January 30, 2017

Dear B

I can’t sleep
I take a deep breath, look around and light another cigarette on the balcony. He is not here, so I can smoke freely and think without any interruptions.
I open once more your last letter. I could read it endlessly, savoring each word, each phrase, and the silences in between. 
It is dark and cold outside. The snow is gently covering my uneasy solitude.

I am writing in a language and living in another one, while rolling sarma for the feast that will never happen.

When we met last time in the city, I couldn’t say a word.

I remained mostly silent, sitting in the living room of the spyurqahay nouveau riche woman who had invited us for coffee. I didn’t like her that much. She bored me with her stories, her cookies and the uninteresting paintings hanging on her walls. She had many questions and you were answering patiently.  I was completely mesmerized by your voice and gestures. In my mind, I was destroying one by one all the ugly paintings in the room.  I wanted to scream and tell her to stop invading, to stop fixing the broken. I don’t do well with well-intentioned people. V. tries to reason with me, make me understand, accept.
But I choose brokenness.  It leaves me sore and alive.

Later you asked me why I came. What a superfluous question! – I thought.

I couldn’t answer. Instead, I continued staring at the walnut tree outside the window.

Silence

My stories were well preserved under that tree. The letters were hidden in the old teapot that no one had ever dared to open. The revelations inside were a translation of an alienated language with waves of excruciating pain.
We read those letters separately, over and over, in our unspoken dialect.

The letters kept the story alive and helped me bear the smell of his intrusive body.
Another cigarette and he will be back. I dive into silence, more and more, these days.
The coffee cup is holding all the pain. I can read yours one day, mine is too revealing. It hurts too much.

Without uttering a word, without touching, I wish you could sit with me for a while, somewhere outside,
without disruption
gazing into the many unsaid things concealed at the bottom of the cracked cup.

L.

January 24, 2017

ԱԿՆԱՐԿՆԵՐ | Խ. Մ.

Այս հոդվածը երկու մասով հրատարակվել է Թիֆլիսի «Մշակ» (1872-1921) թերթի 1888թ.-ի 124-րդ և 125-րդ համարներում, ինչպես նաև 1912թ.-ին «Մշակի» քառասունամյակին նվիրված «Հայ կինը» համարում, որտեղ հավաքագրվել են «Մշակ»-ի քառասուն տարիների ընթացքում հրատարակված հոդվածները՝ նվիրված հայ կանանց խնդիրներին։ Հոդվածն ամբողջական վերատպում ենք իր առաջնային ուղղագրությամբ՝ որպես ՏԵ կոլեկտիվի նոր շարքի մաս, որը քննադատական դիսկուրս է ստեղծում գաղութացնող հայացքով նկարագրված «հայ կանանց» կյանքի կամ գործունեության անդրադարձների շուրջ։ Հոդվածի հեղինակը ներկայանում է ծածկանվամբ կամ անվան սկզբնատառերով՝ Խ. Մ.։ Հնարավոր է, որ հոդվածի հեղինակը թիֆլիսահայ գրող, հասարակական գործիչ Մարիամ Խատիսյանն է, ում ծածկանունն էր նաև Տիկին Մարիսյան։ Հոդվածը պետք է լիներ Նիրի Մելգոնեանի գալիք «Առոգանված ֆեմինիզմ» նախագծում։
 


 Կանանց հարցը. — Մեր գրականութիւնը և կանանց հարցը։ — Հայ կնոջ ուսումնասիրութիւնը։ — Ռուս ճանապարհորդ Ելիսէեվի կարծիքը հայ կնոջ մասին։ — Էնցիկլօպեդիստ Դիդրօի կարծիքը և կնոջ քննադատութիւնը։ 

        Մեր քաղաքակրթված համարվող դարու առաջ բերած կարեւոր հարցերից մեկն էլ — կանանց հարցն է, որը թէ մօտիկ անցեալում, թէ ներկայում, և անկասկած ապագայումն էլ, բաւական աչքի ընկնող տեղ պէտք է բռնէ սօցիալական կնճռոտ խնդիրների շարքում։
        Կանանց հարցը իր գլխաւոր պահանջներով այժմ համարեա թէ հանրածանօթ է եվրոպական հասարակութիւնների մէջ։ Այնտեղ այդ հարցը ունի իր անցեալը, նա ունի պատմութիւն սկսած հէնց այն րօպէից, երբ հրապարակ դուրս եկաւ կանանց էմանցիպացիայի խնդիրը։ Եւրօպան և Նոր-Աշխարհը ունեն ամբողջ գրականութիւն այդ հարցի մասին, և այդ գրականութիւնը ունեցել է և ունի աշխարհահռչակ ներկայացուցիչներ և կանանց հարցի տաղանդաւոր պաշտպաններ, սկսած Միլլից և ամենաարմատական ընկերութիւններից մինչև «կանանց էմանցիպացիայի» վերջին սիրահարները, որոնք նոյնքան անկեղծութեամբ են վերաբերվում դէպի կանանց հարցը, որքան միջնադարեան ֆրանսիական ասպետները դէպի իրանց «հերոսուհիները»։
        Սօցիալական շատ խոր նշանակութիւն ունեցող այդ խնդրի վերաբերութեամբ Եւրօպայում առաջ եկած մտաւոր փոթորիկները մի այնպիսի ալէկոծութիւն առաջ բերեցին, որ «կանանց հարցը» մուտք գտաւ նոյն իսկ հայոց գրականութեան և մամուլի մէջ էլ, չը նայած որ մեր ժողովուրդը, իբրև Ասիայի ժողովուրդ, ոչ մի հարցում գուցէ այնքան պահպանողական չէ, որքան այդ հարցում։
         Տարաբախտաբար մեր գրականութեան մէջ տարիների ընթացքում այդ հարցը առանձին ոյժեր չէ գրաւել դէպի ինքը։ Դրա վերաբերութեամբ նոյն իսկ այժմ էլ մեր գրականութեան մէջ չունենք փոքր ի շատէ աչքի ընկնող աշխատութիւններ, չունենք նոյն իսկ օտար գրականութեան մէջ այդ հարցի վերաբերութեամբ յայտնի աշխատութիւնների թարգմանութիւնը։
        Կանանց հարցը արծարծվել է մեր մամուլի և գրականութեան մէջ ընդհանուր կերպով, առանց պարզելու և բացատրելու այն գիտնական և սօցիալական հիմքերը, որոնց հիման վրա այսօր պրօպագանդա է լինում իգական սեռի էմանցիպացիայի մասին, իսկ այն կապը, որ կայ կանանց հարցի և տնտեսական հարցերի մէջ, որը և իսկապէս մի նոր շրջան է բաց արել այդ հարցի համար, նրա նախկին մօդայական ուղղութեանը աւելի խոր և ծանրակշիռ կերպարանք տալով, — բոլորովին ծանօթ չէ մեր հասարակութեանը։
         Ինչ և չը լինի, այդ հարցը, իբրև քաղաքակրթական շարժման մի արտայայտութիւն մեր մէջ էլ ունեցաւ իր պաշտպանները, գլխաւորապէս ազատամիտ ուղղութեան պատկանող կուսակցութեան մէջ, որոնք մի կողմից, թէև սահմանափակ կերպով, ընդհանուր հարցը արծարծելով, միւս կողմից սկսեցին ուսումնասիրել հայ կնոջ վիճակը և դրութիւնը։
         Թերթեցէք մեր պարբերական հրատարակութիւնները, գլխաւորապէս «Մշակը», և կը տեսնէք, որ հայ կնոջ ուսումնասիրութեան գործին շատ երեսներ են նուիրված։ Սակայն այդ խօսքերից իսկոյն չը պէտք է եզրակացնել, որ այդ ուսումնասիրութեան գործը արդէն կատարված պրծած է։ Ոչ, այդպիսի եզրակացութիւն անելը շատ սխալ կը լինէր։ Ընդհանրապէս մեր ժողովրդի կեանքի ուսումնասիրրութեան գործը դեռ այնքան թերի է, որ հայ կնոջ դրութեան ուսումնասիրութիւնն էլ, իբրև երկրի և ժողովրդի ընդհանուր ուսումնասիրութեան մի մասը, — ունի իր շատ թերութիւնները, և դեռ երկար տարիներ պէտք է անցնեն, որ ոյժեր պէտք է գործեն, և շատ հարիր թերթեր պետք է գրվեն, որպէս զի կարելի լինի ամբողջացնել կնոջ ուսումնասիրութեան գործը։
         Ուրախալին միայն այն է, որ գործը սկսված է։ Մի ժամանակ, — և այդ շատ հեռու չէ մեզանից, հայը իբրև մահմէտական թուրքի կամ պարսկի դարևոր հարևան, «ամօթ էր համարում խօսել «կին-արմատի» մասին». բայց այժմ այդ նոյն կնոջ մասին նա ոչ միայն խօսում է, այլ և կարդում է, լսելով ամեն տեսակ կրածիքներ նրա ներկայի և ապագայի մասին։
         Եւ ահա արևելեան անթափանցելի չադրայով ծածկված կեանքը բացվում է ուսումնասիրութեան համար, և այսօր մենք ուրախութիւն ունենք լսելու նոյն իսկ օտար ուսումնասիրողների և ճանապարհորդների կարծիքը արևելքի կնոջ մասին ընդհանրապէս և հայ կնոջ մասին մասնաւորապէս։
        Այսպիսի ուսումնասիրութեան մի փորձ էլ նորերս երևեցաւ յայտնի ռուս ճանապարհորդ Ա. Ելիսէեվի շնորհով, որի հետ և հարկաւոր ենք համարում ծանօթացնել մեր հասարակութեանը։
       Ինչպէս յայտնի է, պ. Ելիսէեվ մի երկու տարի առաջ ռուսաց Աշխարհագրական ընկերութեան յանձնարարութեամբ ճանապարհորդեց մեր երկրում գլխաւորապէս Փոքր-Ասիայում, վերադառնալուց յետոյ Պետերբուրգում կարդաց մի շարք դասախօսութիւններ կնոջ դրութեան մասին արևելքում։ Ապա պ. Ելիսէեվ իր դասախօսութիւնները սկսեց տպագրել Պետերբուրգի "Сѣверный Вѣстникъ" համակրելի ամսագրի այս տարվայ համարներում։ Այդ ամսագրի № 10-ի մէջ տպված է Ելիսէեվի դասախօսութեան և այն մասը ևս, որը վերաբերում է հայ կանանց։
        Մեր յօդուածի սահմանները թոյլ չեն տալի մեզ առաջ բերել *) յարգելի ճանապարհորդի կարծիքները մահմէտական կանանց մասին ևս, ուստի մենք կը բաւականանք «հայ կնոջով», և քաղուածքօրէն առաջ կը բերեք պ. Ելիսէեվի կարծիքների գլխաւոր կէտերը։


        « . . . Հայերի մեծ մասը, ասում է պ. Ելիսէեվ, ապրում է Փոքր-Ասիայի մի մասում, որը դեռ Ասորոց թագաւորութեան ժամանակներում կոչվում էր Հայաստան։ Հետաքրքրական է այդ փոքր, բայց ամուր և դրական ազգի վիճակը, որը հանելուկ է ոչ թէ միայն պատմագէտի, այլ և անտրօպօլօգի համար։ Հայաստանը գտնվել է այն ճանապարհի վրա, որով շատ ազգեր մայր ցամաքի խորքերից անցել են դէպի Առաջաւոր Ասիան, բայց երկար տարիների ընթացքում ապրել է անկախ կեանքով։ Եւ մի ազգութիւն, որը կարողացել է շատ թէ քիչ պահպանել իր ինքնուրոյնութիւնը, սկսած Նեբրովթի և Շամիրամի ժամանակներից մինչև մեր օրերը, որ կարողացել է մասամբ պահպանել իր տիպը, սովորութիւնները, լեզուն և կրօնը, չը նայելով որ աշխարհիս երեսին ոչ մի ազգ, չը բաց առնելով և հրէաներին, այնքան դժբախտութիւններ չէ կրել, որքան նա, չէ կարող մոռացվել և իրաւունք ունի շարունակելու իր գոյութիւնը։ Կործանվեցան մեծ Ասորեստանը և Բաբիլոնը, կործանվեցան պարսից, մակեդօնացոց և մօնգօլների մեծ պետութիւնները, հին պատմութեան շատ ազգերը իսպառ անհետացան աշխարհի երեսից, բայց փոքրիկ հայ ժողովուրդը բավական չէ որ ողջ մնաց, այլ և եռ է գալիս յոյսերով, տապակվում է գիտութեան ծարաւով և աշխատանքի սիրով, զարգացնում է իր գրականութիւնը, ուսանում է, ձգտում է դէպի առաջ և շատ բանի արդէն հասել է։ Այդ ազգը իրօք աւելի մեծ հանելուկ է կազմում պատմութեան համար, քան հրէաները և գնչուները։ Այդ երկու աշխարհային քաղաքացիները կարելի է ասել, որ մշտական թափառաշրջիկներ են. դոցա համար հայրենիք չը կայ. ubi bene — ibi patria. բայց երկրագործ հայը չը թողեց իր հայրենիքը, և Վանից ու Արարատից հեռու չը գնաց։ Ներկայ ժամանակներում, չը նայած իր կրած ծանրութիւններին, հայը տարբերվում է ոչ թէ միայն իր տիրողից, օսմանցիից, որը արագութեամբ դէպի քայքայումն է առաջ գնում, այլ և առաջաւոր Ասիայի բոլոր ազգերից։ Աւելի զարգացած կուլտուրականութիւն, մեծ սէր դէպի կրթութիւնը, մեծ ինիցիատիվ առևտրի և արդիւնաբերութեան մէջ, աշխուժութիւն և բնածին խելացիութիւն, — այդ բոլորով աչքի են ընկնում հայերը —յոյների հակառակորդները — Անատօլիայի խաղաղ տիրապետութեան գործում։ Այդ գեղեցիկ երկրի շատ տեղերում իսկապէս տուն չը կայ, որը հայերի շինած չը լինէր, մի տեղական գործուած չը կայ, որը նոցա ձեռքով չը լինէր պատրաստած, պտուղ չը կայ, որը դուրս եկած չը լինէր նոցա այգիներից»։
        Այդ բոլորի մէջ, անկասկած, աշխատասէր և եռանդոտ հայը շատ բանով պարտական է իր առաջին օգնականին — կնոջը։ Միշտ գործուն հայուհին արդարացի կերպով կարող է համարվել հայ ազգի գլխաւոր յենակէտերից մէկը։ Կարելի է ասել, որ հայուհին կազմում է այն զանգվածը, որը ամրապնդում է հայ ընտանիքը, և դրա հետ միասին ամբողջ հայ ժողովորդը։ Պահպանելով ընտանիքի ամրութիւնը, ընտանեկան օջախի սրբութիւնը և ամուսնական առագաստի մաքրութիւնը, հայուհին դրանով էլ պահպանել է և ողջ ազգի ամբողջութիւնը, որ կազմում է հայուհու գլխաւոր առաքինութիւններից մէկը, ձևակերպում է և նրա բնաւորութիւնը։ Նա միշտ ոտի վրա է, միշտ աշխատում ու հոգում է տան մասին. համարձակ կարելի է ասել, որ աշխատանքը երբէք չէ հեռանում նրա ոսկեայ ձեռքերից։ Բայց այդ մշտական աշխատանքը հայուհու համար այնպիսի սարսափելի ծանրութիւն չէ, ինչպէս այդ նկատելի է քուրդերի, արաբների և Եգիպտոսի Ֆէլլահների վերաբերութեամբ։ Այդ տարբերութիւնը բացատրվում է ինքն իրան։ Մինչդեռ այդ վերջին ազգերի մէջ շատ անգամ կնոջ վրա նայում են ինչպէս մի աշխատող անասունի վրա, որը պարտաւոր է միշտ աշխատել ընտանիքի և շատ անգամ ոչինչ չը շինող մարդու բոլոր պէտքերին լիութիւն տալու համար, հայուհին աշխատում է սիրով, որովհետև նրա մարդն էլ, ինչպէս մի եզ, նոյնպէս աշխատում է իր ընտանիքի համար։
        Բացի ընտանեկան ծանր աշխատանքներից, հայուհին, լինի նա հարուստ թէ աղքատ, կին թէ օրիօրդ, պարապում է նոյնպէս և արհեստներով և այդ էլ կարծէք այն նպատակով, որ յագեցնի դէպի աշխատանքը ունեցած իր ծարաւը։ Այն բոլորը, ինչ որ հագնում է հայ ընտանիքը, ոչ թէ միայն կարում այլ և պատրաստում է աշխատասէր հայուհին, նա միատեսակ հմտութեամբ և կարում, մանում և գործում է. հայուհու ձեռքով պատրաստած կտաւի, քաթանի և նոյն իսկ բրդի գործուածները ոչ թէ միայն ընտանիքի պէտքերին են լիութիւն տալիս, այլ և վաճառահանվում են նոյն իսկ այնպիսի տեղեր, որոնք հայերով չեն բնակեցրած։ Եւրօպական մանուֆակտուրային ապրանքները, որոնք հեշտութեամբ գործածութիւնից դուրս են գցում Արևելքի ձեռագործները, դժուարութեամբ են մրցում հայ կնոջ ձեռագործի հետ, որովհետև նա պատրաստում է և էժան, և ամուր, և շուտով։ Բացի իր ընտանիքի համար հագնելիք և ամեն տեսակ շորերի համար հասարակ կտորներ պատրաստելուց, հայուհին վաճառելու համար գործում է աւելի թանգագին ապրանքներ բամբակից, բրդից և մետաքսից։ Այդ գործուածները, չը նայած որ պատրաստվում են և ձեռքով և նահապետական գործիքներով, բայց իրանց յատկութեամբ պակաս չեն եվրօպական մանուֆակտուրայից։ Արևելքի գեղեցիկ արդիւնաբերութիւններից շատերը, որոնք ամենուրեք անուն են ստացել, և որոնք ի ցոյց են դրվում մեր արևելեան ապրանքներ վաճառող խանութների պատուհաններում, պատրաստված են Կովկասի, Պարսկաստանի և Անատօլիայի հասարակ հայուհիների ձեռքով։ Տրապիզօնից, Եւդօկիայից, Վանից, Էրզրումից և Բիթլիսից եկող նուրբ շապիկները, երեսսրբիչները և սաւանները, այծի մազից պատրաստած գործուածները, գեղեցիկ և ամուր գործերը և կարպետները, որոնք պարսկական են համարվում և որոնք զմայլեցնում են իրանց նկարների և գոյների զարմանալի բազմատեսակութեամբ, Էրզրումի բրդի գուլպաները, որոնց վրա, նոյնքան հեշտութեամբ կարելի է գրել, որքան և մագաղաթի վրա, Վանի շալերը, որոնք այնքան մաքուր են հիւսված բրդից, որ կարելի է գործածել իբրև ճանապարհի չը թրջվող վերարկուներ, Դիարբեքիրի մետաքսից գործուածները, որոնք համարեա թէ պակաս չեն Լիօնի գործուածներից, իրանց գոյների գեղեցկութեամբ և նրբութեամբ, — Արևելքի այդ ամենալաւ մանուֆակտուրային ապրանքները պատրաստվում են մեծ մասամբ Թիւրքիայի և Պարսկաստանի հասարակ հայուհիների ձեռքով։
        Այդպիսի աշխատասիրութիւն և շնորք ունենալով հայուհին չի ընկնի։ Մինչդեռ թրքուհին, պարսիկ կինը, կամ արաբուհին իր մարդու հարեմից դուրս, օրինակի համար այրիացած ժամանակ, սովորաբար ոչ մի բանի ձեռք զարկել չէ կարողանում, հայուհին ընդհակառակն, այնպիսի դիրք է բռնում, որ կարողանում է ոտի կանգնեցնել մի ամբողջ հայ ընտանիքը։
       Հայուհու աշխատասիրութիւնը մինչև անգամ առակ է դարձել արևելքում. թրքական յայտնի առակ կայ, որ ասում է՝«հայուհին նման է անընդհատ պտտող անիւին», և թուրքերի կողմից հոգնութեամբ գործ ածվող այդ առակը իսկապէս ամենալաւ գովասանք է հայ կնոջ համար, որը ոչ մի րօպէ առանց աշխատանքի մնալ չէ կարող։ Մինչև անգամ ճանապարհորդելիս, էշի կամ ջորու վրա նստած ժամանակը, հայուհին գործում կամ մանում է։ «Դիցուք, մի որ և է գործի համար հայ կնոջ դատարան են կանչում. իմանալով, որ այնտեղ բաւական ժամանակ պէտք է կորցնի, հայուհին իր հետ վերցնում է իր դուգը և մի քիչ բամբակ կամ բուրդ։ Մինչև որ նրան դուրս կը կանչեն, մինչև որ դուրս կը գայ դատաւորը (որը թրքական սովորութեամբ շատ էլ շտապով չէ լինում) նա մանում կամ գործում է» **): Շատ անգամ պատահել է տեսնել Հայաստանում, թէ ինչպէս հայ կանայք գալիս էին եկեղեցի ձեռքներին զանազան ձեռագործ ունենալով, որով նրանք զբաղվում էին մինչև ժամասացութեան սկսվելը։ Այդպիսով, կարելի է կատարելապէս համաձայնվել յիշեալ հեղինակի (Արծրունի) այն խօսքերի հետ, որ «Ասիայի խորքերում, կտրված լինելով քաղաքակրթված աշխարհից, աշխատասէր հայ ժողովուրդը իր ձևով լուծել է կնոջ ընտանեկան աշխատանքի հարցը, դարձնելով նրան ամենալաւ զարդարանք կնոջ համար։ Մինչև որ հայ-տղամարդը միշտ հոգում է հարստութիւն ձեռք բերելու և խնայելու համար, հայ կնոջ վրա է ընկնում տան ներքին բարեկարգութեան մասին հոգալը և տնտեսութեան բարւոքելը։ Զարմանալի չէ ուրեմն, որ ընտանեկան կեանքը շատ զարգացած է հայերի մօտ, և արևելքի բոլոր ազգերի մէջ մենք չենք ճանաչում մի ուրիշ ազգ, որի մէջ այնքան լաւ կազմակերպված լինէր ընտանիքը և այսքան ամուր դիրք ունենար կինը, իբրև մայր և իբրև ամուսին։ Կարելի է ասել, որ հայը ամենաքնքոյշ ամուսինն է արևելքում։
        Մարդկային իրաւունքներով օգտվելու կողմից հայ կինը, կարելի է ասել, աւելի ազատ է քան թէ արևելցի կանայք, չը բաց առնելով և Արարիայի անապատի աղջիկը։ Սակայն այդ ազատութիւնը աւելի աղջկանն է տրված, քան թէ մարդու գնացած կնոջ։ Աղջիկ կամ կին գնել ու ծախելը, կամ կանանց գերի առնելը երբեք գոյութիւն չէ ունեցել Հայաստանում. հայ ազջիկը չը գիտէ թէ ինչ է երեսի ծածկոց, ինչ է հարեմ, որոնք տիրապետում են հայերին շրջապատող ազգերի մէջ. Հայաստանի աղջիկը ինչպէս անապատի բէդուին, ամեն տեղ գնում է ազատօրէն և բաց, չը ծածկելով երեսը. նա կարող է դիմել զանազան հարցերով մինչև իսկ օտար տղամարդոց. կարող է մասնակցել ընդհանուր խաղերի և խօսակցութիւնների և մինչև անգամ պարերի և երգերի մէջ, որոնց իսկապէս ասելով, շատ են սիրում հայուհիները։
        Արտաքին կողմից հայուհիները արդարացի կերպով հռչակված են արևելքում իրանց գեղեցկութեամբ։ Թխագոյն թաւշեայ մորթը, սև մազերը, և մեծ սև ու փայլուն աչքերը, որոնք կամարակապված են խիտ յօնքերով և երկար արտևանունքներով, յաճախ մեծ քիթը և շրթունքները մի առանձին գեղեցկութիւն են տալիս հայուհու դէմքին։ Հայուհու այդ իր տեսակի գեղեցկութիւնը տարաբախտաբար շատ շուտ է թառամում, և դէմքի բոլոր գծերը մի քանի տարուց յետոյ չեն կարողանում նոյն իսկ հասկացողութիւն տալ նախկին գեղեցկութեան մասին։ 16-18 տարեկան գեղեցիկ հայուհին, շատ անգամ արդէն 24-26 տարեկան հասակում այնպիսի դէմք է ստանում, որը զուրկ է մինչև իսկ գրաւիչ լինելուց։ Հայ գեղեցկուհիները զանազանվում են իրանց թաւամազ լինելով, որը երևում է նոյն իսկ դէմքի վրա, բուսնելով բաւական զգալի կերպով բեխերի և մօրուսի տեղերում. հայուհիների այդ յատկութիւնը բոլորովին դուր չէ գալիս հարեմներում, որտեղ կինը յաճախ գնահատվում է իր մորթու քնքշութեամբ։ Այդ պատճառով հայուհիները, ինչպէս և վրացի աղջիկները, շատ անգամ, և աւելի քան ուրիշները, ենթարկվել են ծանր տանջանքների, երբ նրանց մարմնի բոլոր մասերից բարբարոսաբար պոկում են մազերը, — մի բարբարոսութիւն, որը գործադրվում էր, և ինչպէս ասում են այժմ էլ գործադրվում է արևելքի մի քանի հարեմներում. հայուհիների այդ արտաքին սիրունութիւնը աւելի է մեծանում նրանց ազգային տարօրինակ հագուստի շնորհիվ, որը նրանք այժմ իզուր են դէն գցում։ Կապկութիւնը ոչ մի ազգին չի սազում։ Ինչո՞ւ է ազգային սովորութեամբ գեղեցիկ և գոյնզգոյն կերպով հագնված հայուհին իր սիրուն շորերը փոխում եվրօպական զգեստի, այն էլ միայն այն պատճառով, որ դա կարված է à la franca։ Բայց ինչպէս մեր կուլտուրային երկրներում մօդան ուշք չէ դարձնում ոչ ճաշակի և ոչ էլ տեղական սովորութիւնների վրա, այնպէս էլ Հայաստանում՝ տղամարդոց շորերի մէջ փոփոխութիւն մտնելուց յետոյ, փոփոխութիւններ են մտցնում և կանանց շորերի մէջ։ Հայուհիները կրում են իրանց շորերի վրա շատ դրամներ, որոնցով զարդարում են ոչ թէ միայն իրանց թասակը և մազերը, այլ և պարանոցը, կուրծքը և ձեռքերը։ Գեղեցիկ շորը, մի յայտնի աստիճան կօկետութեան հետ, որը յատուկ է հայուհիներին, այլ և նրանց հագնվելու շնորքը, աւելի գրավիչ են դարձնում Հայաստանի աղջկան»։


        Այդպիսի գովասանական կարծիքներ յայտնելով հայ կնոջ մասին ընդհանրապէս, պ. Ելիսէեվ սկսում է նայել «պատկերի վրա միւս կողմից», քննելով այն ազդեցութիւնը, որ բնականաբար ունեցել է հայ կանանց վրա շրջապատող մահմեդական տարրը։
        «Ընդհանրապէս ազատ հայուհին, — ասում է յարգելի ճանապարհորդը, —Արևելքի միւս քրիստոնեայ կանանց նման, չկարողացավ կատարելապէս ազատ մնալ կնոջ վրա մահմետականների ունեցած հայացքներից և դրա հետ միասին մի յայտնի աստիճանի փակ և առանձնացած լինելուց։ Եթէ իսլամի այդ ուղղութիւնը չը կարողացաւ մեծ ներգործութիւն ունենալ հայ աղջկայ վրա, դրա հակառակ, ամուսնացած հայ կնոջ վրա այդ ներգործութիւնը կրկնապատիկ եղաւ, մի տեսակ հարեմականութեան մէջ դնելով նրան։ Հարսանիքի օրից սկսած, երիտասարդ հայուհին, որ մինչև այդ օրը չը գիտէր թէ ինչ է երեսի քօղը, սկսում է քօղով ծածկել ոչ թէ միայն երեսը, այլ և իրանը, բացի դրանից երիտասարդ ամուսինը պէտք է որքան կարելի է խոյս տայ ամեն տեսակ խօսակցութիւններ ունենալուց նոյն իսկ կանանց հետ, — էլ չենք խօսում տղամարդկանց մասին, — ինչքան էլ որ կարևոր լիներ այդ խօսակցութիւնը։ Այդ սովորութիւնը հայերը բացատրում են նրանով, որ նոցա խորին համոզմունքով, ամուսնութեան սկզբի ժամանակներում երիտասարդ կինը պէտք է պատկանի իր մարդուն ոչ թէ միայն մարմնով, այլ և հոգով և բոլոր իղձերով, և այդ պատճառով պարտաւոր է միմիայն նրան դիմել։ Աւելորդ է ասել, որ հէնց այդ համոզմունքի մէջն է թագնված կնոջ վրա ունեցած արևելեան հայեցակէտը, որով կինը համարվում է իր մարդու ճորտը։ Հայուհու առանձնանալը իր շրջապատողներից և նրա ակամայ լռակեացութիւնը, բարեբախտաբար, հայերի մէջ շատ էլ երկար չէ տևում, և սովորաբար վերջանում է այն ժամանակ, երբ կինը ծնում է առաջին երեխան։ Առաջին ծնունդը ազատում է երիտասարդ կնոջը իր փակ դրութիւնից և նա իրաւունք է ստանում խօսելու իր ամուսնու մերձաւոր ազգականների, և մինչև իսկ հօր և եղբայրների հետ։ Եթէ ամուսնու ազգականները շատ են, այն ժամանակ, պատահում է, որ հինգ և մինչև անգամ տասն տարի է անցնում, մինչև որ երիտասարդ կինը կարողանում է հաստատ իրաւունքներ ստանալ իրան օտար ընտանիքի մէջ։
        «Բայց այդքան երկար ժամանակ անցնելուց յետոյ էլ հայուհին այնպէս ազատ չէ, ինչպէս եվրօպացի կինը։ Ճիշտ է, յաճախ նա ման է գալիս բոլորովին ազատ կերպով և բաց երեսով, բայց այնու ամենայնիւ չէ հասնում այն ազատութեան, ինչ ազատութիւն որ վայելում է հայ աղջիկը։ Ամուսնացած կնոջ ազատութեան այդքան սահմանափակումը հայերը բացատրում են այն անհրաժեշտութեամբ, որ մարդու գնացած կինը պէտք է կենտրօնանայ ամբողջապէս իր տան մէջ և բացառապէս պէտք է պատկանի իր մարդուն և ընտանիքին։ Արևելքի ազատութիւնը և կնոջ վրա Արևելքի ունեցած հայեցակէտերը այդ բանում աչքի են ընկնում բաւական զգալի կերպով։ Դէպի կինը թերահաւատութեամբ վերաբերվելը աւելի շօշափելի կերպով աչքի է ընկնում Առաջաւոր Ասիայի շատ հայերի մէջ, որոնք մինչև այժմ էլ իրանց կանանց համար պահպանել են և երեսի քօղ և հարեմ. Էրզրումում, Խարբէրդում, և մինչև անգամ մեզ մօտ Կովկասում, մի քանի խուլ անկիւններում կարելի է տեսնել հայերի մէջ հարեմի նման մի բան։ Երեսին քօղ ծածկելով և կատարելապէս անջատված լինելով տղամարդկանց հասարակութիւնից, կինը, ի հարկէ, չէ կարող այնպես ազատ և լայն կերպով գործել, ինչպէս նա կարող էր անել բոլորովին ինքնուրոյն եղած դէպքում. նա դառնում է մի տեսակ ծաղիկ, մի տեսակ խաղալիք իր մարդու ձեռքում, զրկված լինելով մինչև անգամ մարդկային իրաւունքներից։ Հայ կնոջ առանձնացած լինելը այն տեղն է հասնում, որ ընտանիքի տղամարդ անդամները կանանց և աղջիկների հետ միասին չեն ճաշում. շատ անգամ տանտիկինը պատրաստելով ամեն բան ճաշի համար, ինքը հեռանում և առանձնանում է այն սենեակում, որտեղ տեղաւորված են լինում ընտանիքի միւս կանայք՝ փոքրիկ երեխաների հետ միասին։
        Հայոց ընտանեկան կազմակերպութիւնը մինչև այժմ էլ պահպանել է կատարեալ նահապետականութեան բանւորութիւնը։ Ընտանիքի մէջ բոլոր իշխանութիւնը գտնվում է հօր կամ պապի ձեռքում, որը և ընտանիքի գլուխն է, և որին ամենքը ենթարկվում են անպայման։ Հայրականութեան նախնական սկզբունքը պահպանվում է այդ նահապետական ընտանիքում ամենայն ճշտութեամբ։
        Ընտանիքի ամբողջ եկամուտը գտնվում է ընտանիքի գլխավորի կատարեալ կարգադրութեան տակ, որը իր այդ իրաւասութիւնը մասամբ բաժանում է կնոջ հետ։ Այդ սիստեման այնքան ամուր է, որ մինչև անգամ ամուսնացած որդիքը և թոռները աշխատում են չը բաժանվել ծնողական տնից և համախմբվելով կազմում են աւելի կամ պակաս բազմանդամ ընտանիքներ և տոհմեր, որոնք յաճախ ամբողջ գիւղեր են կազմում։ Այդպիսի պայմաններում ընտանիքը աճելով աճում է, իսկ խելացի տնտեսութեան, այլ և ելքի ու մուտքի ընդհանուր լինելու պատճառով, ընտանիքը նիւթական բարեկեցութիւն է ունենում։
        «Այն միջոցին, երբ պապը կամ հայրը ղեկավարում է ամբողջ ընտանիքը, և ընտանիքի իւրաքանչիւր անդամի գործունէութիւնը դեպի ընդհանուր օգուտն է ուղղում, պառաւ մայրը կամ տատը նոյն կերպով հսկում է ընտանիքի կազմակերպութեան վրա և նրան է պատկանում ընտանիք իւրաքանչիւր անդամի տնտեսութեան բարձրագոյն հսկողութիւնը։ Հէնց ընտանիքի այդ ամուր կազմակերպութեան շնորհիվ էլ հայոց ազգը կարողացաւ կրել այն բոլորը, ինչ որ նրա գլխին եկաւ պատմական մի քանի հազար տարիների ընթացքում։ Հայերի մի քանի խմբերում, որոնք մինչև այժմ էլ պահպանել են իրանց անկախութիւնը, ստացուածքի ընդհանուր լինելը և իսկական կօմունականութիւնը հասնում են զարգացման այն ամենաբարձր հնարաւոր աստիճաններին, որ միայն տեսականապէս քարոզում են Լասսալ և Պրուդօն։ Իւրաքանչիւրի ստացուածքը պատկանում է բոլորին, բայց այդ չէ զրկում մարդուն անձնական սեփականութեան և շահեցողութեան կարելիութիւնից։
        «Խոտորջուրի լեռնոտ և կիսաանկախ գաւառում, որի բնակիչները յայտնի են իրանց վայրենի և բիրտ բնաւորութեամբ, «երբ ընտանիքի հայրը գնում է մի հեռու տեղ, կամ թէ վաղահաս կերպով մեռնում է, համայնքը պարտաւոր է պահել և կերակրել իր հաշւով նրա ընտանիքը, մինչև որ նա կը գայ, կամ մինչև այն ժամանակ, երբ արական սեռի երեխան այնքան կը մեծանայ, որը կը կարողանայ փոխարինել իր հօրը։ Այն ընտանիքը, որին այս կամ այն ժամանակ կերակրել է համայնքը, պէտք է իբրև շնորհակալութիւն՝ նուիրի մի բան ուսումնարանի կամ եկեղեցու օգտին։ Այդ կիսավայրենի խոտորջուրցիների մէջ այրի կինը իրաւունք ունի նորից մարդու գնալ միայ այն դէպքում, երբ նա միայն աղջիկներ ունի, իսկ եթէ նրա երեխաների մէջ նոյն իսկ մի տղայ կայ, այն ժամանակ ամուսնանալը այդպիսի այրի կնոջ համար նախատինք է համարվում» (Արծրունի)։
        «Այդ տեսակ սովորութիւնները անկասկած հին հայկական սովորութիւնների մնացորդներ են, և ամենից լաւ վկայում են, թէ մինչև որ աստիճան էին զարգացրել հայերը իրանց ընտանեկան սկզբունքը, որը տալիս էր համայն ազգին ամբողջութիւն և ամրութիւն, և այդ այն աջող դրութեան շնորհով, որ ունեցել է կինը հայ ընտանիքում»։
        Ահա այդ է պ. Ելիսէեվի կարծիքը հայ կնոջ մասին։ Մենք զգում ենք, որ այդ ընդհանրապէս գովասանական կարծիքը շատ կուրախացնէ մեր «ազգասէրներին», որոնք պատրաստ են ամեն «ընտանեկան թշուառութիւններ» մոռանալ. հէնց որ մի օտարը, մի ռուս ճանապարհորդ, կամ մի գերմանացի կրիտիկոս և կամ մի անգլիացի թղթակից մի լաւ կարծիք կը յայտնի հայերի մասին. այդպիսի դէպքերում մեր «ազգասէրները» անչափ ուրախութիւնից «հորթի նման տրտինգ» են տալիս . . . մոռանալով նոյն իսկ իրականութիւնը։
        Անկասկած մեր ընթերցողներն էլ կարդալով պ. Ելիսէեվի գրած այդ տողերը, իրանք էլ մի տեսակ ուրախութիւն կը զգան, տեսնելով, որ ռուս հասարակութեան առաջ այդքան լաւ գոյներով է ներկայացվում հայ կինը։
        Բայց ինքը Ելիսէեվը մեր առաջ բաց է անում ասիական բարքերով համեմած և մահմետականութեան ազդեցութեան տակ խմորված կեանքի պատկերի մի մասը։ Եւ ահա գովաբանելով հայոց նահապետական ընտանիքը և ընտանեկան կազմակերպութեան և համայնական նահապետական սկզբունքները, նոյն իսկ Լասալի և Պրուդօնի քարոզած մտքերի հետ համեմատելով, պ. Ելիսէեվ գրչի մի քանի դարձուածներով հասկացնում է, թէ այնուամենայնիւ, հայ կինը իսկապէս իր մարդու հնազանդ հպատակն է, նրա ճորտն է, և որ նա զրկված է մարդկային իրաւունքներից և ինքնուրոյն լինելուց։
        Այդ խօսքերը արդէն բաւական են մեզ հասկանալու համար, որ կնոջ դրութիւնը մեզանում նոյն շղթաներով է կապված, ինչպէս այն բոլոր երկրներում, որտեղ չը կայ կնոջ անկախութեան գաղափարը։ Տարբերութիւնը երկրորդական մանրամասնութիւնների մէջն է, և մենք դրանց վրա ուշք չենք դարձնի։ Տնտեսական և քաղաքական պայմանների ազդեցութեան տակ՝ նահապետական կեանքը փոխվում է. հին, նահապետական, և մասամբ Լասալի ու Պրուդօնի թէօրիաները յիշեցնող կազմակերպութիւնը փոքր առ փոքր լուծվում է և տեղի է տալիս մի ուրիշ կազմակերպութեան։ Նահապետական դրութիւնը փոխվում է, սկսվում է մի անցողական դրութիւն, որը պէտք է տանի դէպի իսկական քաղաքակըրթութիւնը, և ահա այդ անցողական դրութեան մէջ թուլանում են ընտանեկան կազմակերպութեան գրաւիչ կողմերը։
        Եւ պ. Ելիսէեվի նկարագրած «ազատ հայ աղջիկը», «արձակ հայ կինը», «մէկը ամենքի համար, ամենքը մէկի համար» դավանող գիւղական համայնքը փոքր առ փոքր ջնջվում են և մեր առաջ բացվում է մի ուրիշ տեսարան։
        Աղջկան սկսում են փակել. գիւղում աղջիկը սկսում է փախչել տղամարդից։ Մարդու գնացած կինը իր մարդու սեփականութիւնն է և նրա քմահաճոյքների առարկան։
        Անցէք գիւղերից դէպի գիւղաքաղաքները, գիւղաքաղաքներից էլ դէպի քաղաքները, և դուք կը տեսնէք, որ կինը շատ տեղ իր մարդուց կախված մի արարած է, որ աղջիկը իր սեփական ոտների վրա չէ կանգնում, և որ մօդային շորերի տակ ծածկված քաղաքների կանայք էլ «դէրիա» հագնող իրանց գռեհիկ քոյրերի հետ միասին, կազմում են մի բարդ հարց, որ պէտք է լուծել, իբրև կանանց հարց . . .
        Բայց ինչպէս պէտք է լուծէլ այդ հարցը . . .


        Ֆրանսիացի յայտնի էնցիկլօպեդիստ Դիդրօ ասում է հետեւեալը. «Երբ կամենում ես գրել կնոջ մասին, գրիչդ պէտք է թաթախես ծիածանի մէջ և թիթեռնի թևիկներից ցանես փոշի»։
        Կարդալով անցեալ դարում ապրող նշանաւոր էնցիկլօպեդիստի այդ խօսքերը, մարդ ակամայ յիշում է այն ժամանակվայ Փարիզի սալօնները և այն պալատական շքեղութիւնները և փափկութիւնները, որոնք ներշնչում էին Դիդրօին այդ տողերը գրելու, և այդպիսի «զեփիւռանման» քնքշութեամբ վերաբերվելու դէպի կինը, որը սալօններում և շռայլութեան գերի դարձած պալատական շրջաններում ապրում էր հանգիստ, անհոգ, որը իբրև զուարճացնող առարկայ շրջապատվում էր ամեն տեսակի զմայլիչ և կախարդական նրբութիւններով, չը գիտենալով թէ մարդիկ ինչով են ապրում, և ինչպէս են ապրում։
        Այդ այն ժամանակ էր, երբ կանանց այդ տեսակ շրջանը տուեց «պատմական միամտութեամբ» յայտնի ֆրանսիացի իշխանուհուն։ Եւ երբ այդ իշխանուհուն մի օր ասացին, թէ «Ֆրանսիայի ժողովուրդը քաղցած է, հաց չունի ուտելու», նա զարմանքով պատասխանեց. «ուրեմն ինչի գաթայ չեն ուտում»։
        Այդպիսի կանանց մասին, իհարկէ, ուրիշ կերպ չէր էլ կարելի գրել, եթէ ոչ գրիչը ծիածանի մէջ թաթախելով և ցանելով թիթեռնի փոշիով, որովհետև նոքա ուրիշ տեսակ գրչի չէին էլ դիմանայ . . .
        Բայց դարեր անցան. մեր առաջ այսօր կինը կանգնած է ուրիշ կերպարանքով. ռամիկ ժողովրդի մէջ նա իր մարդու ճորտն է, սեփական իրաւունքներից զուրկ մի արարած, իսկ քաղաքներում՝ նա լաւ կեղևով պատած մի այնպիսի արարած է, որը, ինչպէս յայտնի կրիտիկոս Բէլինսկին է ասում՝ «կարծէք միայն ննջարանի և խոհանոցի համար լինի ստեղծված»։
        Ա՛խ, որքան ուրախ կը լինէինք, եթէ մեր կանայք էլ Դիդրօյի ժամանակվայ սալօնների անհոգութեամբ շրջապատված լինէին։ Եւ մենք ամենքս էլ նոցա մասին գրելիս անկասկած ծիածանի մէջ կը թաթախէինք մեր գրիչը։
        Բայց . . . իրականութիւնը տխուր պատկեր է ներկայացնում։
        Հեռու գիւղերում և քաղաքների մութ անկիւններում մարդու բռունցքների հարուածներից կապտած կնոջ մարմինը, տարիներով սապոն չտեսած մարմինը, և մատի հաստութեամբ կեղտով ծածկված ոտները ամենքին մոռացնել են տալիս «ծիածանն» էլ, «թիթեռն» էլ, իսկ քաղաքներում, թատրօն յաճախող, կլուբներում պարող և հասարակական-բարեգործական գործերում մասնակցող «եվրօպականացած» հայ կինը, որ առանց ամուսնու և ուրիշների օգնութեան մի օր չէր կարող ապրել, որ սեփական աշխատանքի մասին նոյնքան գաղափար ունի, որքան դպրոց յաճախող տղան, անկասկած նոյնքան «ազատ և անկախ» կարող է համարվել «տիւրնիւրը և կօրսէտը» . . .
        Եւ երբ իսկական անկախութիւնից զուրկ, իր ոտների վրա չը կանգնող, ամուսնու քմահաճութիւնների առարկայ եղող կնոջ մասին ասում են, որ նա «գրաստանման էգ է» ***), ահա «ագռաւները սկսում են կռկռալ» . . .
        Այո, կինը շատ տեղ, ներկայ պայմաններում այդ դրութեան մէջ է, և այդ տխուր ճշմարտութեան առաջ պէտք է խոնարհվել։ Եթէ տղամարդը ցանկանայ, կարող է, ի հարկէ, իր կնոջը տալ ամեն տեսակ ազատութիւններ, բայց նոյն տղամարդը եթէ քէֆը չը տայ կարող է և հրամայել, և ծեծել և տանը կողպել իր կնոջը։ Այդ բոլորը նրա բարի ցանկութիւնից է կախված, ինչպես որ տիրոջ բարի ցանկութիւնից է կախված բանեցնել կամ պարապ պահել և պարարտացնել իր գրաստին»։
        Խնդիրը նրա մէջն է, որ կնոջ ազատ և անկախ լինելը ոչ թէ տղամարդի ցանկութիւնից կախված պիտի լինի, այլ այդ պէտք է լինի կնոջ «անձեռնմխելի իրաւունքը»։
        Եւ եթէ այսօր քաղաքակրթութեան առաջ դրած է կանանց հարցը, դրա գլխաւոր միտքը հէնց նրանում է կայանում, որ կնոջ «ազատ և անկախ» լինելը կախված լինի տղամարդու քմահաճութիւնից, և որ կինը կարողանայ լինել այնպէս, ինչպէս ինքն է կամենում, այսինքն կինը նոյնպէս կարողանայ ղեկավարել իր անձը, ինչպէս ղեկավարում է իր անձը տղամարդը։ Մի ամուսին կարող է իր կնոջը ամեն տեսակ ազատութիւն տալ. բայց այդ բաւական չէ. հարկաւոր է, որ կինը այդ ազատութիւնը ունենայ ոչ թէ միայն այն դէպքում, երբ տղամարդը այդ ուզում է, այլ միշտ։ Տղամարդը պէտք է համոզվի, որ կնոջ անկախութիւնը իրանից կախված բան չէ, այլ մի այնպիսի սեփականութիւն, որ խլել կնոջից — երբեք չի կարելի։
        Կինը ամենից առաջ մարդ է. և յետոյ միայն կին, — ահա այն հիմքը, որի վրա կանգնած է կանանց հարցը և այդ պատճառով կանանց դրութեան վրա նոյնպիսի քննադատական աչքով պէտք է նայել, ինչպէս տղամարդու վրա։ Եթէ կինը ընկած դրութեան մէջ է, — մենք, ի հարկէ, նրան չենք հայհոյի, քանի որ նրա այդ դրութիւնը իրանից չէ կախված. բայց այդ դեռ չէ նշանակում, որ չը պէտք է ասել ճշմարտութիւնը և չը պէտք է պարզօրեն յայտնել, որ ներկայումս կինը ճորտ է, մարդու հպատակն է, «գրաստանման էգ է» . . . Մամուլը և գրականութիւնը սալօն չէ. այստեղ ճշմարտութիւնը պէտք է ասել անխնայ կերպով. այդ միայն սալօններումն է, որ կանանց հետ խօսելիս կարելի է խօսքերը «շաքարով» խառնել . . .


        Կանանց էմանցիպացիայի ջերմ պաշտպանները եվրօպական գրականութեան մէջ երբէք չեն ծածկում, որ եվրօպացի կինն էլ de facto հեռու է անկախ լինելուց, չը նայած այն արտաքին և անձնական իրաւունքներին, որ վայելում է կինը, և այդ նիւթի մասին խօսելով, ամենայայտնի գրողներն անգամ մութ գոյներով են նկարագրում նոյն իսկ եվրօպացի կնոջ, ուր մնաց թէ մեր կանանց, որոնք շատ հեռու են եվրօպական կնոջ դրութիւնից . . .
        Եւրօպացի կանայք, որոնք իրանք արդէն իրանց սեփական ոյժերով ձգտում են ձեռք բերել անկախ դիրք, անձամբ խոստովանում են, որ այժմեան սօցիալական և հասարարական հանգամանքներում կինը կատարելապէս կախումն ունեցող արարած է։
        Կնոջ անկախութեան հիմքը դրված պիտի լինի անկախ աշխատանքի սկզբունքի վրա, և հէնց այդ պատճառով Եւրօպայի այն երկրներումն է աւելի հաջողվել այժմ կանանց էմանցիպացիայի հարցը, որտեղ կինը պէտք սեփական աշխատանքով ապրէ։
        Անգլիայում ինչպէս ցոյց են տալիս վիճակագրական տեղեկութիւնները, արդեն 60% կազմում են այն կանայք, որոնք սեփական աշխատանքով են ապրում։ Միացյալ Նահանգներում սեփական աշխատանքով ապրող կանանց և օրիորդների թիւը համարեա նոյն պրօցէնտն է կազմում. Գերմանիայում և Ֆրանսիայում կինը, թէև այդ պրօցէնտին չէ հասել, բայց էլի մի պատկառելի թիւ է կազմում։ Օրից օր այդ պրօցէնտը մեծանում է. կինը սկսում է իր անկախութիւնը իր սեփական աշխատանքի մէջ տեսնել. անգլիացի օրիորդը վաղուց թողել է այն սխալ համոզմունքը, թէ աղջիկը ծնված է մարդու գնալու համար, և այստեղ կինը այն համոզմունքին է եկել, որ կինն էլ, իբրև մարդ, կարող է և ամուսնանալ, կարող է և չամուսնանալ, կարող է իր սեփական գործն ունենալ, կարող է մարդու հաւասար կերպով խառնվել երկրի տնտեսական, քաղաքական և հասարակական հարցերի մէջ։
        Եւ ահա այդ համոզմունքը՝ միացած սեփական աշխատանքի և անկախ ապրուստի միջոցների հետ, տալիս է եվրօպացի կնոջը այն մեծ զէնքը, որով նա իր «անկախութիւնն» է պահանջում, և որով նա ձգտում է իրագործել կանանց էմանցիպացիան։ Իսկ երբ իրանց սեփական աշխատանքով և անկախ կերպով ապրող կանանց պրօցէնտը կը հասնի հարիւրի, այն օրը կարելի կը լինի աւետել, որ կնոջ էմանցիպացիայի կնճռոտ խնդիրը լուծված է արդէն . . .
        Իսկ արևելցի կինը ընդհանրապէս, և հայ կինը մասնաւորապէս շատ հեռու են այդ դրութիւնից, և իրանց այժմեան վիճակով «կանանց հարցի» ամենախաւար մասն են կազմում։ Մեզ հարկաւոր չէ ծածկել այդ խաւար կողմերը. ընդհակառակը անհրաժեշտ է հրապարակ դուրս բերել ճշմարտութիւնը իր սեփական գոյներով։ Իսկ այդ ճշմարտութիւնը մի այնպիսի տխուր կերպարանք ունի, որ մեզ սփոփել չեն կարող ոչ օտար ճանապարհորդների և գրողների գովասանքները, և ոչ էլ Զօլա կարդացող քաղաքացի «կրթված» հայուհիները . . .


 Խ. Մ. 

⎽⎽⎽⎽⎽⎽⎽⎽⎽

*) Լաւ կը լինէր, եթէ մեր թարգմանիչները թարգմանէին պ. Ելիսէեվի գրուածքը արևելցի կնոջ մասին։ Դա շատ աւելի շնորհակալութեան արժանի աշխատութիւն կը լինէր, քան թէ զանազան անմիտ և առասպելական վէպերի թարգմանութիւնները։
**) Экономическое положенiе Турецкихъ Армянъ, Г. Арцруни.
***) «Արձագանք» շաբաթաթերթն էլ տպագրելով պ. Ելիսէեվի կարծիքը հայ կնոջ մասին, յարմար առիթ գտաւ մի անգամ ևս յիշելու, թէ տարիներ առաջ «Մշակի» մէջ, որքան յիշում ենք պ. Գրիգոր Նիկողոսեան, հայ կնոջ մասին ասել է «կեղծ համեստութեան տակ ծածկված զզուելի արարած», «գրաստանման էգ»։ «Արձագանքը» սարսափել է պ. Նիկողոսեանի կծու գրչի այդ խօսքերից։ Բայց այդ նոյն «Արձագանքը», որ այդ խօսքերը յիշեցնել տալով պ. Արծրունուն, կամենում էր ասել հասարակութեան, «տեսէք թէ ի՞նչ է ասում հայ կնոջ մասին «Մշակը», այնքան ազնիվ է, որ թարգմանելով պ. Ելիսէեվի յօդուածը, չէ յայտնում, որ նրա մէջ շատ մտքեր և շատ տեղեր վերցրած են պ. Գրիգոր Արծրունու խօսքերից. պ. Ելիսէեվ չակերտների մէջ է բերում պ. Արծրունու խօսքերը, յիշելով և հեղինակի անունը, իսկ «Արձագանքը» իր թարգմանութեան սկզբում հայհոյելով «Մշակին», թարգմանութեան մէջ դուրս է գցում «Մշակի» խմբագրի այն համակրական խօսքերը, որոնց վրա հիմնվում է ինքը պ. Ելիսէեվ։ Այդ տեսակ գրականական ազնվութիւն, ի հարկէ, «Արձագանքից» միայն կարելի է սպասել . . .

January 13, 2017

Ֆեմ գրադարան / Fem Library


Learn about Fem Library and donate!


      QYC's donation includes:
  • Զարուբյանի կանայք (2014թ.)

  • Հանրա(պետության) մեջ և միջև  /

                                           /  In and Between the (Re)public (2014)

  • Տարօրինակված է. ինչ անել xցենտրիկ արվեստի հետ  /

                                                               /  Queered: What's to be Done with xCentric Art (2011)