March 14, 2015

Անտեր, անիշխան, անսահման մեկնակետ

Ո՛չ պետությանը,
Ո՛չ սահմաններին,
Ո՛չ հայրիշխանությանը,
Ո՛չ տերերին:

Կարևոր է կարողանալ անընդհատ հարցականի տակ դնել մեզ մատուցված ճշմարտությունները։ Մարդկային պատմությունը մշտապես եղել և մնում է մարդու կամ խմբերի պայքար ընդդեմ պետության և նույնիսկ «հասարակության»՝ պետության պաշտամունքով ենթարկեցված մեծամասնության։ Մարդը մշտապես կռիվ է տվել իր առաջադիմությանը խոչընդոտող արհեստական արգելքների դեմ։
Միտքը սահմաններ չունի, միտքը հնարավոր չէ սահմանափակել պետության, սահմանների, որևէ իշխանության կամ տերերի պարտադրանքով։ Սահմանի առկայությունը վտանգի ու պաշտպանության կարիքի պատրանք է ստեղծում: Սահման դնելու պահից ծագում է դրանից ազատագրվելու անհրաժեշտությունը։ Մարդկային միտքը միշտ խաթարվել է ավանդույթով ու սովորույթով, այլասերված կրթությամբ, որը բխում է իշխանություն և արտոնություններ ունեցողների, այսինքն՝ պետության և իշխող էլիտայի շահերից։ Պետությունը և սոցիալական ինստիտուտները գալիս ու գնում են, իսկ մարդը մնում է և շարունակում։
Կար ժամանակ, երբ պետությունն անհայտ էր ու անիմանալի։ Մարդկային հանրույթը միշտ չէ, որ պետության ձևով է եղել: Կարծիք կա, որ պատմական որոշակի շրջանում մարդկային հանրույթը եղել է մարդկանց միջև կամավոր փոխօգնության  ասոցիացիա. ավելի հմուտ և ավագ անդամներն օգնում էին լուծելու կենսական խնդիրները, ոչ թե իշխում կամ շահագործում էին անհատին, իսկ անհատն ազատ էր ու հավասար հարևանին։ Քաղաքական կառավարությունը և պետությունն ի հայտ եկան թույլերի նկատմամբ առավելություն ձեռք բերելու ուժեղների ցանկությունից, մեծամասնության վրա իշխելու՝ փոքրամասնության ցանկությունից։ Պետությունը լեգալության ու իրավունքի ձև էր տալիս անարդարությանը, որը փոքարամասնությունը հասցնում էր մեծամասնությանը։ Իրավունքի ձև տալն անհրաժեշտ էր, որպեսզի ավելի հեշտ լիներ իշխել մարդկանց, որովhետև ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց մարդկանց՝ բաց, լռելյայն և ենթադրելի համաձայնության։
Սահմանադրականությունը և ժողովրդավարությունն այդ իբրև թե «համաձայնության» ժամանակակից ձևերն են։ Այդ համաձայնության հիմքը հավատն է առ հեղինակությունը, վերջինիս անհրաժեշտ բնույթը։ Հիմքում այն է, որ մարդը չար է, սարսափելի և անունակ է իմանալու՝ ի՞նչն է իր համար լավ, իսկ ի՞նչը՝ վատ։ Այս դոգմայի շնորհիվ էլ գոյություն ունեն և պահպանվում են կառավարությունը, աստվածը և պետությունը։
Կյանքն սկսվում և ավարտվում է անհատով։ Առանց նրա չկա ռասա, մարդկություն, պետություն, նույնիսկ «հասարակությունն» է անհնար առանց մարդու։ Հասարակությունը գոյություն ունի մարդու համար, ոչ թե մարդը հասարակության։ Մարդն է ստեղծում հասարակությունը կամ տարբեր հանրույթները՝ այլ մարդկանց հետ համակեցության համար: Մարդն է, ով ապրում է, շնչում ու տառապում։ Միշտ էլ մարդն է ստեղծել նորույթը, գյուտը, հրաշքը, ոչ թե՝ կառավարությունը, ընդ որում միշտ արգելքների, հետապնդումների և իշխանության միջամտության դեմ պայքարի արդյունքում։
Պետությունը, կառավարությունը՝ իր գործառույթներով ու իշխանություններով, իրական մտահոգություն է ամեն մտածող մարդու համար։ Արդյոք պե՞տք է ունենալ ուժեղ պետություն, ո՞րն է նախընտրելի՝ պառլամենտարիզմը, ֆաշիզմը, դիկտատուրան, ժողովրդավարությունը, թե՞ ինչը։ Քաղաքական կյանքում ազատագրման ճանապարհը ցեղային առաջնորդի կամ կլանի, թագավորի, կառավարության, պետության հեռացման մեջ է։ Պետությունն ընդամենը օրենսդրական և ադմինիստրատիվ մեքենայի անվանում է, որի միջոցով բյուրոկրատաբար թողարկվում են որոշակի գործեր մարդկանց համար։ Պետությունը աբստրակցիա է, որը կարող է հրամայել, արգելել, դատել ու պատժել։ Այնքան զինված է, որ մարդը իր պարտքն է համարում ծառայել նրան։  
Հեղինակության ուժեղ պաշտպանությունը միտեսակության մեջ է, դրանից չնչին շեղումն իսկ մեծ հանցագործություն է։ Համընդհանուր մեքենայացված արտադրությունն ավելացրեց միաչափություն ճաշակի, հագուստի, գաղափարների, սովորույթների, մտքերի, այլ կերպ ասած  «հասարակական կարծիքի» մեջ: Քչերն են համարձակվում դրա դեմ դուրս գալ։ Ով հրաժարվում է ընդունել դա, հանկարծ անվանվում է «անհարմար», «ուրիշ», կյանքի ստագնացիայի մեջ խանգարող։
Պետության և մարդու շահերը հիմնովին տարբերվում են և անտագոնիստական են միմյանց նկատմամբ։ Պետությունը և քաղաքական ու տնտեսական ինստիտուտները կարող են գոյություն ունենալ միայն ձևավորելով մարդուն սեփական կարիքների համաձայն՝ սովորեցնելով հարգել օրենքն ու «կարգուկանոնը», սովորեցնելով հնազանդվել, ենթարկվել և անբեկանելիորեն հավատալ պետության իմաստությանն ու արդարությանը, լիակատար անձնազոհությամբ ծառայել, երբ հրամայում է պետությունը։ Առանց ազատության չկա անհատականություն, իսկ ազատությունը հեղինակության ամենամեծ վտանգն է։ Մարդը ձգտում է ավելի ազատ հարաբերությունների, որոնք կարող են ստեղծվել միայն ան-իշխանությամբ, որովհետև իսկական ազատությունը «սահմանադրություն» անունով թղթե կտոր չէ, ոչ էլ  «լեգալ իրավունք» կամ «օրենքը»: Դա բացասական ազատություն չէ, երբ դու ազատ ես ինչ-որ բանից, այլ դրական ազատություն է՝ ազատագրում հանուն, լինելու, անելու՝ ակտուալ և ակտիվ հնարավորությունների ազատություն։ Պետությունը-իշխանությունը գործարք է առաջարկում՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը, իսկ փոխարենը ստանալ բռնություն գործադրելու լեգիտիմ իրավունք: Մենք համաձայնվում ենք ընդունել պետության առաջարկած օրակարգն ու կանոնները և թույլ ենք տալիս նրան կարգավորել մասնավոր և հանրային տարածքը/կյանքը: Այս համակարգում ավանդական ընտանիքի մոդելով ավագները հովանավորում և վերահսկում են՝ «տիրություն են անում», կրտսերներին պետությունը հովանավորում ու վերահսկում է քաղաքացիներին, ինչպես հայրը՝ զավակներին, իսկ միջազգային հարաբերություններում խոշոր պետությունները գաղութատիրական խնամակալություն են հաստատում ավելի փոքրերի նկատմամբ։ Ժամանակակից պետության ձևավորման ընթացքում կանանց և երեխաների կյանքի ու մահվան տնօրինումն ընտանիքի գլխավորից անցնում է Պետությանը, որը շարունակում է երաշխավորել կանանց ենթարկեցումը և «կցվածությունը» տղամարդկանց՝ հորը և ամուսնուն, օրենսդրորեն և տնտեսապես՝ արգելելով կանանց քաղաքական սուբյեկտացումը:
Հայրիշխանությունում իշխանությունը պատկանում է ընտանիքի գլխավորին՝ հորը և անձնական ունեցվածքի սեփականատիրոջը. անձնական ունեցվածքի կազմում մտնում են կինը և երեխաները: Հայրիշխանության մեջ սուբյեկտը, մարդը միայն տղամարդն է, ընդ որում սպիտակամորթ, եվրոպացի, քրիստոնյա, հետերոսեքսուալ տղամարդը: Մարդու իրավունքներ ասելով՝ նկատի են առնվում հենց տղամարդու իրավունքները: 1789թ Ֆրանսիայում հրապարակված «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը» հանգիստ կարելի է անվանել «Տղամարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր»։ Այդ փաստաթղթում բացակայում էր կանանց քաղաքացիական իրավունքների ճանաչումը և սեռերի հավասարության գաղափարը։ 18-րդ դարում տեղի ունեցան կանանց առաջին քաղաքական ելույթները՝ ի պաշտպանություն սեփական քաղաքական և քաղաքացիական իրավունքերի։ Մարտահրավերը նետվեց ֆեմինիզմի «նախամայր» Օլիմպիա դը Գուժի կողմից, ով 1791թ հեղինակեց, հրապարակեց ու բարձրաձայնեց առաջին ֆեմինիստական մանիֆեստը՝ «Կանանց և կին քաղաքացիների իրավունքների հռչակագիրը»: Երկու տարի անց նա հակահեղափոխականության մեղադրանքով Ֆրանսիայում գիլյոտինի ենթարկվեց։ Նրանն են հետևյալ խոսքերը “Եթե կինն արժանի է կառափնարան բարձրացվելու, ուրեմն արժանի է նաև պառլամենտ մտնելու”:
Քանի դեռ երեխայի խնամքը և տնային տնտեսության կազմակերպումը մնում է կնոջ ուսերին, ընտանիքը կնոջ համար դառնում է ոչ թե գործընկերություն, այլ թակարդ։ Եթե կնոջ վրա այդպիսի պատասխանատվության բեռ է դրված, նա չի կարող լիովին մասնակցել տնտեսական և քաղաքական կյանքին։ Հենց այդ պատճառով էլ ֆաշիստական, տոտալիտար և պահպանողական հասարակությունները, ինչպես նաև եկեղեցին կողմ են այն գաղափարին, որ կինը պետք է տանը մնա և մեծացնի երեխաներին։ Կապիտալիստական հասարակությունում ավելի ձեռնտու է չընդունել աշխատանքի կանանց, ովքեր կարող են երեխայի խնամքի համար նպաստ պահանջել, ու դրա փոխարեն նրանք կարող են ստիպել կանանց ավելի շատ երեխաներ ունենալ, ովքեր էլ կդառնան աշխատուժի հաջորդ սերունդը։
Հանրային ու քաղաքական ոլորտն ավանդաբար հասանելի են եղել միայն տղամարդուն, իսկ կնոջ տեղը եղել է «ստվերում», առանց քաղաքական կյանքի վրա ազդելու իրավունքի։ Պետությունը  «պետական» քաղաքականության դիրքից կնոջ վզին է փաթաթում իր տեղն ու դերը ընտանիքում, փորձում է վերահսկել կնոջ սեռականությունը և ինքասահմանման հնարավորությունը։ «Անձնականը քաղաքական է» ֆեմինիստական շարժման երկրորդ ալիքի դասական կարգախոսը ցույց է տալիս, որ քաղաքականությունը բազմաչափ է և իր մեջ ներառում է պատմության մեջ կանանց պայքարի փորձը, որն սկսվել է հենց մասնավոր ոլորտից՝ ընտանիքից, որը հայրիշխանության մեջ կնոջը ճնշող և շահագործող հիմնական ինստիտուտն է։ Ընտանիքի մասին պատկերացումները փոխել նշանակում է քաղաքական հեղաշրջում անել, վերացնել «պետության բջիջ ընտանիքին»։ Այդ իմաստով կնոջ ցանկացած գործողություն քաղաքական բնույթ է կրում, որովհետև դա կրում է իմաստ, իսկ քաղաքական պայմանները ձևավորվում են մեր գործողություններից։
Քաղաքականությունը կուսակցական կամ նախընտրական արշավների սահմանափակ աշխարհը չէ, այլ իշխանական հարաբերություն է, որը թափանցում է ամբողջ հասարակության ու մշակույթի մեջ։ Իշխանությունը դոմինանտության ու ենթարկեցման հարաբերությունների ամբողջություն է, որը գոյություն ունի ոչ միայն պետության և բիզնեսի կազմակերպման մեջ, այլև լեզվի, արվեստի, ճարտարապետության, գիտելիքի, արտադրության ձևերի, կրոնի կազմակերպման, գեղեցիկի մասին պատկերացումների, ընտանիքի, սիրո, սեքսի մեջ։ Քաղաքականությունը իշխանական հարաբերություններն ամրապնդելու միջոց է։ Անձնականը քաղաքական է, որովհետև ներծծված է իշխանական հարաբերություններով և չի կարող փոխվել առանց դրանք հաղթահարելու։
Այսպիսով, անտեր, անիշխան, անսահման մեկնակետը դառնում է միակ տեղը, ուր միտքդ հնարավոր է:
տես՝ մեկնակետ։


Շարունակելի․․․

No comments:

Post a Comment