February 13, 2010

ՏԱՐՕՐԻՆԱԿԵԼՈՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կանանց Կողմնորոշված Կանայք կոլեկտիվի արվեստի ինտերվենցիան տեղի կունենա Զարուբյանի 34-ում, հուլիսի 31 – օգոստոս 1, 2010

Թարգմանությունը մեծ ազդեցություն ունի սահմանված մշակութային կարգերի վրա, որոնք միաժամանակ միավորում ու բաժանում են մեզ: Մենք գործածում ենք ներլեզվային թարգմանությունը լեզվական նշանները միևնույն լեզվի այլ նշանների միջոցով բացատրելու համար, մենք կախված ենք միջլեզվային թարգմանությունից օտար լեզվի լեզվական նշանները բացատրելու հարցում և հիմնվում ենք միջնշանաբանական (intersemiotic) թարգմանության վրա մեկնաբանելու լեզվական նշանները ոչլեզվական նշանային համակարգերի միջոցով: Եվ այնուամենայնիվ, մինչ մտքի մյուս արտացոլումները խստորեն հարցադրվում են և բացահայտվում որպես տեղակայված գիտելիք (situated knowledge), այն ենթադրությունը թե մշակութային տարբերությունները կամրջվում են հեշտորեն և պարզորեն մնում է չդիպված: Ինչպե՞ս կարող ենք քննադատորեն մոտենալ և ավելի մեծ ուշադրություն դարձնել նման կամրջման գործընթացներին: Ինչպե՞ս կարող ենք բարդացնել այն հասկացողությունները, որ թարգմանությունը ներկայացնում են որպես օբյեկտիվ և ստանդարտների կողմից սահմանվող չափանիշներից զուրկ: Թարգմանության բռնի հետևանքները զգացվում են թե՛ տեղական, և թե՛ օտար մշակույթներում, քանի որ մի կողմից թարգամանությունն օժտված է ահռելի իշխանությամբ օտար էության կառուցման ու ներկայացման մեջ, մյուս կողմից՝ թարգմանությունը ներգրավում է օտար տեքստը տեղական արժեքների զարգացման և վերանայման մեջ:

Տեղակայելով մեր հարցադրումները Հայաստանում գերիշխող հետխորհրդային մշակույթի, տարօրինակող (queer) տարածքների, և որպես դիվերսիայի ձև` թարգմանության խաչմերուկներում, առաջարկում ենք քննել «օտար» կամ «տարօրինակող» տեքստերն ու մշակութային օբյեկտները, որ խախտում, խզում և վերանայում են ծանոթ, մայրենի տան(իքի) պարամետրերում գերիշխող կոնցեպտուալ պարադիգմերը, հետազոտական մեթոդոլոգիաները, և սահմանված մշակութային կարգերը: Դիտարկելով մի փոքր այլ տեսանկյունից՝ թարգմանությունը որպես ապածանոթացման (defamiliarization) մեթոդ կարող է համեմատվել բատլերյան փոխհագության (drag) հասկացողության հետ, որն իր կատարողականությամբ բարդեցնում է «իրականությունը» և դրա նորմերը, որ ստանդարտացնում են գենդերն ու սեռականությունը: Նման թարգմանության նպատակն է բացահայտել, որ այն, ինչ մենք հասկանում ենք որպես «իրական» կամ բնականացված փաստ, ըստ էության հարափոփոխ և վերանայման ենթակա իրականություն է:

Սկսենք այն հարցից, թե ի՞նչ է թարգմանությունը և ինչպե՞ս կարող է օգտագործվել Երևանը տարօրինակելու գործում:

Պատասխան #1. Ինձ համար թարգմանությունը մի անդունդ է, որ գոյություն ունի նախօրինակի ու կրկնօրինակի, խոսքի ու հասցեատիրոջ, սուբյեկտի ու օբյեկտի արանքում։ Խոսքի մեջ անդունդ ու ճեղք լինելով՝ թարգմանությունն իր մեջ միշտ կորուստ է պարունակում։ Ես պատմում եմ քեզ, բայց դու ինձ չես լսում, ես կանչում եմ քեզ, բայց դու չես արձագանքում, ես պատմում եմ քեզ ու դու ուրիշ բան ես լսում, ես կանչում եմ քեզ ու դու ուրիշ կերպ ես արձագանքում։

Թարգմանությունը միշտ ենթադրում է երևակայական հասցեատիրոջ, որ և խոսքի օբյեկտ է, և սուբյեկտ։ Ինչպե՞ս կարող եմ ընկալել քո օբյեկտայնությունը, եթե դու իմ մեջ ես։ Ինչպե՞ս կարող եմ ընկալել քո սուբյեկտիվությունը, եթե այն եզակի է։ Ինչպե՞ս եմ ես կառուցում/թարգմանում խոսքը, որ քեզ գտնեմ ու կորցնեմ։

Թարգմանությունը տարբերության նշան է, լրացում՝ Դերիդայի իմաստով։ Տարբերության նշան լինելով այն ինքնին տարօրինակող է։

Պատասխան #2. Դա մեկից ավելի ժամանակային կադրի, լեզվի, մարմնի, գենդերի, սեռականության և մշակույթի մեջ գոյության ձև է: Մեկը պետք է փոխի իր մտածելակերպը, ընդունի քոչվորությունը թարգմանության գործընթացներին մասնակից լինելու համար: Ես երբեք չեմ կարող իրապես պատկա(լի)նել այստեղ կամ այնտեղ, բայց միշտ և միայն մեջտեղում, ցանկ(պատկանել)ության արանքներում: Այսպիսով, որպես թարգմանիչ ես չեմ կարող (չեմ ուզում և հրաժարվում եմ) պահպանել այն վիճակը, ուր տեղի է ունենում իմ լեզուն, սեփական անձը, «ես»-ը և թույլ տալ, որ այն ազդվի, վերափոխվի, «տարօրինակվի» մեկ այլ «ես»-ի կողմից:

Պատասխան #3. (Լրացրու . . .)

No comments:

Post a Comment