March 31, 2014

March 28, 2014

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՐԵՒՈՅԹ

Կովկասի լրաբեր
Մարտի 5, 1914

Դեռ անցեալ տարի ներկայ գտնւեցի մի երեկոյթի, որը կազմել էր «Պատանի» ալմանախը և այդ գործին աջակցում էր այն համեստ բանաստեղծուհին, որի մասին պէտք է խօսեմ։ Այդ երեկոյ, երբ ընթրիք տրւեց և առաջարկւեցին կենացներ, այդտեղ ևս մոռացւեց այդ մեր ոչ սկսնակ բանաստեղծուհու կենացը։ Այդ ի հարկե ինձ ցաւ պատճառեց, բայց ես չցանկացայ խօսել դրա մասին քաջ գիտենալով այդ շրջանի թայֆայական և կողմնապահ դերը։
Հինգշաբթի երեկոյեան Հ. Գր. Ըն. կազմած երեկոյթը նւիրւած էր հանգուցեալ Մարիամ Խատիսեանին և «հայ կնոջ դերը գրականութեան մէջ» նիւթին։
Խօսեցին կին վիպասանների և բանաստեղծների մասին. կին վիպասաններից անցան բանաստեղծուհիներին, որտեղ ամենից վերջը յիշւեց միայն Շուշանիկ Կուրղինեանի անունը, որի մասին մեր կարծիքով պէտք է խօսւէր նախ քան նոր բանաստեղծուհիների քննադատութիւններին անցնելը։
Եթէ յիշւեցին բանաստեղծուհիների անունները, որոնց բանաստեղծութիւնները լոյս են տեսել պարբերական թերթերում և հասարակութիւնը ծանօթ է դրանց գրւածքներին, ուրեմն անխտիր պէտք է յիշւէր և այն համեստ բանաստեղծուհու անունը, որի գրւածքները գուցէ թւով քիչ, բայց որակով աւելի բարձր են երեկոյթին յիշւածներից։
Մի՞թէ կարելի է աչքից բաց թողնել այն բանաստեղծուհուն, որ երգել է քաղաքն ու նրա աղմկալի կեանքը, բանւորն ու նրա դասակարգային շահագործումը, որը ըստ մեզ աւելի անկեղծ է քան ուրիշները։ Իհարկէ նա ոչ ամբիօն է բարձրացել իր բանաստեղծութիւններն արտասանելու և ոչ էլ շատերի նման առաջին կարգերում բազմել, որ աչքի ընկնի։
Յոյսով ենք, որ գոնէ այսուհետև քննադատողի դերում հանդէս եկող մեր գրականագէտները քիչ աւելի շրջահայեաց կլինեն և բարեխղճութեամբ կյիշեն նաև այնպիսի համեստ աշխատաւորների մասին, որպիսին է Շ. Կուրղինեանը և նրա բանաստեղծութիւնները։

Մի խումբ օրիորդներ
____
Շնորհակալություն Արծվի Բախչինյանին նյութը արխիվից հանելու համար։

March 15, 2014

ծառատունկ / tree-planting } տեղի ունենալիք

այսօր 12:00ին}
Նախագահի նստավայրի, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի, և Սիրահարների այգու միջանցքում՝ Բաղրամյան 26 հասցեում գտնվող կիսայգում «ՏԵ» կոլեկտիվն իրականացրեց ծառատունկ։











March 8, 2014

ԼՌԻՐ, ԿԻ՛Ն, ՔՈ ՕՐԸ ՄԱՐՏԻ 8-Ն Է

Այն օրը, երբ սուրբ Սարգիսն ու սուրբ Վալենտինը հանդիպեցին իրար ու ազգը վիճում էր, թե հանուն որ սրբի արժե վերջին փողերը լցնել աշխարհի կապիտալիստների գրպանները, մենք չգտանք ավելի հաճելի զբաղմունք, քան Շուշանիկ Կուրղինյանի տողերով քաղաքը ներկելը:

. . . Նա սուրբ չէր, դեռ մի բան էլ ավելին՝ կին էր:

Ոստիկանը 10-15 անգամ կարդաց «ըմբոստի համար պատրաստ եմ կյանքով», «էրթանք, քուրիկ ջան, անվախ, միասին, մեր արդար դատին զոհած ամեն բան», բայց չհասկացավ՝ քաղաքական կո՞չ էր դա, թե՞ ոչ, ու ով է ընդհանրապես Շուշանիկ . . . ինչյանը՞ . . . Կուրղինյանը: Բայց համենայն դեպս ջնջեցին տողերը շատ զզվելի գույնի ներկով ու մեզ էլ, պարզվեց, ՏՈՒԳԱՆՔ էր հասնում: Ասաց՝ Պարույր Սևակ փչեիք՝ կհասկանայինք . . .
Շուտ եմ տիրապետում գրական լեզվին և աջ ու ձախ ավետում, որ ես եմ լինելու Ռուսահայերիս առաջին կին բանաստեղծուհին . . . Այդ դուր չի գալիս արք. ուսուցչացս: Խրատների տարափի տակ, նոր խոսք, նոր գիրք, նոր երգ մտցնում մեր խրճիթից ներս, խախտում օջախի մրուրած կանոնադրությունը, տրադիցիայի օրենքները, գրգռում տնաբույս պատգամներն ու վայրենաբարձ կրքերը . . . Շրջապատը, միջավայրը չի ներում ինձ և սկսում է հալածանքը . . . 1898թ. օգոստոսի 23-ին լույս է տեսնում իմ առաջին բանաստեղծությունը «Գիշերը ձորում»: Այդ թվի վերջերին երկաթուղային ժանդարմ Լ.-ն հայտնում է մեզ, որ ինձ լրտեսում են ու իմ անունը նշանակված է մի շարք ձերբակալումների ցուցակում: (Կուրղինյանի ինքնակենսագրականից)
ոստիկանապետությունում տղամարդիկ ամենուր են. միանման տղամարդիկ. հեռավորության վրա իրար կանչում են ազգանունով. դեմ առ դեմ խոսելիս` ապե. սենյակները փակվում են բանալիներով. սենյակների դռները շագանակագույն են. մեկ-մեկ կանայք են երևում. նրանք զուսպ են, աշխատում են շատ չխոսել. խրախուսվում է իրենց համեստ, գիտակ, անվրդով, անզգա լինելը. եթե կանայք խոսում են, ապա խոսում են հրամայական տոնով. կանանց զուգարանը Կենտրոն ոստիկանությունում բանալիով է։

«Կանայք չպետք է ոչինչ ունենան» սկզբունքը հայրիշխանության հիմնական մանդատն է, այդ իսկ պատճառով կնոջ աշխատանքը կամ չի ճանաչվում որպես այդպիսին և չի վարձատրվում («տնային գործերը», «երեխաների խնամքը» և այլն) կամ սկզբնապես անթույլատրելի գործունեություն է կանանց համար, կամ էլ շատ ցածր է վարձատրվում: Կնոջ և տղամարդու աշխատավարձերի միջև առկա տիտանական տարբերությունը, «ապակյա առաստաղը», կնոջ մասնագիտական գետտոացումը («արգելված մասնագիտություններ», «կանացի մասնագիտություններ» և այլն) այդպես էլ չի լուծվելու, քանի դեռ տղամարդկանց ինքնության գործառման համար անհրաժեշտ է կանանց աղքատությունը/թշվառությունը:

ոստիկանապետությունում
անվերջ խտացվում են գույները նրա
ինչ նույնն ա, կրկնվում ա, տոտալ ա ամենուր՝
դպրոցում, այգում, ընտանիքում, մեր մտքում`
ենթարկվելու անհրաժեշտության զգացողությունը
մարմնավորած ոստիկանի մարմնով 
ոստիկանի ամենուր մարմնով՝
միանման հագնված
միանման սանրված
միանման կառուցվածքով
ոսկորների վրա մսի հավաքված միանման փափկությունով
պետություն անհոտ հասկացությամբ
պետություն բառով
պետություն դատավճռով
պետություն անելանելիությամբ
բարոյականության
ուժի
հեղինակության 
ոստիկանապետությունում
որտեղ մարմինս ջարդված ա
ցավում ա
որտեղ ամեն մի շարժումը դժվարությամբ ա տրվում
անկախ նրանից համաձայն եմ թե չէ դատավճռիս հետ

Հայրիշխանությունը հասարակական հարաբերության տիպ է, երբ իշխանությունը պատկանում է ընտանիքի «գլխավորին»՝ հորը և անձնական ունեցվածքի սեփականատիրոջը. անձնական ունեցվածքի կազմում մտնում են կինը, երեխաները, ստրուկները . . . Ժամանակակից պետության ձևավորման ընթացքում կանանց և երեխաների կյանքի ու մահվան տնօրինումն ընտանիքի գլխավորից անցավ Պետությանը, որը շարունակեց երաշխավորել կանանց ենթարկեցումը և «կցվածությունը» տղամարդկանց՝ հորը և ամուսնուն, օրենսդրորեն և տնտեսապես՝ արգելելով կանանց քաղաքական սուբյեկտացումը: Լռի՛ր, կի՛ն, քո օրը մարտի 8-ն է: Ամեն ինչ շատ պարզ է՝ միշտ լռիր, ամեն տեղ լռիր և խաղա ըստ կանոնների: Եթե կին ես, ուրեմն պետք է հետևես քեզ համար ստեղծված սոցիալական վերագրումներին՝ ծնել, պահպանել ընտանեկան օջախը, պատասխանատու լինել ընտանիքի, կրոնի, ազգի համար, պահպանել հայկական պետականությունը, տղամարդկանց համար լինել ներշնչանքի աղբյուր, միշտ մնալ հմայիչ, նուրբ, հոգատար և որպես այս ամենի պարգևատրում՝ քո «կանացիությունը» կնկատվի տղամարդկանց կողմից: Օրինակ, կենացների մակարդակում քեզ մեծարելով՝ տղամարդը կհավաստի, որ դու որպես կին քեզ «ճիշտ ես պահում»՝ ձևավորելով «կանացիության» միֆ իբրև կնոջ մի որակ, որին պիտի ձգտի յուրաքանչյուր «իսկական աղջիկ»: Կնոջ նկատմամբ խտրականության հիմնախնդիրը բարձրացնելու փոխարեն շեշտադրվում է «կանացիությունը» և տոնից տոն կանանց իրավունքների համար պայքարի գաղափարը փոխատեղվում է «կանացիության տոնման», և այդ օրը յուրաքանչյուր կին պետք է ևս մեկ անգամ հասկանա, թե ինչքանով է ինքը համապատասխանում այդ չափանիշին:
  
Հեղափոխությունը իմ սեռականությունն է, ապրելաձևս՝ հեղաշրջումը:
Բայց մի ջինջ շող . . . օ՜, այդ քիչ է, պարոններ:
Ես պահանջում եմ Կուրղինյանին՝ պատերին, պլակատներին, գրքերում . . . մենք 52% ենք, ես էլ եմ ուզում դասագիրք բացել ու էնտեղ տեսնել «իմ տեսակի» հանճարներին: Ուզում եմ, որ «Ես իմ անուշ Հայաստանի»-ին հավասար դպրոցից անգիր իմանամ այս ութ տողը, եթե չհասկանամ էլ, գնամ մամայիս հարցնեմ՝ ինչո՞ւ ա սենց բան ասել, էդ ի՞նչ հին վրեժ ա.
Կռվել եմ ուզում, նախ՝ ձե՛զ ախոյան
Ձեր դիմաց կանգնած հի՜ն-հի՜ն վրեժով.
Որ անմտորեն, առանց գթության
Ինձ ճորտ դարձրիք սիրով եւ ուժով . . .
Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած―
Կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ―
Ձեզ պես համարձակ, ձեր ձեռքը բռնած
Լինել-չլինելուն կանգնած դեմ առ դեմ . . .
երբ տղամարդիկ ուզում են անվճար ծառայություն ստանալ, կանայք՝ կյանքի ուղեկիցներ են
երբ տղամարդիկ ուզում են զարդարել իրենց կյանքը, կանայք՝ ապրանքներ են
երբ տղամարդիկ ուզում են քավության նոխազ գտնել, կանայք՝ չարքեր են
երբ տղամարդիկ ուզում են օրգազմ ունենալ, կանայք ընդամենը անցք են
երբ տղամարդիկ ուզում են երեխաներ ունենալ, կանայք՝ ինկուբատորներ են
երբ տղամարդիկ ուզում են փախչել մասկուլինությունից, կանայք դառնում են «ինքնություն»

Կուրղինյանին եմ պահանջում, որ երբ ինձ հերթական անգամ ասեն՝ քսվի, կաբլուկներդ հագի, կարգին աղջկա պես քեզ պահի, գնա կոֆե դիր ու ընդհանրապես, պսակվելու ժամանակն ա, համարձակ ցիտեմ՝ «Խղճում եմ ձեզ, բթամիտ կանայք. / Որ արդ ու զարդի հետևից ընկած, / Թրև եք գալիս միշտ աննպատակ, / Լպիրշ վաճառքի դեմքերդ կոկած»:

100 տարի առաջ է գրել, բայց ամեն գործը կարդալուց թվում է թե ես եմ գրել . . .

Մեկ դար անց՝ 2014թ. Հայաստանի հանրապետության ժամանակակից ժանդարմները դեռ շարունակում են հալածել Կուրղինյանին (ու մեզ)՝ ջնջելով Երևանի փողոցներում և համալսարանի պատերին գրված նրա հեղափոխական տողերը: Այս դարի հայրիշխան-ժանդարմները գիտակցում են Կուրղինյանի խոսքի ուժն ու արդիականությունը, նրանք մոլի եռանդով մաքրում են Կուրղինյանի հետքերը, որ նոր սերունդը «չսնվի ըմբոստ նպատակով»:
Ըմբոստ լողորդի աննըկուն հույսով
Ափին հասնելուց չունեմ երբեք վախ.
Գիտեմ՝ ուշ թե շուտ փարոսի լույսով
Ես տեղ կհասնեմ հաղթող և անկախ . . . 

Անանուն
Մարտի 8, 2014թ.