March 28, 2014

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՐԵՒՈՅԹ

Կովկասի լրաբեր
Մարտի 5, 1914

Դեռ անցեալ տարի ներկայ գտնւեցի մի երեկոյթի, որը կազմել էր «Պատանի» ալմանախը և այդ գործին աջակցում էր այն համեստ բանաստեղծուհին, որի մասին պէտք է խօսեմ։ Այդ երեկոյ, երբ ընթրիք տրւեց և առաջարկւեցին կենացներ, այդտեղ ևս մոռացւեց այդ մեր ոչ սկսնակ բանաստեղծուհու կենացը։ Այդ ի հարկե ինձ ցաւ պատճառեց, բայց ես չցանկացայ խօսել դրա մասին քաջ գիտենալով այդ շրջանի թայֆայական և կողմնապահ դերը։
Հինգշաբթի երեկոյեան Հ. Գր. Ըն. կազմած երեկոյթը նւիրւած էր հանգուցեալ Մարիամ Խատիսեանին և «հայ կնոջ դերը գրականութեան մէջ» նիւթին։
Խօսեցին կին վիպասանների և բանաստեղծների մասին. կին վիպասաններից անցան բանաստեղծուհիներին, որտեղ ամենից վերջը յիշւեց միայն Շուշանիկ Կուրղինեանի անունը, որի մասին մեր կարծիքով պէտք է խօսւէր նախ քան նոր բանաստեղծուհիների քննադատութիւններին անցնելը։
Եթէ յիշւեցին բանաստեղծուհիների անունները, որոնց բանաստեղծութիւնները լոյս են տեսել պարբերական թերթերում և հասարակութիւնը ծանօթ է դրանց գրւածքներին, ուրեմն անխտիր պէտք է յիշւէր և այն համեստ բանաստեղծուհու անունը, որի գրւածքները գուցէ թւով քիչ, բայց որակով աւելի բարձր են երեկոյթին յիշւածներից։
Մի՞թէ կարելի է աչքից բաց թողնել այն բանաստեղծուհուն, որ երգել է քաղաքն ու նրա աղմկալի կեանքը, բանւորն ու նրա դասակարգային շահագործումը, որը ըստ մեզ աւելի անկեղծ է քան ուրիշները։ Իհարկէ նա ոչ ամբիօն է բարձրացել իր բանաստեղծութիւններն արտասանելու և ոչ էլ շատերի նման առաջին կարգերում բազմել, որ աչքի ընկնի։
Յոյսով ենք, որ գոնէ այսուհետև քննադատողի դերում հանդէս եկող մեր գրականագէտները քիչ աւելի շրջահայեաց կլինեն և բարեխղճութեամբ կյիշեն նաև այնպիսի համեստ աշխատաւորների մասին, որպիսին է Շ. Կուրղինեանը և նրա բանաստեղծութիւնները։

Մի խումբ օրիորդներ
____
Շնորհակալություն Արծվի Բախչինյանին նյութը արխիվից հանելու համար։

No comments:

Post a Comment