» է, այսինքն ավելի է համապատասխանում դրանց էությանը, քան զուտ սոցիոլոգիական կամ հոգեբանական բնույթի արտահայտությունները։

Ոճի խնդիրը համապատասխանության և արձագանքի խնդիր է։ Եթե ես նույն «օբյեկտիվությամբ» գրեմ Եղիսաբեթյան դարաշրջանի կամ 20-րդ դարի մասին, այս ժամանակաշրջանների հանդեպ իմ վերաբերմունքը կլինի անհամապատասխան, ոչ բավարար, քանի դեռ արձագանքելու համար ես հրաժարվել եմ իմ մարդկային ձիրքից։ Այսպիսով, ոճի հարցը կապված է հասկացողության խնդրի հետ, որը համաճարակել է պատմական գիտությունները գրեթե դրանց սկզբներից։ Չեմ ցանկանում շատ խորանալ այս հարցում, սակայն համոզված եմ, որ հասկացողությունը սերտորեն կապված է երևակայության այն ձիրքի հետ, որը Կանտն անվանել է Einbildungskraft, և որը որևէ կապ չունի հորինելու ունակության հետ։ «Հոգևոր վարժությունները» («Spiritual Exercises») երևակայության վարժություններ են և կարող են ավելի պատշաճ լինել պատմագիտության մեթոդաբանության համար, քան ակադեմիան գիտակցում է։

Այսպիսի մտորումները, որ բխում էին իմ թեմայի հատուկ բնույթից և անձնական փորձից, որն անխուսափելիորեն ազդում է պատմական հետազոտության վրա (ինչը երևակայությունը գործի է դնում գիտակցաբար՝ որպես ճանաչողության կարևոր գործիք), հանգեցրին գրեթե բոլոր ժամանակակից պատմության մեկնաբանությունների իմ քննադատությանը։ Ես երկու կարճ պարբերությամբ ակնարկել եմ այս մասին նախաբանում, որտեղ ընթերցողին զգուշացրել եմ ընդդեմ այնպիսի հասկացությունների ինչպիսիք են Առաջընթացը և Դատապարտվածությունը՝ որպես «նույն մեդալի երկու կողմ», ինչպես նաև ընդդեմ «նախադեպերից աննախադեպի տրամաբանական եզրահանգման» ցանկացած փորձի։ Այս երկու մոտեցումները սերտորեն փոխկապակցված են։ Պրոֆեսոր Ֆյոգելինը խոսում է «Արևմտյան քաղաքակրթության նեխումից» և «երկրագնդի վրա Արևմտյան գարշության էքսպանսիայից», որովհետև նա դիտարկում է «երևույթական տարբերությունները», որոնք ինձ համար կարևոր փաստացիության տարբերություններ են, որպես ինչ-որ ուսմունքային բնույթ կրող «էութենական նույնության» կողմնակի ճյուղավորումներ։ Ամբողջատիրության և մի շարք այլ Օքսիդենտալ քաղաքական կամ մտավորական պատմության հակումների միջև բազմաթիվ նմանություններն, ըստ իս, նկարագրվել են հետևյալ արդյունքով. դրանցից և ոչ մեկը չի կարողացել հստակորեն որակել, թե ինչ էր իրականում կատարվում։ «Երևույթային տարբերությունները», որոնք բնավ էլ չեն «մթագնում» ինչ-որ էութենական նույնություն, այն երևույթներն են, որոնք ամբողջատիրությունը դարձնում են «ամբողջատիրական», որոնք տարբերակում են կառավարման և շարժման այս մի ձևը բոլոր մյուսներից, և հետևաբար միայն դրանք կարող են օգնել մեզ հայտնաբերելու ամբողջատիրության էությունը։ Ամբողջատիրության մեջ աննախադեպը այդքան էլ դրա գաղափարախոսական բովանդակությունը չէ, որքան ինքնին ամբողջատիրական գերիշխանության դեպքը։ Դա կարելի է պարզ տեսնել, եթե ընդունենք, որ ամբողջատիրական քաղաքականության խնդրո առարկա դարձած արարքները պայթեցրել են քաղաքական մտքի մեր ավանդական կատեգորիաները (ամբողջատիրական գերիշխանությունը նման չէ բռնակալության և դեսպոտիզմի մեզ ծանոթ ձևերին) և բարոյական դատողության չափանիշները (ամբողջատիրական հանցագործությունները շատ անբավարար կերպով որակվել են որպես «սպանություններ», իսկ ամբողջատիրական հանցագործները դժվար թե պատժվեն, որպես «մարդասպաններ»)։

Պարոն Ֆյոգելինը կարծես թե մտածում է, որ ամբողջատիրությունը լիբերալիզմի, պոզիտիվիզմի ու պրագմատիզմի մյուս՝ հակառակ կողմն է։ Անկախ նրանից, թե մեկը համաձայն է լիբերալիզմի հետ, թե ոչ (և ես այստեղ կարող եմ վստահաբար ասել, որ ո՛չ լիբերալիստ եմ, ո՛չ պոզիտիվիստ և ո՛չ էլ պրագմատիստ), պարզ է, որ լիբերալիստներն ամբողջատիրական չեն։ Սա իհարկե չի բացառում, որ լիբերալիստական կամ պոզիտիվիստական տարրերը կարող են ծառայել ամբողջատիրական մտածողությանը, բայց այդ ընդհանրությունները միայն ցույց են տալիս, որ անհրաժեշտ է մտցնել է՛լ ավելի հստակ տարբերակումներ։

Հուսով եմ, որ անհարկի և չափից ավելի չեմ արծարծում այս կետը։ Այն կարևոր է, քանի որ, ի տարբերություն պրոֆեսոր Ֆյոգելինի՝ ես հիմնվում եմ փաստերի և իրադարձությունների, այլ ոչ թե մտավորական համակրությունների և ազդեցությունների վրա։ Դա թերևս մի փոքր դժվար է հասկանալ, քանի որ ես իհարկե շատ եմ տեղ տալիս փիլիսոփայական ենթադրություններին և հոգևոր ինքնամեկնաբանության մեջ փոփոխություններին։ Բայց դա անշուշտ չի նշանակում, որ ես նկարագրել եմ «ամբողջատիրության էության աստիճանական հայտնությունը 18-րդ դարի իր սաղմնային ձևերից մինչև լիարժեք զարգացած ձևը», քանի որ այդ էությունն, ըստ իս, գոյություն չուներ նախքան իր կազմավորումը։ Հետևաբար, ես խոսում եմ միայն այն «տարրերի» մասին, որոնք ի վերջո բյուրեղացան՝ վերածվելով ամբողջատիրության, և որոնցից մի քանիսի հետքերը կարող ենք գտնել 18-րդ դարում, իսկ մի քանիսինն էլ՝ գուցե նույնիսկ ավելի վաղ անցյալում, (թեև ես կասկածի տակ կառնեի Ֆյոգելինի տեսությունը, թե ուշ միջնադարից սկսած «իմանենտական աղանդավորության վերելքն» էր, որ ի վերջո հանգեցրեց ամբողջատիրության)։ Չկա որևէ հանգամանք, որ կստիպեր ինձ դրանք անվանել ամբողջատիրական։

Այդ իսկ պատճառով, ինչպես նաև գաղափարների ու պատմության փաստացի իրադարձությունները միմյանցից տարբերակելու համար, ես չեմ կարող համաձայնել պարոն Ֆյոգելինի այն դիտարկման հետ, թե «արդի զանգվածներին իրենց նախորդներից տարբերակող որոշիչ հատկանիշը հոգևոր ախտն է»։ Ինձ համար արդի զանգվածներն արդեն իսկ կազմալուծված են՝ ելնելով այն փաստից, որ նրանք բառի բուն իմաստով «զանգվածներ» են։ Նրանք տարբերվում են նախորդ դարերում ապրող բազմություններից նրանով, որ չունեն ընդհանուր միավորող հետաքրքրություններ, ոչ էլ որևէ տեսակի ընդհանուր «համաձայնություն», որն, ըստ Կիկերոնի, սահմանում է inter-est՝ այն, ինչ գոյություն ունի մարդկանց միջև՝ նյութականից սկսած մինչև հոգևորը։ Այս «միջևը» կարող է ծառայել որպես ընդհանուր հիմք և ընդհանուր նպատակ. այն միշտ իրականացնում է մարդկանց թե՛ միավորելու և թե՛ բաժանելու երկակի գործառույթը։ Արդի զանգվածներին բնորոշ այս ընդհանուր հետաքրքրության բացակայությունը, հետևաբար, ցույց է տալիս նրանց անտունությունն ու անարմատությունը։ Սակայն հենց սա է այն հետաքրքրական փաստի պատճառը, որ արդի զանգվածները ձևավորվում են հասարակության «ատոմացումից», այսինքն` մասնատումից, որ զանգվածային մարդիկ, ովքեր չունեն համայնական հարաբերություններ, այնուամենայնիվ կարող են դառնալ ամենահարմար «նյութը» այն շարժումներում, որտեղ ժողովուրդներն այնքան սերտորեն են միմյանց սեղմված, որ թվում է, թե դարձել են Մեկ։ Հետաքրքրությունների կամ շահերի կորուստը հավասար է «ինքնության» կորստին, և արդի զանգվածներն, ըստ իս, տարբերվում են իրենց ան-ինքնությամբ, այսինքն` իրենց «ինքնասիրական շահերի» բացակայությամբ։

Ես գիտեմ, որ հնարավոր է խուսափել նմանատիպ խնդիրներից, եթե ամբողջատիրական շարժումները մեկնաբանվեն որպես նոր—և այլասերված—կրոն, ավանդական դավանանքների կորսված հավատի փոխարինող։ Ինչից էլ կհետևի, որ «կրոնի անհրաժեշտությունը» ամբողջատիրության վերելքի պատճառ է դարձել։ Սակայն ես չեմ կարող հետևել պրոֆեսոր Ֆյոգելինի արծարծած աշխարհիկ կրոնի հղացքի նույնիսկ ամենապատշաճ տրամաբանությանը։ Ամբողջատիրական գաղափարախոսություններում չկա Աստծո փոխարինող. Հիտլերը զիջողաբար էր կիրառում «Ամենակարողի» գաղափարը, որն իր համար լոկ սնահավատություն էր։ Ավելին, Աստծո մետաֆիզիկական տեղը մնացել է դատարկ։ Ամբողջատիրության քննարկման շրջանակում այս կիսաաստվածաբանական փաստարկների ներմուծումը, մյուս կողմից, է՛լ ավելի է առաջ տանելու լայնորեն տարածված և սրբությունները խիստ անարգող արդի «գաղափարները» մի Աստծո մասին, որն «օգտակար է ձեզ համար»՝ ձեր մտավոր կամ այլ տեսակ առողջության, ձեր անհատականության ամբողջականացման և այլնի համար, այսինքն «գաղափարներ», որոնք Աստծուն դարձնում են մարդու կամ հասարակության գործառույթը։ Այս գործառականացումն, ըստ իս, շատ հարցերում աթեիզմի վերջին և գուցե ամենավտանգավոր փուլն է։

Ես իհարկե չեմ փորձում ասել, որ պրոֆեսոր Ֆյոգելինին կարելի է մեղադրել Աստծո գործառականացման մեջ։ Ոչ էլ հերքում եմ, որ աթեիզմի և ամբողջատիրության միջև կապ կա։ Բայց կարծում եմ, որ այդ կապն ինքնին բացասական է և ամբողջատիրության վերելքին բնավ ոչ հատկանշական։ Ճիշտ է, որ քրիստոնյան չի կարող դառնալ Հիտլերի կամ Ստալինի հետևորդը, և ճիշտ է, որ բարոյականությունը որպես այդպիսին վտանգված է, երբ Աստծո ու նրա տված Տասը պատվիրանների հանդեպ հավատը սասանվում է։ Բայց սա առավելագույն դեպքում sine qua non (անհրաժեշտ) պայման է և չի կարող դրականապես բացատրել այն, ինչ տեղի ունեցավ հետո։ Նրանք, ովքեր մերօրյա զարհուրելի իրադարձություններից եզրակացնում են, որ քաղաքական պատճառներից ելնելով պետք է վերադառնանք կրոնին ու հավատքին, ըստ իս, նույնքան անհավատ են, որքան նրանց հակառակորդները։

Պարոն Ֆյոգելինը ինձ պես քննադատում է քաղաքագիտության մեջ «տեսական գործիքների պակասը» (և մի քանի էջ անց անհետևողականորեն, գոնե ինձ այդպես է թվում, մեղադրում, որ ես պատրաստակամ չեմ եղել դրանք ի գործ դնելու)։ Ներկայիս հոգեբանական և սոցիոլոգիական հակումներից բացի, որոնց շուրջ, կարծում եմ, ես և պարոն Ֆյոգելինը համամիտ ենք, իմ հիմնական վեճը պատմագիտության և քաղաքագիտության ներկա վիճակի հետ է. այն, որ դրանք գնալով կորցնում են տարբերակումներ անելու ունակությունը։ Եզրեր, ինչպիսիք են ազգայնականությունը, կայսերականությունը, ամբողջատիրությունը և այլն, գործածվում են անխտիր տարբեր քաղաքական երևույթներ նկարագրելու համար (հաճախ որպես «ագրեսիա» բառի փոխարեն կիրառվող ավելի «գիտական» եզրեր), և սրանցից ոչ մեկն այլևս չի ընկալվում իր կոնկրետ պատմական համատեքստում։ Արդյունքում ամեն ինչ ընդհանրացվում է, և բառերը կորցնում են իրենց իմաստները։ «Կայսերականություն» եզրն անիմաստ է դառնում, երբ այն անխտիր գործածվում է թե՛ ասորական, թե՛ հռոմեական, թե՛ բրիտանական և թե՛ բոլշևիկյան պատմության մասին խոսելիս։ Ազգայնականությունը քննարկվում է այն ժամանակաշրջանում և երկրներում, որտեղ երբևէ ազգ-պետություն չի եղել։ Ամբողջատիրությունը հայտնաբերվում է ամեն տեսակ բռնակալությունների կամ կոլեկտիվ համայնքների ձևերում, և այսպես շարունակ։ Նմանատիպ խառնաշփոթը, որտեղ չկա որևէ հստակություն, և որտեղ ամեն նոր ու ցնցող բան (ոչ թե բացատրվում, այլ) պարզաբանվում է տրամաբանական զուգահեռների միջոցով կամ նվազեցվում նախկինում հայտնի պատճառների ու հետևանքների շղթայի, իմ կարծիքով, արդի պատմագիտության և քաղաքագիտության դրոշմն է։

Ի վերջո, կցանկանայի անդրադառնալ իմ այն պնդմանը, թե մեր դժվարին կացության մեջ «մարդկային բնույթը որպես այդպիսին վտանգված է», որն արժանացավ պարոն Ֆյոգելինի ամենախիստ քննադատությանը, քանզի «մարդկային բնույթը կամ ցանկացած այլ բան փոխելու» գաղափարը, ինչպես նաև այն, որ ես լրջորեն էի մոտեցել ամբողջատիրության հարցին, ըստ նրա «Արևմտյան քաղաքակրթության մտավոր անկման նախանշան է»։ Էության և գոյության հարաբերության խնդիրն Օքսիդենտալ մտքում փոքր-ինչ ավելի բարդ է ու վիճահարույց, քան ենթադրում է պարոն Ֆյոգելինի «բնույթի» վերաբերյալ պնդումը (որտեղ մի բան անփոփոխ է ցանկացած իրավիճակում ու հետևաբար, ըստ սահմանման, փոփոխման ենթակա չէ), սակայն սա հազիվ թե կարողանամ այստեղ քննարկել։ Բավական է նշել միայն այն, որ եզրաբանական տարբերություններից բացի, ես չեմ առաջադրել ավելի մեծ բնույթի փոփոխություն, քան պարոն Ֆյոգելինն իր «Քաղաքականության նոր գիտությունը» («The New Science of Politics», 1952թ.) գրքում, որտեղ նա՝ քննարկելով հոգու մասին պլատոն-արիստոտելյան տեսությունը, պնդում է. «Կարելի է նույնիսկ ասել, որ նախքան փսիխեի (psyche) հայտնաբերումը մարդը հոգի չի ունեցել» (էջ 67)։ Պարոն Ֆյոգելինի լեզվով կարող էի ասել, որ ամբողջատիրական գերիշխանության և դրա փորձարկումների հայտնաբերումից հետո առիթ ունենք վախենալու, որ մարդը կարող է կորցնել իր հոգին։

Այլ կերպ ասած, ամբողջատիրության հաղթանակը հավասարազոր է ազատության՝ որպես քաղաքական և մարդկային իրականության շատ ավելի արմատական վերացման, քան երբևէ ականատես ենք եղել։ Նման պայմաններում հազիվ թե սփոփվենք՝ կառչելով մարդու անփոփոխ բնույթից ու եզրահանգելով, որ կա՛մ մարդն ինքն է կործանվում, կա՛մ ազատությունը չի պատկանում մարդու էութենական ընդունակություններին։ Պատմականորեն մարդու բնույթի մասին գիտենք միայն այն, ինչ գոյություն ունի, և հավիտենական էությունների ոչ մի արքայություն չի կարող մեզ սփոփել, եթե մարդը կորցնի իր էութենական ընդունակությունները։
Իմ վախը, երբ գրեցի գրքիս վերջին գլուխը, չէր տարբերվում Մոնտեսքյոյի վախից, որը նա արտահայտել էր՝ տեսնելով, որ Արևմտյան քաղաքակրթությունն այլևս չէր երաշխավորվում օրենքներով, թեև ժողովուրդները դեռ կառավարվում էին սովորույթներով, որոնք Մոնտեսքյոն բավարար չէր համարում դեսպոտիզմի գրոհին դիմակայելու համար։ «Օրենքների ոգու մասին» («De l’esprit des lois», 1748թ.) գրքի առաջաբանում նա ասում է. «Մարդը, լինելով ճկուն և հասարակության մեջ իր ընկերակիցների մտքերի ու տպավորությունների հետ համակերպվող էակ, նույնքան ընդունակ է ճանաչելու իր բնույթը, երբ այն նրան ցույց է տրվում ինչպես կա, և կորցնելու այն՝ առանց գիտակցելու, որ այն գողացվել է իրենից»։


[Անգլերենից թարգմանեց Շուշան Ավագյանը]


Hannah Arendt, "The Origins of Totalitarianism: A Reply" in The Review of Politics, Vol. 15, No. 1 (January 1953), 76-84.

Ամբողջատիրության ակունքները. Պատասխան

Հաննա Արենդթ


Որքան էլ գնահատում եմ «The Review of Politics»-ի խմբագիրների արտասովոր բարեհոգությունը, ովքեր խնդրեցին ինձ պատասխանել պրոֆեսոր Էրիք Վոյգելինի՝ իմ գրքի քննադատությանը, այնուամենայնիվ այդքան էլ համոզված չեմ, թե առաջարկն ընդունելը ճիշտ որոշում էր։ Ես իհարկե չէի պատասխանի, եթե նրա գրախոսությունը սովորականի պես ընկերական կամ ոչ ընկերական լիներ։ Այդպիսի պատասխաններն իրենց բնույթով շատ հեշտությամբ գայթակղում են հեղինակին գրախոսել իր իսկ գիրքը կամ գրախոսել գրախոսությունը։ Նման գայթակղություններից խուսափելու համար, ես հնարավորինս փորձել եմ ձեռնպահ մնալ (անգամ անձնական զրույցի մակարդակով) պատասխանելուց՝ անկախ նրանից, թե համաձայնել կամ չեմ համաձայնել գրախոսի հետ։

Պրոֆեսոր Վոյգելինի քննադատությունը սակայն այնպիսինն է, որին կարելի է ամենայն պատշաճությամբ պատասխանել։ Նա մի կողմից բարձրացնում է մեթոդի մասին ընդհանրական հարցեր, իսկ մյուս կողմից՝ փիլիսոփայական հարցեր։ Երկուսն էլ իհարկե փոխկապակցված են, բայց եթե պատմական ուսումնասիրության և քաղաքական վերլուծության սահմաններում ես կարողացա բավականաչափ հստակ կերպով բացատրել այն ընդհանուր խճճանքները, որոնք ակնհայտ դարձան ամբողջատիրության լիարժեք զարգացման արդյունքում, ես այդուհանդերձ չբացատրեցի իմ կիրառած մեթոդը և այն յուրօրինակ մոտեցումը, ոչ թե տարբեր պատմական ու քաղաքական խնդիրներին, որոնց գնահատականը կամ արդարացումը կարող էր միայն շեղել, այլ հենց պատմագիտության և քաղաքագիտության դաշտին որպես այդպիսին։ Գրքի դժվարություններից մեկն այն է, որ վերջինս չի պատկանում որևէ դպրոցի կամ ուղղության և չի կիրառում պաշտոնապես ճանաչված կամ վիճահարույց գործիքներից և որևէ մեկը։

Խնդիրը, որն ի սկզբանե դրված էր իմ առջև, շատ պարզ էր և միևնույն ժամանակ շփոթեցնող. ամբողջ պատմագրությունն անհրաժեշտաբար փրկություն է և հաճախ՝ արդարացում։ Սա պայմանավորված է մարդու մտավախությամբ, որ նա կարող է մոռանալ, և նրա ձգտումով հասնել մի բանի, որն ավելին է, քան հիշատակը։ Այս ներքին մղումներն արդեն իսկ ենթադրված են ժամանակագրական կարգ պահելու մեջ և հազիվ թե հաղթահարվեն արժեքային դատողությունների միջամտությամբ, որոնք սովորաբար ընդհատում են պատումը և այն դարձնում կողմնակալ և «ոչ գիտական»։ Կարծում եմ, որ հակասեմականության պատմությունն այդպիսի պատմագրության վառ օրինակ է։ Գիտական առումով այս ողջ գրականության ակնհայտորեն թույլ լինելու պատճառն այն է, որ պատմաբանները (եթե գիտակից հակասեմականներ չէին, ինչը, իհարկե, բացառվում էր) պետք է գրեին մի բանի պատմությունը, որը նրանք չէին կամենում պահպանել, այսինքն՝ պետք է գրեին կործանարար ձևով, իսկ կործանելու նպատակով պատմություն գրելն ինչ-որ առումով հակասական է։ Միակ ելքը եղել է, այսպես ասած, հրեաներից կառչելը, նրանց պահպանման առարկա դարձնելը։ Բայց դա իհարկե լուծում չէր, քանի որ իրադարձությունները միայն զոհի տեսանկյունից դիտարկելը հանգեցրեց ջատագովության, ինչը, իհարկե, բոլորովին էլ պատմություն չէ։

Այսպիսով, իմ առաջին խնդիրը եղել է պատմության տեսանկյունից գրել մի բանի (ամբողջատիրության) մասին, որը ցանկանում էի ոչ թե պահպանել, այլ, հակառակը, կործանել։ Իմ լուծումը բերեց այն քննադատությանը, որ գրքում բացակայում է միասնությունը։ Այն, ինչ ես արեցի, և այն, ինչ այսպես թե այնպես անելու էի, քանի որ այդպես եմ կրթվել և այդպես եմ մտածում, ամբողջատիրության գլխավոր տարրերը բացահայտելն ու դրանք պատմականորեն վերլուծելն էր՝ այդ տարրերի հետքերը պատմության մեջ փնտրելով այնքան, որքան պատշաճ էր ու անհրաժեշտ։ Այսինքն, ես գրեցի ոչ թե ամբողջատիրության պատմություն, այլ պատմական վերլուծություն. գրեցի ոչ թե հակասեմականության կամ կայսերականության պատմություն, այլ վերլուծեցի հրեատյացության և էքսպանսիայի տարրերն այնքանով, որքանով այդ տարրերը դեռ հստակորեն տեսանելի էին և որոշիչ դեր էին խաղում ամբողջատիրության երևույթում։ Գիրքը, հետևաբար, իրականում չի անդրադառնում ամբողջատիրության «ակունքներին», ինչպես վերնագիրն է ցավոք պնդում, այլ տալիս է տարրերի (որ բյուրեղացան՝ վերածվելով ամբողջատիրության) պատմական շարադրանք, որին հաջորդում է ամբողջատիրական շարժումների տարրային կառուցվածքի և գերիշխանության վերլուծություն։ Գրքի ներքին կառուցվածքը հիմնված է հենց ամբողջատիրության տարրային կառուցվածքի վրա, մինչդեռ դրա ավելի ակնհայտ միասնությունը տրված է հիմնարար հղացքների միջոցով, որոնք կարմիր թելի պես անցնում են ամբողջ գրքով։

Մեթոդի նույն խնդիրը կարելի է դիտարկել մեկ այլ տեսանկյունից և այն կդառնա «ոճի» խնդիր։ Գրքի ոճը գովեստի է արժանացել պաթոսի համար և քննադատվել սենտիմենտալության համար. երկու կարծիքներն էլ անտեղի են։ Ես գիտակցաբար հեռացա sine ira et studio (առանց ցասման և կողմնակալության) ավանդույթից, որի նշանակությանը քաջատեղյակ էի, և դա ինձ համար մեթոդաբանական անհրաժեշտություն էր՝ կապված մասնավորապես իմ նյութի հետ։

Ենթադրենք, թե պատմաբանը բախվում է չափազանց հարուստ հասարակության մեջ առկա ծայրահեղ աղքատության հետ, ինչպիսին էր, օրինակ, բրիտանական բանվոր դասակարգի աղքատությունն արդյունաբերական հեղափոխության վաղ շրջանում։ Մարդու բնական արձագանքն այսպիսի պայմաններին միայն զայրույթն է և վրդովմունքը, քանի որ այդ պայմանները դեմ են մարդու արժանապատվությանը։ Եթե ես նկարագրեմ այդ պայմանները առանց թույլ տալու, որ իմ վրդովմունքը միջամտի, ապա ես կհանեմ այդ մասնավոր երևույթը մարդկային հասարակության իր համատեքստից և դրանով իսկ կզրկեմ այն իրեն բնորոշ կարևորագույն հատկանիշներից մեկից։ Քանզի վրդովմունք հարուցելը ծայրահեղ աղքատության հատկանիշներից է այնքանով, որքանով աղքատությունը կապված է մարդու հետ։ Հետևաբար ես չեմ կարող համաձայնել պրոֆեսոր Վոյգելինի հետ, որ «բարոյապես նողկալին և հուզականորեն գոյություն ունեցածը ստվերում կթողնեն էութենականը», քանի որ դրանք էութենականի անբաժանելի մասն են։ Սա կապ չունի սենտիմենտալության կամ բարոյախոսության հետ, չնայած երկուսն էլ իհարկե կարող են ծուղակ դառնալ հեղինակի համար։ Եթե ես բարոյականություն եմ քարոզել կամ սենտիմենտալ եմ եղել, ես պարզապես լավ չեմ կատարել այն, ինչ պետք է անեի, այսինքն՝ նկարագրել ամբողջատիրության երևույթը տեղի ունենալիս ոչ թե լուսնի վրա, այլ մարդկային հասարակության մեջ։ Համակենտրոնացման ճամբարները բնութագրել sine ira (առանց ցասման) նշանակում է լինել ոչ թե «օբյեկտիվ», այլ դրանց թողություն տալ, իսկ նման թողտվությունը չի կարող փոխվել դատապարտումով, որը հեղինակը պարտավորված կզգա հավելել, և սակայն որն անիմաստ կլինի այդ բնութագրի կողքին։ Տալով դժոխքի պատկերը, ես այն գործադրում էի ոչ այլաբանորեն, այլ հենց բառացիորեն. կարծես թե ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր այլևս չեն հավատում դրախտի գոյությանը, չեն կարողանա այն ստեղծել երկրի վրա, սակայն այդքան էլ ակնհայտ չէ, որ նրանք, ովքեր չեն հավատում դժոխքի գոյությանը՝ որպես մի անդենական աշխարհի, պատրաստ և ունակ չեն նմանակելու երկրի վրա այն, ինչ մարդիկ պատկերացնում էին դժոխքի մասին։ Այս առումով, կարծում եմ, ճամբարների նկարագրությունը՝ որպես երկրային դժոխք, ավելի «օբյեկտիվ» է, այսինքն ավելի է համապատասխանում դրանց էությանը, քան զուտ սոցիոլոգիական կամ հոգեբանական բնույթի արտահայտությունները։

Ոճի խնդիրը համապատասխանության և արձագանքի խնդիր է։ Եթե ես նույն «օբյեկտիվությամբ» գրեմ Եղիսաբեթյան դարաշրջանի կամ 20-րդ դարի մասին, այս ժամանակաշրջանների հանդեպ իմ վերաբերմունքը կլինի անհամապատասխան, ոչ բավարար, քանի դեռ արձագանքելու համար ես հրաժարվել եմ իմ մարդկային ձիրքից։ Այսպիսով, ոճի հարցը կապված է հասկացողության խնդրի հետ, որը համաճարակել է պատմական գիտությունները գրեթե դրանց սկզբներից։ Չեմ ցանկանում շատ խորանալ այս հարցում, սակայն համոզված եմ, որ հասկացողությունը սերտորեն կապված է երևակայության այն ձիրքի հետ, որը Կանտն անվանել է Einbildungskraft, և որը որևէ կապ չունի հորինելու ունակության հետ։ «Հոգևոր վարժությունները» (Spiritual Exercises) երևակայության վարժություններ են և կարող են ավելի պատշաճ լինել պատմագիտության մեթոդաբանության համար, քան ակադեմիան գիտակցում է։

Այսպիսի մտորումները, որ բխում էին իմ թեմայի հատուկ բնույթից և անձնական փորձից, որն անխուսափելիորեն ազդում է պատմական հետազոտության վրա (ինչը երևակայությունը գործի է դնում գիտակցաբար՝ որպես ճանաչողության կարևոր գործիք), հանգեցրին գրեթե բոլոր ժամանակակից պատմության մեկնաբանությունների իմ քննադատությանը։ Ես երկու կարճ պարբերությամբ ակնարկել եմ այս մասին նախաբանում, որտեղ ընթերցողին զգուշացրել եմ ընդդեմ այնպիսի հասկացությունների ինչպիսիք են Առաջընթացը և Դատապարտվածությունը՝ որպես «նույն մեդալի երկու կողմ», ինչպես նաև ընդդեմ «նախադեպերից աննախադեպի տրամաբանական եզրահանգման» ցանկացած փորձի։ Այս երկու մոտեցումները սերտորեն փոխկապակցված են։ Պրոֆեսոր Վոյգելինը խոսում է «Արևմտյան քաղաքակրթության նեխումից» և «երկրագնդի վրա Արևմտյան գարշության էքսպանսիայից», որովհետև նա դիտարկում է «երևութական տարբերությունները», որոնք ինձ համար կարևոր փաստացիության տարբերություններ են, որպես ինչ-որ ուսմունքային բնույթ կրող «էութենական նույնության» կողմնակի ճյուղավորումներ։ Ամբողջատիրության և մի շարք այլ Օքսիդենտալ քաղաքական կամ մտավորական պատմության հակումների միջև բազմաթիվ նմանություններն, ըստ իս, նկարագրվել են հետևյալ արդյունքով. դրանցից և ոչ մեկը չի կարողացել հստակորեն որակել, թե ինչ էր իրականում կատարվում։ «Երևութական տարբերությունները», որոնք բնավ էլ չեն «մթագնում» ինչ-որ էութենական նույնություն, այն երևույթներն են, որոնք ամբողջատիրությունը դարձնում են «ամբողջատիրական», որոնք տարբերակում են կառավարման և շարժման այս մի ձևը բոլոր մյուսներից, և հետևաբար միայն դրանք կարող են օգնել մեզ հայտնաբերելու ամբողջատիրության էությունը։ Ամբողջատիրության մեջ աննախադեպը այդքան էլ դրա գաղափարախոսական բովանդակությունը չէ, որքան ինքնին ամբողջատիրական գերիշխանության դեպքը։ Դա կարելի է պարզ տեսնել, եթե ընդունենք, որ ամբողջատիրական քաղաքականության խնդրո առարկա դարձած արարքները պայթեցրել են քաղաքական մտքի մեր ավանդական կատեգորիաները (ամբողջատիրական գերիշխանությունը նման չէ բռնակալության և դեսպոտիզմի մեզ ծանոթ ձևերին) և բարոյական դատողության չափանիշները (ամբողջատիրական հանցագործությունները շատ անբավարար կերպով որակվել են որպես «սպանություններ», իսկ ամբողջատիրական հանցագործները դժվար թե պատժվեն, որպես «մարդասպաններ»)։

Պարոն Վոյգելինը կարծես թե մտածում է, որ ամբողջատիրությունը լիբերալիզմի, պոզիտիվիզմի ու պրագմատիզմի մյուս՝ հակառակ կողմն է։ Անկախ նրանից, թե մեկը համաձայն է լիբերալիզմի հետ, թե ոչ (և ես այստեղ կարող եմ վստահաբար ասել, որ ո՛չ լիբերալիստ եմ, ո՛չ պոզիտիվիստ և ո՛չ էլ պրագմատիստ), պարզ է, որ լիբերալիստներն ամբողջատիրական չեն։ Սա իհարկե չի բացառում, որ լիբերալիստական կամ պոզիտիվիստական տարրերը կարող են ծառայել ամբողջատիրական մտածողությանը, բայց այդ ընդհանրությունները միայն ցույց են տալիս, որ անհրաժեշտ է մտցնել է՛լ ավելի հստակ տարբերակումներ։

Հուսով եմ, որ անհարկի և չափից ավելի չեմ արծարծում այս կետը։ Այն կարևոր է, քանի որ, ի տարբերություն պրոֆեսոր Վոյգելինի՝ ես հիմնվում եմ փաստերի և իրադարձությունների, այլ ոչ թե մտավորական համակրությունների և ազդեցությունների վրա։ Դա թերևս մի փոքր դժվար է հասկանալ, քանի որ ես իհարկե շատ եմ տեղ տալիս փիլիսոփայական ենթադրություններին և հոգևոր ինքնամեկնաբանության մեջ փոփոխություններին։ Բայց դա անշուշտ չի նշանակում, որ ես նկարագրել եմ «ամբողջատիրության էության աստիճանական հայտնությունը 18-րդ դարի իր սաղմնային ձևերից մինչև լիարժեք զարգացած ձևը», քանի որ այդ էությունն, ըստ իս, գոյություն չուներ նախքան իր կազմավորումը։ Հետևաբար, ես խոսում եմ միայն այն «տարրերի» մասին, որոնք ի վերջո բյուրեղացան՝ վերածվելով ամբողջատիրության, և որոնցից մի քանիսի հետքերը կարող ենք գտնել 18-րդ դարում, իսկ մի քանիսինն էլ՝ գուցե նույնիսկ ավելի վաղ անցյալում, (թեև ես կասկածի տակ կառնեի Վոյգելինի տեսությունը, թե ուշ միջնադարից սկսած «իմանենտական աղանդավորության վերելքն» էր, որ ի վերջո հանգեցրեց ամբողջատիրության)։ Չկա որևէ հանգամանք, որ կստիպեր ինձ դրանք անվանել ամբողջատիրական։

Այդ իսկ պատճառով, ինչպես նաև գաղափարների ու պատմության փաստացի իրադարձությունները միմյանցից տարբերակելու համար, ես չեմ կարող համաձայնել պարոն Վոյգելինի այն դիտարկման հետ, թե «արդի զանգվածներին իրենց նախորդներից տարբերակող որոշիչ հատկանիշը հոգևոր ախտն է»։ Ինձ համար արդի զանգվածներն արդեն իսկ կազմալուծված են՝ ելնելով այն փաստից, որ նրանք բառի բուն իմաստով «զանգվածներ» են։ Նրանք տարբերվում են նախորդ դարերում ապրող բազմություններից նրանով, որ չունեն ընդհանուր միավորող հետաքրքրություններ, ոչ էլ որևէ տեսակի ընդհանուր «համաձայնություն», որն, ըստ Կիկերոնի, սահմանում է inter-est՝ այն, ինչ գոյություն ունի մարդկանց միջև՝ նյութականից սկսած մինչև հոգևորը։ Այս «միջևը» կարող է ծառայել որպես ընդհանուր հիմք և ընդհանուր նպատակ. այն միշտ իրականացնում է մարդկանց թե՛ միավորելու և թե՛ բաժանելու երկակի գործառույթը։ Արդի զանգվածներին բնորոշ այս ընդհանուր հետաքրքրության բացակայությունը, հետևաբար, ցույց է տալիս նրանց անտունությունն ու անարմատությունը։ Սակայն հենց սա է այն հետաքրքրական փաստի պատճառը, որ արդի զանգվածները ձևավորվում են հասարակության «ատոմացումից», այսինքն` մասնատումից, որ զանգվածային մարդիկ, ովքեր չունեն համայնական հարաբերություններ, այնուամենայնիվ կարող են դառնալ ամենահարմար «նյութը» այն շարժումներում, որտեղ ժողովուրդներն այնքան սերտորեն են միմյանց սեղմված, որ թվում է, թե դարձել են Մեկ։ Հետաքրքրությունների կամ շահերի կորուստը հավասար է «ինքնության» կորստին, և արդի զանգվածներն, ըստ իս, տարբերվում են իրենց ան-ինքնությամբ, այսինքն` իրենց «ինքնասիրական շահերի» բացակայությամբ։

Ես գիտեմ, որ հնարավոր է խուսափել նմանատիպ խնդիրներից, եթե ամբողջատիրական շարժումները մեկնաբանվեն որպես նոր—և այլասերված—կրոն, ավանդական դավանանքների կորսված հավատի փոխարինող։ Ինչից էլ կհետևի, որ «կրոնի անհրաժեշտությունը» ամբողջատիրության վերելքի պատճառ է դարձել։ Սակայն ես չեմ կարող հետևել պրոֆեսոր Վոյգելինի արծարծած աշխարհիկ կրոնի հղացքի նույնիսկ ամենապատշաճ տրամաբանությանը։ Ամբողջատիրական գաղափարախոսություններում չկա Աստծո փոխարինող. Հիտլերը զիջողաբար էր կիրառում «Ամենակարողի» գաղափարը, որն իր համար լոկ սնահավատություն էր։ Ավելին, Աստծո մետաֆիզիկական տեղը մնացել է դատարկ։ Ամբողջատիրության քննարկման շրջանակում այս կիսաաստվածաբանական փաստարկների ներմուծումը, մյուս կողմից, է՛լ ավելի է առաջ տանելու լայնորեն տարածված և սրբությունները խիստ անարգող արդի «գաղափարները» մի Աստծո մասին, որն «օգտակար է ձեզ համար»՝ ձեր մտավոր կամ այլ տեսակ առողջության, ձեր անհատականության ամբողջականացման և այլնի համար, այսինքն «գաղափարներ», որոնք Աստծուն դարձնում են մարդու կամ հասարակության գործառույթը։ Այս գործառականացումն, ըստ իս, շատ հարցերում աթեիզմի վերջին և գուցե ամենավտանգավոր փուլն է։

Ես իհարկե չեմ փորձում ասել, որ պրոֆեսոր Վոյգելինին կարելի է մեղադրել Աստծո գործառականացման մեջ։ Ոչ էլ հերքում եմ, որ աթեիզմի և ամբողջատիրության միջև կապ կա։ Բայց կարծում եմ, որ այդ կապն ինքնին բացասական է և ամբողջատիրության վերելքին բնավ ոչ հատկանշական։ Ճիշտ է, որ քրիստոնյան չի կարող դառնալ Հիտլերի կամ Ստալինի հետևորդը, և ճիշտ է, որ բարոյականությունը որպես այդպիսին վտանգված է, երբ Աստծո ու նրա տված Տասը պատվիրանների հանդեպ հավատը սասանվում է։ Բայց սա առավելագույն դեպքում sine qua non (անհրաժեշտ) պայման է և չի կարող դրականապես բացատրել այն, ինչ տեղի ունեցավ հետո։ Նրանք, ովքեր մերօրյա զարհուրելի իրադարձություններից եզրակացնում են, որ քաղաքական պատճառներից ելնելով պետք է վերադառնանք կրոնին ու հավատքին, ըստ իս, նույնքան անհավատ են, որքան նրանց հակառակորդները։

Պարոն Վոյգելինը ինձ պես քննադատում է քաղաքագիտության մեջ «տեսական գործիքների պակասը» (և մի քանի էջ անց անհետևողականորեն, գոնե ինձ այդպես է թվում, մեղադրում, որ ես պատրաստակամ չեմ եղել դրանք ի գործ դնելու)։ Ներկայիս հոգեբանական և սոցիոլոգիական հակումներից բացի, որոնց շուրջ, կարծում եմ, ես և պարոն Վոյգելինը համամիտ ենք, իմ հիմնական վեճը պատմագիտության և քաղաքագիտության ներկա վիճակի հետ է. այն, որ դրանք գնալով կորցնում են տարբերակումներ անելու ունակությունը։ Եզրեր, ինչպիսիք են ազգայնականությունը, կայսերականությունը, ամբողջատիրությունը և այլն, գործածվում են անխտիր տարբեր քաղաքական երևույթներ նկարագրելու համար (հաճախ որպես «ագրեսիա» բառի փոխարեն կիրառվող ավելի «գիտական» եզրեր), և սրանցից ոչ մեկն այլևս չի ընկալվում իր կոնկրետ պատմական համատեքստում։ Արդյունքում ամեն ինչ ընդհանրացվում է, և բառերը կորցնում են իրենց իմաստները։ «Կայսերականություն» եզրն անիմաստ է դառնում, երբ այն անխտիր գործածվում է թե՛ ասորական, թե՛ հռոմեական, թե՛ բրիտանական և թե՛ բոլշևիկյան պատմության մասին խոսելիս։ Ազգայնականությունը քննարկվում է այն ժամանակաշրջաններում և երկրներում, որտեղ երբևէ ազգ-պետություն չի եղել։ Ամբողջատիրությունը հայտնաբերվում է ամեն տեսակ բռնակալությունների կամ կոլեկտիվ համայնքների ձևերում, և այսպես շարունակ։ Նմանատիպ խառնաշփոթը, որտեղ չկա որևէ հստակություն, և որտեղ ամեն նոր ու ցնցող բան (ոչ թե բացատրվում, այլ) պարզաբանվում է տրամաբանական զուգահեռների միջոցով կամ նվազեցվում նախկինում հայտնի պատճառների ու հետևանքների շղթայի, իմ կարծիքով, արդի պատմագիտության և քաղաքագիտության դրոշմն է։

Ի վերջո, կցանկանայի անդրադառնալ իմ այն պնդմանը, թե մեր դժվարին կացության մեջ «մարդկային բնույթը որպես այդպիսին վտանգված է», որն արժանացավ պարոն Վոյգելինի ամենախիստ քննադատությանը, քանզի «մարդկային բնույթը կամ ցանկացած այլ բան փոխելու» գաղափարը, ինչպես նաև այն, որ ես լրջորեն էի մոտեցել ամբողջատիրության հարցին, ըստ նրա՝ «Արևմտյան քաղաքակրթության մտավոր անկման նախանշան է»։ Էության և գոյության հարաբերության խնդիրն Օքսիդենտալ մտքում փոքր-ինչ ավելի բարդ է ու վիճահարույց, քան ենթադրում է պարոն Վոյգելինի «բնույթի» վերաբերյալ պնդումը (որտեղ մի բան անփոփոխ է ցանկացած իրավիճակում ու հետևաբար, ըստ սահմանման, փոփոխման ենթակա չէ), սակայն սա հազիվ թե կարողանամ այստեղ քննարկել։ Բավական է նշել միայն այն, որ եզրաբանական տարբերություններից բացի, ես չեմ առաջադրել ավելի մեծ բնույթի փոփոխություն, քան պարոն Վոյգելինն իր «Քաղաքականության նոր գիտությունը» («The New Science of Politics», 1952թ.) գրքում, որտեղ նա՝ քննարկելով հոգու մասին պլատոն-արիստոտելյան տեսությունը, պնդում է. «Կարելի է նույնիսկ ասել, որ նախքան փսիխեի (psyche) հայտնաբերումը մարդը հոգի չի ունեցել» (էջ 67)։ Պարոն Վոյգելինի լեզվով կարող էի ասել, որ ամբողջատիրական գերիշխանության և դրա փորձարկումների հայտնաբերումից հետո առիթ ունենք վախենալու, որ մարդը կարող է կորցնել իր հոգին։

Այլ կերպ ասած, ամբողջատիրության հաղթանակը հավասարազոր է ազատության՝ որպես քաղաքական և մարդկային իրականության շատ ավելի արմատական վերացման, քան երբևէ ականատես ենք եղել։ Նման պայմաններում հազիվ թե սփոփվենք՝ կառչելով մարդու անփոփոխ բնույթից ու եզրահանգելով, որ կա՛մ մարդն ինքն է կործանվում, կա՛մ ազատությունը չի պատկանում մարդու էութենական ընդունակություններին։ Պատմականորեն մարդու բնույթի մասին գիտենք միայն այն, ինչ գոյություն ունի, և հավիտենական էությունների ոչ մի արքայություն չի կարող մեզ սփոփել, եթե մարդը կորցնի իր էութենական ընդունակությունները։

Իմ վախը, երբ գրեցի գրքիս վերջին գլուխը, չէր տարբերվում Մոնտեսքյոյի վախից, որը նա արտահայտել էր՝ տեսնելով, որ Արևմտյան քաղաքակրթությունն այլևս չէր երաշխավորվում օրենքներով, թեև ժողովուրդները դեռ կառավարվում էին սովորույթներով, որոնք Մոնտեսքյոն բավարար չէր համարում դեսպոտիզմի գրոհին դիմակայելու համար։ «Օրենքների ոգու մասին» («De l’esprit des lois», 1748թ.) գրքի առաջաբանում նա ասում է. «Մարդը, լինելով ճկուն և հասարակության մեջ իր ընկերակիցների մտքերի ու տպավորությունների հետ համակերպվող էակ, նույնքան ընդունակ է ճանաչելու իր բնույթը, երբ այն նրան ցույց է տրվում ինչպես կա, և կորցնելու այն՝ առանց գիտակցելու, որ այն գողացվել է իրենից»։


[Անգլերենից թարգմանեց Շուշան Ավագյանը]


Hannah Arendt, "The Origins of Totalitarianism: A Reply" in The Review of Politics, Vol. 15, No. 1 (January 1953), 76-84.